ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Ավանդական մշակութային ժառանգության դրսևորումների կիրառումը քաղաքականության մեջ. հնարավորություններ և առաջարկներ» ծրագրի շրջանակներում, և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը կազմակերպում են գիտաժողով-աշխատաժողով՝ 2026 թ․ հունիսի 12-15-ին՝ «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով։
Գիտաժողով՝ 2026 թ. հունիսի 12–13
Աշխատաժողով՝ 2026 թ. հունիսի 14–15
Գիտաժողովին ներկայացվող զեկույցները կարող են վերաբերել հետևյալ թեմատիկ շրջանակներին․
– Հայկական ավանդական տոնացույցը և տոնահանդեսի մշակույթը միջնադարում
– Տոները և տոնահանդեսը Հայաստանի առաջին հանրապետությունում (1918-1920 թթ․)
– Տոնահանդեսի քաղաքականությունը և մշակույթը ԽՍՀՄ-ում և Խորհրդային Հայաստանում (1920-1990 թթ․), այդ թվում՝ արգելված տոները և դրանց գոյատևման ձևերը
– Տոնը և տոնահանդեսի մշակույթը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ պաշտոնական, ավանդական և նորամուտ տոները Գիտաժողովի ընթացքում քննարկման առարկա կդառնան հետևայլ հարցադրումները․
– Տոնահանդեսի մշակույթը՝ որպես հասարակական և ընտանեկան հարաբերությունների պահպանության և ժառանգորդման միջոց (հանրային հավաքներ, համերգ, տոնական այցելություն, խնջույք, հյուրասիրություն, նվերներ, շնորհավորանք ևն)
– ՀՀ Տոնահանդեսի մշակույթը՝ որպես ոչ նյութական մշակույթի և այն ժառանգորդելու միջոց (հիշողություն, ծես, բանահյուսական տեքստ, երաժշտություն, պար ևն)
– Տոնը՝ որպես էթնիկական, կրոնական, քաղաքացիական, քաղաքական ինքնության միջոց
– Տոնահանդեսի մշակույթը՝ որպես նյութական մշակութային արժեքների ժառանգորդման միջոց (ուտեստ, հագուստ) – Տոնահանդեսի մշակույթը՝ որպես գեղագիտական արժեքների փոխանցման միջոց (բնակավայրի և բնակարանի հարդարում, զարդարանք, զարդանախշ)
– Տոնը և տոնահանդեսի մշակույթը՝ որպես քաղաքացիական և քաղաքական խոսույթի միջոց
– Տոնական օրացույցը և հիշողության քաղաքականությունը – Տոնի փառատոնացումը և միջոցառումայնացումը
– Տոնի ատոմացումը․ կոլեկտիվ տոնից անցում անհատական տոների – Մարող տոներ և վերափոխվող տոներ
– Տոնը և հիշատակի ծեսերը՝ որպես դիմադրության և դիմակայունության միջոցներ
– Տոնը թվանշային իրականության մեջ
– Տոնը և տոնահանդեսի մշակույթը՝ որպես սոցիալական բողոքի և պայքարի միջոց
– Տոնը և ստեղծարար արդյունաբերությունը
– Տոնական օրացույցների ազդեցությունը զբոսաշրջային գործակալությունների մշակութային քաղաքականության վրա և տուրիզմի տնտեսական շահերի ազդեցությունը տոնակարգի պահպանման ու փոփոխման վրա
– Գլոբալիզացված տոնական պրակտիկաների ներթափանցումը՝ «աշխարհայնացված տոն» ձևաչափերի առաջացմանը նպաստելու կամ տեղական ինքնության տարրերը «կլանելու» տեսանկյունից։ Տեղայնացման մեխանիզմները՝ որպես պատասխան համաշխարհային մշակութային փոխանակմանը
– Այլ հարակից թեմաներ:
Աշխատաժողովի ընթացքում կքննարկվի տոնահանդեսի փոփոխվող՝ կայացող, կայունացող, մերժվող, մուտքագրվող մշակույթն այսօրվա Հայաստանում, Տոների վերաբերյալ ՀՀ քաղաքականությունը, Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքը և դրա փոփոխությունների ընթացքը 1990-2026թթ․, դրանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ վարչական մարմինների, մարզպետարանների, համայնքային կառավարման մարմինների, կրթական և մշակութային կազմակերպությունների՝ դպրոցների, թանգարանների, մշակույթի տների, հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը և դերը։ Շատ կարևոր է համարվում տոնահանդեսի կազմակերպման մարդկային, գիտելիքի, վարչական և ֆինանսական ռեսուրսների քննարկումը։ Աշխատաժողովը նախատեսված է տոների և հիշատակի միջոցառումների կազմակերպման ոլորտում փորձ ունեցող հետազոտողների, մշակութային կառավարման և քաղաքականության մասնագետների, գնումների ոլորտի մասնագետների, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցների, ինչպես նաև պետական, համայնքային և հասարակական մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թ. մայիսի 15, ժամը 24:00
Մասնակիցները պետք է ներկայացնեն՝ զեկույցի վերնագիրը, անուն, ազգանուն, հայրանուն, աշխատավայր, զեկույցի թեզեր (մինչև 300 բառ)։
Հայտերն ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ [email protected].am
Կազմկոմիտե՝ Հրանուշ Խառատյան, Գոհար Ստեփանյան, Ռուզաննա Ծատուրյան, Նելլի Մանուչարյան։