Մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը

Մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կազմակերպմամբ մարտի 13-ին մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը:

Դասընթացն անցկացվում է մարտի 13-16-ը Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում: Ծրագրին մասնակցում են թանգարանների, գրադարանների, արխիվների մասնագետները, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ներկայացուցիչները:

Ծրագրի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, վարչության թանգարանների գծով գլխավոր մասնագետ Գոհար Սաիյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը:

Դասընթացը վարում էին Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն և գրաֆիկական աշխատանքների վերականգնող, կանխարգելիչ պահպանության մասնագետ, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության գլխավոր քարտուղար Կամիլ Օմոնը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է և շնորհակալություն հայտնել մասնակիցներին՝ ծրագրին լայն մասնակցություն ապահովելու համար: «Անչափ ուրախացնող է այն փաստը, որ ծրագրին մասնակցելու համար գրանցված 50 մասնագետներից այսօր դասընթացին մասնակցում են պատմամշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտի ավելի քան 70 մասնագետներ: Սա միանշանակ վկայում է դասընթացի կարևորության մասին: Ծրագիրն իրականացվում է ֆրանսիական կողմի աջակցությամբ, որի հաջորդ փուլերը կանցկացվեն հունիսին և հոկտեմբերին: Վստահ ենք, որ ֆրանսիացի գործընկերների ներկայացրած փորձը մեր մասնագետները կյուրացնեն և կկիրառեն ի շահ մեր երկրի»,- նշել է նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնել ֆրանսիացի գործընկերներին և մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Մարի Կուրսելոն շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալին ծրագրի մեկնարկին մասնակցելու համար և շեշտել, որ ոլորտի մասնագետների համար նախատեսված այս կարևոր ծրագիրը կլինի շարունակական և կամփոփվի այս տարեվերջին:

Վերապատրաստման դասընթացի նպատակն է աջակցել մշակութային հաստատություններին մշակելու «Մշակութային արժեքների պահպանության պլանը» (ՄԱՊՊ):

Տեսական հատվածի ընթացքում բանախոսները ներկայացրել են «Մշակութային արժեքների պահպանության պլանի» մարտահրավերները, առաջնահերթ տարհանման ենթակա մշակութային արժեքների դասակարգումը, մեթոդաբանական ընտրությունը և մշակութային արժեքների տարհանման պլանի կազմումը: Դասընթացի առաջին օրը մասնավորապես անդրադարձ է կատարվել արտաքին և ներքին ռիսկերի վերլուծությանը: Դասընթացն ուղեկցվում է գործնական վարժանքներով և խմբային աշխատանքով:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին Մատենադարանում իրականացվել է եռօրյա վերապատրաստում-դասընթաց՝ նվիրված մշակութային արժեքների պաշտպանության թեմային: Հանդիպումների շրջանակում ներկայացվել է Ֆրանսիայի լավագույն փորձը:

Նշենք, որ 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը: