megeryan

Մեգերյան Կարպետ Ընկերությունը և Տերյան Մշակութային Կենտրոնը King Abdulaziz Camel Festival-ին ներկայացրեցին Հայաստանը

Մեգերյան Կարպետ Ընկերությունը և Տերյան Մշակութային Կենտրոնը King Abdulaziz Camel Festival-ին ներկայացրեցին Հայաստանը

Մեգերյան Կարպետ Ընկերությունը և Տերյան Մշակութային Կենտրոնը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում ընթացող King Abdulaziz Camel Festival-ին ներկայացրեցին Հայաստանը իր հարուստ մշակույթով։ Արդյունքում Հայաստանը պարգևատրվեց հետևյալ մրցանակով ՝ լավագույն <էթնո տուն>։

masunq

«Մասունքի» ավանդական երգի-պարի համույթի համերգ` նվիրված Ապրիլյան քառօրյա հերոսական պատերազմին

Հարգելի՛ Բերձորի բնակիչներ, սիրով հրավիրում ենք Ձեզ Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունքի» ավանդական երգի-պարի համույթի համերգին` նվիրված Ապրիլյան քառօրյա հերոսական պատերազմին:

Համերգը տեղի կունենա մարտի 30-ին Բերձորի Վահան Թեքեյանի անվան 1 միջնակարգ դպրոցի դահլիճում:

Ժամը 18:00-ին

tiknikagorci-mijazgayin-or

Մարտի 21-ը տիկնիկագործի միջազգային օրն է

Մշակույթի կենտրոնը շնորհավորում է տիկնիկագործության խմբակի սաներին և դասատու Ալբինա Պետրոսյանին օրվա կապակցությամբ։ 

Այս օրը դասարանը հանդես եկավ իր անդրանիկ ցուցահանդեսով։ Այն բացվեց քաղաքային գրադարանում , որտեղ նույն օրը նշվում էր պոեզիայի միջազգային օրը։ 

Գեղեցիկ և հետաքրքիր նախաձեռնություն է, երբ երկու տոնը նշվում է մեկ օրում, մեկ վայրում՝ հավասար իրավունքներով։ 

Երեխաների ձեռքով արարված գեղեցիկ և հմայիչ հայուհիները՝ յուրօրինակ, չկրկնվող, հայկական ազգային տարազներով, շոյում էին բոլորի աչքերը և կարծես պատմում հայուհու հույզերի, հմայքի և ապրումների մասին։ 

Մաղթենք նրանց անխափան աշխատանք և նորանոր ձեռքբերումներ։ Երկու տոների կապակցությամբ տիկնիկներից մեկը իր տեղը գտավ Մշակույթի նախարարությունում։

tadeos-vanq

ՀՀ ՈՆՄԺ արժեքների ցանկը համալրվեց «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» արժեքով

Հայաստանի Հանրապետության` ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվեց «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» արժեքով

 

Որպես համաքրիստոնեական կանգուն հնագույն սրբատեղի և իբրև համամարդկային մշակութային արժեք՝ 1955 թվականից վանքը ներառված է Իրանի պատմական հուշարձանների, իսկ 2008 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում «Իրանի հայկական վանական համալիրները» անվանակարգով: «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» տարրի գրանցմամբ կարժևորվի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը:

unesco

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում հինգ ոչ նյութական մշակութային արժեք ընդգրկելու հայտով չի դիմել կազմակերպության ցանկում ընդգրկելու համար

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հինգ ոչ նյութական մշակութային արժեք կազմակերպության ցանկում ընդգրկելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին նշել է ՀՀ մշակույթի նախարարության  ոչ նյութական մշակութային ժառանգության մասնագետ Նաիրա Կիլիչյանը:

 

«Զարմանալի է, թե ի՞նչ աղբյուրի հիման վրա են լրատվամիջոցները  նման եզրակացության եկել: Իրականում 2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած որոշման նախագիծն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության  ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվում է, լրացում է կատարվում: Արդյունքում ցանկում ընդգրկվել է հինգ ոչ նյութական մշակութային արժեք, որոնք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառությունը», «Գյումրվա կլկլանը (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոնը», «Պարկապզուկը (տիկ)», «Կոխ ըմբշամարտը»: Մինչ այդ ցանկում ընդգրկված էր յոթ արժեք: Դրանք են «Կարոս խաչ» վիպերգը, «Լարախաղացությունը (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգերը», «Ավետիսը», «Խաչբուռը», «Ասեղնագործությունը», «Բարեկենդանը»,-ներկայացրեց Կիլիչյանը:

 

Նա շեշտեց, որ ՀՀ կառավարությանը ներկայացված այդ փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման մեջ  գրված է, որ ցանկերի թարմացման հեռահար նպատակն այն է, որ հետագայում, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայով որևէ արժեքի մասին Հայաստանը հայտ ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ, այդ արժեքը գրանցված լինի Հայաստանի պետական ցանկերում։

 

Մասնագետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ին են ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց  և ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո միայն:

 

Նաիրա Կիլիչյանը պատմեց, որ ՀՀ-ում գոյություն ունի պետականորեն  սահմանված ոչ նյութական մշակութային ժառանգության օրենքի հիման վրա սահմանված երեք ցանկ։

 

«Առաջինում ընդգրկվում են ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքները, մյուս ցանկում՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները, երրորդում ՝ մշակութային տարածքները, որոնք կենսունակ են և որտեղ միջավայր է ստեղծվել ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանության համար: Այս կամ այն արժեքի այդ ցանկերում ընդգրկվելու առաջարկները նախարարությունը հիմնականում ստանում է ՀՀ քաղաքացիներից, հասարակական կազմակերպություններից, տարբեր գերատեսչություններից, պետական կազմակերպություններից: Հայաստանը յուրաքանչյուր երկու տարին մեկ ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայով ՅՈՒՆԵՍԿՕ հայտեր է ներկայացրել: 2008-ին եղել է «Դուդուկն ու դրա երաժշտությունը», 2010-ին՝ «Խաչքարը», 2012-ին՝ «Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները», 2014-ին՝ «Լավաշը», 2017-ին  ներկայացվել է «Քոչարի ավանդական խմբապարը»: Այս տարվա համար նույնպես հայտ ենք ներկայացնելու: Դեռ փակագծերը չեմ բացի»,-եզրափակեց մասնագետը:

 

ՀՀ կառավարության փետրվարի 21-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 5-ով. դրանք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ» արժեքները: Մինչ այդ ցանկում էր 7 արժեք` «Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան»։

 

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով»:

 

Անժելա Համբարձումյան

 Աղբյուրը՝ https://armenpress.am

msh-nax-logo

Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները

2019 թ. փետրվարի 21-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ: Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվեց, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով: Սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 7 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր), «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան»), համալրվեց ևս 5-ով: Դրանք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ» արժեքները: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈՒՆԵՍԿՕ են ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հավանությանն արԺանանալուց հետո միայն:

 

Նաիրա Կիլիչյան

mayreni

Մայրենի լեզվի օրն է

1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։


ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

#MotherLanguageDay #UNESCO #մայրենիլեզվիօր #ՅՈՒՆԵՍԿՕ

tumanyan

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում

Հայաստանի Հանրապետության կողմից` Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923թթ.) ծննդյան 150-ամյակն» ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում և նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ:

#թումանյան150 #նշվումէյունեսկօիհետհամատեղ

siriahay

«Սիրիահայ արվեստի ծիլը» խորագրով ցուցահանդեսի մասին

Ս. թ. փետրվարի 12-13-ը «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Սիրիահայ արվեստի ծիլը» խորագրով ցուցահանդեսը։ Կենտրոնի բոլորաձև ցուցասրահում ցուցադրվեցին սիրիահայ վարպետների բազմազան ու բազմաբնույթ ստեղծագործությունները, այդ թվում՝ արծաթագործության նրբին նմուշներ, ձեռագործ, շյուղագործ ու ասեղնագործ բարձաճաշակ աշխատանքներ, սիրիահայերի խոհանոցին բնորոշ ուտեստներ և գեղեցիկ հուշանվերներ։ Իրենց նրբաճաշակ աշխատանքներով հատկապես աճի ընկան ասեղնագործուհիներ Մարալ Շեօհմէլեան Բերբերյանի, Այտա Սանդուրյան Տեկիրմենճյանի և Հուրի Սալփիի աշխատանքները, որոնք առանձնանում էին հայկական ասեղնագործության տարբեր ոճական ուղղություններին բնորոշ (Ուրֆա, Վան, Մարաշ, Սվազ) զարդանախշերի զուգորդմամբ ու գունային ինքնատիպ լուծումներով։ Սիրիահայ վարպետներն իրենց նմտություններով և գիտելիքներով նոր շունչ ու թարմություն են հաղորդում արդի շրջանի ժողովրդական ստեղծագործությանը՝ նպաստելով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը։

Նաիրա Կիլիչյան

 
 
 
nairyan

«Գառնի» տաճարում կնշվի Տեառնընդառաջը

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, ս. թ. փետրվարի 13-ին` ժամը 17:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կնշվի Տեառնընդառաջը: Միջոցառման մասնակիցները Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու կանթեղներից վերցված կրակով կշարժվեն դեպի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան։ Ապա արգելոց-թանգարանի տարածքում, Սիոն եկեղեցու հիմքերի դիմաց (խոտածածկ հատվածում) կվառվի Տեառընդառաջի խարույկը:

 

Ազգագրական երգի-պարի կատարումներով հանդես կգա «Գաթա» բենդը:
#Գառնուտաճար #Տեառընդառաջ