«Ինչպես են ստեղծվում արհեստները» անիմացիոն ֆիլմերի դիտում-քննարկում

«Ինչպես են ստեղծվում արհեստները» անիմացիոն ֆիլմերի դիտում-քննարկում (3)

Ապրիլի 26-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շրջանակում ստեղծված 6 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի դիտում՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև հանդիպում ստեղծագործական կազմի հետ և շնորհակալագրերի հանձնում ծրագրի իրականացմանը աջակցած անձանց։
Կարճամետրաժ 6 անիմացիոն ֆիլմերը պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը գոյություն ունեցող արհեստների մասին՝ գորգագործություն և կարպետագործություն, խեցեգործություն, դարբնություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, փայտի գեղարվեստական մշակում, թաղիքագործություն։
Սա թանգարանային հավաքածուների հիման վրա ստեղծված եզակի մշակութային նախագիծ է։ Այստեղ մեկտեղված են ժողովրդական ավանդույթները, գիտությունը, տեսողական արվեստն ու երաժշտությունը, ժամանակակից տեխնոլոգիաները և կրթական կարևոր բաղադրիչը։
Ծրագիրն իրականացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ «Invisible Friends» անիմացիոն ստուդիայի հետ համագործակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Ֆիլմաշարը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։

Comments are closed.