garegin

ՀՊՖ-ն կիրականացնի միջոցառումների շարք՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին

Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

Նույն օրը՝ ժամը 16:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը։ Ժամը 18:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի երկու ճեմասրահներում կբացվի «Սասունցի Դավիթ և Քաջ Նազար» խորագրով ցուցահանդես, որտեղ ներառված կլինեն տվյալ թեմաներով Սրվանձտյանի ուսումնասիրության առարկա դարձած նյութերը։

Նրա ձեռագրերի և տպագիր աշխատությունների հետ մեկտեղ՝ կցուցադրվեն նաև աշխարհահռչակ գեղանկարիչներ Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Հակոբ Կոջոյանի և այլ նշանավոր արվեստագետների ստեղծագործությունները։ Ժամը 19:00-ին միջոցառումների շարքը կեզրափակվի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք համերգով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի, Կոմիտասի անվան ազգային քառյակի և «Արտասաքս» սաքսոֆոնային քառյակի մասնակցությամբ։

Նախագիծն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային գրադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ։

ajapnyak

Ցուցադրություն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության›› ծրագրի շրջանակում նոյեմբերի 4-ին «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում բացվել է կարպետագործության և գորգագործության ցուցադրություն:

Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար. նրանք հասարակական կյանքում սոցիալական ներառման խնդիր ունեն:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցման (կարպետագործություն, գորգագործություն) ծրագիրն ուղղված էր 6-18 տարեկանների ներուժը բացահայտելուն, նրանց կրթական, ստեղծագործական ունակությունների ու ինքնադրսևորման հնարավորությունների զարգացմանը նպաստելուն։

Ծրագրի շրջանակում ցերեկային կենտրոն հաճախող և սոցիալ-հոգեբանական աջակցություն ստացող երեխաների համար ստեղծվել է յուրահատուկ ստեղծագործական միջավայր, որը նպաստել է նրանց արտադպրոցական զբաղվածությանը և արհեստագործական գիտելիքների ձեռքբերմանը։

ginu-paraton

Արենի Գինու Փառատոն

wine-areni-paraton

ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը:

 

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարա­շեն»:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:

 

Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

dajagorcutyun

Դաջազարդությունը և տարազը

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 18:30-ին, «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) «Դաջազարդությունը և տարազը» թեմայով բանախոսությամբ հանդես կգա ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը:

 

Լ. Մնեյանը կանդրադառնա դաջելու եւ ներկելու եղանակներին, զարդամոտիվներին եւ հայկական տարազում դրանց արտահայտությանն ու կիրառմանը։

 

Դասախոսության վերջում կանցկացվի վարպետաց դաս, այցելուները հնարավորություն կունենան իրենց ցանկացած իրի վրա անվճար դաջելու հայկական զարդանախշերից որևէ մեկը:

 

dzeragir-namak

«ՀայՓոստ»-ը, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները կազմակերպում են ձեռագիր նամակ գրելու մրցույթ

«ՀայՓոստ»-ը, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները համատեղ կազմակերպում են ձեռագիր նամակ գրելու համապետական մրցույթ: Համագործակցության նպատակն է դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել նամակ գրելու մշակույթը, հայերեն գիրը և ստեղծագործականությունը:

Ձեռագիր նամակ գրելու մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների իններորդ և տասներորդ դասարանների աշակերտները:
 

ՀՀ համայնքներում մշակութային ժառանգության պահպանության, ճանաչելիության բարձրացման, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորման, ավանդույթների կենսունակության փոխանցման նպատակով ընտրվել են հետևյալ թեմաները.

  • Նյութական մշակութային ժառանգություն (պատմաճարտարապետական հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, մատուռներ, սրբատեղիներ, խաչքարեր և այլն),

  • Ոչ նյութական մշակութային ժառանգություն (ժողովրդական ստեղծագործություն՝ երգարվեստ, պարարվեստ, արհեստներ, հավատալիքներ, ազգային ավանդական սովորույթներ, լեզու, բանահյուսություն, բարբառներ և խոսվածքներ, տոներ, ծեսեր և այլն),

  • Իմ ընտանիքի ավանդույթը:

Ձեռագիր նամակ գրելու մրցույթն իրականացվելու է երկու փուլով. առաջին փուլում յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից կընտրվեն մեկական նամակ, իսկ երկրորդ փուլում վերջնարդյունքները կամփոփվեն հանձնաժողովի կողմից, նախատեսվում է ամփոփել նոյեմբերին: Մրցույթի հաղթողը կխրախուսվի հատուկ մրցանակով:

taxiq

Թաղիքը եւ նրա կիրառությունը հանդերձանքում

AnyConv.com__05f611_ac75f5112624494096866e421a602f4f_mv2

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Թաղիքը եւ նրա կիրառությունը հանդերձանքում» թեմայով:

 

Բանախոսությամբ հանդես կգա ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը, ով կխոսի թաղիքագործության, թաղիքի ստացման եղանակի ու տեսակների, տարազում հանդիպող թաղիքե բաղադրիչների` բաճկոնակի, թիկնոցի, գլխարկի եւ այլնի մասին։

gorgagitutyan-dasyntac

Տեսական ու գործնական դասընթացներ՝ նվիրված գորգագիտությանը

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները:

 

Եռամսյա դասընթացներն այս անգամ նվիրված են գորգագիտությանը, ինչը հնարավորություն կտա գեղարվեստական գործվածքի վերաբերյալ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ: Ծրագիրն իրականացվում է «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

 

Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական բուհերի ուսանողների (ԵՊՀ, ԵՊԿ, ԳՊԱ, ՀՊՄՀ) և բոլոր շահագրգիռ անհատների համար: Դասընթացներին կարող են գրանցվել նաև փորձաքննության մասին 2019 թ. տեսական գիտելիքներ ստացած մասնակիցները, որոնք ծանոթացել են մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության մի շարք ճյուղերի:

 

Դասավանդման նյութն ընդգրկելու է գեղարվեստական գործվածքի (գորգ, կարպետ) ծագման, աշխարհագրության, գեղազարդման համակարգի, ներկման, ծիսական նշանակության և այլ հարցերի շուրջ մասնագիտական տեսական ու գործնական դասախոսություններ: Դասընթացի ավարտին տրվելու է մասնակցության հավաստագիր:

 

Դասընթացի համակարգողն է պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ, ՄԱՓԿ փորձագետ Աշխունջ Պողոսյանը, դասընթացավարները՝ կենտրոնի հավատարմագրված փորձագետները:

 

Ծրագիրը հոկտեմբերի 6-ից կմեկնարկի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64՝ Աբովյան պուրակ):

 

Մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է զանգահարել 011-29–71-18 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեին և կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/expertisecentre/:

dzin-ev-dziavory

Ձին և ձիավորը Արցախյան խաչքարային պատկերաքանդակում

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Ձին և ձիավորը Արցախյան խաչքարային պատկերաքանդակում. սպառազինությունը և հանդերձանքը» թեմայով:

Բանախոսությամբ հանդես կգա պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

evropakan jar orer

Եվրոպական ժառանգության օրերը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում

Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով: Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների, երգ ու պարի ցուցադրություններով: Նույն օրը թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում (հասցե՝ ք. Երևան, Պարոնյան 2) «Միմոս» մարիոնետի թատրոնը փոքրիկ այցելուների համար կցուցադրի տիկնիկային ներկայացում:

 Սեպտեմբերի 26-ին թանգարանում և Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Ժողովրդական հեքիաթի ժամ», որի ընթացքում թանգարանի կրտսեր բարեկամները կունկնդրեն ժողովրդական հեքիաթներ՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանի և հայտնի արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի ընթերցմամբ:
 
Եվրոպական ժառանգության օրերի այցելուները հնարավորություն կունենան դիտելու թանգարանի ժամանակավոր ցուցասրահում օրերս բացված պրիմիտիվիստ գեղանկարիչների նկարների «ՀԱՅԱՍՏԱՆ. լույսն իմ մեջ» խորագրով ցուցահանդեսը:
taraz

Հայկական ծիսական զգեստի իմաստաբանությունը

05f611_53cc94a398574f0480f90d15c76078a1_mv2

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:30-ին, «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Հայկական ծիսական զգեստի իմաստաբանությունը» թեմայով: Զեկույցով հանդես կգա գեղանկարչուհի, արվեստաբան Ադա Գաբրիելյանը, ով կներկայացնի ծիսական զգեստների զարդանշանները՝ հիմնված երկրաչափական մարմինների և դրանց հատկությունների վրա:

 

Նույն օրը ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշներով:

 

Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով: