Հանրապետության (1)

Հանրապետության տոնը Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում

Հանրապետության (1)

Մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում թանգարանին նվիրաբերվեցին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, պարագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի անձնական իրերը, որոնք համալրեցին նորաբաց «Հայկական ժողովրդական պարարվեստ» մշտական ցուցադրությունը։

Կազմակերպվեց նաև հայ ավանդական պարերի բաց դաս՝ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի կողմից։

Լուսանկարը՝ Տիգրան Մադոյանի։

«Պարենք, երգենք միասին»

«Պարենք, երգենք միասին»

«Պարենք, երգենք միասին»

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունիսի 5-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա ավանդական դարձած «Պարենք, երգենք միասին» միջոցառումը։
Ի՞նչ է սպասվում․

– հայ ավանդական պարերի ուսուցում՝ «Արեգ» ազգային պարի խմբի հետ (գեղարվեստական ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան),

-հայ ժողովրդական երգերի ուսուցում՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ։

Մասնակցության արժեքը՝ 1000 դրամ։

Երևան, Արշակունյաց 28
+374 11 570 570

«Հիշողության թելեր» ծրագիր

Անդրադարձ «Հիշողության թելեր» ծրագրին

Անդրադարձ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 11-րդ թողարկման մեջ տեղ է գտել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի անդրադարձը «Հիշողության թելեր» ծրագրին։

Ծրագիրը միավորում է սերունդներին՝ պահպանելու և փոխանցելու հայկական մշակութային ժառանգությունը։ Այն նպաստում է տարեցների սոցիալական ներառմանը և սփյուռքահայ երիտասարդների կապի ամրապնդմանը հայրենիքի հետ։

Դասերը վարում է ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից։

«Կոմիտասական» ամառային դպրոց

«Կոմիտասական» ամառային դպրոց 

«Կոմիտասական» ամառային դպրոց

Սիրված ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ ամառային դպրոցը վերադառնում է։

Ե՞րբ | Հուլիսի 6-11-ը

Որտե՞ղ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Երևան, Արշակունյաց 28)

Ովքե՞ր կարող են մասնակցել | 7-14 տարեկանները

Ի՞նչ է սպասվում․

  • ծանոթացում Կոմիտաս Վարդապետի կյանքին ու գործունեությանը,
  • երաժշտական գիտելիքների զարգացում,
  • Կոմիտաս Վարդապետի կերպարի բացահայտում՝ գրականության, քանդակագործության և արվեստի այլ ճյուղերում,
  • նվագարանների առանձնահատկությունների ու հնարավորությունների ուսումնասիրում,
  • ստեղծագործական աշխատանք, երգ ու պար,
  • մասնակցություն թիմային աշխատանքների,
  • նոր ծանոթություններ և ընկերներ։

Մասնակցության համար երաժշտական կրթություն չի պահանջվում։ Մասնակիցներն ավարտին կստանան վկայականներ։ Արժեքը՝ 35․000 ՀՀ դրամ (սնունդը ներառյալ)։

Մասնակցության համար լրացրե՛ք դիմում-հայտը․ https://tinyurl.com/avuc7szh

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հունիսի 30։

+374 (11) 570 570
[email protected]

Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը Մեղրիում

Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը Մեղրիում

Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը Մեղրիում

Մայիսի 16-17-ին ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք Մեղրիում հաջողությամբ կայացավ Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որն այս տարի կրում էր «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը։

Երկօրյա տոնական մթնոլորտը համախմբել էր արհեստագործ վարպետների աշխարհի 11 երկրներից (Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Բելառուս, Տաջիկստան)։ Փառատոնի այցելուները հնարավորություն ունեցան ոչ միայն հիանալու ավանդական արհեստների բազմազանությամբ, այլև անձամբ մասնակցելու խեցեգործության, թաղիքագործության, կարպետագործության և այլ մասնագիտացված վարպետաց դասերի։

Միջոցառման մշակութային բաղադրիչը հարստացրին լարախաղաց Մամիկոնի ավանդական ելույթը, «ԼՈՖԹ-ՄԵՂՐԻ» կենտրոնի «Փնտրելով արևին» ինտերակտիվ քվեստը, «Պահպանի՛ր ակնթարթը» ֆոտոգոտին և «Կաթիլ» բենդի, «Մանել» երգչախմբի ու «Վարը Վարենկ» նախաձեռնության համերգային ծրագրերը։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Մեղրիի համայնքապետարանին, Մշակույթի զարգացման հիմնադրամին, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամին, ինչպես նաև բոլոր գործընկերներին, աջակիցներին և այցելուներին՝ այս կարևոր մշակութային տոնը համատեղ ուժերով իրականություն դարձնելու համար:

«Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոն

«Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոն 

«Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոն

Մայիսի 24-ին Զվարթնոցում տեղի ունեցավ Տոլմայի համահայկական 13-րդ փառատոնը։ Ծրագրում՝ մասնակից տաղավարների ցուցադրություն, խոհարարական մրցույթ, մրցույթի ամփոփում և գնահատում, մշակութային մաս, վարպետության դասեր։

«Թանգարանների գիշերը» Ժողովրդական արվեստների թանգարանում

«Թանգարանների գիշերը» Ժողովրդական արվեստների թանգարանում 

«Թանգարանների գիշերը» Ժողովրդական արվեստների թանգարանում

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և Դիլիջանի մասնաճյուղում՝ Հայկական գործվածքի թանգարանում, անցկացվեցին մշակութային բազմաբովանդակ միջոցառումներ և կրթական ծրագրեր:

Այցելուների համար կազմակերպված մասնագիտացված վարպետաց դասերը հրաշալի հնարավորություն ընձեռեցին հաղորդակից դառնալու ավանդական արհեստների ու ձեռագործ արվեստի գաղտնիքներին՝ ստեղծելով յուրահատուկ կապ սերունդների և մշակութային ժառանգության միջև:

Համբարձման տոնը Հարություն Փանոսյանի հետ

Համբարձման տոնը Հարություն Փանոսյանի հետ 

Համբարձման տոնը Հարություն Փանոսյանի հետ

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության՝ ավանդական երգերի հերթական բաց դասը տեղի ունեցավ մայիսի 17-ին։ Այն նվիրված էր Համբարձման տոնին։ Հյուրն էր Հարություն Փանոսյանը, ով երկար տարիներ ղեկավարել է «Ակունք» և «Վան» ավանդական երգի-պարի խմբերը, կատարել բանահավաքչական աշխատանք ողջ Հայաստանում։ Միջոցառումը, ավանդույթ դարձած կերպով, ավարտվեց կոպալի հնչյունների ներքո՝ պարերգերով։

«Ավանդական օրորների արահետով»

«Ավանդական օրորների արահետով» 

«Ավանդական օրորների արահետով»

Մայրական օրորը մոր և մանկան միջև հոգևոր կապն ապահովող առաջին հարթակն է, ինքնության պահպանման նախապայման և բարի, արարող ու խիզախ մարդ դաստիարակելու կարևոր միջոց:

Մայիսի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Ավանդական օրորների արահետով» թեմայով․ բանախոսներ՝

երաժշտագետ, ֆոլկլորագետ Մարգարիտ Սարգսյան և երաժշտագետ, ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու Անի Հակոբյան։ Տեղի ունեցավ նաև ծրագրում ընդգրկված օրորների ներկայացում՝ նախագծի մասնակիցների կատարմամբ։