Հայկական ժողովրդական երգերի հերթական բաց դասը տեղի կունենա «Վան» ավանդական երգի-պարի խմբի հետ միասին։ Կսովորեք ժողովրդական երգեր խմբի երգացանկից, որոնց մեծ մասը մեզ են հասել Հայրիկ Մուրադյանի միջոցով։ Հանդիպումը՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 19։30-ին, «Բարձունք»-ում (Արմեն Տիգրանյան 23)։ Միջոցառմանը մասնակցության համար երգել իմանալը պարտադիր չէ․ ժողովրդական երգերը բոլորինն են, դրանք կարող է երգել յուրաքանչյուրը՝ անկախ ձայնային տվյալներից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ սեպտեմբերի 20-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում կմեկնարկի «Շիրակյան ուտեստներ» փառատոնը, որի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ժամանակավոր ցուցադրությունը:
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում ներկայացվելու են տարածաշրջանին բնորոշ ուտեստները և դրանց պատրաստման ընթացքը:
Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն և մոռացված ուտեստներին, մասնակցելու համտեսի։
«Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ժամանակավոր ցուցադրության նպատակն է Ալեքսանդրապոլը` այժմյան Գյումրին, ներկայացնել որպես Հայաստանի ինքնատիպ կոլորիտ ունեցող եզակի քաղաք, պատկերացում տալ Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղի մասին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել ճանաչելու ու արժանվույնս գնահատելու դրանք:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման եռօրյա դասընթացը:
Վերապատրաստումներին մասնակցել են ՀՀ տարբեր թանգարանների աշխատակիցներ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելով ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես թանգարանային միջավայրերում տեղական համայնքների ներգրավմամբ կենսունակ ժառանգության պահպանության հարցերի վերաբերյալ: Դասընթացի իրականացմամբ ոլորտի մասնագետներին մեթոդական խորհրդատվություն է տրամադրվել թանգարաններում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման, փոխանցման և հանրահռչակման ուղղությամբ:
Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Թեհրանի կենտրոնի գլխավոր տնօրեն Աթուսա Մոմենին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային խորհրդատու և դասընթացավար Ժանետ Բլեյքը:
Դասընթացն անցկացվել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարաններում, այն վարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներ Ժանետ Բլեյքը և Ջոաննա Օրրը։ Դասընթացին տեսակապով միացել է նաև Ղազախստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մուզաֆարովը, որը թեմայի շրջանակում ներկայացրել է թանգարաններում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Ղազախստանի փորձը: Թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացել են նաև Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) տնօրենի տեղակալ Լուչիմարա Լետելյերի՝ Բրազիլիայում իրականացրած հետազոտության արդյունքներին. տեսանկարահանումը պատրաստվել էր դասընթացի համար։ Տեղի են ունեցել նաև կարպետագործության և գաթայի թխման վարպետության դասեր։
Նշենք, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թեհրանի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է երկու միջազգային դասընթաց՝ 2017 և 2019 թվականներին, որոնք ուղղված էին համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու միջազգային հայտերի պատրաստմանը և ներկա դասընթացը այդ շարունակական համագործակցության և ոլորտի խթանմանն ուղղված հերթական կարևոր նախաձեռնություն էր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի գլխավոր տնօրեն Աթուսա Մոմենիին:
ԿԳՄՍ նախարարության և կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների և Եղեգնաձորի երկրագիտական թանգարաններում անցկացվել են վերապատրաստման եռօրյա դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ տարբեր թանգարանների աշխատակիցներ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելով ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ թանգարանային միջավայրերում տեղական համայնքների ներգրավմամբ կենսունակ ժառանգության պահպանության հարցերի վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության և Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար վերապատրաստման հագեցած դասընթաց իրականացնելու համար: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ սա, անկասկած, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի հետ հետագա համագործակցության լավ հիմք կհանդիսանա:
Կենտրոնի գլխավոր տնօրեն Աթուսա Մոմենին ընդգծել է՝ վերապատրաստման դասընթացը շատ օգտակար է եղել մասնակիցների համար. «Հայաստանը թանգարանների երկիր է և ունի ոչ նյութական մշակութային հարուստ ժառանգություն: Կարծում եմ՝ այս հաջողված փորձը հիանալի հնարավորություն է համագործակցության ընդլայնման համար»:
Անդրադառնալով հետագա համագործակցության հնարավորություններին՝ Աթուսա Մոմենին ընդգծել է հատկապես Երևանի Կապույտ մզկիթի շենքային պայմանների բարեկարգման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու դրա իրագործմանը:
Կողմերը քննարկել են նաև իրանական ժողովուրդների ազգային վիպերգության` «Շահնամեի» թարգմանությանը, ինչպես նաև հնագիտական ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Հայկական դուդուկի կանչը» խորագրով 2-րդ փառատոնը։
Փառատոնի մեկնարկը ազդարարվել է Սարդարապատի հուշահամալիրից «Վահագն» դհոլահարների անսամբլի (ղեկավար՝ Արազ Օրդյան) քայլերթով դեպի թանգարան։
Ծրագրի շրջանակում թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է «Հայկական դուդուկի մեղեդիները» խորագրով ցուցադրությունը: Հայոց ազգագրության թանգարանի բացառիկ հավաքածուի հետ առաջին անգամ ներկայացվել է նաև վարպետաց վարպետ Կարո Չարչօղլյանի անձնական նվագարանը՝ դուդուկը: Այնուհետև թանգարանի կենտրոնական դահլիճում Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի նվագակցությամբ առանձին կատարումներով հանդես են եկել դուդուկահար-վարպետներ Գևորգ Դաբաղյանն ու Կամո Սեյրանյանը։
Սեպտեմբերի 14-ին և 15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի, Երևանի և Արցախի արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները:
Երկօրյա միջոցառմանը կարող եք ձեռք բերել գեղեցիկ իրեր, մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները:
«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնն իրականացվում է «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ:
Ծրագրի կազմը շնորհակալություն է հայտնում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնին՝ քանդակների պարտեզը տրամադրելու համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Լիճք, Ծակքար, Վարսեր, Գեղամավան համայնքներում իրականացվում է «Ավանդական խաղերի գրառումներ Գեղարքունիքի մարզում» ծրագիրը: Ծրագիրն ուղղված է այդ համայնքներում դեռևս կենսունակ, ինչպես նաև մոռացության ենթակա խաղերի գրանցման և տեսանկարահանման միջոցով դրանց պահպանությանն ու տարածմանը: Ծրագրի նպատակն է նաև գրանցված խաղերի՝ կրթական համակարգում կիրառումը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել Գեղարքունիքի մարզի խաղերի շտեմարան, որը հասանելի կլինի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի խաղերի շտեմարան դաշտում (https://int-heritage.am/game-repository/): Ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում գրանցված խաղերից մեկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=vT68a_Ee9M4&t=56s
Օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։ Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և իրանական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների մշակույթը, արվեստն ու արհեստը։
Այս ամենը տեղի կունենա փառատոնի հիմնական 4 գոտիներում․ հայկական և իրանական ուտեստների պատրաստման և ներկայացման գոտի, արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման գոտի, երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման գոտի, մրցութային հանձնաժողովի գոտի:
Փառատոնի վերջում կամփոփվեն մրցույթի արդյունքները և կշնորհվեն պարգևներ հաղթողներին։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակութային կենտրոնի եվ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։
Berry Festival հատապտուղների փառատոնի կարևորագույն նպատակը ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդների և տարբեր կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների հանդիպումն է, փորձի փոխանակումն ու համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը, հատապտուղների մշակության արժեշղթայի կայացմանը:
Բազմաթիվ շահառու և ոչ շահառու ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ Շիրակի և հարակից մարզերի մի շարք համայնքներից կմասնակցեն Հատապտուղների փառատոնին, որպեսզի վայելեն գյուղական միջավայրը, արժանին մատուցեն հողի աշխատավորին և օգնեն ավելացնելու իրենց եկամուտները:
Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն և ցուցադրողներին կտրվեն պատվոգրեր ու մրցանակներ: Տոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, շիրակցիներին բնորոշ ջերմ ընդունելությամբ և հյուրասիրությամբ, ինչպես նաև ավանդական համերգային ծրագրով` երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, խաղերով, վարպետաց դասերով ու պարային համարներով։ Փառատոնը կանցկացվի հուլիսի 27- ին, ժամը 12։00-ին։ Վայրը՝ Շիրակի մարզ, գյուղ Հայկավան, Նոր թաղամաս 1-ին փողոց, շ.29։ Մուտքն ազատ է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում սեպտեմբերի 12-14-ը տեղի կունենա «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթաց։
Դասընթացը նախատեսված է Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար՝ մեթոդական խորհրդատվության տրամադրման միջոցով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման և հանրահռչակման ուղղությամբ կազմակերպվող գործընթացները թանգարաններում արդյունավետ իրականացնելու համար:
Այն կվարեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված արտերկրի 2 փորձագետներ: Դասընթացի բոլոր օրերին ներկա գտնված մասնակիցներին կտրամադրվեն վկայականներ:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թ. օգոստոսի 15-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://shorturl.at/WIfRG ։
Տեղերը սահմանափակ են. ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2024 թ. օգոստոսի 30-ը։