Armenian-Letter-Art-and-Its-Cultural-Expressions

Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները

Հայկական այբուբենի կիրառական նշանակությունները լայն ասպարեզ են բացում ուսումնասիրողների համար, մասնավորապես, նրա դրսևորումներն այլալեզու գրականության համատեքստում: Դեռևս 7-րդ դարից պահպանվել է հնագույն պապիրուսե մի պատառիկ, որն ամբողջությամբ շարադրված է հայատառ հունարենով: Առանձնակի ուշադրություն է դարձվել հատկապես այդ բացառիկ նմուշի հնագրական արժեքին, այսինքն, տառաձևերին, որոնք իրենց ժամանակի համար բավական անսովոր են: Դարերի ընթացքը ցույց է տալիս, որ հայկական այբուբենով տառադարձվել և գրի են առնվել նաև լատիներեն, արաբերեն, լեհերեն, ռուսերեն, թուրքերեն և այլ լեզուներով տեքստեր, որոնք միջմշակութային փոխառնչությունների լավագույն դրսևորումներ են և վկայությունը հայկական այբուբենի ճկունության: Այս հանգամանքով այն բացառիկ տեղ է զբաղեցնում այլ այբուբենների շարքում: Հայկական տառերը ծառայել են նաև հայ ծածկագրության տարբեր համակարգերի ստեղծմանն ու ձեռագիր և վիմագիր աղբյուրներում դրանց կիրառմանը: Հիշատակելի են նաև այբուբենի թվային կիրառությունները, որոնք հատուկ են նաև աշխարհի մի շարք այլ հնագույն այբուբեններին, ինչպիսիք են հունարենն ու լատիներենը: Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայկական այբուբենի գեղագրության և զարդագրության ոլորտները, որոնք գրավում են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ուսումնասիրողների և արվեստասեր հասարակության ուշադրությունը: Հատկանշական է դիտարկել, որ հայ զարդագրությունը, թեև իր բարձրագույն արտահայտությունը գտնում է հայերեն ձեռագրերում, սակայն առանձին վիմագրերում նույնպես կարելի է տեսնել գլուխգործոց զարդագրեր, ինչպիսիք են Նորավանքի հայտնի վիմագրերը: Հայ զարդագրությունը հարուստ է իր տեսակներով ու ենթատեսակներով, որոնք պատկերված են միջնադարյան հայ վարպետների, ծաղկողների ու մանրանկարիչների գործերում: Առավել հաճախադեպ են հանգուցագիրը, թռչնագիրը, կենդանագիրը, ապա` մարդագիրը, առասպելական կամ մտացածին կենդանիներով ձևավորված գրերը, որոնք իրենց դրսևորումն են գտնում ժողովրդական արվեստի տարբեր ոլորտներում՝ քանդակագործություն, գորգագործություն, ասեղնագործություն, գրականություն, մանրանկարչություն և այլն: Հատկանշական է, որ իր գոյության ավելի քան 16 դարերի ընթացքում հայկական այբուբենը դրսևորվել է ոչ միայն իր բուն նշանակությամբ՝ ծառայելով գրավոր ժառանգության ստեղծմանը, այլև ծնունդ տվել արվեստի մի շարք գործերի, որոնք այսօր էլ շարունակում են հիացնել մարդկանց ու նոր գաղափարներ ներշնչել:

Մշակութային տեսանկյունից հայկական տառարվեստի կենսունակությունն ավելի քան հստակ է. դարերի ընթացքում այն մշտապես ճանաչվել է որպես հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգություն և նույնականացվել է այն ստեղծող ժողովրդի հետ: Հայկական տառարվեստի ծնունդ են հայկական գեղագրությունը և, մասնավորապես, մանրանկարչության ճյուղ համարվող զարդագրությունը, որոնք ցայսօր շարունակում են իրենց կիրառական դրսևորումները:

lavash

Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները

Լավաշն ավանդական հացատեսակ է, օվալաձև, 2-3 մմ հաստությամբ, երկարավուն` մոտավորապես մեկ մետր երկարությամբ, կես մետր լայնությամբ, թեթև` շուրջ 200-250 գրամ քաշով է: Այն պատրաստում են ցորենի ալյուրի ու ջրի շաղախման միջոցով ստացված խմորից՝ երբեմն թթխմորի ու աղի կիրառմամբ: Լավաշը թխում են թոնրում: Հայաստանի տարբեր շրջաններում պատրաստված լավաշի տարատեսակներն ունեն որոշակի տարբերություններ` պայմանավորված ցորենի տեսակով, ինչպես նաև թխվող հացի չափսերով: Լավաշը եզակի հացատեսակ է, որը կարելի է մինչև վեց ամիս չոր վիճակում պահպանել: Վառելիք և աշխատուժ խնայելու նպատակով լավաշը շատ ընտանիքներում թխում են միանգամից մեծ քանակությամբ: Երբեմն ձմռան համար անհրաժեշտ պաշարը թխում են աշնան վերջին: Լավաշի պատրաստումը, օգտագործումը ենթադրում են նաև բանավոր ավանդույթների պահպանում և փոխանցում:

Լավաշի կենսունակությունը պայմանավորված է նրա բազմագործառութային լինելով. այն օգտագործում են ամբողջությամբ` ուտելիքի ջերմությունը պահպանելու և այն տեղից տեղ տեղափոխելու համար կամ կտորներով` ուտելիք վերցնելու համար: Չոր լավաշը կարելի է փշրել ջրիկ կերակուրների մեջ: Հայաստանում այսօր էլ ավանդական որոշ ճաշատեսակներ ուտում են` որպես գդալ օգտագործելով լավաշի կտոր: Հայաստանում լավաշի ամենատարածված կիրառման եղանակը տարբեր միջուկներով (հատկապես՝ տեղական պանրով և կանաչիներով, ձվով, եփած կամ խորոված մսով և այլն) բրդուճների պատրաստումն է: Սրանց շնորհիվ լավաշն անփոխարինելի է նաև ոչ ստանդարտ պայմաններում սնվելու դեպքում (զբոսաշրջություն, հանգիստ, գյուղատնտեսական աշխատանքներ և այլն): Լավաշի ծիսական դերը դրսևորվում է հարսանիքի ժամանակ, երբ նորահարսի մուտքն ամուսնու ընտանիք նշվում է նորապսակ զույգի ուսերին՝ տան շեմին լավաշ դնելու արարողությամբ: Լավաշն օգտագործվում է ժողովրդական և ընտանեկան տոների, սգո և ծիսական հացկերույթների ժամանակ: Ժամանակակից շուկայական պահանջների համաձայն լավաշը կիրառվում է ամբողջական, կտրատված, ինչպես նաև չորացված ձևերով:

Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

A-Tradition-of-Making-and-Using-a-Wooden-Charm

Փայտե հմայիլի պատրաստման և կիրառման ավանդույթ

Փայտե հմայիլը պայտաձև փորագրված փայտ է, որի վրա պատկերված են երկրաչափական, բուսական և տիեզերական նախշեր: Ներկայում փայտատեսակի, չափերի հետ կապված որևէ սահմանափակում չկա: Օգտագործվում է տանը՝ անձին, իսկ գյուղական միջավայրում ընտանի կենդանիներին պաշտպանելու համար: Փայտե հմայիլները տեղադրվում են մուտքի դռան վերևում, մուտքի առջևի պատին կամ մոտակա սյան վրա: Կենդանիներին պաշտպանելու համար դրանք կախում են կենդանիների վզին, եղջյուրներին կամ գոմի դռանը, սյանը, առատ կարագ ստանալու համար այն կապում են խնոցու պարանին: Փոքր փայտե հմայիլները կախում են երեխաների օրորոցին կամ կարում մանուկների հագուստի թիկունքին: Դրանք կրում են նաև կանայք` ուլունքների հետ միասին: Փայտե հմայիլների մշակութային առանձնահատկությունն այն է, որ դրանք երկնային լուսատուների, կենդանիների, ջրի, պտղաբերության պաշտամունքների գաղափարներն արտահայտող ազգային ոճի խորհրդանշաններով ձևավորված կիրառական արվեստի նմուշներ են:

Պահպանիչ փայտե հմայիլները մինչև օրս օգտագործվում են և լայն տարածում ունեն հատկապես երիտասարդության շրջանում: Ներկայում դրանց պատրաստման և կիրառման շրջանակները կապվում են փայտագործ վարպետների և ժողովրդական հավատալիքների ավանդույթը կենսունակ պահող ու պահպանող տարբեր սոցիալական խմբերի գործունեության հետ: Դրանց կիրառությունը որոշակի նպատակ ունի` պայմանավորված չար ուժերից պաշտպանելու հավատալիքի և գեղագիտական նշանակության հետ, երբ հմայիլը գործածվում է որպես զարդ կամ բնակարանի ձևավորման պարագա: Ժամանակակից վարպետները մեծ հաջողությամբ կրկնօրինակում են հմայիլների հին, ավանդական ձևերը, ինչպես նաև պատրաստում են նոր ոճավորումներով փայտե հմայիլներ, որոնք լայն կիրառություն ունեն:

ergum-enq-dyucaznerger

«Երգում ենք դյուցազներգեր»

Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից ի վեր ավանդույթ է ունեցել գովերգելու իր քաջերին և տեղի ունեցող հերոսական դրվագները։ Դյուցազներգերի մեջ են մտնում նաև մեր էպոսի երգերը։

Միջոցառումը կվարի «Մեր երգերը և մենք» նախաձեռնության թիմը։ Կմիանան նաև մեր կամավոր դյուցազուն տղաներ տարբեր երգի, պարի խմբերից։

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, «Բարձունք» կենտրոնում:

«Երգում ենք դյուցազներգեր»

«Երգում ենք դյուցազներգեր»

«Երգում ենք դյուցազներգեր»

Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից ի վեր ավանդույթ է ունեցել գովերգելու իր քաջերին և տեղի ունեցող հերոսական դրվագները։ Դյուցազներգերի մեջ են մտնում նաև մեր էպոսի երգերը։
Միջոցառումը կվարի «Մեր երգերը և մենք» նախաձեռնության թիմը։ Կմիանան նաև մեր կամավոր դյուցազուն տղաներ տարբեր երգի, պարի խմբերից։
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, «Բարձունք» կենտրոնում:

qyavari-paxlavayi-patrtastman-ev-kirarman-avanduytnery

«Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը»

2022 թվականի մարտի 24-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ  Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկը համալրվեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացրած «Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը» արժեքով։

Փախլավայի պատրաստումը հիմնականում   տարածված է Գավառի տարածաշրջանի գյուղական և քաղաքային համայնքների կանանց շրջանում։  «Քյավառի փախլավան» տարիներ առաջ հայտնի է եղել «Բայազետի փախլավա» անունով: Դրա պատրաստման եղանակները 1830-ական թվականներին, հայ բնակչության գաղթից հետո, բերվել են Արևմտյան Հայաստանից: Վկայություններ կան, որ «Քյավառի փախլավան» պատրաստվել է հիմնականում մեծահարուստների համար, քանի որ այն բաղկացած է բավականին արժեքավոր մթերքներից: «Քյավառի փախլավան» պատրաստվել է հատուկ օրերին` պարտադիր ժողովրդական տոներից, Ամանորից և հարսանեկան արարողություններից առաջ: Այն համարվել է ուրախ առիթների սեղանների զարդը, որը կարող է հաջողություն և երջանկություն բերել նորապսակներին:

Հայաստան ժամանած շատ զբոսաշրջիկներ հատուկ այցելում են Գավառ` Քյավառի փախլավա համտեսելու:

«Քյավառի_փախլավայի_պատրաստման_և_կիրառման_ավանդույթը»

«Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը»

«Քյավառի_փախլավայի_պատրաստման_և_կիրառման_ավանդույթը»

2022 թվականի մարտի 24-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկը համալրվեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացրած «Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը» արժեքով։
Փախլավայի պատրաստումը հիմնականում տարածված է Գավառի տարածաշրջանի գյուղական և քաղաքային համայնքների կանանց շրջանում։ «Քյավառի փախլավան» տարիներ առաջ հայտնի է եղել «Բայազետի փախլավա» անունով: Դրա պատրաստման եղանակները 1830-ական թվականներին, հայ բնակչության գաղթից հետո, բերվել են Արևմտյան Հայաստանից: Վկայություններ կան, որ «Քյավառի փախլավան» պատրաստվել է հիմնականում մեծահարուստների համար, քանի որ այն բաղկացած է բավականին արժեքավոր մթերքներից: «Քյավառի փախլավան» պատրաստվել է հատուկ օրերին` պարտադիր ժողովրդական տոներից, Ամանորից և հարսանեկան արարողություններից առաջ: Այն համարվել է ուրախ առիթների սեղանների զարդը, որը կարող է հաջողություն և երջանկություն բերել նորապսակներին:
Հայաստան ժամանած շատ զբոսաշրջիկներ հատուկ այցելում են Գավառ` Քյավառի փախլավա համտեսելու:

Needle memory_Exhibition_lecture

Ասեղով հյուսված հիշողություն․ ցուցահանդես-դասախոսություն

needle

Ապրիլի 24-ին Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոնում սիրահայ կանայք ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները և իրենց տատիկներից ու մայրերից ժառանգություն ստացած աշխատանքները։ Զրույց-դասախոսության ընթացքում նրանք ներկայացրին, թե ինչպես ասեղնագործության արհեստով իրենց գաղթական տատիկները կարողացան ընտանիք պահել ու հայ մնալ այդքան արհավիրքներից հետո, և թե ինչպես այդ նույն արհեստը ապրելու միջոց դարձավ Սիրիայից պատերազմի հետևանքով Հայաստան ներգաղթած տիկնանց համար։

Հիշողության թելը կտրել անհնար է։ Երբ ցեղասպանության հետևանքով հազարավոր հայեր հայրենազրկվեցին ու բնակություն հաստատեցին օտար երկրներում՝ իրենց մատների հիշողությամբ սկսեցին վերականգնել այն բոլոր կարատեսակները, որ սովորել էին իրենց բնօրրանում։  Ու, որպեսզի ոչ կարատեսակը մոռացվի, ոչ իրենց բնակավայրի անունը՝ այդ կարերը կոչեցին Այնթապ, Մարաշ, Ուրֆա, Վան, Սվազ ․․․

Armenian-trajectory-of-coffee-culture

«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը»

«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» նախագծի շրջանակում Հովհ. Թումանյանի թանգարանում մեկ օր` ապրիլի 22-ին, հյուրընկալվեցին Գյումրիի հինգ թանգարան՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, Հովհ.Շիրազի տուն-թանգարան, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան։

Թանգարանի աշխատակիցների օգնությամբ այցելուները կարողացան բացահայտել բազմաթիվ գաղտնիքներ հայ մեծերի սրճային կենցաղից։ Երեկոյի հատուկ բանախոսն ազգագրագետ Հասմիկ Հարությունյանն էր, ով խոսեց Ալեքսանդրապոլի սրճարանների և աշուղական միջավայրի մասին:

tohmatsar

Տոհմածառ

Ազգի պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ է։ Գրավոր տեղեկությունները հանդիպում են 19-րդ դարից։ Ծաղկում է ապրել հատկապես 20-րդ դարում և այսօր էլ շարունակում է զարգանալ: Ամրագրում է ընտանեկան-արյունակից ազգակցական կապերի ուղղահայաց և հորիզոնական շերտերի` տոհմի կամ գերդաստանի մասին իրազեկվածությունը, հիշողությունը, տոհմանունների հարատևությունը: Տոհմածառի նախնական տարբերակներն Ավետարանի կամ Սուրբ գրքի վերջին էջում՝ ընտանիքում ծնված և մահացած անդամների ժամանակագրությունը գրանցող սովորույթ էր, որը հետագայում դարձավ ինքնուրույն միավոր` թղթի վրա գծված կամ որևէ այլ ձևով` կավե, փայտե քանդակների միջոցով գերդաստանի մի քանի սերունդների ճյուղային զարգացումը ներկայացնող պատկերով (այստեղից էլ՝ անունը` «տոհմի ծառ»): Տոհմածառերի տարատեսակները զարգանում են կյանքին համընթաց, և այսօր կիրառվում են նաև ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները:

Կենսունակ է և շարունակում է զարգանալ ձևի և բովանդակության տեսանկյունից: Այսօր տոհմածառեր են կազմվում զանազան գեղարվեստական և գեղագիտական լուծումներով` աշխատելով ներառել տոհմի ազգակցական խմբի առնվազն յոթ սերունդ` ուղղահայաց և հնարավորինս լայն` հորիզոնական ուղղություններով: