Մարտի 8-ին՝ ժամը 14։00-ին, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Մերի Քեշիշյանի հեղինակած «Հայ ժողովրդի շնորհալի դուստրը՝ Սերիկ Դավթյան» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում կբացվի նաև Սերիկ Դավթյանին նվիրված անկյուն՝ նոր ցուցադրությամբ:
Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես, որը կծանոթացնի 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, աքսեսուարների և ասեղնագործության նուրբ արվեստին։ Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 8-ը։
Թումո Կապանի նոր շենքի պաշտոնական բացումը կրկնակի տոնական էր, քանի որ այն համատեղվել էր մեր ամենասիրելի ու սպասված տոնի՝ Բարեկենդանի հետ։ Բարեկենդանի խորհրդանշական գայլին այս տարի միացել էր այծը: Հայկական թմբուկի զարկերի ներքո նրանք առաջնորդեցին դիմակներով շքերթն ու հյուրերին ուղղորդեցին Թումո Կապանի շենքի դիմաց: Լարախաղի հնարքներով հյուրերին, թումոցիներին ու ծնողներին զարմացրեց լարախաղաց Հովսեփ Բեգլարյանը: Իսկ բոլորին տոնական շուրջպարի մեջ առավ «Որոտնա» ավանդական երգ ու պարի խումբը` ներկայացնելով ու սովորեցնելով հայկական ազգագրական պարերի` Թամզարայի, Յարխուշտայի, Քոչարիի շարժումները: Տոնական օրվա երաժշտական ուղեկցությունը հայկական պարկապզուկով, բլուլով, պկուով ու կիթառների բիթերով ապահովեց «Կաթիլ» ֆոլք բենդը: Իսկ երեկոն եզրափակվեց Թումո Կապանի շենքի ճարտարապետական առանձնահատկություններն ընդգծող աուդիովիզուալ փորձառությամբ, որն ապահովեցին Շահեն Խանդկարյանն ու Միսակ Սամոկատյանը: Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և Թումոյի դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։
Թումո Կապանի պաշտոնական բացմանը կհաջորդեն բարեկենդանյան դիմակահանդեսը, լարախաղացի կատարումը, «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի և «Կաթիլ» ֆոլք բենդի կատարումները։ Կարնո քոչարիի, Յարխուշտայի ու Թամզարայի հնչյունների ներքո սիսիանցի երիտասարդների հիմնած «Որոտնա» խմբի անդամները կպարեն ու կսովորեցնեն պարել: Նարեկ Հայրապետյանի գեղարվեստական ղեկավարությամբ` խումբը ներկայացնում է ազգային-ավանդական մշակութային ժառանգությունը և կազմակերպում կրթական տարբեր միջոցառումներ ու փառատոններ: Իսկ հայկական պարկապզուկի, զուռնայի ու բլուլի ձայներով և ռոքային բիթերով «Կաթիլ» բենդը կապահովի Բարեկենդանի երաժշտական տրամադրությունը: Նրանց երգացանկում տարբեր գավառների երգերն են ժամանակակից մշակմամբ` «Սոնա յար», «Զիմ խորոդիկ յար», «Ցայգանվագ», «Ախպրի ճամփին» և այլ սիրված գործեր: Ի դեպ, խմբի վոկալիստ Սևադան և կիթառահար Արեգը սյունեցիներ են։ Հիշեցնենք, որ Թումո Կապանը պաշտոնապես բացվում է մարտի 2-ին` ժամը 16:00-ին: Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։
Բարեկենդան օրեր է, Խելքս գլխէս կորեր է… Մարտի 2-ին հագեք վառ հագուստներ, վերցրեք դիմակներն ու եկեք Մեծամոր՝ Վարը Վարենկ նախաձեռնության հետ միասին Բարեկենդան նշելու։ Մեկնարկը՝ Մեծամորի համայնքապետարանի բակից, ժամը 14:00-ին։ Մուտքն ազատ է։
2025 թվականի առաջին Պարատոնը տեղի կունենա փետրվարի 28-ին, հետևյալ վայրերում․ Վանաձոր՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակ, Գորիս՝ Գորիսի դրամատիկական թատրոնի ֆոյե։ Կազմակերպիչներ՝ Կայթ մշակութային հանգույց և Իրական դպրոց։
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ` գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Կաթողիկե Սբ.Աստվածածին և Սբ. Աննա եկեղեցիների բակում, մարտի 2-ի Սբ. Պատարագի խորհրդակատարության ավարտին, նախաձեռնությամբ ՀՀ Վաստակավոր արտիստ` Արսեն Գրիգորյանի, Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի, պարի համույթի և «Հայ Ասպետ» դպրոցի, տեղի կունենա Բուն Բարեկենդանին նվիրված` «էկան հայոց ազգին օրերը, հանեցեք հիները, հագեք նորերը» խորագիրը կրող միջոցառումը:
Գրքում ներկայացված են հայոց մեջ ամենահայտնի և տարածում գտած 15 գորգատեսակներն իրենց մասին հակիրճ պատմական ակնարկներով։ Գորգանախշերը ներկայացված են նաև գրաֆիկական տարբերակով, որն ընթերցողներին հնարավորություն կտա գունավորել դրանք իրանց նախընտրած գույներով։ Յուրաքանչյուր գորգ ուղեկցվում է QR կոդով, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու ներկայացված գորգերի մասին լրացուցիչ նյութերի և պատմությունների հետ։ Գիրքը հասանելի է «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում, նաև «Բուկինիստ» և «Էպիգրաֆ» գրախանութներում։
Տեառնընդառաջի և Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոներին նվիրված` «Հյուսված սեր» խորագրով աշխատարանն իրականություն դարձավ Ժողովրդական արվեստների թանգարանի, Արարատյան Հայրապետական թեմի և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակի` Պաննո արվեստի տուն-սրճարանի համագործակցության արդյունքում։
Երևանի պետական համալսարանում մեկնարկող պարի դասընթացները կուղեկցվեն պարերի ծագման ու իմաստի մասին զրույցներով, հայագիտական ու ինքնաճանաչման թեմաներով քննարկումներով։ Պատերազմի մասնակիցների համար դասընթացն անվճար է։ Դասընթացի գումարի 1/3-ը ուղղվելու է պարի զարգացմանն ու հանրայնացմանը։