Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն անցկացվեց մայիսի 17-ին, իսկ մայիսի 18-ին ավանդաբար նշվեց Թանգարանների միջազգային օրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, որ զբաղվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությամբ և հանրահռչակմամբ, մշակութային երկօրյա տոնին բացեց իր դռները բազմաթիվ այցելուների առջև՝ վերանորոգման աշխատանքներից հետո։ Թանգարանում նաև անցկացվեցին հայկական ավանդական խաղեր՝ «Վարը վարենկ» նախաձեռնության հետ համատեղ։
Այս տարի նշվում է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը։ Եվ «Բարձունք»-ի «Ձայնիկ ունիմ» շարքի առաջին հանդիպումը նվիրված էր հենց իրեն՝ Հայոց երգի հայրիկին։ Օրվա հյուրն էր բանահավաք, էթնոերաժշտագետ, պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը։ Հայրիկ Մուրադյանի երգացանկը (ավելի քան 150 գեղջկական և քաղաքային երգեր) նոտագրվել և «Հայրենի երգեր» կոչվող ժողովածուի տեսքով լույս է տեսել հենց շնորհիվ Ալինա Փահլևանյանի։
«Երգատեղ ստուդիան» մեկնարկում է «Երգում ենք ԿՈՄԻՏԱՍ» դասընթացների չորրորդ շրջանը մեծահասակների համար: Սկիզբը՝ մայիսի 3-ին, ժամը 19:30-ին։ Դասընթացը վարում է Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը։ 6 հանդիպման վճարը՝ 12.000 դրամ։
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում մայիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, տեղի կունենա հերթական դասախոսությանը՝ «Հայկական տոնացույցի գարնանային տոները» թեմայով․ բանախոս՝ Կարինե Բազեյան։ Մուտքն ազատ է:
Տարիներ ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներքո գործող Պարի միջազգային խորհրդի որոշմամբ՝ ապրիլի 29-ը հռչակված է պարի միջազգային օր:
Ազգային երգ ու պարի ակադեմիան՝ «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի գլխավորությամբ, նորովի և աննախադեպ մասշտաբներով նշելու է պարի միջազգային օրը Հայաստանում՝ ապրիլի 29-ին՝ երեկոյան 19։00-ին, Երևանի Ազատության հրապարակում։
Յալալի, Տերն հարություն է առել, Յալալի, հավը կարմիր է ածե՜լ․․․
Հայկական ազգային երգերի հերթական բաց դասը նվիրված է լինելու Զատկի տոնին։ Հյուրերն են լինելու «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի երեխաները, խմբի երգուսույց՝ Անուշ Բալբաբյանը և երաժշտագետ, ֆոլկորագետ, բանահավաք Մարգարիտ Սարգսյանը։
Կխոսվի Զատկի օրվա խորհրդի, տոնական ծիսակատարությունների մասին, տեղում՝ միջոցառման ժամանակ միասին կփորձեք կյանքի կոչել մի քանի անչափ գեղեցիկ ծիսական դրվագներ։ Ու իհարկե, անպայման, միասին կերգեք Զատկի երգեր։
Հանդիպումը՝ ապրիլի 27-ին՝ ժամը 13։30-ին, Անգլիական այգում (Իտալիայի փող. և Մովսես Խորենացու փող. խաչմերուկ)։
Ապրիլի 26-ին Հանքավան գյուղը կդառնա հայկական և հունական մշակույթների խաչմերուկ։
Հայաստանի հունական համայնքների միությունը, «Գրին Հիլզ Ռեզորթ» հյուրանոցը, «Ափ Ափի» ավանդական երգի և պարի խումբը, «Վարը Վարենկ» ՀԿ-ն և Ipsilon Drive Tour-ը հրավիրում են Հանքավան բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծանոթանալ հայկական և հունական մշակույթներին ու սովորել համշենական և պոնտական ազգային պարեր։
Միջոցառումը կմեկնարկի Սուրբ Գեորգիոս հունական եկեղեցու այցելությամբ, այնուհետև կշարունակվի «Գրին Հիլզ Ռեզորթ» հյուրանոցի բակում, որտեղ հանդես կգան Հայաստանի հունական համայնքի գեղարվեստական խմբերը, և կանցկացվեն ազգային պարի վարպետաց դասեր։
Սկիզբը՝ ժամը 12:00, Հանքավանի Սուրբ Գեորգիոս եկեղեցու հարակից տարածքից։
Հնագիտության և ազգագրություն ինստիտուտի (ՀԱԻ) Բանագիտության բաժինը ապրիլի 17-ին «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում կազմակերպել էր հանդիպում արվ. գ. թ., կոմիտասագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Տաթևիկ Շախկուլյանի հետ։
Տ․ Շախկուլյանը ներկայացրեց «Կոմիտաս Վարդապետը որպես երաժշտական բանահյուսության մասնագետ» խորագրով բանախոսությունը: Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվողներ։ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ներկայացրեց բանախոսին, կարևորեց նման հանդիպումները՝ նշելով սա հերթական համատեղ բանախոսություններից է։
Տ․ Շախկուլյանը ներկայացրեց Կոմիտաս երաժշտագետին, նրա դերը հայ և օտար երաժշտաարվեստում. «Չկա ֆոլկլորագիտության որևէ հիմնախնդիր, որին իր ժամանակ այս կամ այն կերպ անդրադարձած չլինի Կոմիտասը՝ սկսած ֆոլկլորագիտության հիմքերի հիմքը կազմող հավաքչական աշխատանքից, որով նա զբաղվել է իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում՝ գրի առնելով երեքից չորս հազար նմուշ», -նշեց նա։
Բանախոսությունն ավարտվեց Կոմիտասի «Սև ա չոբանի շունը» երգի կատարումով։
Ապրիլի 20-ին, ժամը 13:30-ից (10:30-ին մեկնարկող Զատկական Պատարագից հետո) Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում իրականացվելու է Սուրբ Հարության մեծ տոնախմբություն:
Սպասվում են հայ ավանդական երգեր, պարեր, պարուսուցում: