apricot

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը` ս. թ. հոկտեմբերի 1-5-ը Երևանում, Գյումրիում և Ուջանում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը: 

Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրված է 35 ֆիլմ՝ 22 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Մեքսիկայից, Արգենտինայից, Եգիպտոսից, Սերբիայից, Խորվաթիայից, Հնդկաստանից, Նեպալից, Ինդոնեզիայից:

 Արտամրցութային ծրագրում կցուցադրվեն ազգագրական-մարդաբանական հին և նոր ֆիլմեր: Այս տարի ծրագրում ընդգրվկել են նախորդ տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ հոլանդացի ռեժիսոր Ռոզմարի Բլանկի «Բեռլինում» ֆիլմը, Արմեն Գասպարյանի «Բաց դռներ» կինոնկարը, որի հայկական պրեմիերան տեղի կունենա փառատոնի շրջանակում, իրանցի կինովավերագրող Ֆարհադ Վարահրամի «Սուրբ հարսանիքը», Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը և բրիտանացի ռեժիսոր Փիթեր Փուլի՝ 1962-1965 թվականներին նկարահանած «Կարմիրը պատել է ծովը» վավերագրությունը: 

Ժյուրիի կազմում են ռեժիսորներ Ռոզմարի Բլանկը (Նիդերլանդներ), Համիդ Ջաֆարին (Իրան) և կինոգետ Սառա Նալբանդյանը (Հայաստան): Ֆիլմերի երևանյան ցուցադրությունները տեղի կունենան Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, «Մոսկվա» կինոթատրոնում, ինչպես նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում՝ ուսանողների համար:

 «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում (հասցե՝ Երևան, Այգեձորի 53/2): 

Փառատոնի մասնակիցներն ու հյուրերն առաջին երկու օրը կանցկացնեն Երևանում: Հոկտեմբերի 3-ին փառատոնը կտեղափոխվի Արագածոտնի մարզի Ուջան գյուղ, որտեղ մասնակիցները կծանոթանան գյուղի կյանքին ու կենցաղին, իսկ տեղի բնակիչները և հյուրերը՝ փառատոնային ֆիլմերին: 

Փառատոնի վերջին երկու օրը՝ հոկտեմբերի 4-ին և 5-ին, կինոցուցադրություններ տեղի կունենան Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Գյումրիում կկայանա նաև «Կինո, ազգագրություն, մարդաբանություն» խորագրով գիտաժողովը, որին ելույթներով հանդես կգան ազգագրագետներ, մարդաբաններ և կինոգետներ: Նշված օրերին՝ Երևանի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, «Մոսկվա» կինոթատրոնում, Հայ-ռուսական համալսարանում զուգահեռաբար կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ: 

Փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

silk-road

Երաժշտական երկխոսություն. կկայանա դուդուկահար Գևորգ Դաբաղյանի և գերմանացի շրթհարմոնահար Սորեն Բիրքեն

Ս. թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում համատեղ համերգով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և գերմանացի շրթհարմոնահար Սորեն Բիրքենը: Երաժիշտների կատարմամբ կհնչեն հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ: 

Գևորգ Դաբաղյանը դուդուկի միջոցով ներկայացնում է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը՝ Հայաստանում և արտերկրում: Նա մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգների և մրցույթների՝ արժանանալով բարձր մրցանակների: Նրա կատարումները հնչել են Ատոմ Էգոյանի «Արարատ», իտալացի Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» և այլ կինոնկարներում: Գ. Դաբաղյանը 1988 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման: 

Սորեն Բիրքեն 2006 թվականին դուդուկի դասեր է անցել նշանավոր դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի և Գևորգ Դաբաղյանի դասարաններում: Շրթհարմոն սկսել է նվագել ինքնուրույն: Այնուհետև, հանդես է եկել որպես ռոք երաժիշտ: Ս. Բիրքեն ևս մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների և համերգների՝ Հայաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Լեհաստանում: 2007 թվականից մինչ օրս Բեռլինի երաժշտական հանձնաժողովի խորհրդի անդամ է: Երաժիշտը նաև այս տարի ստեղծված «CIB–Creativ Industries Berlin» ընկերության համահիմնադիրն է:

Ս. թ. սեպտեմբերի 22-24-ը Սորեն Բիրքեն մասնակցում էր «Դուդուկի և հայկական ժողովրդական նվագարանների հայաստանյան փառատոնին:

gutan

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն. կներկայացվի Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպությունը` ս. թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Նշենք, որ փառատոնն իրականացվում է 2014 թվականից: 

Այս տարի փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր», «Վան», «Տարոնցիներ», «Ծովակ», «Ոստան», «Նուբար», «Գորանի», «Մասունք», «Տավրոս» ավանդական երգի-պարի համույթները: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ: Կցուցադրվեն նաև հայ ազգային երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր: 

Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգ ու պարի պահպանումն ու տարածումն է, և մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը:

asexnagorcutyan-varpetner

Հայ ասեղնագործ վարպետների աշխատանքները՝ ժողովրդական արհեստագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 10-ին հայ ասեղնագործ վարպետները մասնակցել են Մոսկվայի շրջանի Սերգիև Պոսադ քաղաքում կայացած «Ռուսկայա մատրյոշկա» խորագիրը կրող ժողովրդական արհեստագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի միջազգային փառատոնին:

 

ՌԴ Մոսկվայի մարզի մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնն ուղեկցվել է գեղարվեստական խմբերի համերգներով, ժողովրդական արհեստագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսի իրականացմամբ: Հայկական տաղավարում ցուցադրվել են Արփի Ավդալյանի ասեղնագործ զարդերն ու նկարները, Արմինե Խաչատրյանի դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները՝ ասեղնագործ սփռոցներ, բարձի երեսներ, ծածկոցներ և այլն: Ներկայացված աշխատանքներն  իրենց ինքնատիպությամբ և ազգային արվեստին բնորոշ առանձնահատկություններով բարձր են գնահատվել կազմակերպիչների, հյուրերի և այցելուների կողմից, ինչի շնորհիվ ասեղնագործ վարպետներն արժանացել են դիպլոմների:

 

Հավելենք, որ ասեղնագործ վարպետների ներկայացրած աշխատանքները կիրառական արվեստի ավանդական այս ճյուղի՝ դարերից եկող ավանդույթի շարունակականության վկայությունն են, քանի որ վերարտադրում են հայկական ազգային զարդանախշերը և մանրանկարչության հարուստ զարդամոտիվները:

silvi

Կբացվի ֆրանսահայ նկարիչ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը

ՀՀ մշակույթի նախարարության և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի ֆրանսահայ նկարիչ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը: Ցուցադրությունը կրում է «Ոսկե հատման ինքնաբուխ մտահղացմամբ» խորագիրը և նվիրվում Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: Կներկայացվի նկարչի տարբեր տարիների ստեղծած շուրջ 40 աշխատանք

Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 4-ը: 

Արմատներով հայ Ասիլվան (Սիլվա Առաքելյան) ծնվել է Ստամբուլում, ավարտել է տեղի Հինդլյան դպրոցը, ապա տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ ուսումը շարունակել է «Նոտր Դամ դը Սիոն» դպրոցում, այնուհետև՝ Սորբոնի համալսարանում մաթեմատիկա և փիլիսոփայություն է ուսումնասիրել: Նկարել  սկսել է արդեն հասուն տարիքում: Հեղինակ է մի քանի աշխատության, որտեղ ուսումնասիրել է «ոսկե հատման» սկզբունքի օգտագործումը Ռեմբրանդտի և Սյորայի կտավներում: Ստեղծագործում է հիմնականում աբստրակտ գեղանկարչության բնագավառում: Գործերին բնորոշ են արդիական ազատ ձևերի ճարտարապետական դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակությունը: Նկարիչը փոխկապակցում է մաթեմատիկական և փիլիսոփայական հայացքները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր: Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և համարվում ձեռքբերումներ՝ պետությունների և թանգարանների համար: 

Զգալի է Ասիլվայի վաստակը արվեստի բնագավառում. նա տարբեր տարիների ղեկավարել և ղեկավարում է Փարիզում գործող մի շարք մշակութային կազմակերպություններ, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության» հիմնադիրն է:

hortus-musicos

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կկայանան «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնվել է 2000 թվականին և համարվում է Եվրոպայի առաջատար փառատոներից մեկը: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ս. թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը՝ էստոնական «Հորտուս Մուզիկուս» երաժշտախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Անդրես Մուստոնեն) մասնակցությամբ: Համերգին կներկայացվի «Շողացող վերածնունդ», «Փայլուն բարոկկո» խորագրերով ծրագիրը, որը մի մեծ երաժշտական ճանապարհորդություն է՝ դարերի խորքից մինչև այսoր: Ս. թ. սեպտեմբերի 15-ին, Բյուրականի արվեստի ակադեմիայում կկայանա «Հորտուս Մուզիկուս» երաժշտախմբի մեկ այլ ծրագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, հատվածներ «Կարմինա Բուրանա» ձեռագրերի շարքից: Հավելենք, որ «Հորտուս Մուզիկուսը» Եվրոպայի մշտապես գործող ամենահին խմբերից մեկն է, որն ունի իր ինքնատիպ ոճը: Երաժշտախմբի յուրաքանչյուր ելույթ միջնադարյան հագուստների և յուրօրինակ գործիքների օգտագործմամբ մի բեմականացում է:

xachmeruk

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» հինգերորդ միջազգային ֆոլկլորային փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպությունը՝ ս. թ. սեպտեմբերի 14-18-ը կիրականացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» հինգերորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը: Այն այս տարի անցկացվում է «Ժողովրդական մշակույթը խաղաղության լեզուն է» կարգախոսի ներքո և նվիրվում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Արդեն ավանդական դարձած փառատոնը միտված է ժողովրդական մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև միջազգային մշակութային երկխոսության խթանմանը:

 

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» հինգերորդ միջազգային ֆոլկլորային փառատոնին արտերկրից կմասնակցեն. Լատվիայից՝ «Սաուցեյաս» ժողովրդական երգի ու նվագարանների, Իտալիայից՝ «Զեզիգրադ» ժողովրդական թատրոնի, Բուլղարիայից՝ «Հասկովո» պարային, Իրանից՝ «Ռահավարդե Պարսիան» ժողովրդական գործիքների և Քաշանի տիկնիկների թանգարանի թատերական խմբերը: Հայաստանից կմասնակցեն «Տոնացույց», «Մասունք», «Վարք Հայոց», «Ոստան», «Նարեկացի» ավանդական, ինչպես նաև «Աթուռ» ասորական ազգային երգի ու պարի խմբերը:

 

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին, Բյուրականում գտնվող «Տոնացույց» կենտրոնում, իսկ եզրափակիչ համերգը՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում:

 

Փառատոնի ընթացքում տեղի կունենան համերգներ, երթեր, ցուցահանդեսներ. Բյուրականում գործող «Տոնացույց» կենտրոնում՝ տիկնիկների, Գյումրիում՝  հայկական ավանդական ուտեստների,  Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում՝ ավանդական արհեստների ցուցադրություններ: Փառատոնի ծրագիրը ներառում է նաև «Խաղաղության մշակույթ» թեմայով հանդիպում՝ Բյուրականի արվեստի ակադեմիայում:

 

axava

Հայկական հոգևոր երաժշտությունը՝ «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնում

  Ս. թ. սեպտեմբերի 8-11-ը, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացվող «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կներկայացվի հայկական, բյուզանդական և հրեական հոգևոր խմբերգային երաժշտություն:

 Փառատոնի եզրափակիչ համերգին, որը կկայանա սեպտեմբերի 11-ին, հայկական հոգևոր երաժշտության կատարումներով հանդես կգա Գերմանիայի հեղինակավոր երգչախմբերից մեկը՝ Լայպցիգի ռադիոյի պետական երգչախումբը: Համերգին, արպես մենակատար, կմասնակցի նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/: Որպես այս համերգի իրագործման խորհրդատու` Գերմանիա է հրավիրվել նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:
evropakan-jarangutyun

Հայաստանում եվրոպական ժառանգության օրերին պատմամշակութային հուշարձանների այցելություն

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ ս. թ. սեպտեմբերի 24-25-ը, այցելուների համար բաց կլինեն մի շարք պատմամշակութային հուշարձան շենքեր՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը, Երևանի կոնյակի գործարանը, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Աստղադիտարանի գլխավոր մասնաշենքը, Ազգային գրադարանի գլխավոր մասնաշենքը, որոնք սովորական օրերին փակ են զանգվածային հաճախումների համար: 

Նախնական գրանցման համար զանգահարել ՀՀ մշակույթի նախարարություն՝ հետևյալ հեռախոսահամարներով. (011) 52 39 33, (011) 51 63 10: 

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. սեպտեմբերի 12-ը:

komitas

Հավերժության ճամփով. Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Դելլալյան» տրիոյի համերգը

Ս. թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Հավերժության ճամփով» խորագրով համերգը: Երեկոն կսկսվի Հարություն Դելլալյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրումով: Այնուհետև, կոմպոզիտոր Հ. Դելլալյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան «Դելլալյան» տրիոն՝ Լևոն Մուրադյան, /թավջութակ/, Մարինա Դելլալյան /դաշնամուր/, Նարինե Դելլալյան /ջութակ/ և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Կհնչեն կոմպոզիտորի «Սոնատ», «Սոնատ-Պոեմ», «Նվիրում Կոմիտասին» ստեղծագործություննեը: