«Մենք» ազգագրական պարի խումբը սիրով հրավիրում է ներկա գտնվելու իր կազմավորման 10-ամյակին նվիրված «Տոհմածառ» խորագրով համերգին: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Համերգի ընթացքում բեմից կներկայացվեն ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր գրառված պարեր՝ նոր ձայնագրված պարեղանակներով, կցուցադրվեն խմբի պատմությունը պատմող տեսանյութեր: Միջոցառման հյուրերն են «Հրայրք», «Լույս» և «Նաիրի» ազգագրական պարի խմբերը: Երաժշտական մասը կապահովի «Կայթ» նվագախումբը: Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք գրել ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/menqfolkdance/ կամ զանգահարել՝ (077) 95 23 23։ Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000 դրամ։
«Հայորդի»-ի թիմը և Խաչիկի բնակիչներն արել են առավելագույնը՝ հոկտեմբերի 29-ին ձեզ սիրով լցված օր նվիրելու համար: Ի՞նչ է սպասվում ձեզ Խաչիկում․ 11:00-14:00 _ ծանոթացում գյուղական կյանքին ու աշխատանքին, մասնավորապես՝ բուրդ գզել, իլիկ մանել, գաթա, հալվա, երկանքով փոխինձ պատրաստել, թոնրի մեջ լավաշ թխել,տնական արիշտա և չորթան պատրաստել, պանիր հորել, խաղող ճզմել, կով կթել, մասնակցել բերքահավաքին: 14:00-16:00 _ քայլարշավ Խոտակերաց վանք Տեր Հովհաննեսի ուղեկցությամբ։ 16:00-16:30 _ գյուղական տոնավաճառ։ 16:30-17:00 _ Խաչիկյան ավանդական ուտեստների հյուրասիրություն։ 17:00-18:00 _ պարերի ուսուցում, կարպետագործության դասընթաց։ 18:00-19:00 _ ազգային համերգ։ 19:00-20:00 _ խարույկ, քննարկումներ, մտքերի փոխանակում: Մասնակիցները գիշերելու են գյուղացիների տանը: Ովքեր գիշերակացով չեն գնա, կվերադառնան Երևան 19:00-ին։ Բոլոր մասնակիցները ստանալու են անհատական նվեր-փաթեթներ, որոնք պատրաստվել են հենց այդ օրվա համար: Այն իր մեջ ներառելու է՝ էկո պայուսակ, կրծքանշան, սթիքերներ, գյուղական լանչ-բոքս և այլ անակնկալ նվերներ: Յուրաքանչյուր մասնակցի ողջ օրվա ընթացքում ուղեկցելու է մեկ երեխա Խաչիկից: Դուք հնարավորություն եք ունենալու ապրել, զգալ ու տեսնել իրական սահմանի և գյուղացու կյանքը՝ լի դժվարություններով և սիրով: Մասնակցության վճարից գոյացած հասույթն ուղղվելու է ԽԱՉԻԿԻ ՍԱՀՄԱՆԻ ԱՄՐԱՑՄԱՆԸ։
Հայտարարության սույն տեքստը հաստատված է մասնագիտական խմբի 2022 թ. հոկտեմբերի 20-ի N 1 որոշմամբ։ Մրցույթի ծածկագիրը` «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-021»։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։ Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու, ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով: Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թ. նոյեմբերի 18-ը, ժամը 12:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2022 թ. նոյեմբերի 18-ին, ժամը 12:00-ին։ Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մասնագիտական խմբի քարտուղար` Նաիրա Կիլիչյանին: Հեռախոս՝ 010 599 629 Էլ. փոստ՝ [email protected]
Ս.թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան։ Պատվիրակության կազմում են եղել Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին: Հյուրերը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի համակարգող Նաիրա Կիլիչյանի և թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել ժողովրդական արվեստի բացառիկ հավաքածուն ներկայացնող ցուցանմուշներին, թանգարանի գործունեությանն ու ծրագրերին։ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը և թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը քննարկել են առաջիկա համագործակցության մի շարք ծրագրերի իրականացման և փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությունը։ Շնորհակալություն հայտնելով թանգարանի աշխատակազմին ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության անդամները կիսվել են իրենց տպավորություններով և գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով Հայաստան է ժամանել Շարժայի ժառանգության ինստիտուտի պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց ինստիտուտի նախագահ, Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլազիզ Ալ-Մուսալլամին, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահին և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրիին։ Պատվիրակությունը շրջայց կատարեց թանգարանի ցուցասրահներում, այնուհետև երկու կողմերի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության, գիտելիքի և փորձի փոխանակման և ակադեմիական գործընկերության հաստատման վերաբերյալ։ Պատվիրակության այցի կապակցությամբ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների ցուցափեղկում ի ցույց է դրվել շուրջ 20 նմուշ։ Դրանց շարքում են Հայաստանի տարբեր հնավայրերից հայտնաբերված արաբատառ արձանագրություններով հախճապակուց ափսեներ, արծաթե դրամների գանձը, ապակե անոթների մասեր, բրոնզե սակր և կավե սնդկամաններ։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Դումանյանը ողջունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամական ամուր կապերի առկայությունն ու ջերմ հարաբերությունները: Անդրադառնալով Արաբական Միացյալ Էմիրություններում 2022 թ. մարտի 10-28-ը կայացած «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանը որպես պատվավոր հյուր ընդունելու և առանձին, ներկայացուցչական տաղավարով ներկայանալու հնարավորության համար: «Մենք շատ ենք կարևորում նմանօրինակ ծրագրերը, քանի որ դրանք նպաստում են մշակութային համագործակցության ամրապնդմանն ու երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների սերտացմանը՝ հնարավորություն ընձեռելով առավել խորությամբ ճանաչելու միմյանց: Ցանկանում ենք, որպեսզի նմանօրինակ միջոցառումները կրեն պարբերական բնույթ և տարեցտարի փոխադարձ այցելություններով իրականացվեն երկու երկրներում»,- նշել է նախարար Դումանյանը՝ առավելապես կարևորելով ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ միջմշակութային երկխոսության նոր հարթակների ձևավորման, թարգմանչական ծրագրերի իրականացման, հուշարձանների վերականգնման ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ: Նախարարը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությունը կծանոթանա Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը: Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը շնորհակալություն է հայտնել նախարարին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների և ժողովուրդների միջև ամուր համագործակցության և ջերմ հարաբերությունների առկայությունն ու այն առավել խորացնելու պատրաստակամությունը: Պատվիրակության ղեկավարը նույնպես կարևորել է միջմշակութային համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը՝ փորձի փոխանակման, թարգմանչական ծրագրերի իրականացման, երկու երկրների մշակույթների փոխճանաչման, լեզուների ուսուցման, գրադարաններում գրականության համալրման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի արդիականացման և ստորագրման հնարավորությանը: Հանդիպման ընթացքում նախարար Վահրամ Դումանյանը գործընկերոջն է ներկայացրել 2020 թվականին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների խեղաթյուրման ու ոչնչացման հետ կապված մտահոգությունները՝ նշելով նաև, որ այն ներկայացնում է համամարդկային մշակութային արժեք: Ի պատասխան՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ներկայացված մտահոգությունը կփոխանցի ԱՄԷ կառավարությանը: Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, որտեղ հյուրերը ծանոթացել են թանգարանի մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, որտեղ համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի պատմության թանգարանի և Շարժայի ժառանգության ինստիտուտի միջև: Այցի շրջանակում նախատեսվում են նաև այցելություններ մշակութային հաստատություններ, Դաշտադեմի ամրոց և Զվարթնոց տաճար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին: Համագործակցության զարգացման նպատակով տեղի են ունենալու պաշտոնական հանդիպումներ, որոնց շրջանակում նախատեսվում է քննարկել փորձի փոխանական և համատեղ նախագծերի իրականացման, ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման, երկու երկրներում իրականացվող ծրագրերին համատեղ մասնակցության ապահովման հնարավորությունները: Այցի շրջանակում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, այցելություններ մշակութային հաստատություններ, Դաշտադեմի ամրոց և Զվարթնոց տաճար: Հիշեցնենք՝ ս. թ. մարտի 10-28-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը՝ որպես պատվավոր հյուր, մասնակցել է առանձին տաղավարով։ Հայաստանի ցուցադրության ընթացքում տեղի է ունեցել Շարժայի պաշտոնատար անձանց պատվիրակության այցը տաղավար՝ Նորին Գերազանցություն շեյխ Աբդուլլահ բին Սալեմ բին Սուլթան Ալ Քասիմիի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակության այցը` Շարժայի ժառանգության ինստիտուտ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը։ Եռամսյա ծրագրի ընթացքում Աշոցք, Ամասիա, Անի խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հավելյալ 5 գյուղական բնակավայրերում բանահավաքները հարցազրույցներ են անցկացրել 16-94 տարեկան 120 բնակիչների հետ: Հավաքագրվել, համակարգվել և հանրահռչակվել են տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության մասունքները: Գյուղական բնակավայրերում Շիրակի պետական համալսարանի մասնագետների իրականացրած բանահավաքչական աշխատանքները, ուսումնասիրություններն ու տեսագրությունները ամենօրյա թարմացումներով ներկայացվել են Նշխարներ Շիրակից ֆեյսբուքյան էջում։ Ուսումնասիրություններն իրականացվել են «Շիրակի արդի բանահյուսությունը, տոնածիսական կենցաղը և հոգեբանությունը», «Շիրակը՝ երկրագործական մշակույթի կենտրոն», «Շիրակի հրաշագործ աղբյուրները» թեմաներով, որոնք առաջիկայում կտպագրվեն ՇՊՀ-ի «Գիտական տեղեկագրում»։ Այս թեմաներն առավել մատչելի տարբերակով տեղ են գտել «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» պատկերազարդ ուղեցույցում, որտեղ նկարներին կից QR կոդերը սքանավորելով՝ հնարավոր է լսել տվյալ ավանդազրույցը այն կրողի մատուցմամբ (19 տեսագրություն)։ Ծրագրի ընթացքում գյուղական բնակավայրերում կազմակերպվել են ազգային-ավանդական միջոցառումներ։ «Վարդավառը Սառնաղբյուրում» միջոցառումն անցկացվել է «Զաղա» կոչվող քարանձավով ու «հրաշագործ» ակունքներով հայտնի Սառնաղբյուր գյուղում՝ ներգրավելով տեղի երիտասարդական կազմակերպությանը, գյուղի բնակիչներին, Անի համայնքի երգի ու պարի համույթներին և Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից գյուղ այցելած հյուրերին։ Տոնի և տոնական օրվա մասին տեսաֆիլմ են պատրաստել Շիրակի պետական համալսարանի ուսանողները։ «1000 ցավի բալասան․ Հայաստանի դեղաբույսերը» խորագրով միջոցառումն անցկացվել է ենթալպյան գոտի համարվող և բուժիչ խոտաբույսերի բազմազանությամբ հայտնի Ամասիայում։ Միջոցառմանը մասնակցել են Ամասիայի միջնակարգ դպրոցի սովորողներն ու մանկավարժները, Ամասիայի համայնքապետարանի աշխատակիցները և հոգևոր հովիվը։ Ծրագրի ավարտական փուլում աշխատանքային խումբն այցելել է Աշոցքի, Ամասիայի և Մարալիկի դպրոցներ, հանդիպումներ ունեցել մանկավարժների և աշակերտների հետ, ներկայացրել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը, հավաքագրման և պահպանման անհրաժեշտությունը՝ նոր սերնդին ներգրավելով մշակութային ժառանգության պահպանման գործին։
Ս․թ․ հոկտեմբերի 5-7-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) 5-րդ գլոբալ հանդիպումը, որին մասնակցել են ավելի քան 500 պատվիրակ 100-ից ավելի երկրներից և կազմակերպություններից։ Եռօրյա հանդիպման շրջանակում Հայաստանը մասնակցել է նաև ազգային մշակույթը ցուցադրող տաղավարով, որը ներկայացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոնի հետ համատեղ։ Թանգարանի աշխատակիցները «Արար» ծրագրի սաների հետ միասին ԱԱԲԹ-ի հանդիպման մասնակիցներին և այցելուներին ծանոթացրել են ժողովրդական արվեստի ճյուղերին, մասնավորապես հայկական գորգի արարման պատմությանը՝ տեղում հնարավորություն ընձեռելով մասնակցել գորգի ստեղծման գործընթացին։ Թանգարանը շնորհակալություն է հայտնում ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանին և թանգարանի բարեկամ Հրազդան Թոքմաջյանին՝ ազգային մշակութային տաղավարի ձևավորմանն աջակցելու և ցուցանմուշներ տրամադրելու համար։