«Վերապրման օրագիր» ժամանակավոր ցուցադրություն

«Վերապրման օրագիր» ժամանակավոր ցուցադրություն

Մայիսի 28-ին Ժողովրդական արվեստների թանգարանում բացվեց «Վերապրման օրագիր» ժամանակավոր ցուցադրությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությունից փրկված կանանց ձեռագործ արվեստին և նրանց ոդիսականին։ Մեծ Եղեռնի տարիներին ու հատկապես դրանից հետո աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իր գոյությունը կարողացավ պահել ու մեջքը շտկել հենց արհեստներին տիրապետելու շնորհիվ: Այս իրողությունը կարևոր էր հատկապես կանանց ու որբ երեխաների գոյության հիմնախնդիրը կարգավորելու առումով, քանի որ փրկվածների մեծ մասը նրանք էին: Ասեղնագործությունն ու ժանեկագործությունն այն արհեստներն են, որոնք, ի տարբերություն գորգագործության, որևէ բարդ գործիքի կամ հաստոցի կարիք չունեն, ուստի հենց դրանցով էին շատերը զբաղվում օտարության մեջ:

Ցուցադրությունում ներկայացված են Հրազդան Թոքմաջյանի անձնական հավաքածուի բացառիկ նմուշներ՝ Այնթապի, Մարաշի, Ուրֆայի ավանդական ասեղնագործություններ, որոնք տարագիր հայերը գործել են Սիրիայում։ Առանձնակի հուզականություն ունեն այն ձեռագործները, որոնց հեղինակները հենց վերապրողներն են։

Ցուցադրության շրջանակում կծանոթանաք նաև հայ որբերին ու վերապրողներին զորավիգ եղած մեծ մարդասերներ Կարեն Էպպեի և Հեդվիգ Բյուլի գործունեությանը։

Հասցե՝ Աբովյան 64
(010) 569380

Comments are closed.