varq-hayoc

«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հանդես է եկել Ռումինիայում և Սերբիայում

«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հաջողությամբ հանդես է եկել Ռումինիայում և Սերբիայում տեղի ունեցած միջազգային ֆոլկլորային փառատոններին

Ս. թ. հուլիսի 31-ից օգոստոսի 19-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «ԱրմենիաՍեիՍփեյն» մշակութային ասոցիացիայի ու «Վարք Հայոց» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը մասնակցել է Ռումինիայի Հանրապետության Պիատրա Նեամց և Կալարաշի, ինչպես նաև Սերբիայի Հանրապետության Պիրոտ քաղաքներում իրականացվող միջազգային ֆոլկլորային փառատոններին: «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հիմնադրվել է 2013 թ.՝ հայկական մշակույթը պահպանելու, տարածելու և հետագա սերունդներին փոխանցելու գաղափարներով լեցուն մի խումբ երիտասարդների կողմից: Հիմնադրման առաջին իսկ օրից խումբն իր առջև խնդիր է դրել կենսունակ պահել ավանդական երգն ու պարը, վարքն ու բարքը, մոռացված ծեսերն ու ավանդույթները:

Նշյալ փառատոներին մասնակցել են շուրջ 16 երկրի ֆոլկլորային խմբեր, որոնց շարքում «Վարք Հայոց» խմբի ելույթներն արժանացել են կազմակերպիչների և հանդիսականնների բարձր գնահատականին և դիպլոմներին։

Փառատոնի համերգային ծրագրերը տեղի են ունեցել ոչ միայն նշված քաղաքներում, այլև դրանց հարակից համայնքներում: Դրանք մեկնարկել են մասնակից խմբերի քայլերթերով և առանձին ելույթներով: «Վարք Հայոց» խումբը փառատոնի ընթացքում ներկայացրել է հայկական ավանդական երգ ու պարեր, տոների և ավանդական հարսանիքի բեմականացումներ:

Նշյալ միջազգային փառատոներին խմբի մասնակցությունը նշանավորվում է միջազգային մշակութային հարթակներում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարածման և հանրահռչակման, ինչպես նաև խմբի ստեղծագործական գործունեության հետագա խթանման հանգամանքով:

vana-lich

Վանում նախապատրաստվում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010թ. ի վեր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվում է պատարագ տարին մեկ անգամ:

Միայն 2015թ. թուրքական իշխանությունների կողմից տրված դադարից հետո վերջին երկու տարիներին շարունակվում է պատարագ մատուցվել Սուրբ Խաչ եկեղեցում:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգային կառույցի ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղը հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները:
 

Աքթուղի խոսքով` Թուրքիան ակնկալիքներ ունի, որ այս տարի պատարագին ավելի շատ մարդ կմասնակցի, քան նախորդ տարի էր, գրում է Ermenihaber-ը:

meghr

Մեղրի և հատապտուղների փառատոն Բերդում

Մեղրի և հատապտղի փառատոնը 8-րդ տարին անընդմեջ հնարավորություն է տալիս այցելուներին վայելել հայկական մեղրը մեղրը և հատապտուղները, ինչպես նաև համտեսել դրանցից պատրաստված ավանդական ճաշատեսակները, քաղցրեղենը:

Փառատոնը հնարավորություն է՝ ծանոթանալու համայնքների մշակութային արժեքներին, ինչպես նաև նպաստելու տարածաշրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացմանը:

Հիմնական խնդիրը շարունակում է մնալ բերքի իրացումը: Ի դեպ, դեսպանը տեղեկացրել է, որ հայկական մեղրը շուտով նաև Չինաստան կարտահանվի: 

qare-cucadrutyun

«Քարե նկարներ» խորագրով ցուցահանդես՝ ՆԱՄ-ում

Օգոստոսի 26-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արփի Բաբայանի և Նունե Մանուկյանի («Էգանաթ»)՝ «Քարե նկարներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: 

Ցուցահանդեսին կներկայացվեն բացառապես բնական քարերից պատրաստված խճանկարներ: Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 31-ը: 

Մուտքն ազատ է:

hayastani-gandzery

«Հայաստանի գանձերը». ֆիլմի ցուցադրություն՝ ՆԱՄ-ում

Օգոստոսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ֆրանսիաբնակ ռեժիսոր Նարեկ Ոսկանյանի՝ «Հայաստանի գանձերը» ֆիլմի ցուցադրությունը: 

«Հայաստանի գանձերը» փաստավավերագրական ֆիլմի (72 րոպե) գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է` վանքերը, բերդերը և նրանց պատմությունը, ինչպես նաև Հայաստանի բնությունը: 

Հուշարձանների պատմությունը մանրամասնորեն ներկայացնում է հայտնի դերասան Արթուր Կարապետյանը։

sevan

Կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Օգոստոսի 3-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում և օգոստոսի 4-ին` Սևան քաղաքի «Գրենոբլի» հրապարակում կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, առաջին օրը ելույթ կունենան ռոք, իսկ երկրորդ օրը ֆոլկ ժանրերում ստեղծագործող խմբեր: Օգոստոսի 3-ին համերգային հատվածը կմեկանարկի ժամը 17:00-ին` փառատոնի բացման արարողությամբ, իսկ օգոստոսի 4-ին` ժամը 16:00-ին: Համերգային հատվածից զատ, փառատոնի ընթացքում օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ից, իսկ օգոստոսի 4-ին` ժամը 14:00-ից կկազմակերպվեն սպորտային, արվեստի, մանկական և ժամանցային միջոցառումներ: Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի նախաձեռնությամբ։

azatanum

Ազգային ժողովրդական երգերի համերգ Ազատանում

«Ծիրանափող» մշակութային, երիտասարդական ՀԿ-ն նախաձեռնել և իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող «Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտական մշակութային ժառանգությունը Շիրակի մարզում» ծրագիրը, որի շրջանակներում սույն թվականի Հուլիսի 22-ին ժամը 14:00-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի կունենա ազգային ժողովրդական երգերի համերգ’ Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և «Շերամ» անսամբլի սաների կատարմամբ, որի ընթացքում կհնչեն բացառապես այն երաժշտական կատարումները, որոնք բացահայտվել են ծրագրի շրջանակներում կատարված հավաքչական աշխատանքների միջոցով։ 

✅Մուտքն անվճար է
✅Բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը,որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 22-ին ժամը 14։00-ին Ազատան համայնքի մշակույթի կենտրոնում։

haybulg-cuc

Բուլղարիայում բացվել է հայ և բուլղարացի նկարիչների համատեղ ցուցահանդես

Սոֆիայի «Գալերիա ՆԴԿ» ցուցասրահում հուլիսի 1-ից անցկացվում է «Հայաստան և Բուլղարիա – գույներ և ձևեր» խորագրով հայ և բուլղարացի գեղանկարիչների գործերի համատեղ ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀԲԸՄ Սոֆիայի և Վառնայի մասնաճյուղերի նախաձեռնությամբ և ԲՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և օժանդակությամբ:

Հայկական արվեստը ներկայացնելու նպատակով Բուլղարիա են ժամանել Հայ կերպարվեստի հիմնադրամի նախագահ Խաչիկ Աբրահամյանը, Հայաստանի նկարիչների միության անդամներ Աղասի Թալալյանը, Արմեն Դերմենջյանը և Արթուր Սմբատյանը: Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին ներկայացված են հայ և բուլղարացի, այդ թվում և բուլղարահայ, 29 հեղինակների մի քանի տասնյակ ստեղծագործություններ:

Բացման արարողությանը մասնակցել են Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, մշակույթի և արվեստի ճանաչված գործիչներ, բուլղարահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ:

Հուլիսի 9-ին ցուցահանդեսը կտեղափոխվի Վառնա, որտեղ ներկայացված կլինի մինչև հուլիսի 17-ը:

tum-mus

Հանրապետության մի քանի թատրոններ և թանգարաններ կվերանորոգվեն

Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 690 մլն 688.3 հազար դրամ:

Գումարը նախատեսվում է ուղղել 6 մշակութային կազմակերպությունների՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի, Հ. Թումանյանի թանգարանի շենքային պայմանների բարելավմանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգմանը և ամրակայմանը, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրմանը

Որոշման նպատակը 6 մշակութային կազմակերպությունների՝ թանգարանների և թատրոնների բնականոն գործունեության ապահովումն է, ինչպես նաև հանրապետության հուշարձանների պահպանման, օգտագործման, հանրահռչակման և զբոսաշրջային գրավչության բարձրացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախալի համարեց որոշման ընդունումը և, միաժամանակ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, որ մշակութային հաստատությունները նույնպես պետք է ակտիվ գործունեություն ծավալեն:

«Մենք հիմա խոսում ենք զբոսաշրջության աճի մասին։ Մենք ծրագրեր ենք իրականացրել, որով ապահովում ենք երեխաների, դպրոցականների այցելությունները թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, և մենք այսպիսի կապիտալ ծախսեր ենք իրականացնում մշակութային օջախներում, թանգարաններում, թատրոններում և այլն: Բայց մենք պետք է նաև այդ մշակութային օջախների առաջ խնդիր դնենք, որ նրանք ապրեն ավելի ակտիվ կյանքով: Պետք է ունենան ծրագիր՝ այցելությունների թիվը, տոմսերի վաճառքների թիվը, սեփական եկամուտներն ավելացնելու: Անցած տարի, երբ ես ուզեցի թանգարանների այցելությունների վիճակագրությունը, տեսա, որ մեր երկրում կան թանգարաններ, ուր, կարելի է ասել, գործնականում մարդ չի այցելում, և այդտեղից հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք մենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար, ուր մարդ չի այցելում: Այսինքն՝ եթե թանգարան է, կանխավարկածն այն է, որ այդտեղ պահվում են ցուցանմուշներ, որոնք կարևոր են և ունեն հետաքրքրություն: Մենք այստեղ պետք է շատ ուշադիր լինենք. թանգարանային ոլորտում, իմ կարծիքով, պետք է շատ լուրջ, շատ խիստ քաղաքականություն վարենք՝ նաև հետագայի առումով, որովհետև իսկապես պետք է այդ օջախները գործեն, ապրեն և գեներացնեն եկամուտներ: Պետք է լինեն կրեատիվ մարդիկ, ովքեր կարողանան թանգարանները և մշակութային օջախներն իսկապես դարձնել մշակութային կյանքի կենտրոններ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց կառավարության ղեկավարը:

Վարչապետը նաև հավելեց՝ պետք է հակառակն էլ արձանագրել, որ Հայաստանում կան մի քանի թանգարաններ, որոնք մարդկանց մշտական հոսքեր են ապահովում, և մարդկանց այցելությունները դեպի այդ թանգարաններ գնալով շատանում են: Պետք է այդ փորձն ուսումնասիրել, ինստիտուցիոնալ դարձնել և տարածել այլ թանգարանների և մշակութային օջախների վրա: