ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ժողովրդական արվեստների թանգարանի կրթական ծրագրերը Բեյրութում և Սփյուռքի առաջին Ժողովրդական վարպետը

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը 2025թ․ ապրիլի 3-ից 13-ը աշխատանքային այցով Բեյրութում էր, որտեղ իրականացրեց կրթական ծրագրեր և Սփյուռքի առաջին վարպետին շնորհեց «Ժողովրդական վարպետի» վկայական։

Հայկազյան համալսարանի հրավերով` Ժողովրդական արվեստների թանգարանն արդեն 4-րդ անգամ Բեյրութում իրականացրեց կրթական ծրագրեր։ Բեյրութ էին այցելել Թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Գայանե Ասլանյանը և փայտի փորագրության վարպետ Վահե Մնացականյանը։ Թանգարանի կրթական հարթակի` ՖՈԼԿանիվի շրջանակում, Բեյրութի հայկական դպրոցների աշակերտների համար իրականացվեցին փայտի գեղարվեստական փորագրության վարպետաց դասեր: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին իրականացված ծրագրերը վերաբերել են հայկական գորգագործությանը, կարպետագործությանը և դարբնությանը։

Առաջին վարպետը Սփյուռքից, ում տրվեց «Ժողովրդական վարպետի» վկայական, 94-ամյա Զաւեն Գազանճեանն է։ Վկայականի տրման ընթացակարգում կատարվել էին փոփոխություններ, և արդեն հայտեր կարող էին ներկայացնել վարպետներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև՝ Սփյուռքից։ Ուշագրավ է, որ 94-ամյա պարոն Գազանճեանը պղնձագործությամբ զբաղվող ընտանիքի 3-րդ սերնդի ներկայացուցիչն է։ Նա Ժողովրդական արվեստների թանգարանին նվիրաբերեց նաև Ուրֆայում իր պապի՝ Հովհաննես Գազանճեանի պատրաստած՝ 1905թ․ արձանագրությամբ տապակը։
Թանգարանը շնորհակալություն է հայտնում պարոն Գազանճեանին և Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանին։

Ծաղկազարդի տոնախմբություն

Ծաղկազարդի տոնախմբություն

Ծաղկազարդի տոնախմբություն

Սուրբ Երրորդություն եկեղեցին և «Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ-ն ապրիլի 13-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում կանցկացնեն Ծաղկազարդի տոնախմբություն։ Ծրագրում՝ մանուկների օրհնության կարգ, ազգային երգ ու պար, տոնին բնորոշ ծեսեր և ավանդական խաղեր։ Մուտքն ազատ է։

Համայնքներում մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ

Համայնքներում մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ

Համայնքներում մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզի Ալավերդի, Օձուն, Ախթալա և Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ:

Դրանք իրականացվում են ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով սահմանված դրամաշնորհի շրջանակում։

Դասընթացները Լոռու մարզի համայնքներում իրականացնում է «Արևածին» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, Տավուշի մարզում՝ «Թելիկ» հասարակական կազմակերպությունը:

Դասընթացների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ ու հմտություններ՝ ստանալով ստեղծագործական ինքնարտահայտման, ազգային ձեռարվեստի ոճերի ու տարածաշրջանային առանձնահատկությունների պահպանման, ինչպես նաև տնտեսապես կայուն գործունեություն ծավալելու հնարավորություն։ Դասընթացներին մասնակցում են տարբեր տարիքային խմբերի կանայք և աղջիկներ:

«Տորքի որդեգրում»․ ամփոփիչ ցուցադրություն

«Տորքի որդեգրում»․ ամփոփիչ ցուցադրություն

«Տորքի որդեգրում»․ ամփոփիչ ցուցադրություն

Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի «Տորքի որդեգրում» ծրագրի շրջանակներում անցկացված գորգագործության դասընթացի մասնակիցների աշխատանքների ցուցադրությունը։ «Արար» հայ ազգային արվեստի կենտրոնի Ստեփանավանի մասնաճյուղի սաները ողջունեցին մասնակիցներին, այնուհետև բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Մարգարիտ Սաքուլյանը։ Մասնակիցները դիտեցին նաև գորգագործության և իրականացված աշխատանքների մասին պատմող հոլովակներ։

«Ծաղկազարդի սպասումով»

«Ծաղկազարդի սպասումով»

«Ծաղկազարդի սպասումով»

Ապրիլի 8-ին բացվելու է «Յարե՛ք՝ ճժերի կործերը շկացեք» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակներում ձեզ սպասվում է հմայիչ, գունեղ ու ավանդույթներով հագեցած միջոցառում։ Գարնան զարթոնքի հետ միասին Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոնը, «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ, շարունակում է ժողովրդական ծեսերի վերածննդի իր առաքելությունը՝ բեմադրելով Ծաղկազարդի ծիսական մշակույթի մոռացված ու վերականգնված ծեսերը։ Այս միջոցառմանը դուք հնարավորություն կունենաք՝ ապրելու հնագույն ծեսերի խորհրդավորությունը, հանդիպելու ծաղկազարդված, ծիսական ուժով օժտված կերպարներին՝ Ուտիս տատին, Պաս պապին, անձրևաբեր հարսին՝ Նուրիին, լսելու գարնանային ծիսական երգերը, մասնակցելու ծիսական շարժման ու խորհրդաբանական խաղերի վերապրող արարողությանը։ Հանդիպումը՝ մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում։ Մասնակցությունն անվճար է։  Հարցերի դեպքում զանգահարել՝ +37494654652։

«Տորքի որդեգրում» ծրագիրը՝ Լևոն Գալչյան դպրոցում

«Տորքի որդեգրում» ծրագիրը՝ Լևոն Գալչյան դպրոցում

«Տորքի որդեգրում» ծրագիրը՝ Լևոն Գալչյան դպրոցում

«Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամն իր «Տորքի որդեգրում» ծրագիրն իրականցրեց Լևոն Գալչյան դպրոցում։  Հիմնադրամի կողմից դպրոցում իրականցվեցին  կարպետագործույթան դասընթացներ։ Դասընթացավար՝ Դիաննա Հովհաննիսյան։

Արվեստանոց․ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես

Արվեստանոց․ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես

Արվեստանոց․ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես

Մարտի 21-ին՝ ժամը 14։30-ին, Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանում տեղի կունենա համատեղ ցուցահանդեսի բացում։ Ներկայացված կլինեն «Արևածին» ՀԿ-ի «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակում հյուսված գորգերը և  Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի աշակերտների աշխատանքները։ Բացման արարողությունը կուղեկցվի երաժշտական կատարումներով, կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությամբ և հյուրասիրությամբ։

Մեր երգերը և մենք․ Աննա Թովմասյան

Մեր երգերը և մենք․ Աննա Թովմասյան

Մեր երգերը և մենք․ Աննա Թովմասյան

Հայկական ազգային երգերի հերթական բաց դասը տեղի կունենա «Ակունք» ազգագրական համույթի անդամ, երգչուհի Աննա Թովմասյանի հետ՝ մարտի 15-ին, ժամը 16։00-ին։ Ներկաները կերգեն ծիսական երգեր և պարերգեր։ Միջոցառումը, ավանդույթի համաձայն, կավարտվի երգ ու պարով։ Մուտքն ազատ է։ Վայրը՝ «Բարձունք» (Արմեն Տիգրանյան 23)։