asexnagorcutyan-varpetner

Հայ ասեղնագործ վարպետների աշխատանքները՝ ժողովրդական արհեստագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 10-ին հայ ասեղնագործ վարպետները մասնակցել են Մոսկվայի շրջանի Սերգիև Պոսադ քաղաքում կայացած «Ռուսկայա մատրյոշկա» խորագիրը կրող ժողովրդական արհեստագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի միջազգային փառատոնին:

 

ՌԴ Մոսկվայի մարզի մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնն ուղեկցվել է գեղարվեստական խմբերի համերգներով, ժողովրդական արհեստագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսի իրականացմամբ: Հայկական տաղավարում ցուցադրվել են Արփի Ավդալյանի ասեղնագործ զարդերն ու նկարները, Արմինե Խաչատրյանի դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները՝ ասեղնագործ սփռոցներ, բարձի երեսներ, ծածկոցներ և այլն: Ներկայացված աշխատանքներն  իրենց ինքնատիպությամբ և ազգային արվեստին բնորոշ առանձնահատկություններով բարձր են գնահատվել կազմակերպիչների, հյուրերի և այցելուների կողմից, ինչի շնորհիվ ասեղնագործ վարպետներն արժանացել են դիպլոմների:

 

Հավելենք, որ ասեղնագործ վարպետների ներկայացրած աշխատանքները կիրառական արվեստի ավանդական այս ճյուղի՝ դարերից եկող ավանդույթի շարունակականության վկայությունն են, քանի որ վերարտադրում են հայկական ազգային զարդանախշերը և մանրանկարչության հարուստ զարդամոտիվները:

silvi

Կբացվի ֆրանսահայ նկարիչ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը

ՀՀ մշակույթի նախարարության և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի ֆրանսահայ նկարիչ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը: Ցուցադրությունը կրում է «Ոսկե հատման ինքնաբուխ մտահղացմամբ» խորագիրը և նվիրվում Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: Կներկայացվի նկարչի տարբեր տարիների ստեղծած շուրջ 40 աշխատանք

Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 4-ը: 

Արմատներով հայ Ասիլվան (Սիլվա Առաքելյան) ծնվել է Ստամբուլում, ավարտել է տեղի Հինդլյան դպրոցը, ապա տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ ուսումը շարունակել է «Նոտր Դամ դը Սիոն» դպրոցում, այնուհետև՝ Սորբոնի համալսարանում մաթեմատիկա և փիլիսոփայություն է ուսումնասիրել: Նկարել  սկսել է արդեն հասուն տարիքում: Հեղինակ է մի քանի աշխատության, որտեղ ուսումնասիրել է «ոսկե հատման» սկզբունքի օգտագործումը Ռեմբրանդտի և Սյորայի կտավներում: Ստեղծագործում է հիմնականում աբստրակտ գեղանկարչության բնագավառում: Գործերին բնորոշ են արդիական ազատ ձևերի ճարտարապետական դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակությունը: Նկարիչը փոխկապակցում է մաթեմատիկական և փիլիսոփայական հայացքները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր: Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և համարվում ձեռքբերումներ՝ պետությունների և թանգարանների համար: 

Զգալի է Ասիլվայի վաստակը արվեստի բնագավառում. նա տարբեր տարիների ղեկավարել և ղեկավարում է Փարիզում գործող մի շարք մշակութային կազմակերպություններ, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության» հիմնադիրն է:

hortus-musicos

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կկայանան «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնվել է 2000 թվականին և համարվում է Եվրոպայի առաջատար փառատոներից մեկը: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ս. թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը՝ էստոնական «Հորտուս Մուզիկուս» երաժշտախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Անդրես Մուստոնեն) մասնակցությամբ: Համերգին կներկայացվի «Շողացող վերածնունդ», «Փայլուն բարոկկո» խորագրերով ծրագիրը, որը մի մեծ երաժշտական ճանապարհորդություն է՝ դարերի խորքից մինչև այսoր: Ս. թ. սեպտեմբերի 15-ին, Բյուրականի արվեստի ակադեմիայում կկայանա «Հորտուս Մուզիկուս» երաժշտախմբի մեկ այլ ծրագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, հատվածներ «Կարմինա Բուրանա» ձեռագրերի շարքից: Հավելենք, որ «Հորտուս Մուզիկուսը» Եվրոպայի մշտապես գործող ամենահին խմբերից մեկն է, որն ունի իր ինքնատիպ ոճը: Երաժշտախմբի յուրաքանչյուր ելույթ միջնադարյան հագուստների և յուրօրինակ գործիքների օգտագործմամբ մի բեմականացում է:

xachmeruk

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» հինգերորդ միջազգային ֆոլկլորային փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպությունը՝ ս. թ. սեպտեմբերի 14-18-ը կիրականացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» հինգերորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը: Այն այս տարի անցկացվում է «Ժողովրդական մշակույթը խաղաղության լեզուն է» կարգախոսի ներքո և նվիրվում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Արդեն ավանդական դարձած փառատոնը միտված է ժողովրդական մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև միջազգային մշակութային երկխոսության խթանմանը:

 

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» հինգերորդ միջազգային ֆոլկլորային փառատոնին արտերկրից կմասնակցեն. Լատվիայից՝ «Սաուցեյաս» ժողովրդական երգի ու նվագարանների, Իտալիայից՝ «Զեզիգրադ» ժողովրդական թատրոնի, Բուլղարիայից՝ «Հասկովո» պարային, Իրանից՝ «Ռահավարդե Պարսիան» ժողովրդական գործիքների և Քաշանի տիկնիկների թանգարանի թատերական խմբերը: Հայաստանից կմասնակցեն «Տոնացույց», «Մասունք», «Վարք Հայոց», «Ոստան», «Նարեկացի» ավանդական, ինչպես նաև «Աթուռ» ասորական ազգային երգի ու պարի խմբերը:

 

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին, Բյուրականում գտնվող «Տոնացույց» կենտրոնում, իսկ եզրափակիչ համերգը՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում:

 

Փառատոնի ընթացքում տեղի կունենան համերգներ, երթեր, ցուցահանդեսներ. Բյուրականում գործող «Տոնացույց» կենտրոնում՝ տիկնիկների, Գյումրիում՝  հայկական ավանդական ուտեստների,  Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում՝ ավանդական արհեստների ցուցադրություններ: Փառատոնի ծրագիրը ներառում է նաև «Խաղաղության մշակույթ» թեմայով հանդիպում՝ Բյուրականի արվեստի ակադեմիայում:

 

axava

Հայկական հոգևոր երաժշտությունը՝ «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնում

  Ս. թ. սեպտեմբերի 8-11-ը, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացվող «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կներկայացվի հայկական, բյուզանդական և հրեական հոգևոր խմբերգային երաժշտություն:

 Փառատոնի եզրափակիչ համերգին, որը կկայանա սեպտեմբերի 11-ին, հայկական հոգևոր երաժշտության կատարումներով հանդես կգա Գերմանիայի հեղինակավոր երգչախմբերից մեկը՝ Լայպցիգի ռադիոյի պետական երգչախումբը: Համերգին, արպես մենակատար, կմասնակցի նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/: Որպես այս համերգի իրագործման խորհրդատու` Գերմանիա է հրավիրվել նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:
evropakan-jarangutyun

Հայաստանում եվրոպական ժառանգության օրերին պատմամշակութային հուշարձանների այցելություն

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ ս. թ. սեպտեմբերի 24-25-ը, այցելուների համար բաց կլինեն մի շարք պատմամշակութային հուշարձան շենքեր՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը, Երևանի կոնյակի գործարանը, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Աստղադիտարանի գլխավոր մասնաշենքը, Ազգային գրադարանի գլխավոր մասնաշենքը, որոնք սովորական օրերին փակ են զանգվածային հաճախումների համար: 

Նախնական գրանցման համար զանգահարել ՀՀ մշակույթի նախարարություն՝ հետևյալ հեռախոսահամարներով. (011) 52 39 33, (011) 51 63 10: 

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. սեպտեմբերի 12-ը:

komitas

Հավերժության ճամփով. Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Դելլալյան» տրիոյի համերգը

Ս. թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Հավերժության ճամփով» խորագրով համերգը: Երեկոն կսկսվի Հարություն Դելլալյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրումով: Այնուհետև, կոմպոզիտոր Հ. Դելլալյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան «Դելլալյան» տրիոն՝ Լևոն Մուրադյան, /թավջութակ/, Մարինա Դելլալյան /դաշնամուր/, Նարինե Դելլալյան /ջութակ/ և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Կհնչեն կոմպոզիտորի «Սոնատ», «Սոնատ-Պոեմ», «Նվիրում Կոմիտասին» ստեղծագործություննեը:

germaniayum

Հայաստանի մշակույթի օրեր` Գերմանիայում

1998 թվականից ի վեր` «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի, կրթության նախարարության միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հե­տա­գա համագործակցության մասին» պարբերաբար ստորագրվող եռակողմ փոխըմբռնման hուշագրերի շրջանակներում ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ ակտիվ համագործակցություն է իրականացվում: Համագործակցության շրջանակներում փոխադարձաբար անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր` Գերմանիայում և Գերմանիայի մշակույթի օրեր` Հայաստանում: Մինչ այժմ, Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրեր են անցկացվել 2005, 2007, 2009 և 2015 թվականներին: 2015 թվականի սեպտեմբերի 22-27-ը, Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրերի շրջանակում կայացել է «Պատկերներ մի երկրից. Արևելագերմանական լուսանկար­չությունը 1945-1995 թթ.» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը և «Վոկալ Մոդեռն» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Քրիստֆ­րիդ Բրոյդել, ծրագրի ղեկավար` Թոմաս Բուխհոլց) համերգները Երևանում և Չարեն­ցա­վանում: Հայաստանի մշակույթի օրեր Գերմանիայում անցկացվել են 2004 և 2014 թվականներին: 

Վերջինիս ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականին Հայաստանի մշակույթի օրերն անցկացնել Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում: Հայաստանի մշակույթի օրերը կանցկացվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ` օգոստոսի 19-ից նոյեմբերի 6-ը: Մշակույթի օրերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 19-ին, Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում, որի ընթացքում ողջյունի խոսքով հանդես կգան Բեռլինի պետական թանգարանների գլխավոր տնօրեն Միխայիլ Այզենհաուերը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը: Բացման պաշտոնական արարողությանը կհաջորդի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խմբի ելույթը:

Մշակույթի օրերի շրջանակներում նախատեսվում է Էրոլ Գուրյանի «Թերա ԱՐՄԵՆԻԱ. հայացք դեպի երազանքների վայրեր» խորագրով ցուցահանդեսը, փարաջանովյան երեկո` նվիրված Ս. Փարաջանովի կյանքին և գործունեությանը: Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանը, կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը: Մշակույթի օրերի հիմնական միջոցառումներից է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Տ. Հեքեքյան) համերգը, որը կկայանա Բեռլինի ֆիլհարմոնիկ սրահում և կնվիրվի Հայաստանի անկախության 25-ամյակին: Հավելենք, որ մշակույթի օրերի ծրագրին իրենց մասնակցությունն են բերում գիտնականներ, մշակույթի գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Գերմանացի անվանի մշակութաբանների և արվեստագետների կողմից կներկայացվեն Հայաստանին և նրա բնաշխարհին, հայ եկեղեցու պատմությանը, հայ գրականությանն ու գրատպությանը նվիրված թեմատիկ դասախոսություններ, քննարկումներ, վիրտուալ ցուցադրություններ, գրական ընթերցումներ, ինչպես նաև կլոր սեղան՝ «Հայրենիք–ինքնություն–զգացմունքներ» թեմայով: 

Մշակույթի օրերի ընթացքում ներկաներին կմատուցվեն հայկական տաք և սառը ուտեստներ: Ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի 4-ի համերգով, որին կմասնակցի երգահան Ստեփան Գանտրալյանը: Նշենք նաև, որ 2011 թվականից ի վեր, ամենամյա «Հայ մշակույթի օրեր» են անցկացվում նաև ԳԴՀ Բադեն-Վյուրթենբերգ երկրամասում` Շտուտգարտում:

lragroxner

Հինգշաբթի. ստեղծագործում են լրագրողները

Ս. թ. օգոստոսի 27-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Այն կրում է «Հինգշաբթի» խորագիրը և կգործի մինչև սեպտեմբերի 3-ը:

 

Շուրջ կես տարի՝ յուրաքանչյուր հինգշաբթի, հայաստանյան տարբեր լրատվամիջոցների 12 լրագրող հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի: Արդյունքում՝ 3 տասնյակից ավելի ստեղծագործություններ ներկայացվել են ցուցադրության:

 

Լրագրողների առաջարկով` այցելուները կարող են գնել ցուցադրվող աշխատանքները: Վաճառքից գոյացած հասույթի մի մասը կփոխանցվի Մուղդուսյան արվեստի կենտրոնին, ուր հաճախում են նաև հաշմանդամություն ունեցող և  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:

mariam-aslamazyan

Տեղի կունենա նկարիչ Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդեսը

Ս. թ. սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Գյումրի քաղաքի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի հետ համատեղ կանցկացվի նկարիչ Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական պատումների ժողովածուի շնորհանդես-վաճառքը: Գրքի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Ասլամազյան քույրերի պատկերասրահի  բարենորոգմանը:

 

Մարիամ Ասլամազյանի կյանքը անմնացորդ նվիրում էր արվեստին: Նկարիչն ապրել է մոտ մեկ դար՝ վրձինը ձեռքին, իսկ կյանքի վերջին տարիներին, ի մի բերելով արածն ու չարածը, գրել է «Կյանքի դավթարը» պատումների գիրքը: Մ. Ասլամազյանը, իրեն բնորոշ անկեղծությամբ և սեփական դիտարկումներով վերլուծել է իր ապրումները, պատմել կյանքի դժվարին տարիների ու երջանիկ դիպվածների մասին, անդրադարձել իր ընկերների՝ Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Ինդիրա Գանդիի և այլոց հետ հանդիպումների թանկ հուշերին: Հեղինակն իր տեսանկյունից վերանայել է խորհրդային, հետպատերազմյան տարիները և բնորոշել դրանց հետևանքները: Պատումների գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2000 թվականին, Մոսկվայում` հեղինակ Մ. Ասլամազյանի միջոցներով: 2016 թվականին «Կյանքի դավթար» ինքնակենսագրականը վերահրատարակվել է:

 

Հավելենք նաև, որ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն գտնվում է Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում, իսկ նկարչի ստեղծագործություններն այսօր զարդարում են Հայաստանի ազգային պատկերասրահի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի՝ շուրջ 50 ճանաչված թանգարանների հավաքածուներն ու մշտական ցուցադրությունները: