making-of-the-armenian-gata-and-its-cultural-manifestations

Գաթայի պատրաստումը և մշակութային դրսևորումները

making-of-the-armenian-gata-and-its-cultural-manifestations
Գաթանախշիչներ, Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածու

Գաթայի պատրաստումը և մշակութային դրսևորումները Քաղցր թխվածք, որը պատրաստվում է յուղով, կաթով, ձվով, մեջը խորիզ դրած կամ անխորիզ խմորից, իսկ պաս օրերին՝ ձեթով: Գաթան պատրաստվում է խմորի շերտերով եւ ունի պատրաստման մի շարք փուլեր: Գյուղական համայնքներում մեծ կարեւորություն է տրվում գաթայի խմորի հունցմանը, թոնիրը վառելուն: Դրանց մասնակցում են ոչ միայն տվյալ տան, այլեւ հարեւան կանայք: Գաթայի պատրաստման ընթացքում կարեւոր գործառույթ ունի շրջանաձեւ, տափակ, հարթ մակերեսով փայտե զարդանախշիչը (գաթանախշիչ): Դրանով գաթայի վրա հիմնականում պատկերում են արեւի եւ լուսնի նշաններ: Գոյություն ունեն գաթայի ամենատարբեր բաղադրատոմսեր, որոնք տարբերվում են խմորի ու խորիզի տեսակով եւ ձեւով՝ կլոր, քառակուսի, ուղղանկյուն, շեղանկյուն, մեծ, փոքր եւ նախշազարդ:

Գաթան տոնածիսական համակարգի ուտեստ է, որի կլոր ձեւն առնչվում է արեւի պաշտամունքի հետ: Հայաստանում հանդիսավոր եւ տոնական օրերին (մկրտություն, հարսանիք, հուղարկավորություն եւ այլն) թխել են ու մինչեւ օրս էլ շարունակում են տարբեր տեսակի գաթաներ պատրաստել։ Վերջին շրջանում հասարակության մեջ գաթան ավելի լայն կիրառություն է ստացել: Այն մատուցվում է ոչ միայն ժողովրդական եւ ընտանեկան տոնակատարությունների ժամանակ, այլեւ դարձել է ամենօրյա ուտեստ: Հարսանիքների ընթացքում գաթայով պարի կատարումն ամուսնացողների ընտանիքին բախտավորություն ապահովելու խորհուրդն ունի: Կլոր գաթայի մեջ ընդեղեն կամ մետաղադրամ են դնում եւ հավատում, որ այդ կերպ եւս նպաստում են ընտանիքի բարօրությանն ու հաջողությանը, իսկ մետաղադրամը գտնելը հաջողություն է բերում:

Սբ․ Զատկի տոնը թանգարանում

Սբ․ Զատկի տոնը թանգարանում

Սբ․ Զատկի տոնը թանգարանում

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ:
Զատկե զատիկ է,
Չամչե հատիկ է:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ:
Զատկի ձուն ներկի,
Դրկիցին տվի:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ:

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում ապրիլի 9-ին, ժամը 15:00-ից իսկական տոնախմբություն է սպասվում՝ Զատկական խաղերով, ծեսերով, ազգային երգ ու պարով։

Բացվեց «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Բացվեց «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Բացվեց «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Մարտի 21-ին Երևանի պատմության թանգարանում բացվեց «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Այստեղ ներկայացվել են մասնավոր հավաքածուներից մեկտեղված հնաոճ, հուշանվերային, ինչպես նաև հեղինակային տիկնիկներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ: Ցուցահանդեսի համադրող՝ Մարինա Խաչմանուկյան:

Կբացվի «Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսը

Կբացվի «Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսը

Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Տիկնիկային պատմություններ» խորագրով ցուցահանդեսը: Կներկայացվեն մասնավոր հավաքածուներից մեկտեղված հնաոճ, հուշանվերային, ինչպես նաև հեղինակային տիկնիկներ:

Ցուցահանդեսի առանձնահատկություններից մեկն այն է, որ տիկնիկները տեղ կգտնեն թանգարանի ֆոնդերից մեկում, որտեղ ներկայացված է 19-րդ դարի Երևանին բնորոշ կահույքը: Ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ:

Մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը

Մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը

Մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կազմակերպմամբ մարտի 13-ին մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը:

Դասընթացն անցկացվում է մարտի 13-16-ը Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում: Ծրագրին մասնակցում են թանգարանների, գրադարանների, արխիվների մասնագետները, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ներկայացուցիչները:

Ծրագրի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, վարչության թանգարանների գծով գլխավոր մասնագետ Գոհար Սաիյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը:

Դասընթացը վարում էին Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն և գրաֆիկական աշխատանքների վերականգնող, կանխարգելիչ պահպանության մասնագետ, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության գլխավոր քարտուղար Կամիլ Օմոնը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է և շնորհակալություն հայտնել մասնակիցներին՝ ծրագրին լայն մասնակցություն ապահովելու համար: «Անչափ ուրախացնող է այն փաստը, որ ծրագրին մասնակցելու համար գրանցված 50 մասնագետներից այսօր դասընթացին մասնակցում են պատմամշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտի ավելի քան 70 մասնագետներ: Սա միանշանակ վկայում է դասընթացի կարևորության մասին: Ծրագիրն իրականացվում է ֆրանսիական կողմի աջակցությամբ, որի հաջորդ փուլերը կանցկացվեն հունիսին և հոկտեմբերին: Վստահ ենք, որ ֆրանսիացի գործընկերների ներկայացրած փորձը մեր մասնագետները կյուրացնեն և կկիրառեն ի շահ մեր երկրի»,- նշել է նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնել ֆրանսիացի գործընկերներին և մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Մարի Կուրսելոն շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալին ծրագրի մեկնարկին մասնակցելու համար և շեշտել, որ ոլորտի մասնագետների համար նախատեսված այս կարևոր ծրագիրը կլինի շարունակական և կամփոփվի այս տարեվերջին:

Վերապատրաստման դասընթացի նպատակն է աջակցել մշակութային հաստատություններին մշակելու «Մշակութային արժեքների պահպանության պլանը» (ՄԱՊՊ):

Տեսական հատվածի ընթացքում բանախոսները ներկայացրել են «Մշակութային արժեքների պահպանության պլանի» մարտահրավերները, առաջնահերթ տարհանման ենթակա մշակութային արժեքների դասակարգումը, մեթոդաբանական ընտրությունը և մշակութային արժեքների տարհանման պլանի կազմումը: Դասընթացի առաջին օրը մասնավորապես անդրադարձ է կատարվել արտաքին և ներքին ռիսկերի վերլուծությանը: Դասընթացն ուղեկցվում է գործնական վարժանքներով և խմբային աշխատանքով:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին Մատենադարանում իրականացվել է եռօրյա վերապատրաստում-դասընթաց՝ նվիրված մշակութային արժեքների պաշտպանության թեմային: Հանդիպումների շրջանակում ներկայացվել է Ֆրանսիայի լավագույն փորձը:

Նշենք, որ 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը

ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը

ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը

Կայացել է «Կայթի» նոր՝ ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը։
ՆՈՒԱԳ-ը «Կայթ» նվագախմբի նախագծերից է, որը ներկայացնում է հայ ավանդական պարեղանակները նոր մշակմամբ և գործիքավորմամբ՝ ընգրկելով քիչ շրջանառվող կամ նախկինում երբևէ չձայնագրված նմուշներ։

Նախագծի նպատակներն են. հայ ավանդական պարերի երաժշտական ֆոնդի թարմացումը, քիչ շրջանառված կամ չձայնագրված պարեղանակների հանրահռչակումը, պարախմբերին, պարուսույցներին և ազգային պարերով հետաքրքրվողներին նոր գործիքակազմի տրամադրումը:

Բացվել է «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Բացվել է «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Բացվել է «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում բացվեց ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարճյանի, Հուրի և Սալպի Իփեքճյանների և Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ասեղնագործության վարպետներին ցուցադրության բացման առթիվ և կարևորեց, որ նրանք կարողացել են պահպանել հայ ժողովրդի մշակույթի մի ճյուղը՝ չնայած ժողովրդի նախկին և ներկա ծանր ճակատագրի։

«Ասեղնագործությունը, որպես ազգային արվեստի դրսևորում, հանձին ձեզ՝ ունի և կունենա իր շարունակությունը»,-նշեց ՀԹՄՄ նախագահն ու կարևորեց նաև ասեղնագործության վարպետների մանկավարժական գործունեությունը տարբեր հաստատություններում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր օրհնության խոսքում կարևորեց ասեղնագործության վարպետների գործն ու առաքելությունը՝ նշելով․ «Ձեր կերտածը մեր նախնիների հիշողության նորովի դրսևորումն է, այն հիշողության, որ փորձեցին ջնջել 1915 թ-ին և դրանից հետո։ Այդ հիշողությունը, ի դեմս ձեզ, որպես սերմնահատիկ, ծլարձակեց և ժողովրդին վերադարձրեց իր կորսված ասեղնակարը, ստեղծագործությունը․ առանց այս ասեղնակարերի և խորհուրդների, մեր ինքնության մի սյուն կփլվի»։

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը և հավելեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փափագն է, որ պահպանվեն և սերնդեսերունդ փոխանցվեն դարերի հոլովույթում ժողովրդի կյանքում ձևավորված նման ազգաշեն ավանդույթները։

Ցուցադրության բացմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի Արաբական Հարապետության Արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, արվեստաբաններ և արվեստասերներ։

Արվեստաբան, գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը նկատում է՝ սիրիահայերի վերադարձը հայրենիք նոր շունչ բերեց, նոր մթնոլորտ ձևավորեց․ «Եթե մինչ օրս սիրիահայերը զբաղվում են ասեղնագործությամբ, պարտական ենք Սիրիային, որտեղ արդիական գործարանների կողքին մեծ տեղ ուներ արհեստագործությունը, դրանում՝ մեր հայրենակիցները»,-հավելեց արվեստաբանը։

«Արմատներ»․ ասեղնագործ իրերի ցուցադրություն

«Արմատներ»․ ասեղնագործ իրերի ցուցադրություն

Մարտի 7-ին, ժամը 16:00-ին «Թեքեյան» մշակութային միությունում կկայանա ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարջյանի, Աիդա Սանթուրյանի և Հուրի Իփեքճյանի «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրության բացումը։

Ասեղնագործության վարպետները, որոնք ստեղծագործում են արդեն 35 տարուց ավելի, տարիներ առաջ Հայաստան են եկել Սիրիայի տարբեր հայաշատ քաղաքներից՝ իրենց հետ բերելով Մարաշի, Ուրֆայի, Վանի, Սվազի և այլ շրջանների ասեղնագործության ավանդույթները։ Հայաստան տեղափոխվելուց հետո նրանք կատարելագործել են ասեղնագործության հմտությունները՝ իրենց ստեղծագործություններում ավանդականը համադրելով նորաձևի հետ, որպեսզի նոր սերունդը ընդունի և փոխանցի այն։ Կներկայացվեն սփռոցներ, բարձերի ծածկոցներ, խաղալիքներ, պայուսակներ և դեկորատիվ-կիրառական արվեստի այլ իրեր, որոնցում արտացոլված են հայկական ասեղնագործության նրբագեղ և յուրահատուկ կողմերը, դարերի պատմություն և նշանակություն ունեցող ասեղնակարերը։

Արծաթյա զարդերի ցուցահանդես

Արծաթյա զարդերի ցուցահանդես

Մարտի 7-ից ապրիլի 7-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում կգործի ժողովրդական վարպետ Արմեն Վարդապետյանի (ՎԱՌ) անհատական ցուցահանդեսը՝ «Կիլիկիա» խորագրով: Կներկայացվեն նրա հեղինակած արծաթյա զարդերը, ինչպես նաև նկարները՝ ոգեշնչված Կիլիկյան Հայաստանի արվեստից, մասնավորապես մանրանկարչությունից:

 

Հրատարակվել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» պատկերագիրք-ուսումնասիրությունը

Հրատարակվել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» պատկերագիրք-ուսումնասիրությունը

ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը ՌԴ Ռուսական ազգագրության թանգարանի հետ հրատարակել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն, անգլերեն պատկերագիրք-ուսումնասիրությունը: Այն հրատարակվել է 2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Գիտական հանրույթի ու ընթերցողների լայն շրջանակի համար նախատեսված այս հրատարակությունը Ռուսական ազգագրության թանգարանի ազգագրագետ-նկարիչ Կ. Զ. Քավթարաձեի՝ Շուշի և Թիֆլիս քաղաքների էքսպեդիցիայի նյութերի վերաբերյալ առաջին ուսումնասիրություն-հրատարակությունն է:
Պատկերագիրք-ուսումնասիրությունը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ՌԴ Ռուսական ազգագրության թանգարանի գիտական խորհուրդների որոշմամբ:

Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է՝ համալրելու արտասահմանյան կարևորագույն գրադարանների ֆոնդերը: