Համեցեք Ջրվեժ համայնքում իրականացվող ավանդական պարի ամենամսյա բաց դասին։ Այս անգամ միայն պարուսուցում չէ, նաև ավանդական Վարդավառի տոնախմբություն է։ Վարդավառը միայն ջրոցին չէ, այն պարունակում է շատ գեղեցիկ, բայց արդեն մոռացված ծիսակատարություններ։ Պատրաստելու եք տոնի ծիսական տիկնիկ, քայլելով շրջելու եք տնից տուն, Խնդում (ծիսական ծառ) եք պատրաստելու, պարեցնեք և իրար ջրեք` անձրև ու առատություն ստանալու ակնկալիքով ։ Եթե ուզում եք դառնալ ավանդական Վարդավառի մասնակից, վերցրեք ձեր դույլերը և միացեք։ Հանդիպումը կկայանա հուլիսի 5–ին, ժամը 17:00-ին։ Վայրը` Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածք։ Օրվա հյուր` Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ավանդական երգի-պարի համույթ։ Կազմակերպիչներ` Ջրվեժի համայնքապետարան և Անանենց Արվեստանոց։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված «Կրթիր՝ կրթողին» խորագրով ծրագիրն ամփոփվել է «Տերյան մշակութային կենտրոնում» կազմակերպված ցուցադրությամբ: Այն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում արժանացել էր հավանության:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 արցախցիներ մասնակցել են հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներին՝ տիրապետելով թաղիքագործության, ասեղնագործության, կավագործության գիտելիքներին և հմտություններին: Արդյունքում՝ մասնակիցները սովորել են ասեղնագործության տարբեր տեսակներ, թաղիքագործության և կավագործության տեխնիկայի հմտություններ՝ պատրաստելով դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր նմուշներ՝ հագուստի աքսեսուարներ, զարդեր, խեցեղեն իրեր, հուշանվերներ և այլն:
Ծրագրի նպատակն էր նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նոր մասնագիտությունների ձեռքբերմանը, սեփական արտադրանք ունենալու հնարավորության, համագործակցային կապեր հաստատելու հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև ստեղծագործական, կրթական, աշխատանքային պայմանների և եկամուտ ստանալու հնարավորությունների ստեղծմանը: Նրանք էլ իրենց հերթին շարունակական աջակցություն կցուցաբերեն մյուս արցախցիներին:
«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը», շարունակելով իրականացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրեն վստահված առաքելությունը, հայտարարում է 2024թ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ վկայական շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունելություն: Եթե ստեղծագործում եք դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում՝ պահպանելով հայկական արհեստագործության ավանդույթները, ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ ժողովրդական արվեստի պահպանման, շարունակական զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցելու գործում, օգտվել մի շարք արտոնություններից և դառնալ Ժողովրդական արվեստների թանգարանի բարեկամը, ապա շտապեք դիմել:
Կարող եք դիմել, եթե
Զբաղվում եք ձեռքի աշխատանքի վրա հիմնված ժողովրդական արվեստով (մետաղի, քարի, փայտի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, թաղիքագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, գորգագործություն, կարպետագործություն և այլն)՝ մեքենայական աշխատանքի թույլատրելի չափաբաժնով,
Տիրապետում եք տվյալ արվեստի համար պահանջվող վարպետության տեխնիկա-տեխնոլոգիական հմտություններին և Ձեր գործունեության մեջ պահպանում եք ժողովրդական արվեստի պատմականորեն ձևավորված ավանդույթները (գեղարվեստական ու ոճական առանձնահատկություններ, կիրառվող նյութեր ու դրանց մշակման տեխնիկական և գեղարվեստական եղանակներ),
Ձեր ներկայացրած ստեղծագործությունների առնվազն կեսը ստեղծված է հայկական արհեստագործության ավանդույթներին համապատասխան (տեխնիկա, առանձնահատկություն, ազգային դիմագիծ, ավանդույթների պահպանման գեղարվեստական մոտեցում և այլն), իսկ մյուս կեսը կարող է լինել նորամուտ արհեստների կատարման եղանակով՝ ներառելով հայկական որոշակի տարրեր,
Մասնակցել եք առնվազն 2 ցուցահանդեսի,
ՀՀ քաղաքացի եք կամ Հայկական սփյուռքի ներկայացուցիչ,
Լրացել է Ձեր 18 տարին:
Անհրաժեշտ փաստաթղթեր.
Դիմում,
Լրացված հարցաթերթիկ,
Անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
Երկու գունավոր լուսանկար՝ 3×4 չափի,
Ինքնակենսագրական (ցանկության դեպքում նաև տեսաուղերձի միջոցով. տեսաուղերձը պարտադիր է Սփյուռքում բնակվող վարպետների համար),
Առնվազն 20 ստեղծագործության գունավոր լուսանկար՝ կից նկարագրություններով (ներկայացվող լուսանկարները պետք է լինեն առնվազն 1680×1320 չափի և JPG ձևաչափով, տպագրական տարբերակով ներկայացնելու դեպքում՝ առնվազն 13×18 սմ):
Կարգը, դիմումի ձևը և հարցաթերթիկը կարող եք ներբեռնել ստորև:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ.փոստին: Ուղարկելու հնարավորություն չունենալու դեպքում կարող եք փաստաթղթերը տպագիր տարբերակով ներկայացնել Ժողովրդական արվեստների թանգարան (ք. Երևան, Աբովյան 64)՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 11:00-ից 17:00-ն: Հարցերի դեպքում նշված ժամերին կարող եք զանգահարել՝ 010569380: ✔ Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 15:
Ս․թ․ մայիսի 11-23-ը, Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ և Ժողովրդական արվեստների թանգարանի մասնակցությամբ Լիբանանի /Բեյրութ, Անթիլիաս, Անճար/ 15 հայկական դպրոցում իրականացվեցին հայկական դարբնության վարպետաց դասեր։ Ծրագիրն անցկացվեց Թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Գայանե Ասլանյանի և գյումրեցի դարբին Հովհաննես Մնոյանի մասնակցությամբ։ Ժողովրդական արվեստների թանգարանն արդեն 3-րդ տարին է Բեյրութի Հայկազյան համալսարանի հրավերով՝ ի դեմս համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի, Բեյրութի հայկական դպրոցների աշակերտների համար իրականացնում է ժողովրդական արհեստների վարպետաց դասեր։ Ժողովրդական արվեստների թանգարանի և Բեյրութի Հայկազյան համալսարանի համագործակցությամբ իրականացվող վարպետաց դասերն անցկացվում են թանգարանի «Ինքնության դարբնոց» կրթարանի շրջանակում։ Հիշեցնենք, որ «Գյումրիի դարբնության ավանդույթը» 2023 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
«Մշակութամետ» նախաձեռնությունը «Վարը Վարենկի» հետ համագործակցությամբ Գեղամասարում նշեցին Համբարձման տոնը։ Համբարձման տոնն ունի շա՜տ հետաքրքիր ավանդույթներ, որոնք պահպանելով էլ անցկացրին օրը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները հասցրին` աղբյուրից ջուր վերցնել, վիճակ հանել, ազգային խաղեր խաղալ, սովորել ազգային երգ ու պար:
Մայիսի 10-ին կայացավ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի` «Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդեսը, որտեղ համաձուլվել էին ավելի քան 10 համայնքներում ստեղծված ձեռագործ աշխատանքներ: Ցուցադրությունը ներկայացնում էր «Տորքի որդեգրում» ծրագրի համայնքների` անցած տարում կատարած աշխատանքները: Մինչ միջոցառման ավարտը ժյուրիի անդամներ ազգագրագետ Կարինե Բազեյանը, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը և թանգարանագետ Լուսինե Թորոյանը, պարգևատրեցին հինգ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքների ստեղծագործությունները: Այս տարի հաղթող ճանաչված հինգ համայնքներն են. «Լավագույն դիզայն»- Բերդի մշակույթի տուն, «Յուրահատուկ Ստեղծագործություն»- Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոն, «Լավագույն աշխատանք»- Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն, «Հատուկ մրցանակ»-Արթիկի գեղարվեստի դպրոց, «Լավագույն համայնք»- Արագածի գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց: Մինչ օրս «Տորքի որդեգրում» ծրագրի շնորհիվ հայկական ավանդական գործվածքի արվեստին են ծանոթացել առավել քան 270 աշակերտներ՝ Հայաստանի 7 մարզերում: Ծրագիրը շարունակվում է ընդլայնվել՝ ներառելով նոր մարզեր ու համայնքներ:
Մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակներում պատրաստված «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Ծրագրի համակարգող Գոհար Մելիքյանը ներկայացրեց աշխատանքի ընթացքը և արդյունքերը՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար աշխատել են Սյունիքի մարզի ութ համայնքում։ Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան նաև ծրագրի ղեկավար, ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ Ժանետ Բլեքը։ Կայքի հղումը ստորև՝ https://www.syunikich.am/
Մայիսի 11-ին՝ ժամը 18:00-ին «Հրանտ Բաղդագյուլյան Արվեստանոց»-ում տեղի կունենա «Գորիսի բարբառը Հնդեվրոպական լեզվաընտանիքի ակունքներում» թեմայով բանախոսությունը: Խոսնակ՝ Մհեր Քումունց: Մուտքն ազատ է
Մայիսի 9-ին Մանկական այգում «Արատտա» կրթամշակութային ազգային ծրագիրը նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Օրակարգ. օրվա խորհրդի ներկայացում Սուրբ Սարգիս եկեղեցում, ծաղկահավաք Հրազդանի կիրճում, քայլերթ դեպի Մանկական այգի, ծաղկեփնջերի պատրաստում Մանկական այգում, Վիճակի ծեսը Մանկական այգում, Համբարձման աստղիկների պատրաստում, համերգային ծրագիր: