Ամփոփվել են «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» մրցույթի արդյունքները

Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հոկտեմբերի 3-9-ը հայտարարել էր մրցույթ` «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով: 7 օրվա ընթացքում մրցույթին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հաղթող աշակերտներին հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Միջոցառումը տեղի է ունեցել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դպրոցականներին տոնի և մրցույթում հաղթելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ անկախ մրցույթներից՝ մեր հանրության շրջանում Ոչ նյութական մշակութային ժառանգության օրը նշելու ավանդույթ կձևավորվի.

«Շատ կարևոր է, որ մեր առօրյայի մասը կազմող ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարողանանք հստակ ճանաչել, տարբերել և հասկանալ, թե ինչպես պահպանել և զարգացնել այն։ Կարծում եմ՝ մեր հարուստ ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարող է դառնալ ներշնչանքի աղբյուր և ստեղծագործական աշխատանքի մոտիվացիա»:

Նախարարն ընդգծել է՝ մրցույթին մասնակցության բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն կա, որը լավ հիմք է այս ուղղությամբ հետագա անելիքների պլանավորման համար:

«Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, զարգացումն ու հանրահռչակումն առաջնահերթություն են, որն ամրագրված է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությամբ: ՀՀ պետական, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում նոր արժեքների համալրումը շարունակական աշխատանք է»,- ասել է նախարարը:

Նա կարևորել է այս գործընթացում հատկապես դպրոցականների ներգրավումը՝ շտեմարաններում անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրելու և ներառելու տեսանկյունից: Ժաննա Անդրեասյանը կոչ է արել աշակերտներին իրենց ընկերներին ևս ոգևորել՝ մասնակցելու նման նախաձեռնություններին և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին շարունակական ջանքերի համար:

Որպես խրախուսական նվեր՝ հաղթողներին հանձնվել են Աստղիկ Իսրայելյանի «Աղ ու հաց» (2023 թ.,) գիրքը և թանգարանի՝ կարպետագործության կամ ազգային երգ ու պարի ուսուցման ծրագրին մասնակցության հնարավորություն:

«Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում»

«Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում»

«Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում»

Հոկտեմբերի 16-ին՝ Հացի և պարենի համաշխարհային օրվա առթիվ, Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպել էր ժամանակավոր ցուցադրություն՝ «Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում» վերնագրով։

Ցուցադրության նպատակն էր այցելուներին ևս մեկ անգամ հաղորդակից դարձնել լավաշի ծանոթ և անծանոթ կողմերին՝ ներկայացնելով շուրջ 20 յուրօրինակ դիմագիծ, պատմություն և անուն։ Հացթուխի վարպետությունը և լուսանկարչի հմտությունը միահյուսվել էին՝ ստեղծելով լավաշների շարք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գույնը, ձևը և պատմությունը։

 «Աղ ու հացի դերը հայկական մշակույթում» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը, իսկ հացին նվիրված ծիսական երգերի կատարումներով՝ «Ակունք» ազգագրական համույթը։

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը 230 համայնքում անցկացվեցին միջոցառումներ

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը 230 համայնքում անցկացվեցին միջոցառումներ

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը 230 համայնքում անցկացվեցին միջոցառումներ

Հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր՝ համաձայն 2023 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ընդունված որոշման:

Նախաձեռնության շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում նշվում է այդ խորհրդանշական օրը՝ արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային և ստեղծագործական ոլորտներում։

Տոնական միջոցառումները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում գործող պետական և հասարակական կառույցների, ստեղծագործական խմբերի ու անհատ կրողների։ Այս կերպ առավել ընդգծվում է ժառանգության պահպանության, փոխանցման և հանրահռչակման կարևորությունը, ինչպես նաև բարձրացվում է հանրային իրազեկվածությունը մշակութային ժառանգության պահպանության, տարածման և փոխանցման հարցերում։

Այս տարի նախաձեռնությանը միացել էր ՀՀ 10 մարզի 230 համայնքի շուրջ 360 կազմակերպություն՝ պետական կրթական ու մշակութային հաստատություններ, հասարակական կազմակերպություններ և անհատներ։

Օրվա խորհրդին համահունչ՝ համայնքներում անցկացվեցին բազմազան մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, վարպետության դասեր, պարային և երաժշտական միջոցառումներ, որոնց նպատակն էր արժևորել ՀՀ պետական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները։

«ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կայքում

«ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կայքում

«ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կայքում

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի միջազգային օրվան

Ծրագրի անցկացվել է ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և նպատակ ունի Գեղարքունիքի մարզի երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը, խթանել մշակութային և բնապահպանական կրթությունը: Ծրագրին մասնակցել են երիտասարդներ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների 10 բնակավայրից (Սևան, Լճաշեն, Լիճք, Վարդենիկ, Ճամբարակ, Ծովակ, Կուտական, Գավառ, Գանձակ, Սարուխան), որոնք ներգրավվել են բազմաբնույթ մշակութային միջոցառումներում:

Ծրագիրը հագեցած էր տեսական և գործնական կրթական նյութերով, մասնավորապես՝ ներառում էր ինտերակտիվ դասընթաց՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, գույքագրման և հանրայնացման մասին թեմաներով։ Դասընթացներում ներառված էին նաև Սևանա լճի կարևորության, հիմնախնդիրների, լճին առնչվող մշակութային ժառանգության և կլիմայի փոփոխության փոխակերպումների վերաբերյալ հարցեր: Ծրագրի գործնական հատվածում տեղի են ունեցել նյութի հավաքագրման հանդիպումներ տեղաբնակ բանասացների հետ, նյութի գրանցման մեթոդաբանության ուսուցում, դասընթացավարների ու ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետի հետ համատեղ դաշտային հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև այցելություն Սևան ազգային պարկի թանգարան՝ ծանոթանալու լճի հարակից բնական և մշակութային ժառանգությանը:

Ծրագրի շրջանակում Սևան քաղաքում տեղի է ունեցել «ՍևանաՑԱՆՑ» երիտասարդական կրթական մշակութային եռօրյա ճամբարը, որի ընթացքում մասնակիցները գործնականում կիրառել են ստացած գիտելիքները: Նրանք համայնքներում բանասացներից գրանցել են ոչ նյութական մշակութային ժառանգության 41 տարր, որոնցից մի քանիսը կներառվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային ինվենտորիում:

Ծրագրի ընթացքը լուսաբանող անգլերեն ենթագրերով ֆիլմ է պատրաստվել, որը ներկայացնում է Ճամբարակ համայնքում կենսունակ հայկական ավանդական «Չիլինկի փետ» խաղի գույքագրման ընթացքը:

2025 թ. հոկտեմբերի 17–ին՝ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը, Սևան քաղաքում տեղի կունենա «ՍևանաՑԱՆՑ» երիտասարդական մշակութային նախաձեռնության շնորհանդեսը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում տեղադրված «ՍևանաՑԱՆՑ» ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/32u8yku7

Տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց նիստը

Տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց նիստը

Տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց նիստը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան ընդառաջ՝ տեղի են ունեցել մշակույթի հարցերով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) առցանց փորձագիտական հանդիպումը և տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության օրենսդրական շրջանակների, գույքագրման և փոխանցման վերաբերյալ աշխատաժողովը։

Հանդիպման նպատակը ՍԾՏՀԿ երկրների ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի փորձագետների՝ միջազգային երկխոսության հարթակի ձևավորումն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների քննարկումն էր: Միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանը՝ որպես 2025-2027 թթ. ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով նախագահող երկիր:

Նիստում բացման խոսքով հանդես են եկել ՍԾՏՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Դիմիտրիոս Ռալլիսը և գործադիր մենեջեր Սանդրա Վուժինովիչը: Նիստը վարել է ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, օրակարգային թեմաների շուրջ զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍՆ նույն վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:

Նիստի հիմնական թեմաներն էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում իրականացվող օրենսդրական կարգավորումները, գույքագրման և փոխանցման առանձնահատկությունները: Քննարկվել են մի շարք անդամ պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման և փոխանցման քաղաքականությունները, ազգային և տարածաշրջանային մակարդակներում գործող կարգավորումները, գույքագրման մեթոդաբանությունները, ներկայացվել են դրանց կիրառմանը վերաբերող դրական փորձն ու ոչ նյութական մշակութային ժառանգության փոխանցման ձևերը։

Միջոցառումը միտված է խթանել ՍԾՏՀ տարածաշրջանային կազմակերպության անդամ պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգության արդյունավետ պահպանությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

«Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» ցուցադրության բացումը

«Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» ցուցադրության բացումը

«Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» ցուցադրության բացումը

Հոկտեմբերի 10-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց նոր ցուցադրություն՝ «Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» խորագրով: Ցուցադրությունը համադրում է խորհրդային շրջանի կենցաղային միջավայրը և Երևանի արդյունաբերական ժառանգությունը։ Ցուցադրությունն առանձնահատուկ հնարավորություն է ընձեռում պատկերացնելու, թե ինչպես էր ձևավորվում երևանցիների առօրյան անցյալ դարի երկրորդ կեսին և ինչպիսի կարևոր դեր ուներ արդյունաբերությունը քաղաքի զարգացման մեջ։ Ցուցադրության կարևոր բաղադրիչ է նաև Երևանի արդյունաբերական անցյալը, ինչի մասին վկայում են մայրաքաղաքի գործարաններում արտադրված տարբեր արտադրատեսակները՝ կենցաղային տեխնիկայից մինչև հախճապակե սպասք և տեքստիլ արտադրանք։ Շատ նմուշներ ցուցադրվում են առաջին անգամ:

Ցուցադրությունը նվիրված է Երևան քաղաքի հիմնադրման 2807-ամյակին:

Եփած օճառի պատրաստման ու կիրառման ավանդույթը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակույթում

Եփած օճառի պատրաստման ու կիրառման ավանդույթը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակույթում

Եփած օճառի պատրաստման ու կիրառման ավանդույթը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակույթում

Օճառի պատրաստումը կամ եփումը Արցախում լայն տարածում ունեցող զբաղմունքներից մեկն է եղել, որի մասին ամենավաղ վկայությունները պահպանվել են ռուսական վիճակագրական-տեղեկատվական աղբյուրներում (Сборник для описания местностей и племен Кавказа, № 11, 1891, Тифлис, ст. 65-67): Ըստ այդ նյութերի, օճառի պատրաստմամբ զբաղվել են և΄ կանայք և΄ տղամարդիկ: Տան պայմաններում դա կանանց գործն էր, իսկ քաղաքներում դրանով զբաղվում էին օճառագործ վարպետները, որոնք տղամարդիկ էին: Օճառ եփելու գործընթացը թե քաղաքում, թե գյուղում նույնն էր, ինչի համար նախկինում օգտագործվել է ոչխարի ու տավարի յուղն ու ճարպը, ավելի ուշ նաև խոզի ճարպը, ինչպես նաև կիր ու կաուստիկ սոդա: Անասուն մորթելիս դրա ճարպն առանձնացրել են մսից, մանր խորանարդաձև կտրատել ու պահել օճառ եփելու համար: Եթե տարեկան մի քանի անգամ էր մորթ արվում, ապա ամեն անգամ, այդ անասունի ճարպն առանձնացնում էին ու պահում, որպեսզի տարվա մեջ մի օր միանգամից մեծաքանակ եփեին այդ օճառը, որն անփոխարինելի լաքահանիչ ու ճերմակեցնող միջոց է եղել:
Անասունների մանր խորանարդաձև կտրատված յուղն ու ճարպը լցնում էին մեծ պղնձե տարայի մեջ, որ արցախի բարբառով «թուջ» էր կոչվում ու դնում կրակին, որի հալվելուց հետո ավելացնում մյուս բաղադրիչները: Հադրութում մի քանի կանայք են եղել, որ կարողացել են ճիշտ համամասնությամբ ավելացնել կաուստիկ սոդան, որ ավելի հայտնի էր ռուսերեն «պոտաշ» բառով: Պոտաշը նախատեսվածից քիչ կամ շատ ավելացնելու դեպքում օճառը կարող էր փչանալ ու չստացվել: Այդ պատճառով անպայման կանչում էին գյուղի փորձառու կանանցից որևէ մեկին, որպեսզի հալվող ճարպին ավելացներ ճիշտ քանակության կաուստիկ սոդա ու օճառը եփեր: Եփվելուց հետո, երբ «թուջի» պարունակությունը համասեռ, մածուցիկ զանգված էր դառնում, շերեփներով վրայի շերտից լցնում էին տարբեր չափսերի դույլերի, տարաների մեջ, որոնք այդ պարագայում հանդես էին գալիս որպես օճառի կաղապարներ: Այդ տարաները դնում էին տների տանիքներին՝ չորանալու: Դրանք վերջում ունենում էին «գլուխ պանրի» տեսք: Օգտագործելիս բաժանում էին կտորների, կամ լվացվող շորն ուղղակի քսում օճառի զանգվածի վրա: Ստացված օճառը կարելի էր տարիներով օգտագործել: Հիմնականում օգտագործում էին շատ կեղտոտված հագուստը լվանալու և սպիտակեղենը ճարմակեցնելու նպատակով: Ըստ բանասացի՝ գոհացնող արդյունք ստանալու համար եփած օճառով նախապես տրորում էին լվացքը, մի փոքր թողնում և ապա՝ լվանում: Օճառն ուներ ուժեղ փրփրելու հատկություն:
Առանձնակի շատ է օգտագործվել Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 1990-ական թթ., թեպետ պատրաստում էին նաև դրանից առաջ:

«Ձեռամբ հյուսած» ծրագրի հաշվետու ցուցահանդես

«Ձեռամբ հյուսած» ծրագրի հաշվետու ցուցահանդես

«Ձեռամբ հյուսած» ծրագրի հաշվետու ցուցահանդես

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Ալավերդի քաղաքում տեղի կունենա «Ձեռամբ հյուսած» ծրագրի հաշվետու ցուցահանդեսի բացումը։ Մուտքն ազատ է։ Հասցե՝ ք․ Ալավերդի, Սանահին Սարահարթ 1/6։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացված գորգագործության և կարպետագործության դասընթացները «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակում կազմակերպվել էին «Արևածին» կրթամշակութային ՀԿ-ի կողմից։

«Մեղրատոն» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառ

«Մեղրատոն» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառ

«Մեղրատոն» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառ

Սեպտեմբերի 27-ին և 28-ին «Երազ» այգում (ք. Երևան, Թբիլիսյան 1/8) կանցկացվի ավանդական «Մեղրատոն» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառը։
Տոնավաճառը կանցկացվի «Քաղցր օրեր Երևանում» խորագրի ներքո և խոստանում է լինել համով, գունեղ ու հիշարժան։
Ինչ է սպասվում․ հանդիպում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած տասնյակ մեղվաբույծների հետ՝ իրենց բարձրորակ մեղրով և մեղվամթերքով, թարմ և բնական արտադրանք՝ մեղր, մեղրամոմ, ծաղկափոշի, ակնամոմ, մայրակաթ և այլ օգտակար ու քաղցր անակնկալներ, մեղրից և մեղվամթերքից պատրաստված տարատեսակ կոսմետիկ միջոցներ, մեղվաբուծության վերաբերյալ աշխատանքային գործիքներ և արտադրական սարքավորումներ, հետաքրքիր վարպետաց դասեր և օգտակար տեղեկատվություն մեղրի ու մեղվաբուծության մասին, մեծ փեթակ, որի մեջ կարող եք տեսնել և զգալ մեղվի աշխարհը, մշակութային ծրագիր՝ ազգային երգ, պար, կենդանի մթնոլորտ։
Մշակութային մաս․ Վարը Վարենկի հետ ազգային երգ ու պարի ուսուցում /27.09 ժամը 18։00-ից/, և Խազեր երգչախումբ՝ ազգային դասական երաժշտություն /28.09 ժամը 18։00-ից/։
Մուտքն ազատ է։

Միջոցառումը կազմակերպվում է Մեղվաբուծության Դարբնոց գիտակրթական կենտրոնի կողմից։ Այն իրականացվում է Դարբնոցի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» ծրագրի և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող SIGMA ծրագրի աջակցությամբ։