Սուրբ Ծննդյան տոնախմբություն

Սուրբ Ծննդյան տոնախմբություն

Սուրբ Ծննդյան տոնախմբություն

Շարունակելով ձևավորված ավանդույթը՝ հունվարի 6-ին, ժամը 13:30-ից (ժամը 10:30-ին մեկնարկող Սուրբ Ծննդյան տոնի Պատարագից հետո), Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում իրականացվելու է Սուրբ Ծննդյան մեծ տոնախմբություն:
Սպասվում են հայ ավանդական երգեր և պարեր։
Ավանդական երգին և պարին առնչվող այլ միջոցառումներևի մասին կարող եք տեղեկանալ՝ միանալով #ԱրիՊարի տելեգրամյան ալիքին՝
https://t.me/ariparenq

Սուրբ Ծնունդն Արատտայի և Վարը Վարենկի հետ

Սուրբ Ծնունդն Արատտայի և Վարը Վարենկի հետ

Սուրբ Ծնունդն Արատտայի և Վարը Վարենկի հետ

Ամէն տարի հասնենք բարով, աւետի՜ս,
Երկար կեանքով, առողջ անձով, աւետի՜ս։
2025-ի առաջին հանդիպումը կայանալու է «ԱրաՏՏա» ազգային ծրագրի հետ՝ Սուրբ Ծննդյան շնչով, հունվարի 5-ին, ժամը 14:00-ին, Մանկական այգում (Զաքյան 15)։
Ձեզ սպասվում է․ ազգային երգեր ու պարեր, հայկական ավանդական խաղեր մեծերի և փոքրերի համար, տարեհացի համտեսում և տարվա հաջողակի բացահայտում, թեյի հյուրասիրություն։ Մուտքն ազատ է։

ԳՈԲԵՆԱԿԻ ԺԱՆՅԱԿ

Գոբենակի ժանյակի հայրենիքը համարվում է Իտալիան, որտեղից այն 16-րդ դարից տարածվել է ողջ Եվրոպայում: 19-րդ դարում այն մեծ ժողովրդականություն էր ստացել Արևելյան Եվրոպայում՝ մասնավորապես սլավոնական էթնոսների մեջ: Այսօր էլ Ռուսաստանում, Չեխիայում, Սլովակիայում և այլ երկրներում գոբենակի ժանյակը շարունակում է պահպանվել ու զարգանալ որպես ազգային մշակույթի մաս:

Գոբենակագործ ժանյակը հայոց մեջ հայտնի է 19-րդ դարի կեսերից, սակայն, հնարավոր է նաև ավելի վաղ դրա գործածությունը, քանի որ բարբառներում պահպանվել են դրա տեղական անվանումները: Օրինակ Վանում այն հայտնի էր ճան-պարկ անունով, իսկ Կարինում՝ քոփանակ ձևով, որտեղից էլ առաջացել է հայերեն գոբենակ տերմինը: Գոբենակով հյուսած ժանյակները, բացի Վանից ու Կարինից, հայտնի էին Ալեքսանդրապոլում, Երևանում, Շուշիում, Թիֆլիսում և Արևմտյան Հայաստանի ու հայաբնակ այլ քաղաքներում:

Գոբենակն իրենից ներկայացնում է բարձիկ և փայտե կոճիներ, որոնց վրա փաթաթվում է գործող թելը: Գոբենակով ժանյակ հյուսելու համար բարձիկի վրա ամրացնում են ժանյակի տեխնիկական նկարը, որոնց վրա, թելերի հատման կետերում անցքեր են արված: Այդ անցքերում ամրացնում են քորոցներ, որոնց շուրջ էլ փաթաթում են, պտտում են թելերը որոշակի ուղղությամբ: Գոբենակով հյուսում են ինչպես երկար, ժապավենաձև, այնպես էլ խոշոր ու մանր չափերի առանձին ժանյակներ, որոնք միացնելով իրար ստանում էին մեծ չափերի ժանյակե առարկաներ: Գոբենակի ժանյակ հյուսում էն ինչպես բամբակյա, այնպես էլ մետաքսյա, վուշե սև ու սպիտակ թելերով:

Ավանդաբար հայուհիները գոբենակով գործել են առավելապես ժապավենաձև ժանյակներ սպիտակ բամբակյա թելերով՝ որպես եզրազարդ օգտագործելու համար, սակայն թանգարանային հավաքածուներում առկա են նաև փոքրաչափ տակդիրներ կամ ծածկոցներ, ինչպես նաև այլ առարկաների գեղազարդման մեջ գործածված ժանյակներ:

20-րդ դարում գոբենակի ժանյակը մոռացության մատնվեց, սակայն արդի հայ վարպետներից Անահիտ Իսունցը և Արմինե Աթոյանը սկսել են ստեղծագործել նաև այս տեխնիկայով:

FB_IMG_1729160231475

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

FB_IMG_1729160231475

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է:

Այս օրվա ճանաչումը ոչ միայն տոն է, այլև գործելու կոչ: Այն հիշեցնում է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսական կարևորության մասին՝ մեր ինքնության ձևավորման, սոցիալական համախմբվածության խթանման և հասարակության կայուն զարգացման ապահովման գործում: Կենսունակ ավանդույթները՝ լինեն դրանք բանավոր պատմություններ, կատարողական արվեստ, ծեսեր կամ արհեստագործություն, փոխանցվել են սերունդների միջոցով՝ մարմնավորելով մեր նախնիների գիտելիքը, հմտությունները և արժեքները: Դրանք պարզապես անցյալի մասունքներ չեն, այլ դինամիկ արտահայտություններ, որոնք շարունակում են ձևավորվել և զարգանալ մեր համայնքներում:

Պետության առանցքային քաղաքականության մաս են ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գնահատումն ու տարածումը, ըստ պատշաճի հանրահռչակումը, պահպանումն ու փոխանցումը: Այդ արժեքները ոչ միայն կենսունակ են համայնքներում, այլև գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես ազգայինի և համամարդկայինի համադրում: Այս համատեքստում հոկտեմբերի 17-ին ՀՀ մարզերում և թանգարաններում կկազմակերպեն մշակութային միջոցառումներ, տարաբնույթ նախագծեր՝ հանրությանն իրազեկելու և ևս մեկ քայլ մոտեցնելու մեր ոչ նյութական ժառանգությանը։

Այս առիթով շնորհավորում եմ ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի կենսունակությունն ապահովող բոլոր անհատներին՝ արհեստագործ վարպետներին ու արվեստագետներին, ոլորտի մշակութային, կրթական և հասարակական կազմակերպություններին ու համայնքներին:

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը եկեք վերահաստատենք մեր հանձնառությունը՝ պահպանելու մարդկային ստեղծագործության անգնահատելի արտահայտությունները և ապահովելու դրանց փոխանցումը գալիք սերունդներին:

«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» խորագրով գիտաժողով

«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» խորագրով գիտաժողով

«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» խորագրով գիտաժողով

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» խորագրով եռօրյա գիտաժողովը, որը նվիրված է Գագիկ Գինոսյանի հիշատակին: Մեծ է Գ. Գինոսյանի վաստակը հայ ժողովրդական պարերը վերակենդանացնելու, վերամշակելու և իր խոսքերով ասած՝ ժողովրդին վերադարձնելու գործում: Հայրենիքի նվիրյալ զավակի հիշատակին նվիրված գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

Գիտաժողովը բացեց և հակիրճ խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանը: Այնուհետև ողջույնի խոսք ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տ․գ․դ․ Յուրի Սուվարյանը։ Գագիկ Գինոսյանի ավանդն արժևորեց և ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ, ա. գ. թ. Նաիրա Կիլիկչյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ նաև հայ պարագիտության արդի խնդիրներին:

Այնուհետև լիագումար նիստը, որն ընդգրկում էր տարբեր ուղղվածություն ունեցող զեկուցումներ, վարում էր ՀԱԻ փոխտնօրեն, բ․գ․թ․ Տորք Դալալյանը, ով համառոտ ներկայացրեց նաև գիտաժողովի հղացման գաղափարը: ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության գ/հ խմբի ղեկավար, պ.գ.դ., պրոֆ․ Համլետ Պետրոսյանը ներկայացրեց «Պարը և խնջույքն ըստ միջնադարյան դրոշմազարդ կարասների և տապանաքարային պատկերաքանդակների» զեկույցը: Իր խոսքում Հ. Պետրոսյանն անդրադարձավ նաև Գ. Գինոսյանի՝ մարդ-արվեստագետ-ազատամարտիկ կերպարին: Բ.գ.թ. Նվարդ Վարդանյանը ներկայացրեց «Շրջանի խորհուրդը ժողովրդական խաղերի, հայրենական կլոր պարերի և ծիսերգերի համատեքստում» զեկույցը: Ա.գ.թ., «Կարին»-ի անդամ Անի Հակոբյանի զեկույցը նվիրված էր առանցքային մի խնդրի՝ «Ինքնությունից պար, թե՞ պարից ինքնություն»: Ուշագրավ մեկ այլ նյութ՝ «Եվրոպական պարերը և հայ իրականությունը (18-րդ դար – 1930-ական թթ.)», ներկայացրեց Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արծվի Բախչինյանը: Գիտաժողովի շրջանակում կայացավ ևս չորս նիստ՝ «Պար և ազգագրական միջավայր» (նիստավար` Սուրեն Հոբոսյան), «Ավանդական պարի բեմականացում» (նիստավար` Նվարդ Վարդանյան), «Գագիկ Գինոսյանը՝ պարագետ և պարակերտիչ» (նիստավար` Հռիփսիմե Պիկիչյան), «Պարը և ծեսը հնագույն պատկերագրության մեջ» (նիստավար` Հասմիկ Գալստյան):
Պարագիտական գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են սեպտեմբերի 28-ին և 29-ին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նիստերի դահլիճում (հասցե՝ Չարենցի 15)։

Ավանդական խաղերի ուսուցում

Ավանդական խաղերի ուսուցում

Ավանդական խաղերի ուսուցում

Գիտե՞ք արդյոք` ինչ խաղեր էին խաղում ձեր նախնիները, հիշո՞ւմ եք ձեր ամենասիրելի բակային խաղը, հետաքրքրվո՞ւմ եք արդյոք՝ ի՞նչ խաղեր են այսօր բակում խաղում երեխաները։

Սեպտեմբերի 26-ին` ժամը 16:00-ին եկե՛ք Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան (ք. Երևան, Աբովյան 64)՝ միասին հիշելու մեր ավանդական խաղերը, քննարկելու, նաև՝ խաղալու։ Այո՛, եկե՛ք ձեր երեխաների, ընկերների կամ հարևանի հետ միասին. մի քանի խաղ ենք սովորելու և խաղալու։

«Հենքի» անդամները կպատմեն նաև այս տարի Գեղարքունիքի մարզում իրականացրած իրենց բանահավաքչական աշխատանքների որոշ հետաքրքիր դրվագներ։ Կցուցադրվեն հատվածներ մեր աշխատանքների ընթացքում արված տեսանյութերից, հատվածներ՝ միջին և ավագ սերնդի պատումներից։

Մեր եղած բոլոր գյուղերում՝ անկախ տարիքից և զբաղվածությունից, մարդիկ սրտաբաց կիսվել են իրենց հիշողությամբ, իմացությամբ, և մենք մեր մասնագիտական պարտքն ենք համարում այն փոխանցել ձեզ, հանրայնացնել մեդիահարթակներում, ուսումնասիրության նյութ դարձնել գիտության համար, նոր ու թարմ շնչով փոխանցել եկող սերնդին։ Մշակույթը կենսունակ է այնքան ժամանակ, քանի դեռ այն կրող և փոխանցող կա։

«Հենք» գիտամշակութային ՀԿ

«Ալագյազի մանիներ» մուլտֆիլմի շնորհանդես

«Ալագյազի մանիներ» մուլտֆիլմի շնորհանդես

«Ալագյազի մանիներ» մուլտֆիլմի շնորհանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի կողմից իրականացված «Ալագյազի մանիներ» ծրագիրը կամփոփվի համանուն մուլտֆիլմի շնորհանդեսով:

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00–ին, Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրում՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ, տեղի կունենա մուլտֆիլմի շնորհանդեսը, իսկ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, մուլտֆիլմը կցուցադրվի Երևանում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում:

Իսահակյան բնակավայրում տեղի կունենա նաև համերգային ծրագիր՝ համայնքի մշակույթի տան և գյուղի դպրոցի սաների մասնակցությամբ: Նախատեսվում են նաև «Արևիկ» մանկապատանեկան երգչախմբի ելույթը և միասնական շուրջպարը մուլտֆիլմի երգի հնչողության ներքո:

Նախատեսվում է մուլտֆիլմը ներառել թանգարանի կրթական ծրագրում՝ ներկայացնելով ոչ միայն Ավետիք Իսահակյանի կյանքն ու ստեղծագործական ուղին, այլև Վարդավառի և Համբարձման տոները՝ վարպետի ժողովրդական բառ ու բանով համեմված «Ալագյազի մանիներ» պոեմի միջոցով: Կրթական ծրագրի ինտերակտիվ հատվածում երեխաներին կուսուցանվեն ֆիլմում ներկայացված Վարդավառի կամ Համբարձման տոնի ծիսակարգերը, երգերն ու պարերը։

Ծրագրի նպատակն է Ավետիք Իսահակյանի ստեղծագործության միջոցով սերունդներին փոխանցել հայկական տոների խորհուրդը, որը կիրականացվի թվային տեխնոլոգիաների և ինտերակտիվ ուսուցման միջոցով:

«Ձեռամբ հյուսած» ծրագիր

«Ձեռամբ հյուսած» ծրագիր

«Ձեռամբ հյուսած» ծրագիր

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00–ին, «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի կունենա կարպետագործության և գորգագործության ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ծրագրի մասնակիցների 50 լավագույն աշխատանքները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և «Արևածին» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Ծրագրի ընթացքում Ալավերդի համայնքում տեղի են ունեցել կարպետագործության և գորգագործության դասընթացներ՝ ներգրավելով համայնքի բնակիչներին՝ առանց տարիքային սահմանափակման։ Ուսուցանվել են կարպետագործության և գորգագործության տարբեր տեխնիկաներ՝ նպաստելով համայնքում դրանց պահպանությանը, փոխանցմանն ու համայնքի անդամների սոցիալական ներգավվածությանը։ Համայնքի լայն մասնակցությունն ապահովելու նպատակով տեղի են ունեցել ինտերակտիվ տեղեկատվական հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվել են հայկական կարպետների և գորգերի ստեղծման, ծագումնակաբանական, զարդանախշային և այլ առանձնահատկություններ:

Ծրագրի նպատակն էր Լոռու մարզի Ալավերդի համայնքում ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, նպաստել հայկական գորգարվեստի և կարպետագործության գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, համայնքի սոցիալականացմանը, մշակութային և տնտեսական աշխուժացմանը, ստեղծագործականություն ու եկամուտներ գեներացնելու հնարավորությունների ընդլայնմանը:

«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը

«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը

«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը

1874 թ.-ին Պոլսում գրավոր առաջին անգամ հրատարակվել է «Սասունցի Դավիթ» էպոսը:

Ի հիշատակ էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի, Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհերը» պոեմի 105-ամյակի, ինչպես նաև Ավ. Իսահակյանի 150-ամյակին ընդառաջ (2025), ստեղծվելու է «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հավաքածուից:

Այս եզակի գորգը ստեղծվել է 1939 թ․-ին՝ «Սասնա Ծռեր» էպոսի 1000-ամյակի առիթով։ Մեկ տարի անց Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը նվիրում է այն Ավետիք Իսահակյանին՝ բանաստեղծի 65-ամյակի կապակցությամբ։ Հայ դյուցազներգությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իսահակյանի ստեղծագործությունում․ Վարպետը մշակել է էպոսի չորրորդ ճյուղը՝ «Փոքր Մհերը»:

«Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

«Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը»

Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը

«Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում բացվեց «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ժամանակավոր ցուցադրությունը, որի նպատակն է Ալեքսանդրապոլը` այժմյան Գյումրին, ներկայացնել որպես Հայաստանի ինքնատիպ կոլորիտ ունեցող եզակի քաղաք, պատկերացում տալ Ալեքսանդրապոլի խոհանոցային մշակույթի մասին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել ճանաչելու ու ըստ արժանվույն գնահատելու դրանք:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 20-ը: