siriahay

«Սիրիահայ արվեստի ծիլը» խորագրով ցուցահանդեսի մասին

Ս. թ. փետրվարի 12-13-ը «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Սիրիահայ արվեստի ծիլը» խորագրով ցուցահանդեսը։ Կենտրոնի բոլորաձև ցուցասրահում ցուցադրվեցին սիրիահայ վարպետների բազմազան ու բազմաբնույթ ստեղծագործությունները, այդ թվում՝ արծաթագործության նրբին նմուշներ, ձեռագործ, շյուղագործ ու ասեղնագործ բարձաճաշակ աշխատանքներ, սիրիահայերի խոհանոցին բնորոշ ուտեստներ և գեղեցիկ հուշանվերներ։ Իրենց նրբաճաշակ աշխատանքներով հատկապես աճի ընկան ասեղնագործուհիներ Մարալ Շեօհմէլեան Բերբերյանի, Այտա Սանդուրյան Տեկիրմենճյանի և Հուրի Սալփիի աշխատանքները, որոնք առանձնանում էին հայկական ասեղնագործության տարբեր ոճական ուղղություններին բնորոշ (Ուրֆա, Վան, Մարաշ, Սվազ) զարդանախշերի զուգորդմամբ ու գունային ինքնատիպ լուծումներով։ Սիրիահայ վարպետներն իրենց նմտություններով և գիտելիքներով նոր շունչ ու թարմություն են հաղորդում արդի շրջանի ժողովրդական ստեղծագործությանը՝ նպաստելով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը։

Նաիրա Կիլիչյան

 
 
 
nairyan

«Գառնի» տաճարում կնշվի Տեառնընդառաջը

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, ս. թ. փետրվարի 13-ին` ժամը 17:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կնշվի Տեառնընդառաջը: Միջոցառման մասնակիցները Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու կանթեղներից վերցված կրակով կշարժվեն դեպի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան։ Ապա արգելոց-թանգարանի տարածքում, Սիոն եկեղեցու հիմքերի դիմաց (խոտածածկ հատվածում) կվառվի Տեառընդառաջի խարույկը:

 

Ազգագրական երգի-պարի կատարումներով հանդես կգա «Գաթա» բենդը:
#Գառնուտաճար #Տեառընդառաջ

gorg

«Արցախյան գորգարվեստ» հանրապետական երրորդ մրցույթ

«Արցախյան գորգարվեստ» հանրապետական երրորդ մրցույթ

 

1. Մրցույթի պատմությունը

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում 2014 թվականին անց է կացվել «Արցախյան գորգարվեստ» հանրապետական առաջին մրցույթը:

2015 թվականին կայացել է երկրորդ մրցույթը, որին մասնակցել են 34 անձինք՝ 41 աշխատանքներով:

Գնահատող հանձնախմբի որոշմամբ լավագույն աշխատանքներն արժանացել են համապատասխան մրցանակների: Սահմանվել են նաև խրախուսական մրցանակներ:

 

2. Մրցույթի նպատակները

ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանում. արցախյան գորգագործական ու ասեղնակարի մշակութային ավանդույթների վերականգնում, ժամանակակից գեղարվեստական ճաշակին ու պատկերացումներին բնորոշ տարրերով լրացում. ժողովրդական արհեստների հանրահռչակում, զարգացում և փոխան­ցում սերունդներին. ազգային ավանդական մշակույթի հանդեպ հարգանքի ու հոգածության վերաբերմունքի  արմատավորում:

3. Մրցույթի կազմակերպիչը

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն.

–       ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոն».

–       Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին:

4. Մրցույթի կազմկոմիտեն

 կազմավորվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով. իրականացնում է մրցույթի ընդհանուր ղեկավարումը. զբաղվում է մրցույթի նախապատրաստական, կազմակերպչական, գովազդման և ԶԼՄ-ներում լուսաբանման  հարցերով. առաջարկություն է ներկայացնում նախարարին՝ մրցույթի գնահատող հանձնախմբի ստեղծման վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ է մտցնում սույն կարգի մեջ:
 

5. Մրցույթի գնահատող հանձնախումբը

կազմավորվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով. ուսումնասիրում և փակ քվեարկությամբ գնահատում է մրցույթին ներկայացված աշխատանքները՝ 10 բալանոց սանդղակով. սահմանում է մրցանակային ֆոնդը. անհրաժեշտության դեպքում կարող է մրցանակները կիսել կամ չշնորհել, ինչպես նաև` սահմանել խրախուսական մրցանակներ:

6. Մրցույթի անցկացման պայմանները 

մրցույթն անց է կացվում 1 փուլով` 3 անվանակարգերով.

–       «Գորգ»

–       «Կարպետ»

–       «Ասեղնագործություն»

մասնակիցների տարիքային սահմանափակում չկա. նախորդ մրցույթում առաջին մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները երկրորդ անգամ նույն անվանակարգով մասնակցելու իրավունք չունեն. մրցույթին կարող են մասնակցել անհատ հյուսողներ ԼՂՀ-ից. յուրաքանչյուր մասնակից նույն անվանակարգում իրավունք ունի ներկայացնելու միայն մեկ աշխատանք. պարտադիր պայման է արցախյան գորգապատկերների և զարդանախշերի օգտագործումը՝ գունային ճիշտ համադրությամբ. մասնակիցները, ցանկության դեպքում, արցախյան գորգապատկերների և զարդանախշերի նկարներ կարող են ձեռք բերել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնից (ք. Շուշի, Հախումյան 28). աշխատանքները պետք է անձնագրավորված լինեն (գործվածքի անվանումը) և ունենան հյուսողի կնիք-արձանագրությունը (բնակավայր, տարեթիվ). կազմակերպիչներին իրավունք է վերապահվում աշխատանքներն օգտագործել գովազդման և մրցույթի մասսայականացման նպատակներով:

 

7. Հայտերի ընդունման կարգը

Մասնակցության հայտերը ներկայացնել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին՝ մինչև ս. թ. հունիսի 1-ը, իսկ պատրաստի աշխատանքները՝ մինչև նոյեմբերի 1-ը:

 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ս. թ. նոյեմբերին՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում:

 

Արդյունքների ամփոփումից հետո աշխատանքները կվերադարձվեն, բացառությամբ՝ մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքների

8. Արդյունքների ամփոփումը

 

Աշխատանքները քննելիս հաշվի կառնվեն սույն կարգի պահանջների կատարումը, արցախյան գորգապատկերների ու զարդանախշերի օգտագործումը, գունային ճիշտ համադրությունը, հումքի որակը և գործվածքի խտությունը:

Մրցույթի հաղթողները կորոշվեն գնահատող հանձնախմբի բոլոր անդամների կողմից տրված գնահատականների հանրագումարով:

 

Հավելյալ տեղեկությունների ու պարզաբանումների համար զանգահարել

(047) 73-38-98 հեռախոսահամարով:

#հայկականգորգ #ՀՀմշակույթինախարարության #Արցախ #գորգագործություն #ոչնյութականմշակութայինժառանգություն

erusaxem

Երուսաղեմի Հայկական խեցեղենը UNESCO-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում ներառելու առաջարկ է եղել

Երուսաղեմի հայկական խեցեղենը կներառվի UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հոդվածագիր Էլազար Նուտելը ներկայացրել է 6 կետից բաղկացած ցուցակ, որ ըստ իրեն պետք է ներառվի UNESCO-ի ցանկում:

«1922 թվականից ի վեր հայկական ձեռագործ կավե սպասքը տարածված երևույթ դարձավ Երուսաղեմում: Հայկական կավե ամանների ծաղկազարդ նախշերը դարձան Երուսաղեմի արհեստի այցեքարտը»,- նշված է հոդվածում:

Աղբյուրի համաձայն՝ իսրայելական ազգային պարը, հրեական շոֆար ծիսական հոգեւոր երաժշտական գործիքը, եբրայերենով գրված ժամանակակից պոեզիան, հնգամատյանի ընթերցումը եւ համիրյան հարսանեկան ծեսը նույնպես պետք է ընդգրկվեն ցանկում:

Աղբյուրը՝ http://yerakouyn.com/

hndkastani-paraton

Հայկական տիկնիկագործության ցուցադրություն Հնդկաստանի ժողովրդական արվեստի փառատոնին

2019 թ. փետրվարի 1-17-ը Հնդկաստանի Սուրաջկունդ և հարակից Ֆարիդաբադ ու Հայրանա քաղաքներում ընթանում է արհեստների 33-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ժողովրդական արհեստագործներ և ժողովրդական կատարողական արվեստի խմբեր: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փառատոնի հայաստանյան տաղավարում հայկական տիկնիկագործությունը ներկայացնում է տիկնիկագործ վարպետ Ալլա Սարգսյանը: Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 150 միջին և փոքր չափի տիկնիկներ և զարդանախշ փոքր կարպետներ: Հնդկաստանի ժողովրդական արվեստի փառատոնին հայկական տիկնիկագործության ցուցադրության նպատակն է նպաստել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը և ժողովրդական վարպետների ստեղծագործական գործունեության խթանմանը:

kasa

«ԿԱԶԱ» հիմնադրամը 2019 թվականի փետրվարի 11-ից 25-ն առաջարկում է «Ազգագրություն» դասընթացը

«ԿԱԶԱ» հիմնադրամը 2019 թվականի փետրվարի 11-ից 25-ն առաջարկում է «Ազգագրություն» դասընթացը, որի ընթացքում կներկայացվեն հայկական ավանդական տարազը, ուտեստի համակարգը և ընտանիքը, ինչպես նաև վերջիններիս ժամանակակից դրսևորումները։ Դասընթացի բանախոսն է՝ Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ավելի քան 80 հոդվածների հեղինակ, պատմ. գիտ թեկնածու, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։ • Դասընթացի տևողությունը 3 օր՝ փետրվարի 11, 18 և 25, ժամը՝ 18:00 – 20:00։ • Դասընթացի ընդհանուր արժեքը՝ 9.000 դրամ: • Յուրաքանչյուր դասախոսության մասնակցության արժեքը՝ 3.000 դրամ։ Դասընթացի թեմաները փետրվարի 11, ժամը՝ 18:00 – 20:00 Հայկական ավանդական տարազը Հայկական տարազի համակարգը: Հայկական ավանդական տարազախմբերի բնութագրերը: Տարազի գործառույթները՝ տոնածիսական, նշանային, սոցիալական և այլն: Զարդարանքի, զարդանախշերի և գույների խորհրդիմաստները: Ազգային տարազն այսօր և նորաձևությունը։ փետրվարի 18, ժամը՝ 18:00 – 20:00 Հայկական ավանդական և ժամանակակից ուտեստի համակարգը Ուտեստի կառուցվածքը: Տոնածիսական համալիրները: Հացկերույթ և հյուրասիրություն: Սեղանապետի կերպարը հայոց մեջ։ փետրվարի 25, ժամը 18։00 – 20։00 Հայկական ավանդական և ժամանակակից ընտանիքը Հայկական ավանդական ընտանիքը: Հայկական ավանդական բնակարանը: Ավանդական բնակարանի ներքնատեսքը և կահկարասին: Տնտեսական կենցաղի առանձնահատկությունները։

siriahay

Սիրիահայ Արվեստի Ծիլը

Փետրվարի 12-ին, ժամը 12։00-19։00, ՀԱՅ-ԱՐՏ մշակութային կենտրոնում Սիրիահայերի Միության (Syrian Armenian Union NGO) նախաձեռնությամբ տեղի կունենա ցուցահանդես-վաճառք։

Ցուցահանդեսին մասնակցության եւ մանրամասն տեղեկության համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 

095-25-53-55 041-15-55-11
#ՍիրիահայերիՄիություն

janekagorcutyun

Ժողովրդական արվեստի կենտրոնը փետրվարի 5-ից սկսում է ժանեկագործության նոր դասընթաց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

Ժողովրդական արվեստի կենտրոնը փետրվարի 5-ից սկսում է ժանեկագործության նոր դասընթաց: Ժողովրդական վարպետ Անահիտ Իսունցը կսովորեցնի ժանեկագործության բոլոր գաղտնքները և դրա կիրառման ժամանակից մոտեցումները: 8 պարապունքի արժեքը՝ 16.000 դրամ է Օրերը՝ շաբաթական 2 օր, 1.30 ժամ տևողությամբ Անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրում է կենտրոնը Մանրամասների համար զանգահարել՝ 099 519 699 և 010 569380 Հասցեն՝ Աբովյան 64 /Աբովյան պուրակ/ Մասնակցության համար հարկավոր է գրանցվել նախապես։

#ժանեկագործություն #Ժողովրդականարվեստիկենտրոն

Rita-Cuce

Կամերային նվագախմբի «Իտալական մոտիվներ» համերգին հանդես է եկել դաշնակահար Ռիտա Կուչեն

«Իտալական մոտիվներ» խորագրով համերգային ծրագրում, որը տեղի է ունեցել հունվարի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հնչեցրել է Մոցարտի, Վիվալդիի, Ռեսպիգիի, Ռոսսինիի ստեղծագործությունները։ Մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Միշել Լեգրանի հիշատակը:

«Շատ ուրախ եմ, որ ստացա այստեղ հանդես գալու հրավերը, ուրախ եմ, որ ելույթ ունեցա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Մոցարտն իմ սիրելի կոմպոզիտորն է: Մոցարտի այս կոնցերտը շատ գեղեցիկ է, բայց բարդ գործ է»,-նշել  է դաշնակահարուհին:

Երեկոն իրենց ներկայությամբ պատվել են արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնատար այրեր, արվեստագետներ: Միջոցառումն անցել է Կամերայինի տաք և հյուրընկալ լեփ-լեցուն դահլիճում՝ հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո:

Համերգային ծրագիրն իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ:

#Հայաստանիպետականկամերայիննվագախումբ #Հայաստան #Հայերաժշտարվեստ #Կոմիտաս #Իտալիա

tigran-mansuryan

Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ. Մաեստրո Մանսուրյանը նշում է իր 80-ամյակը

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանը կնշանավորվի մի շարք համերգային ծրագրերով: Հոբելյանական ծրագրի մեկնարկը կտրվի հունվարի 27-ին՝ Լոս Անջելեսում նախատեսված համերգով: Կհնչեն տարբեր տարիների իր մի շարք գործեր, այդ թվում, Չարենցի բանաստեղծություններով գրված «Արվեստ քերթության» երգչախմբային կոնցերտը: Համերգին մասնակցելու է աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը։ Հաջորդ համերգը նախատեսված է հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի երևանյան տուն-թանգարանում, որի ընթացքում կհնչեն իր կամերային ստեղծագործությունները: Մարտ ամսին ևս համերգային ծրագրեր են նախատեսված, որոնք քննարկվում են: