Մարտի 8-ին՝ ժամը 14։00-ին, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Մերի Քեշիշյանի հեղինակած «Հայ ժողովրդի շնորհալի դուստրը՝ Սերիկ Դավթյան» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում կբացվի նաև Սերիկ Դավթյանին նվիրված անկյուն՝ նոր ցուցադրությամբ:
Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես, որը կծանոթացնի 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, աքսեսուարների և ասեղնագործության նուրբ արվեստին։ Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 8-ը։
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0 )։ Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ։ 2025 թվականի մայիսին գյումրեցի պատանիները կմեկնեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք՝ մասնակցելու մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը ներկայացնող՝ Աբովյան քաղաքի «Հայելիցներ» թիմի «Գեղարդ» տեսանյութը ևս «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական մրցույթի հաղթողների թվում էր:
Թումո Կապանի նոր շենքի պաշտոնական բացումը կրկնակի տոնական էր, քանի որ այն համատեղվել էր մեր ամենասիրելի ու սպասված տոնի՝ Բարեկենդանի հետ։ Բարեկենդանի խորհրդանշական գայլին այս տարի միացել էր այծը: Հայկական թմբուկի զարկերի ներքո նրանք առաջնորդեցին դիմակներով շքերթն ու հյուրերին ուղղորդեցին Թումո Կապանի շենքի դիմաց: Լարախաղի հնարքներով հյուրերին, թումոցիներին ու ծնողներին զարմացրեց լարախաղաց Հովսեփ Բեգլարյանը: Իսկ բոլորին տոնական շուրջպարի մեջ առավ «Որոտնա» ավանդական երգ ու պարի խումբը` ներկայացնելով ու սովորեցնելով հայկական ազգագրական պարերի` Թամզարայի, Յարխուշտայի, Քոչարիի շարժումները: Տոնական օրվա երաժշտական ուղեկցությունը հայկական պարկապզուկով, բլուլով, պկուով ու կիթառների բիթերով ապահովեց «Կաթիլ» ֆոլք բենդը: Իսկ երեկոն եզրափակվեց Թումո Կապանի շենքի ճարտարապետական առանձնահատկություններն ընդգծող աուդիովիզուալ փորձառությամբ, որն ապահովեցին Շահեն Խանդկարյանն ու Միսակ Սամոկատյանը: Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և Թումոյի դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։
Բարեկենդանը հայկական ժողովրդական տոն է, որը շարժական է՝ պայմանավորված Սուրբ Հարության տոնով: Տեւողությունը երկու շաբաթ է: Երկրորդ շաբաթը կոչվում է Բուն Բարեկենդան: Տոնը բնութագրվում է համայնական երգ ու պարով, խնջույքներով, խաղերով ու զվարճություններով, դիմակավորված ներկայացումներով, ավանդական կանոնավորված կենցաղային բարքերի գլխիվայր շրջմամբ, բազմազան ու համադամ ուտեստով եւ այլն: Լինելով շարժական՝ տոնը տեղի էր ունենում փետրվարին կամ մարտի սկզբին եւ կապվում էր գարնան գալուստի հետ։ Զվարճություններն արթնացող բնությանն ուրախ դիմավորելու խորհուրդն ունեին, ու մարդիկ միմյանց մաղթում էին բարի կենդանություն: Ներկայացումները կառնավալային էին, դիմակավորներով, դերերը`իրական կյանքի եւ իրական անձերի նմանակումներ: Ներկայացումները խմբավորվում են կենցաղային, պատմական, էթնոմշակութային, սիրային եւ արժեքային համակարգը ներկայացնող թեմաների շուրջ: Բարեկենդանի տոնը մինչեւ 20-րդ դարի սկիզբը հայկական ամենասիրված տոներից էր, որն ուղեկցվում էր դիմակավորված ներկայացումներով, խաղերով, պարերով: 20-րդ դարի սկզբներին ընդհատված Բարեկենդանը շատ ընդհանրություններ ուներ եվրոպական եւ սլավոնական ժողովուրդների դիմակահանդեսների հետ: Որպես ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք՝ այս տոնահանդեսը կարող է դրական ազդեցություն ունենալ համայնքների, հասարակության տարբեր խմբերի, անհատների փոխհարաբերությունների, ընկերայնության, սերտացման, հարգանքի ձեւավորման վրա, միաժամանակ նպաստել տոնահանդեսների զարգացումների՝ հայկական միջավայրին պատմականորեն եւ քաղաքակրթորեն հարազատ մշակույթին մոտեցմանը եւ հասարակական զվարճանքի ձեւավորմանը։
Թումո Կապանի պաշտոնական բացմանը կհաջորդեն բարեկենդանյան դիմակահանդեսը, լարախաղացի կատարումը, «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի և «Կաթիլ» ֆոլք բենդի կատարումները։ Կարնո քոչարիի, Յարխուշտայի ու Թամզարայի հնչյունների ներքո սիսիանցի երիտասարդների հիմնած «Որոտնա» խմբի անդամները կպարեն ու կսովորեցնեն պարել: Նարեկ Հայրապետյանի գեղարվեստական ղեկավարությամբ` խումբը ներկայացնում է ազգային-ավանդական մշակութային ժառանգությունը և կազմակերպում կրթական տարբեր միջոցառումներ ու փառատոններ: Իսկ հայկական պարկապզուկի, զուռնայի ու բլուլի ձայներով և ռոքային բիթերով «Կաթիլ» բենդը կապահովի Բարեկենդանի երաժշտական տրամադրությունը: Նրանց երգացանկում տարբեր գավառների երգերն են ժամանակակից մշակմամբ` «Սոնա յար», «Զիմ խորոդիկ յար», «Ցայգանվագ», «Ախպրի ճամփին» և այլ սիրված գործեր: Ի դեպ, խմբի վոկալիստ Սևադան և կիթառահար Արեգը սյունեցիներ են։ Հիշեցնենք, որ Թումո Կապանը պաշտոնապես բացվում է մարտի 2-ին` ժամը 16:00-ին: Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։
Բարեկենդան օրեր է, Խելքս գլխէս կորեր է… Մարտի 2-ին հագեք վառ հագուստներ, վերցրեք դիմակներն ու եկեք Մեծամոր՝ Վարը Վարենկ նախաձեռնության հետ միասին Բարեկենդան նշելու։ Մեկնարկը՝ Մեծամորի համայնքապետարանի բակից, ժամը 14:00-ին։ Մուտքն ազատ է։
2025 թվականի առաջին Պարատոնը տեղի կունենա փետրվարի 28-ին, հետևյալ վայրերում․ Վանաձոր՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակ, Գորիս՝ Գորիսի դրամատիկական թատրոնի ֆոյե։ Կազմակերպիչներ՝ Կայթ մշակութային հանգույց և Իրական դպրոց։
Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում փետրվարի 7-23-ը տեղի ունեցած Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը: Միջոցառմանն ամեն տարի մասնակցում է Ժողովրդական արվեստների թանգարանը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Թանգարանի վարպետները` Արմենուհի Խաչատրյանը, Մարինե Ղարիբյանը և Թագուհի Ասատրյանը, ներկայացրել են հայկական ձեռարվեստի բազմազան նմուշներ և անցկացրել վարպետաց դասեր` հայկական ձեռարվեստով հետաքրքրվող տարբեր տարիքի այցելուների համար: Հայաստանի տաղավարն արժանացել է 2-րդ կարգի մրցանակի` «Լավագույն օտարերկրյա տաղավար» անվանակարգում: Մրցանակը թանգարանի վարպետ, ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանին շնորհել է Հնդկաստանի բնակարանային և քաղաքային հարցերի նախարար Մանոհար Լալ Խաթթարը: Հայ վարպետները Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը մի շարք երկրների դեսպանների և դիվանագետների կանանց, ինչպես նաև Հնդկաստանում բնակվող օտարերկրացիներին և տեղացիներին ներկայացրել են Հայաստանի մասին պատմող նյութեր, ինչպես նաև անցկացրել տիկնիկագործության և կարպետագործության վարպետաց դասեր:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ` գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Կաթողիկե Սբ.Աստվածածին և Սբ. Աննա եկեղեցիների բակում, մարտի 2-ի Սբ. Պատարագի խորհրդակատարության ավարտին, նախաձեռնությամբ ՀՀ Վաստակավոր արտիստ` Արսեն Գրիգորյանի, Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի, պարի համույթի և «Հայ Ասպետ» դպրոցի, տեղի կունենա Բուն Բարեկենդանին նվիրված` «էկան հայոց ազգին օրերը, հանեցեք հիները, հագեք նորերը» խորագիրը կրող միջոցառումը: