Այնթապի պղնձագործական արվեստի հետքերով․ հունիսի 16-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ նոր ժամանակավոր ցուցադրության բացում, որը բացահայտում է Այնթապի ավանդական պղնձագործության հարուստ ժառանգությունը։ Ցուցադրության հիմքում Հրազդան Թոքմաջյանի անձնական հավաքածուն է։
Այնթապը հայկական պղնձագործության նշանավոր կենտրոններից էր, և այս բացառիկ ցուցադրությունը նվիրված է տեղի վարպետների անդուլ աշխատանքին ու պատմությանը: Ցուցադրությունում ներկայացված են նշանավոր Գալեմքեարյան ընտանիքին պատկանած աշխատանքային գործիքներ, հարմարանքներ, զնդաններ ու փորիչներ (XIX դ. վերջ – XXI դ. սկիզբ), Մելքոն Գալեմքեարյանի կողմից XX դարասկզբին պատրաստված պատմական փուքսը, այնթապցի վարպետների պատրաստած արծաթե և պղնձե առարկաների լավագույն նմուշներ, վարպետների կենսագրական տվյալներն ու արխիվային լուսանկարները: