rostomyan

Պարգևատրվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վատակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր-նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պարգևը Ստեփան Ռոստոմյանին հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը`  ս. թ. դեկտեմբերի 6-ին, կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ:

unesco-adis-abeba

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանը` Ադիս Աբեբայում

Ս. թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի 11-րդ նստաշրջանը: Մասնակցում էին աշխարհի 121 երկրների` 712 ներկայացուցիչներ, այդ թվում, կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ: 

Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հիմնադրամի վերաբերյալ արտաքին աուդիտորների հաշվետվությունը, որին հաջորդեց անվանակարգերի, առաջարկների և աջակցության խնդրանքների գրանցման, ընտրության կամ հաստատման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի պարզաբանումը: Քննարկվեցին Կոնվենցիայի կիրարկման մասին 12 զեկույց, որից 6 պարբերական և 6 անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված տարրերի կարգավիճակի վերաբերյալ: Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից էր առաջադրված նոր հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 7 հայտ` Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու, 37 հայտ` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկելու, 7 հայտ` Ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու նպատակով: 

Գրանցման ներկայացված հայտերի շարքում էր հինգ երկրների (Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա) պատրաստած «Տափակ հաց պատրաստելու և հյուրասիրելու մշակույթ. լավաշ, կաթրմա, ժուպկա, յուֆկա» անվանմամբ համատեղ հայտը, որի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակության դիտարկումների հիման վրա միջկառավարական Կոմիտեի կողմից 2014 թվականին Կոմիտեի 9-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտի վերաբերյալ համապատասխան հղում (որոշում 9.COM 10.3) արվեց վերոնշյալ հայտի որոշման նախագծում: Այսպիսով, հաստատվեց, որ «տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրներում ապրող համայնքները կիրառում են հայտում ներկայացված «տափակ հացի» տեսակները»: Կոմիտեն իր որոշմամբ փաստում է, որ համատեղ հայտում նշվող տարրի գրանցումը չի ենթադրում, որ այն բացառիկ է, այլ կիրառվում է նաև «տարածաշրջանում և դրանից դուրս», իսկ «տափակ հացի» տեսակներից մեկը` լավաշը, դեռևս 2014 թ. ընդգրկվել է Ներկայացուցչական ցանկում, որպես Հայաստանում կիրառվող տարր: Նստաշրջանի արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական, անհապաղ պաշտպանության և լավ փորձի պահպանման ցանկերում գրանցվեցին 43 հայտ: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. ոչ նյութական մշակութային ժառանգության Կոնվենցիայի միջկառավարական Կոմիտեն կազմված է Կոմիտեի անդամ 24 երկրներից և Հայաստանն այդ Կոմիտեի անդամ է ընտրվել 2016 թ. հունիսին` 4 տարի ժամկետով:

 Հայաստանը «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է հետևյալ տարրերը. «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործու­թյունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.): 

Ս. թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի` Ադիս Աբեբայում կայացած 11-րդ նիստի արդունքներն ամփոփող մամուլի ասուլիս: Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ  արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը (Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար), ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակությային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:

vormnankar

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիս` Գյումրիում

Ս. թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Հակոբ Հակոբյանի «Սարերում», արդեն վերականգնված որմնանկարին: Մամուլի ասուլիսին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը կխոսեն «Սարերում» որմնանկարի տեղափոխման, վերականգնման և ամրակայման աշխատանքների մասին, որն իրականացրել է ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմ­նա­դրամը: Որմնանկարը վերականգնել է «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամը՝ իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ: Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը ներառված է ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

kitar

Կիթառի երաժշտության երեկո` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Ս. թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կիթառի երաժշտության երեկո»՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանի մասնակցությամբ:

Համերգային ծրագրում՝ Ի. Ալբենիա, Է. Սայնս Դե Լա Մասա, Ռ. Սայնս Դե Լա Մասա, Է. Պուխոլ, Խ. Մալատա:

Մուտքն ազատ է
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

varpetneri-girn-u-gicy

Կրթական ծրագիր. «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը»

Ս. թ. նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» խորագրով կրթական ծրագիրը, որի թիրախային խումբը 8-12 տարեկան երեխաներն են: Վերջիններս կբացահայտեն Կուտինայի հախճապակու արվեստի պարզ ոճը, կախարդական գույներն ու կերպարները, խաղի միջոցով կծանոթանան դարավոր այս արվեստի նմուշներին, ապա ստեղծագործելով կհայտնվեն վարպետների զարդանախշերի ու արձանագրու­թյունների աշխարհում: 

Դարերի ընթացքում հայ վարպետները գունագեղ նախշերով և կերպարներով զարդարել են զանազան իրեր, այդ թվում` սափորներ, բաժակներ, ափսեներ, սրվակներ, սալիկներ, կախազարդեր և այլն: 

Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում է ուսուցողական ծրագրեր դպրոցականների և այլ տարիքային ու սոցիալական խմբերի համար։ Յուրաքանչյուր կրթական ծրագիր ստեղծում է յուրօրինակ հանդիպում Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերի, նրա ժամանակի, միջավայրի և գործունեությանն առնչվող այլ ոլորտների հետ: Կրթական ծրագրերի նպատակն է՝ լսարանին ծանոթացնել Կոմիտասի կյանքին և գործունեությանը, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության տարբեր դրսևորումներին, ազգային ծեսերին և ավանդույթներին, ինչպես նաև նպաստել ունկնդրելու, հետազոտելու և ստեղծագործելու ունակությունների զարգացմանը: 

Մուտքն ազատ է: 

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

komiktasi-xmberger

Կրթական ծրագիր` նվիրված Կոմիտասի խմբերգերին

Ս. թ. նոյեմբերի 26-ին, ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի կրթական ծրագիր` նվիրված Կոմիտասի խմբերգերին: Հանդիպման ընթացքում մասնակիցները կսովորեն բազմաձայն երգել: Նոտային գրաճանաչությունը պարտադիր չէ: Թանգարան-ինստիտուտի մասնագետները կօգնեն հաղթահարել բազմաձայն երգեցողությունը: 

Հանդիպումը կվարի Տաթիկ Շախկուլյանը: 
Մուտքն ազատ է: 

Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում է ուսուցողական ծրագրեր դպրոցականների և այլ տարիքային ու սոցիալական խմբերի համար: Յուրաքանչյուր կրթական ծրագիր ստեղծում է յուրօրինակ հանդիպում Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերի, նրա ժամանակի, միջավայրի և գործունեությանն առնչվող այլ ոլորտների հետ: Կրթական ծրագրերի նպատակն է՝ լսարանին ծանոթացնել Կոմիտասի կյանքին և գործունեությանը, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության տարբեր դրսևորումներին, ազգային ծեսերին և ավանդույթներին, ինչպես նաև նպաստել ունկնդրելու, հետազոտելու և ստեղծագործելու ունակությունների զարգացմանը: Ազդագիրը ներբեռնել այստեղ:

grafik

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի 18-20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆի­կական աշխատանքների ցուցահանդեսը

Ս. թ. նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի 18-20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆի­կական աշխատանքների ցուցահանդեսը: Թանգարանի հավաքածուն ընդգրկում է այդ շրջանի ռուսական և խորհրդային նկարիչների, ավելի քան 500 ջրանկարներ ու գծանկարներ, որոնցից` 230-ը կներկայացվեն ցուցահանդեսում: 

Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուից ընտրվել են 18-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի վարպետների՝ Կ. Բրյուլովի, Ա. Իվանովի, Ա. Օռլովսկու, Բ. Բռունիի, Վ. Շտերենբերգի, Մ. Վռուբելի, Վ. Բորիսով-Մուսատովի, Վ. Սերովի, Մ. Նեստերովի, Վ. Կանդինսկու, Պ. Կոնչալովսկու և այլ նկարիչների գլուխգործոցները, որոնք իրենց յուրօրինակ ու հետաքրքիր լուծումներով միշտ թարմ ու արդիական են արվեստասերների համար: 

Ցուցահանդեսն առավել ուշագրավ կդարձնեն ռուս նկարիչների հայկական թեմաներով ստեղծված աշխատանքները, որոնք կազմում են հավաքածուի նշանակալի մասը: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 25-ը: 

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

egiptosum

Հայկական մշակույթի օրեր` Եգիպտոսում

Ս. թ. նոյեմբերի 12-15-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում անցկացվել են հայկական մշակույթի օրեր: Մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Կահիրեի օպերային թատրոնի Գոմհորիա սրահում` Հայաստանի պարի պետական և «Շողակն» անսամբլների համերգով: Համերգներ են կայացել նաև Ալեքսանդրիա և Դամանհուր քաղաքներում: Համերգներին զուգընթաց անցկացվել է նաև հայկական ֆիլմերի շաբաթ:

 

Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Կահիրեում Ն. Տեր-Վարդանյանը հանդիպել է Եգիպտոսի մշակույթի նախարար Հելմի ալ-Նամնամի, Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Յեհիա Ռաշիդի, Հնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Ամին Մուստաֆայի hետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ ֆիլմարտադրության, գրական թարգմանությունների, գրադարանների թվայնացման, թանգարանների կրթական ծրագրերի, հնագիտական պեղումների և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

 

Հայաստանյան պատվիրակությունն այցելել է նաև Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Հայոց թեմի առաջնորդարան: Այցի շրջանակում Եգիպտոսում ՀՀ դեսպանությանն են փոխանցվել վերջին տարիներին պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրքեր` եգիպտահայ համայնքին տրամադրելու համար:

tigran-mansuryan

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն Գյումրու «Սև բերդ» ամրոցում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Պրոֆ» պրոդաքշնը` ս. թ. նոյեմբերի 18-ին, ժամը 18:30-ին, Գյումրու «Սև բերդ» ամրոցում ներկայացնում են ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:

Համերգի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան:

Մասնակցում են` Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան (սոպրանո), Հենրիետտա Հարությունովա (սոպրանո), Հովհաննես Գրիգորյան (բարիտոն), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր):

Ստեղծագործական երեկոյի իրականացմանն աջակցել են նաև Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը:

Ս. թ. նոյեմբերի 15-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոյին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, համերգի հատուկ հյուր Հասմիկ Պապյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, համերգի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, համերգ-երեկոյի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը: 

Տեսահոլովակը դիտել այստեղ:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

hingshabti

Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Ս. թ. նոյեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թան­գարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: «Աշնանային երգ» խորագրով վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Արմինե Վարդանյանը (սոպրանո), Անուշ Մարտի­րոսյանը (մեցցո-սոպրանո), Անուշ Մելքումյանը (մեցցո-սոպրանո), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Տաթև Թադևոսյանը (սոպրանո), Նարինե Ադոնցը (սոպրանո), Էլեն Կիրա­կոսյանը (դաշնամուր): Կհնչեն Ռոմանոս Մելիքյանի, Հարո Ստեփանյանի, Ղազարոս Սարյանի, Գեղունի Չթչյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: 

Ազդագիրը ներբեռնել այստեղ: