Սեպտեմբերի 15-ին «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի ցուցասրահում տեղի ունեցավ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի գորգերի բացառիկ ցուցադրությունը: Ցուցադրությունը դեռ բաց կլինի մինչև հոկտեմբերի 15-ը:
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համագործակցությամբ։ Ելույթի խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինչպես նաև ցուցադրության հեղինակ Արմինե Գաբրիելյանը։ Ներկայացված են Հայաստանի տարբեր հնավայրերի (Գառնի, Նոր Արմավիր, Մեծամոր, Ներքին Նավեր, Մաստարա և այլն) պեղումներից և պատահաբար հայտնաբերված թաղման կարասներն իրենց ուղեկցող գույքով՝ խեցեղեն, մետաղ, զարդեր և այլ իրեր։ Ցուցադրության բացման շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից Հայաստանի պատմության թանգարանին նվիրած, պատմական արժեք ունեցող հնագիտական նմուշը համալրեց թանգարանի 400․000-անոց ֆոնդը։ Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված կարասային թաղումների մշակույթին։
Սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն: Այն նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը: Ծրագրի գործընկերն է «Երեմյան փրոջեքթսը», որը հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման նպատակով մշտապես աջակցում է հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։ Փառատոնի ընթացքում տեղաբնակ հացթուխները կներկայացնեն հացապատրաստման գործընթացները, տեղի կունենան լավաշի և գյուղական բարիքների ցուցադրություն, վարպետության դասեր, խաղեր, թատերական ներկայացում, մանկական շոու ծրագիր, համերգ՝ դուդուկահարների մասնակցությամբ: Արևիկ համայնքը խորհրդային տարիներին հայտնի է եղել իր հմուտ հացթուխներով և լավաշի թխման ավանդույթներով, որոնք վերջին տարիներին աստիճանաբար մոռացվում են: Գյուղը, օտարները մեծարելով, կոչում էին Լավաշգրադ, այսինքն՝ լավաշի մայրաքաղաք: Փառատոնի անցկացման հիմնական նպատակն է վերականգնել երբեմնի ավանդույթների ու լավաշի թխման ավանդական եղանակները, ինչպես նաև մարզում բացահայտել գաստրոտուրիզմի նոր ուղղությունը, աշխուժացնել գյուղական կյանքը, ներդնել բիզնես ծրագրեր: ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղում կայանալիք լավաշի փառատոնը հետաձգվում է սույն թվականի հոկտեմբերի 7-ին:
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու «Կումայրի» արգելոց-թանգարանի գորգերի ցուցադրությանը։ Սա բացառիկ ցուցադրություն է, որը կայանալու է «Կումայրի» արգելոց-թանգարանի ցուցասրահում։ Նշե՛ք օրը, որ բաց չթողնեք․ սեպտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին։
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության հերթական միջոցառումը նվիրված կլինի Արցախին։ Միջոցառման ժամանակ երգուսուցմանը զուգահեռ իրականացվելու է անհրաժեշտ պարենային ապրանքների հավաք, որոնք ուղարկվելու են այն երեխաներին, ովքեր այս պահին այդքան դրա կարիքն ունեն։ Միջոցառման մշակութային մասն անց են կացնելու «Խազեր» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Անի Նավասարդյան) և «Մենք» ավանդական երգի-պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Թորոյան)։ Հանդիպումը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին, Կամերային երաժշտության տան հարակից այգում՝ Հովհաննես Այվազովսկու արձանի հարևանությամբ (հասցեն՝ Իսահակյան 1)։
Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունից սեպտեմբերի 9-ից կվերաբացվի ևս մի հատված՝ «Քրիստոնյա Հայաստան» խորագրով: Ցուցադրությունն ընդգրկում է 4-10-րդ դարերի հայկական ինքնատիպ մշակույթը։ Ներկայացվելու են թանգարանի հավաքածուներում պահվող հայ ճարտարապետության ամենայուրօրինակ հուշարձանների՝ Դվինի, Քասաղի, Զվարթնոցի քանդակազարդ նմուշները, վաղքրիստոնեության խորհրդանիշներ համարվող հավասարաթև և ծաղկած խաչերը, ինչպես նաև քառանիստ կոթողները, որոնք եզակի են տարածաշրջանի համատեքստում և արևելաքրիստոնեական արվեստում։ Ցուցադրության մեջ տեղ են գտել միջնադարի աշխարհիկ կյանքն ու կենցաղը ներկայացնող խեցեղեն և շքեղ ապակյա իրեր, ակտիվ առևտրական կապերի մասին վկայող դրամներ և բուլլաներ, տվյալ ժամանակաշրջանի զարգացած երկրագործությունը և ժամանակի ամենամիստիկ արհեստներից մեկը՝ ալքիմիան ներկայացնող ցուցանմուշներ։ Նույն օրը՝ մշտական ցուցադրությանը զուգահեռ, կբացվի «Գլուխգործոցներ միջնադարյան Հայաստանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում տեղ են գտել միջնադարյան Հայաստանի 11-16-րդ դդ․ մշակույթի մի շարք ինքնատիպ դրսևորումներ: Կներկայացվեն այդ ժամանակաշրջանի խաչքարային արվեստի նմուշներ, բարձրաքանդակներ, եկեղեցու քարե մանրակերտեր, փայտագործության և մետաղագործության գլուխգործոցներ։
ԱՀԱ կոլեկտիվը սեպտեմբերի 6-ից 10-ը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում բացում է ժամանակավոր ցուցասրահ` ներկայացնելու Գորիսածին արվեստագետ Դավիթ Քոչունցի «Համարձակ Խնձորեսկ» ժամանակակից գորգերի և կարպետների հավաքածուն։ Հավաքածուի 9 եզակի նմուշները գործել են Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի կողմից հիմնադրված Վերիշենի արհեստների կենտրոնի կին գորգագործները: «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուն կրում է արվեստագետի հայրենի գյուղի` Հին Խնձորեսկի քարանձավային բնակավայրի դրոշմը։ Հին Խնձորեսկը միջնադարում նաև հայկական գորգագործության կարևոր կենտրոններից մեկն էր, որտեղ ստեղծվեց Սյունիքով ու Արցախով մեկ տարածում գտած, ինչպես նաև Եվրոպայի ու Մետաքսի ճանապարհին գտնվող շուկաներում և այլուր վաճառված «Խնձորեսկ» տիպի գորգը։ Գորգերն ու կարպետներն արտադրվել են «Կենսարար մուտքեր. բնակեցման հյուսվածքները Խնձորեսկից, Տեղ ու Վերիշեն» ցուցադրության շրջանակում (համադրող՝ Նայիրի Խաչատուրեան), որը տեղի ունեցավ 2023 թ. հունիսի 3-ից օգոստոսի 12-ը Վերիշենի մշակույթի տանը և Սբ. Հռիփսիմե եկեղեցում։ Նախագիծը կյանքի կոչվեց «Հայկական գորգերի միության» աջակցության շնորհիվ: ԱՀԱ կոլեկտիվի թողարկած առաջին հավաքածուի` Դավիթ Քոչունցի 9 եզակի նմուշներից բաղկացած «Համարձակ Խնձորեսկ» ժամանակակից գորգերն ու կարպետներն ամբողջությամբ Հայաստանում են արտադրվել` միմիայն բնական ներկերով։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը։ Ցուցադրության կազմակերպիչը Պատմության թանգարանն է՝ «Թուֆենկյան գորգեր» ընկերության հետ գործակցությամբ: Բացման արարողությանը ներկա է եղել Ջեյմս Թուֆենկյանը: Միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորանքով և լռության րոպեով՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին նախագծի՝ իրականություն դառնալու առթիվ: «Պետությունը մշտապես կարևորում է այսպիսի համագործակցությունները, և ես հուսով եմ, որ այս մի համագործակցությամբ մեր կապը չի ավարտվի: Հայկական գորգերի ներկայացումը կարևոր խթան է նաև զբոսաշրջության զարգացման առումով․ Հայաստան այցելող զբոսաշրջիկները շատ հարցնում գորգերի մասին․ նրանք Հայաստան են գալիս՝ նախապես արդեն մեր երկիրը ճանաչելով որպես գորգագործության կարևոր կենտրոն ու հայտնի գորգանմուշներ ստեղծած երկիր: Այս համատեքստում սա ոչ միայն զբոսաշրջության և այցելուների համար կարևոր նախագիծ է, այլև կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական առումով: Վստահ եմ, որ շատ-շատերն են գալու այս ցուցահանդեսը դիտելու», – ասել է Ալֆրեդ Քոչարյանը: «Ուրախ ենք, որ Հայաստանի մայր թանգարանում կարող ենք հայտարարել մի կարևորագույն համագործակցության մասին: Ցուցադրությունն ընդհանուր առմամբ հետաքրքիր հաղորդագրություն ունի իր մեջ. մշակութային ժառանգության պահպանության ներկայացման գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ է պարունակում իր մեջ այս ցուցահանդեսը: Մայր հայրենիքում առաջին անգամ կներկայացվի պարոն Թուֆենկյանի՝ երկար տարիների աշխատանքի արդյունքը: Հայկական գորգարվեստի ընտիր նմուշներից բաղկացած այս հավաքածուն մեզ համար կբացահայտի մեր հարուստ ժառանգության բազմազանությունն ու ինքնուրույն դրսևորումները», – ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: Դավիթ Պողոսյանը շնորհակալանքի խոսքեր է հայտնել Ջեյմս Թուֆենկյանին, ցուցադրության համադրող Նաիրի Խաչատուրյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ցուցադրության կազմակերպման ընթացքում ցուցաբերած աջակցության համար, թանգարանի աշխատակիցներին՝ գործադրած ջանքերի համար: 19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը: ԱՄՆ-ից բերված հայկական գորգարվեստի նմուշների այս ընտրանին ավելի քան 400 քմ ցուցադրական տարածքում առաջին անգամ ներկայացվելու է հանրությանը՝ բացահայտելով ուրույն մի ժառանգություն՝ համադրվելով բնօրինակ լուսանկարների ու այլ ցուցադրական միջոցների հետ։ Հավաքածուում ընդգրկված են Արցախ-սյունիքյան, Լոռվա, Արևմտյան Հայաստանի և հայկական տարբեր պատմա-ազգագրական տարբեր շրջանների տիպաբանական շուրջ 30 գորգանմուշներ՝ մի մասը՝ արձանագիր: « Ես ունեի հավաքածուն, կարողացել էի հավաքել գորգերը, բայց գաղափար չունեի՝ ինչպես կարելի է դա ցուցադրել: Ցավոք սրտի, մենք ինքներս դեռ ամբողջությամբ չգիտենք՝ ինչի մասին է հայկական գորգը, ինչ տեսք ունի: Սա պետք է լինի մեր ներդրումը համաշխարհային ժառանգության մեջ: Ես շատ երջանիկ կլինեմ, եթե այստեղ գան դպրոցական երեխաները՝ դիտելու ցուցահանդեսը։ Այս գորգերն այն նույն ճակատագիրն ունեն, ինչ ունեցել են ցեղասպանության ժամանակ գողացված և թրքացած երեխաները. նրանցից ոմանք կարողացել են իմանալ իրենց ինքնությունն ու փրկվել: Այս գորգերն էլ ստեղծվել են հայ կանանց կողմից, եղել են շատ կարևոր իրենց տներում, բայց վերջին 150 տարիներին սփռվել են աշխարհով մեկ, փոխվել են դրանց անուններն ու ազգային պատկանելությունը: Եվ ինձ համար այս գորգերը գտնելն ու Հայաստան բերելը նման է այն նույն երեխաներին հայկական ինքնությանը վերադարձնելուն», – ասել է Ջեյմս Թուֆենկյանը՝ կարևորելով հայկական գորգործության գիտական ուսումնասիրությունը։ Նշենք, որ Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրագետների կողմից դաշտային աշխատանքների ժամանակ արված 20-րդ դարասկզբի արխիվային լուսանկարների և լուսանկարիչ Դիմիտրի Երմակովի արհեստանոցում ստեղծված դիմանկարների հետ: Վերջիններս ազգագրական կարևոր վկայություններ են հայկական գորգագործական ավանդույթների և դարեր շարունակ առօրյայում դրանց ունեցած նշանակության մասին: Պատմական Արցախում և Հայաստանի տարբեր բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք ընդգրկվել են ցուցադրության մեջ, օգնում են ավելի լավ հասկանալ հայկական գորգագործության համատեքստը երեկ, այսօր և վաղը: Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ տարի, որի շրջանակում նախատեսվում են տարբեր միջոցառումներ։
Հայաստանի պատմության թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին` ժամը 18։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։ 19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը: ԱՄՆ-ից բերված հայկական գորգարվեստի նմուշների այս ընտրանին ավելի քան 400 քմ ցուցադրական տարածքում առաջին անգամ ներկայացվելու է հանրությանը՝ բացահայտելով ուրույն մի ժառանգություն՝ համադրվելով բնօրինակ լուսանկարների ու այլ ցուցադրական միջոցների հետ։ «Դեռևս նախորդ տարվանից Հայաստանի պատմության թանգարանում բացված ազգային հավաքածուին զուգահեռ՝ ներկայացվող նմուշները նորովի են բացահայտելու մեր հավաքական անցյալը։ Ցուցահանդեսի նպատակներից է գորգարվեստի վերածնունդը, որի ուղղությամբ «Թուֆենկյան գորգեր» ընկերությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում»,- ցուցադրության մասին ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: Թուֆենկյան ընկերության սեփականատեր, գորգերի փորձագետ և հավաքորդ Ջեյմս Թուֆենկյանի խոսքով՝ նա իր առջև խնդիր չէր դրել հավաքելու հայկական ամենահին, հազվագյուտ ու պատմականորեն ամենանշանակալի գորգերը. «Ընդհակառակը, ես ցանկանում էի հավաքել, պահպանել և աշխարհին ցույց տալ հայկական տնայնագործ գորգերի ամենագեղեցիկ, հմայիչ ու խորհրդավոր նմուշները: Ես հիացած եմ արվեստի այս պատկերավոր նմուշներով և այն հանգամանքով, որ այս գորգերը ստեղծել են ոչ թե հայտնի վարպետներ, որոնք հարստություն են կուտակել՝ դրանք վաճառելով, այլ 150 տարի առաջ հեռավոր լեռնային վայրերում բնակված հասարակ ջուլհակներ: Նրանք ստեղծել են այս նմուշները, քանի որ սիրել են իրենց արհեստը, հպարտացել իրենց գործով և միաժամանակ ցանկացել ընտանիքի անդամներին այսպիսի իրեր ունենալու բերկրանք պատճառել»։ Նշենք, որ Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրագետների կողմից դաշտային աշխատանքների ժամանակ արված 20-րդ դարասկզբի արխիվային լուսանկարների և լուսանկարիչ Դիմիտրի Երմակովի արհեստանոցում ստեղծված դիմանկարների հետ: Վերջիններս ազգագրական կարևոր վկայություններ են հայկական գորգագործական ավանդույթների և դարեր շարունակ առօրյայում դրանց ունեցած նշանակության մասին: Արցախում և Հայաստանի այլ բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք ընդգրկվել են ցուցադրության մեջ, օգնում են ավելի լավ հասկանալ հայկական գորգագործության համատեքստը երեկ, այսօր և վաղը: Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ տարի, որի շրջանակում նախատեսվում են տարբեր միջոցառումներ։
Հայաստանի պատմության թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ՝ սեպտեմբերի 3-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ մեծ ծավալով ցուցադրվելու են Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուից 19-րդ դարի հայկական գորգերի տասնյակ հատընտիր նմուշներ, որոնք արտացոլում են հայկական գորգագործական ավանդույթների բազմազանությունը: Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրագետների կողմից դաշտային աշխատանքների ժամանակ արված 20-րդ դարասկզբի արխիվային լուսանկարների և լուսանկարիչ Դիմիտրի Երմակովի արհեստանոցում ստեղծված դիմանկարների հետ: Վերջիններս ազգագրական կարևոր վկայություններ են հայկական գորգագործական ավանդույթների և դարեր շարունակ առօրյայում դրանց ունեցած նշանակության մասին: Արցախում և Հայաստանի այլ բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք ընդգրկվել են ցուցադրության մեջ, օգնում են ավելի լավ հասկանալ հայկական գորգագործության համատեքստը երեկ, այսօր և վաղը: Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ տարի, որի ընթացքում նախատեսվում է տարբեր միջոցառումների իրականացում: