Ժամանակավոր ցուցադրություն ՀՑԹԻ-ում

Ժամանակավոր ցուցադրություն ՀՑԹԻ-ում 

Ժամանակավոր ցուցադրություն ՀՑԹԻ-ում

Ապրիլի 18-ին ՀՑԹԻ-ում տեղի ունեցավ 2025 թ. աշնանը մեկնարկած «Հավաքական հիշողություն. երիտասարդների ներգրավումը համակարգողական (կուրատորական) գործունեության մեջ» (COREM) կրթական ծրագրով նախատեսված ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրության խորագիրն էր «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում», որը պատրաստել և իրենց ընկերներին ու ուսուցիչներին էին ներկայացնում ծրագրի մասնակից 27 աշակերտները՝ Երևանի 4 դպրոցներից: Նրանք, ՀՑԹԻ աշխատակիցների մենթորությամբ, նախապես ուսումնասիրել, ընտրել և համադրել էին լուսանկարներ, թանգարանային նմուշներ: Այդ օրը երեխաները ցուցահանդես-վաճառքի էին հանել նաև ծրագրի աշխատարանների ընթացքում իրենց ստեղծած աշխատանքները՝ նուրի և ակլատիզ տիկնիկներ, ազգային նախշերով ձեռագործ գոտիներ ու ծաղկաթերթիկներից պատրաստված վերամշակված թղթեր:

«Հրայրք» ավանդական երգի-պարի խմբի մենահամերգ

«Հրայրք» ավանդական երգի-պարի խմբի մենահամերգ

«Հրայրք» ավանդական երգի-պարի խմբի մենահամերգ

Ապրիլի 16-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Հրայրք» ավանդական երգի-պարի խմբի մենահամերգը՝ «Տուն» խորագրով, որը նվիրված էր խմբի կազմավորման 11-ամյակին:

Համերգի հյուրերն էին «Կարին» ավանդական երգի պարի խումբը՝ ղեկավար Անի Գինոսյանի գլխավորությամբ, և Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:
Լուսանկարը՝ Տիգրան Մադոյանի։

«Աշխատավորի ոգու հնչյունները» համերգ

«Աշխատավորի ոգու հնչյունները» համերգ

«Աշխատավորի ոգու հնչյունները» համերգ

Աշխատանքը հայի համար պարզապես գործ չէ․ այն երգ է, շարժում, ավանդույթ։ Դարերի ընթացքում հայի աշխատանքից ծնունդ են առել ավանդական երգերն ու պարերը, որոնք դարձել են մեր մշակույթի և ինքնության անբաժան մասնիկը։
Մայիսի 14-ին՝ ժամը 19։00-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթը կներկայացնի «Աշխատավորի ոգու հնչյունները» խորագրով համերգային ծրագիրը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Երաժշտական ղեկավար` Արթուր Շահնազարյան, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան։

«Ծառզարդար» կրթական ծրագիր

«Ծառզարդար» կրթական ծրագիր 

«Ծառզարդար» կրթական ծրագիր

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում մարտի 29-ին անցկացվեց «Ծառզարդար» կրթական ծրագիրը։ Հետաքրքիր և ստեղծագործական հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան Ծառզարդարի պատմությանն ու տոնի խորհրդաբանությանը, միասին պատրաստեցին գեղեցիկ ծաղկե պսակներ՝ օրվա խորհրդին համահունչ։

«Հյուսված ինքնություն» ցուցադրություն

«Հյուսված ինքնություն» ցուցադրություն 

«Հյուսված ինքնություն» ցուցադրություն

Մարտի 10-ին Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում բացվեց բնօրինակ տարազների ցուցադրություն` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի հետ համատեղ։ Ցուցադրությունը նվիրված է Կանանց միջազգային օրվան։

Համերգային ծրագրով հանդես եկան Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի սաները։

«Համբերանքի խնձորներ կամ հեքիաթի թանգարանային կեցությունը» բանախոսություն

«Համբերանքի խնձորներ կամ հեքիաթի թանգարանային կեցությունը» բանախոսություն 

«Համբերանքի խնձորներ կամ հեքիաթի թանգարանային կեցությունը» բանախոսություն

Մարտի 10-ին ԵՊՀ պատմության թանգարանում տեղի ունեցավ «Համբերանքի խնձորներ կամ հեքիաթի թանգարանային կեցությունը» թեմայով բանախոսություն։ Բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ, «Հարի Փոթեր» վիպաշարի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը։ Բանախոսը ժողովրդական հեքիաթներին անդրադարձավ նոր դիտանկյունից՝ ներկայացնելով դրանց արդիական ընկալման հնարավորությունները, մասնավորապես հեքիաթի և թանգարանի աղերսները։

Ժողովրդական հեքիաթը, որպես ոչ նյութական ժառանգության մաս, ենթակա չէ թանգարանացման։ Այնուհանդերձ հեքիաթ-թանգարան առնչությունն անտեսել հնարավոր չէ. հեղինակային հեքիաթը կարող է մուտք գործել թանգարան` ենթարկվելով տարաբնույթ փոխակերպումների և վերամարմնավորվելով ու վերստեղծվելով որպես նկարազարդում, քանդակ, սպասքի պարագաներ, հրուշակեղենի գունագեղ փաթեթավորում: Առանձին դեպքերում թանգարանն է հանդես գալիս որպես հեքիաթի և հրաշապատում այլ զրույցների, իրադարձությունների յուրատիպ միջավայր:

Բնական ներկանյութերով ձվի և թելերի ներկման դասընթաց

Բնական ներկանյութերով ձվի և թելերի ներկման դասընթաց 

Բնական ներկանյութերով ձվի և թելերի ներկման դասընթաց

«Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը, Զատկին ընդառաջ, սիրով հրավիրում է մասնակցելու բնական ներկանյութերով ձվի և թելերի ներկման դասընթացին: Միասին բացահայտելու եք բանջարեղենից, բույսերից և ծաղիկներից բնական ներկանյութեր ստանալու տեխնիկան և ներկանյութերի ստացման փուլերը:

Բազմերանգ բնական գույներով ներկելու եք ոչ միայն Զատկի ձուն, այլ նաև թելեր:

Բնական ներկանյութերի հետ աշխատանքը զուգորդվելու է թոնրում ավանդական լավաշի թխման վարպետության դասով։

Հասցե՝ Այգեձոր 53/2։

Սուրբ Հարության տոնի կրթական ծրագիր Ժողովրդական արվեստների թանգարանում

Սուրբ Հարության տոնի կրթական ծրագիր Ժողովրդական արվեստների թանգարանում

Սուրբ Հարության տոնի կրթական ծրագիր Ժողովրդական արվեստների թանգարանում

«ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական նախագծի շրջանակում Ժողովրդական արվեստների թանգարանը շարունակում է ներկայացնել հայկական տոնացույցի մաս կազմող տոներին նվիրված կրթական ծրագրեր, որոնց շարքում Բարեկենդանին հաջորդում են Ծաղկազարդը և Սուրբ Հարության տոնը։

Սբ․ Հարության տոնը կամ Զատիկը հայկական տոնացույցի կարևորագույն և Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը շարժական է: Հիմնական կողմնորոշումը գարնանային օրահավասարն է՝ մարտի 21-ը։

Զատիկը նշանակում է հին ու նոր տարիների զատում, բաժանում։ Այն նաև տնօրհնեքի օր էր, իսկ պատանիները շրջում էին՝ զամբյուղները ձվիկներով լցնելու և դրանցով տարատեսակ խաղեր կազմակերպելու նպատակով:

Ծաղկազարդի կրթական ծրագրի շրջանակում մասնակիցները ավանդական զարդանախշերով կնկարեն ձվիկների վրա և կսովորեն զատկական խաղեր։

«Ստեղծագործում են կանայք» ցուցահանդես

«Ստեղծագործում են կանայք» ցուցահանդես 

«Ստեղծագործում են կանայք» ցուցահանդես

Մարտի 7-ին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ստեղծագործում են կանայք» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։

Ցուցադրությունը ներկայացնում է հայուհու կերպարի, ստեղծագործական գործառույթների տեսարաններով սև-սպիտակ գծապատկերներ՝ թանգարանի հավաքածուից:

Մշակութային ժառանգության, ավանդույթների կենսունակության և դրանց շարունակելիության կարևոր միտումները շեշտելու նպատակով ցուցադրության մեջ տեղ են գտել ուլունքազարդ ասեղնագործության, ժանեկագործության և շյուղագործության ժամանակակից նմուշներ, որոնք թանգարանի ստեղծագործ կանանց աշխատանքի արգասիքն են: Ցուցադրությունն ավարտվում է թանգարանի երիտասարդ աշխատակցուհու աբստրակտ ոճով արված գունագեղ նկարաշարով:
Արմավիրի մարզ, գ․ Արաքս, Դանիել Բեկ-Փիրումյան 1 Հեռ․ 077 051918

«Մանել» երգչախմբի համերգը

«Մանել» երգչախմբի համերգը  

«Մանել» երգչախմբի համերգը

Մարտի 5-ին Ժողովրդական արվեստների թանգարանում մեկնարկեց «Մանել» երգչախմբի ամենամսյա համերգների շարքը։

Երեկոյի ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական երգեր՝ նոր շնչով և ժամանակակից մատուցմամբ։

Համերգը նաև ինտերակտիվ էր․ հանդիսատեսի հետ միասին սովորեցին և երգեցին մեկ հայկական ժողովրդական երգ։ Երեկոյի ավարտին փոքրիկ խրախուսական մրցանակներ ստացան նաև Բարեկենդանի դիմակների պատրաստման մրցույթի մասնակիցները։