Պարի միջազգային օր 2026 

Պարի միջազգային օր 2026

Ապրիլի 29-ին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո, հանդես կգա Պարի միջազգային օրվան նվիրված աննախադեպ և բացառիկ տոնական նախաձեռնությամբ՝ «ԱՐԻ՛, ՊԱՐԻ՛» խորագրով։

Նախաձեռնությունը կդառնա լայնամասշտաբ բացառիկ մշակութային իրադարձություն՝ միավորելով շուրջ 4000 պարողների՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի ուսանողներից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի ուսանողներից, Հայաստանի Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության կազմում գործող խմբերից, Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից, Սոֆի Դևոյանի պարի դպրոցից, Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի սաներից, «Նանե» պարային ստուդիայից, Հայաստանի բարձրագույն ուսումնական, միջին-մասնագիտական կրթական հաստատություններից և արվեստի դպրոցներից, Հայաստանի մարզերում գործող պարային խմբերից։

Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունը ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։

Միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում:

«ԱՐԻ՛, ՊԱՐԻ՛». Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հրավիրում է միանալ այս տոնին՝ դառնալու հայկական պարի կենդանի կրողն ու տարածողը։

Comments are closed.