Օգոստոսի 10-ին Սիսիան համայնքում կայացավ «Նավասարդ» Հայ-Իրանական մշակութային խոհանոցային եզակի փառատոն։ Միջոցառումը կազմակերպվել էր հայկական և իրանական մշակույթի մոտիվներով։ Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը ևս մասնակցություն ունեցավ այդ փառատոնին՝ ներկայացնելով իր տաղավարը։ Սիսիանի ՄԿ կենտրոնի ուսումնառուները հնարավորություն ունեցան ներկայացնել և վաճառել իրենց ձեռքի աշխատանքները։ Բազմազան տաղավարներ, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք, հայկական և իրանական ճաշատեսակներ, հայկական ժողովրդական պարեր, երգ-երաժշտություն զարդարեցին Սիսակ Նահապետի անվան հրապարակը։
Օգոստոսի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Երկարակեցության կենտրոնում» տեղի կունենա «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը ի նպաստ երկրի զարգացման» ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսը: Ծրագիրն իրականացրել է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհի շրջանակում: Նշենք, որ տեղի են ունեցել ձեռարվեստի ավանդական տեսակների՝ կարպետագործության և ասեղնագործության դասընթացներ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» 25 շահառուների՝ 63 և ավել տարիքի մեծահասակների համար, որոնք ուղղված են եղել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և տարածման միջոցով տարեցների մտավոր և հոգեբանական առողջության խթանմանը, բարեկեցությանը և հասարակական կյանքում նոր հնարավորությունների ընդլայնմանը։ Ծրագրում առանցքային դերակատարում ունի տարեցների փորձի իրացումը և նրանց շարունակական (ցկյանս) կրթության ապահովումը: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ներառական միջոցառումների իրականացումը կարևոր նախապայման է երկրի կայուն զարգացման, մեծահասակների ֆիզիկական և մտավոր առողջության, ինչպես նաև սերունդների փորձի փոխանակման ու փոխանցման ապահովման ուղղությամբ։
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության կողմից իրականացվող հայկական ժողովրդական երգերի հերթական բաց դասը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 19։00-ին, Թումո այգում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիմացի շատրվանների մոտ։ Այս անգամ հյուրն է լինելու Վան ազգային երգի, պարի խումբը։
Նորայր Քարտաշյանը և Տորք նվագախումբը հրավիրում են «Բարի լու՜յս, Այգեձոր» զուռնայի փառատոնին: Ամսաթիվ՝ Օգոստոսի 11 Ժամ՝ 10։30 Վայր՝ Տավուշի մարզ, գ. Այգեձոր, գյուղի կենտրոն:
Օգոստոսի 10-11-ը Սիսիան քաղաքի հրապարակում տեղի կունենա «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը: Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, լազերային շոու Հայկի գալստյան ցուցադրումով, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմանական մասը, կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին կլինի մրցանակների շնորհման արարողություն։ Հաջորդ օրը` օգոստոսի 11-ին, ժամը 03:00-05:00, նախատեսվում է այցելություն «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով (մուտքը «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ տոմսերով)։ Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ։ Հարցերի կամ այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 099 58 45 46:
Օգոստոսի 6-ին, ժամը 12:00-22:00-ն Խաչքարերի պուրակում կգործի ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք։ Կազմակերպիչներ՝ Roots & Next հիմնադրամ և Սիրիահայերի միության տիկնանց հանձնախումբ:
Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում օգոստոսի 5-ին, ժամը 11։00-ին տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍՆ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Երեխաները երեխաների համար» խորագրով կավագործության աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Հասցե՝ Մարգարյան 35։
Ձիախաղերը հայկական ժողովրդական մշակույթին բնորոշ խաղեր են։ Հայտնի են տարատեսակ հեծյալ խաղեր՝ նիզակախաղեր, հեծյալ մրցումներ, ձիարշավներ, կառարշավներ, թիմային եւ անհատական հեծյալ մրցումներ եւ այլն: Հեծյալ խաղերի համար ձիերն անցնում են հատուկ ֆիզիկական պատրաստություն, որի արդյուքնում ընտրվում են ամուր նժույգները: Ձիախաղերը հանդիսանում են հայ ժողովրդի պատմության, մշակույթի, կենցաղավարության բաղկացուցիչը եւ ժողովրդական տոնախմբությունների անբաժանելի մասը: Անցյալում խաղացվել են ժողովրդական տոների, ուխտագնացությունների, հարսանեկան հանդեսների ժամանակ, ինչպես նաեւ հանդիսացել երիտասարդության մարտական պատրաստության միջոց: Ձիախաղերը մեզանում ունեցել են ծիսական ընդգծված գործառույթ: Հայ ժողովրդի բանահյուսական մշակույթում, հրաշապատում հեքիաթներում, «Սասնա ծռեր» էպոսում պահպանվել են ձիախաղերի մասին նկարագրություններ, երբ ծիսական մրցախաղերում հաղթողը` գործի դնելով ձիավարության հմտությունները, նվաճում է հարսնացուի սիրտը` ներառյալ նաեւ վերջինիս հոր թագավորությունը, կամ գոնե դրա կեսը: Հայերն ունեցել են ձիաբուծության հնագույն ավանդույթներ, ինչի վկայությունն են Թեյշեբաինիի պեղումների արդյունքները, որտեղ հայտնաբերվել են երկու ցեղատեսակի ձիերի կմախքներ։ Ավանդույթի մասին են վկայում նաեւ հայ եւ հույն պատմիչների հիշատակումները, մասնավորապես հայկական հեծելազորի՝ այրուձիի մասին: Բնականաբար հայերն ունեցել են նաեւ ձիախաղերի հարուստ մշակույթ: Ըստ ազգագրագետ Վ. Բդոյանի ձիա-խաղերը հայտնի են եղել պատմական Հայաստանի ամբողջ տարածքում: Կենսունակ են եղել մինչեւ 20-րդ դարի 30-ական թթ., սակայն ինդուստրիալ եւ քաղաքաշինական զարգացումներին զուգահեռ աստիճանաբար մոռացության են մատնվել։ Ավանդույթի հիշողությունը, հիմնականում պահպանվել է Երեւանում գործող ձիարշավարանի գոյության շնորհիվ, ուր մինչեւ 20-րդ դարի 50-ական թթ. ցուցադրվել են այդ խաղերը: Այնուհետեւ ձիախաղերը վերականգնվել են 20-րդ դարի 80-ական թթ. սկզբին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Այրուձի» հեծյալ արշավախմբի կողմից, որը հեծյալ արշավների իրականացման միջոցով դրանք տարածում էր Հայաստանի տարբեր համայնքներում եւ գյուղերում, ինչպես նաեւ հանրահռչակում գյուղական եւ քաղաքային տոնակատարությունների ընթացքում: Ներկայում վտանգված է ձիախաղերի ավանդույթը։ Տարրի հիմնական կրողն ու պահպանողը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի բնակիչներն են եւ «Այրուձի» հասարակական կազմակերպությունը։
Վերականգնելով սիրելի ավանդույթը՝ ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր: Պարային հանդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ): Մուտքն ազատ է բոլորի համար:
Վարդավառին ընդառաջ՝ հուլիսի 16-17-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում «Կողբ» հիմնադրամը կազմակերպել է տոնին նվիրված կրթական, մշակութային եւ ժամանցային միջոցառումներ։ Օր 1 | Հուլիսի 16 08:00-12:00 Հյուրերի ժամանում Կողբ՝ Երեւանից եւ այլ մարզերից 10:00-12:00 Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, Բերդավանի Ղալինջաքար բերդից եւ Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցուց Վարդավառի երթ 12:00-12:30 Երթի մասնակիցների եւ հյուրերի հանդիպում եւ Վարդավառի շուրջպար 12:30-14:00 Ազատ ժամանց 14:00-15:30 «Ethno Colors» խմբի համերգ 15:30-18:00 Վարդավառի տոնակատարություն, պարեր, լարախաղաց, ջրոցի եւ այլն 18:00-20:00 Ազատ ժամանց 20:00-21:30 «Նեմրա» խմբի համերգ 21:30-22:00 Վարդավառի ուղերձ, շուրջպար եւ այլն 22:00-23:30 Արամ MP3-ի համերգ 23:30-ից մինչեւ լույս Խարույկներ, շուրջպար եւ այլն Օր 2| Հուլիսի 17 9:00-11:00 Ազատ ժամանց 10:00-13:00 Այցեր տեսարժան վայրեր 13:00-14:00 Ազատ ժամանց 14:00-16:00 «Hayat Project» խմբի համերգ 16:00-18:00 Koghb Color Festival 2022 by Arm Events / DJ Drred, DJ Mill, SKINYYY: