stepanavanum

Հայկական արհեստների ցուցահանդես Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում

Սեպտեմբերի 13-ին` ժամը 16:00-ին, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում կբացվի հայկական արհեստների ուսուցման և հուշանվերների պատրաստման դասընթացի մասնակիցների ցուցահանդեսը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվող կարպետագործության, կավագործության և նկարչության դասընթացներին մասնակցում են Լոռի Բերդ խոշորացված համայնքից և Ստեփանավան քաղաքից շուրջ 60 պատանի և երիտասարդ։

Կարպետագործության դասընթացներին մասնակցել են նաև միջին տարիքի կանայք և օտարերկրացիներ` ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորներ, իսկ կավագործության դասընթացներին` Ռուսաստանի Դաշնությունից իրենց ամառային արձակուրդները Լոռի Բերդում անցկացնող երիտասարդներ։

Լոռի Բերդ համայնքային կենտրոնում, որը ներառում է 9 համայնք (Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուղուտ, Սվերդլով, Հովնանաձոր) և հայտնի է «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց թանգարանով, պատանիների և երիտասարդների շրջանում իրականացվող մշակութային կարողությունների զարգացման՝ կարպետագործության, կավագործության, նկարչության և հուշանվերների պատարաստման դասընթացները հիմք կհանդիսանան համայնքում մշակութային դաստիարակության, նոր հմտությունների և գիտելիքների ձեռք բերման համար։

perch-proshyan

Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում ընթանում է «Հին արհեստների նոր տունը» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում իրականացվում է «Հին արհեստների նոր տունը» հայկական ավանդական արհեստների ուսուցման և սկսնակ զբոսավարների դասընթացների ծրագիրը: Այն բաղկացած է երկու մասից՝ նախատեսված տարիքային երկու խմբերի համար։ Առաջին մասը մեկնարկել է ս. թ. հուլիսի 17-ից և վերաբերում է հայկական ավանդական արհեստների ուսուցմանը: Այն նախատեսված է 18-60 տարիքային խմբի համար, որի ընթացքում ուսուցանվում է բացիկագործություն և ժանեկագործություն: Բացիկագործության դասընթացի ընթացքում մասնակիցները դեկորատիվ թղթի վրա ասեղնագործում են և պատրաստում թեմատիկ բացիկներ: Հայկական ասեղնագործ ժանյակի դասընթացի ընթացքում մասնակիցները հմտանում են նուրբ, գեղեցիկ անձեռոցիկներ և թաշկինակներ պատրաստելու գործում: 

Ծրագրի երկրորդ մասը մեկնարկելու է սեպտեմբերի կեսին և նախատեսված է 13-18 տարեկանների համար, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան Աշտարակի պատմամշակութային հուշարձանների պատմությանը, տարածաշրջանի ավանդույթներին, էքսկուրսավարության հմտություններին, կանցկացվեն անգլերենի պարապմունքներ։

 

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարզային մշակութային կյանքի աշխուժացմանը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, ինչպես նաև թանգարանի հանրահռչակմանն ու աշխույժ կրթական միջավայրի հաստատմանը:

lazaryanner

Լազարյանների պատմական առանձնատանը բացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնի արտ-սրահը

Վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով վերականգնվել է Լազարյանների պատմական առանձնատան մաս կազմող XVII-րդ դարի շինությունը, որտեղ ներկայումս տեղակայված է դեսպանությանը կից գործող Հայկական մշակութային կենտրոնը.

XVII – րդ դարի մասնաշենքի երկրորդ հարկում տեղակայված են հայկական կիրակնօրյա դպրոցը , կենտրոնի ներքո գործող մշակութային խմբակները, դուդուկի դպրոցը, ազգագրական պարերի, վոկալի եւ թատերական խմբակներն ու նախադպրոցական խումբը։

Վերջինս բաղկացած է չորս հիմնական սրահից, որտեղ մշտապես կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, տարբեր ոլորտների անվանի հայ գործիչներին նվիրված միջոցառումներ.

Վերականգնված տարածքը ծառայում է նաեւ որպես յուրօրինակ հարթակ հայկական արտադրանքի շնորհանդեսների, տարբեր ոլորտների հայ-ռուսական մասնագիտական խմբերի համատեղ նախաձեռնությունների ու զբոսաշրջային ոլորտին ուղղված ծրագրերի ներկայացման համար.

Վերջին երեք ամիսների ընթացքում 2018թ-ին մշակութային կենտրոնի արտ-սրահում իրականացվել են տասնյակ միջոցառումներ՝ հայ համայնքային կազմակերպությունների, հայ երիտասարդական կառույցների, մասնագիտացված խմբերի ու միավորումների ինչպես նաև հայաստանյան արտադրողների հետ համագործակցությամբ։

Մասնավորապես, այս ժամանակահատվածում կազմակերպվել են մի քանի խոշոր ցուցահանդեսներ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի Այվազովսկու, Սարյանի, Նալբանդյանի և այլ հայտնի նկարիչների աշխատանքների եզակի ցուցահանդեսը։ Նշյալ տարածքում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ՝ Հայաստանի և Ռուսաստանի բժիշկների համատեղ հանդիպում-քննարկումը՝ առողջարանային ոլորտում զբոսաշրջության զարգացման շուրջ, Մոսկվայում գործող հայկական երաժշտական համույթների համերգային երեկոները, հայ արվեստագետների գրքերի շնորհանդեսները, Հայաստանից փառատոնների մասնակցության նպատակով Մոսկվա ժամանած թատերական խմբերի հետ հանդիպումը, տարբեր բնագավառների անվանի հայազգի գործիչների հուշ երեկոները, Արցախին նվիրված ֆիլմերի ցուցադրությունները, Մոսկվայի հայ երիտասարդական կառույցների և մոսկովյան բուհերի հայազգի ուսանողների հավաքները, հայաստանյան գինեգործության ոլորտը ներկայացնող արտադրողների շնորհանդեսներն ու այլ նախաձեռնություններ։

Վերոնշյալ միջոցառումները լուսաբանվել են դեսպանության սոցիալական ցանցերում, ինչպես նաև հայկական և ռուսաստանյան մամուլում։

Վերանորոգված հատվածում ներկայումս պատրաստվում է «Թուֆենկյան» ընկերության գորգերի նմուշների յուրօրինակ ցուցադրություն։ Միևնույն ժամանակ նշյալ սրահում սեպտեմբեր ամսից կմեկնարկի Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված միջոցառումների շարքը՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացմանն ուղղված ծրագրերի շարքում նախատեսվում է նաև իրականացնել հայկական խոհանոցին նվիրված դասընթացներ մոսկվաբնակ հայազգի հայտնի ռեստորատոր Գայանե Բրեյովայի կողմից։ Առաջիկայում տեղի կունենան նաև ռուսաստանաբնակ հայազգի գրողների գրքերի շնորհանդեսները։

Վերանորոգումից հետո բացված տարածքն ամբողջությամբ ծառայում է դեսպանության հայկական մշակույթի հանրաճանաչելիության բարձրացմանը ՌԴ-ում: Այն հանդես է գալիս նաեւ որպես հայ համայնքային կառույցների միջոցառումների իրականացման եւ Հայաստանի տնտեսական հաջողությունների ու հայկական արտադրանքի ներկայացման կարեւոր հարթակ.

XVII- րդ դարի մասնաշենքի վերականգնմանն աշխատանքներն իրականացվել են

ռուսաստանաբնակ հայ բարերարների աաի իաիիոց

varq-hayoc

«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հանդես է եկել Ռումինիայում և Սերբիայում

«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հաջողությամբ հանդես է եկել Ռումինիայում և Սերբիայում տեղի ունեցած միջազգային ֆոլկլորային փառատոններին

Ս. թ. հուլիսի 31-ից օգոստոսի 19-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «ԱրմենիաՍեիՍփեյն» մշակութային ասոցիացիայի ու «Վարք Հայոց» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը մասնակցել է Ռումինիայի Հանրապետության Պիատրա Նեամց և Կալարաշի, ինչպես նաև Սերբիայի Հանրապետության Պիրոտ քաղաքներում իրականացվող միջազգային ֆոլկլորային փառատոններին: «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հիմնադրվել է 2013 թ.՝ հայկական մշակույթը պահպանելու, տարածելու և հետագա սերունդներին փոխանցելու գաղափարներով լեցուն մի խումբ երիտասարդների կողմից: Հիմնադրման առաջին իսկ օրից խումբն իր առջև խնդիր է դրել կենսունակ պահել ավանդական երգն ու պարը, վարքն ու բարքը, մոռացված ծեսերն ու ավանդույթները:

Նշյալ փառատոներին մասնակցել են շուրջ 16 երկրի ֆոլկլորային խմբեր, որոնց շարքում «Վարք Հայոց» խմբի ելույթներն արժանացել են կազմակերպիչների և հանդիսականնների բարձր գնահատականին և դիպլոմներին։

Փառատոնի համերգային ծրագրերը տեղի են ունեցել ոչ միայն նշված քաղաքներում, այլև դրանց հարակից համայնքներում: Դրանք մեկնարկել են մասնակից խմբերի քայլերթերով և առանձին ելույթներով: «Վարք Հայոց» խումբը փառատոնի ընթացքում ներկայացրել է հայկական ավանդական երգ ու պարեր, տոների և ավանդական հարսանիքի բեմականացումներ:

Նշյալ միջազգային փառատոներին խմբի մասնակցությունը նշանավորվում է միջազգային մշակութային հարթակներում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարածման և հանրահռչակման, ինչպես նաև խմբի ստեղծագործական գործունեության հետագա խթանման հանգամանքով:

vana-lich

Վանում նախապատրաստվում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010թ. ի վեր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվում է պատարագ տարին մեկ անգամ:

Միայն 2015թ. թուրքական իշխանությունների կողմից տրված դադարից հետո վերջին երկու տարիներին շարունակվում է պատարագ մատուցվել Սուրբ Խաչ եկեղեցում:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգային կառույցի ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղը հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները:
 

Աքթուղի խոսքով` Թուրքիան ակնկալիքներ ունի, որ այս տարի պատարագին ավելի շատ մարդ կմասնակցի, քան նախորդ տարի էր, գրում է Ermenihaber-ը:

meghr

Մեղրի և հատապտուղների փառատոն Բերդում

Մեղրի և հատապտղի փառատոնը 8-րդ տարին անընդմեջ հնարավորություն է տալիս այցելուներին վայելել հայկական մեղրը մեղրը և հատապտուղները, ինչպես նաև համտեսել դրանցից պատրաստված ավանդական ճաշատեսակները, քաղցրեղենը:

Փառատոնը հնարավորություն է՝ ծանոթանալու համայնքների մշակութային արժեքներին, ինչպես նաև նպաստելու տարածաշրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացմանը:

Հիմնական խնդիրը շարունակում է մնալ բերքի իրացումը: Ի դեպ, դեսպանը տեղեկացրել է, որ հայկական մեղրը շուտով նաև Չինաստան կարտահանվի: 

qare-cucadrutyun

«Քարե նկարներ» խորագրով ցուցահանդես՝ ՆԱՄ-ում

Օգոստոսի 26-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արփի Բաբայանի և Նունե Մանուկյանի («Էգանաթ»)՝ «Քարե նկարներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: 

Ցուցահանդեսին կներկայացվեն բացառապես բնական քարերից պատրաստված խճանկարներ: Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 31-ը: 

Մուտքն ազատ է:

hayastani-gandzery

«Հայաստանի գանձերը». ֆիլմի ցուցադրություն՝ ՆԱՄ-ում

Օգոստոսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ֆրանսիաբնակ ռեժիսոր Նարեկ Ոսկանյանի՝ «Հայաստանի գանձերը» ֆիլմի ցուցադրությունը: 

«Հայաստանի գանձերը» փաստավավերագրական ֆիլմի (72 րոպե) գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է` վանքերը, բերդերը և նրանց պատմությունը, ինչպես նաև Հայաստանի բնությունը: 

Հուշարձանների պատմությունը մանրամասնորեն ներկայացնում է հայտնի դերասան Արթուր Կարապետյանը։