Օգոստոսի 28-29-ը 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվեց «Պար առանց սահմանների» միջազգային փառատոնը, որին մասնակցեցին Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Բելառուսի ազգային պարային համույթներ։
Օգոստոսի 28-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում հանդիսավորությամբ տեղի ունեցան փառատոնի բացման արարողությունն ու գալա համերգը։ Մասնակից համույթները ներկայացրին իրենց երկրների ազգային պարարվեստը՝ հանդիսատեսին ծանոթացնելով տարբեր ժողովուրդների պարային ավանդույթներին, ազգային երաժշտությանն ու մշակութային առանձնահատկություններին։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան»-ի տնօրեն Լուսինե Թորոյանը, ԱՊՀ մասնակից պետությունների Միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի խորհրդական Կամոլ Ռախմոնովը, և Մեղրիի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Անի Ղազարյանը։
Փառատոնի երկրորդ օրվա համերգային ծրագիրն անցկացվեց Մեղրիի Փոքր թաղում՝ բացօթյա ձևաչափով։ Երկու օրերի ընթացքում ներկայացված պարային համարներն արտացոլեցին մասնակից ժողովուրդների ազգային մշակույթի հարուստ բազմազանությունը՝ յուրաքանչյուր համույթի ելույթում բացահայտելով տվյալ երկրի պարարվեստին բնորոշ ոճը, շարժումների լեզուն, երաժշտությունն ու ազգային տարազների գունեղությունը։
Համերգներին զուգահեռ կազմակերպվեց նաև Մեղրիի տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք։ Փառատոնի շրջանակում անցկացվեցին ազգային պարերի ուսուցումներ, ազգային խաղեր և ժողովրդական արհեստների վարպետաց դասեր:
Փառատոնի հյուրերն ու մասնակիցները ծանոթացան նաև Մեղրիի պատմամշակութային միջավայրին, տեղական ավանդույթներին և համայնքի մշակութային կյանքին։ Միջոցառումը հնարավորություն տվեց ոչ միայն ներկայացնելու և հանրահռչակելու ազգային պարարվեստը, այլև նոր կապեր հաստատելու տարբեր երկրների մշակութային խմբերի միջև և Մեղրին ներկայացնելու որպես հարուստ մշակութային ժառանգություն ու ինքնատիպ ավանդույթներ ունեցող քաղաք։
«Պար առանց սահմանների» միջազգային փառատոնն անցկացվեց «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով ազգային պարի միջոցով նպաստել տարբեր ժողովուրդների մշակույթների փոխադարձ ճանաչմանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու ազգային ավանդույթների պահպանմանը և հանրահռչակմանը։
Փառատոնն իրականացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից, Մեղրիի համայնքապետարանի, Մեղրիի մարզամշակութային կենտրոնի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։