«Խորոտ»-ը մեկնարկում է 5-րդ ասեղնագործության դասընթացը՝ Երևանում։ Դասընթացի նպատակն է տարածել ձեռագործ մշակույթը եւ համալրել «Խորոտ» թիմը նոր ասեղնագործողներով։ Լավագույն արդյունքի հասած մասնակիցները կմիանան «Խորոտ»-ին։ Դասընթացի մանրամասները․ մեկնարկը՝ հունվարի 30, տևողությունը` 8 դաս, հաճախականությունը` շաբաթական 2 դաս /երկուշաբթի և հինգշաբթի օրերին/, յուրաքանչյուր դասի տևողությունը` 1-1,5 ժամ /18:30-20։00/, անցկացման վայրը` «Իրական դպրոց» ԿՀ /հասցեն՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 134/1/։ Անհրաժեշտ բոլոր պարագաները տրամադրվում են։ Դասավանդվելու է Մարաշի հյուսված կար։ Դասընթացի արժեքը՝ 7000դր.։ Գրանցվելու հայտը՝ https://forms.gle/qqsJQsq1WBueTWmF6։ Մանրամասների համար՝ [email protected], +37494548987։
Հունվարի 29-ին, ժամը 17:30-ին Հայաստանի նկարիչների միության 3-րդ հարկում տեղի կունենա «Մշակութամետ» նախաձեռնության 2-ամյակին նվիրված միջոցառում։ Ծրագրում նախատեսված են «Մշակութամետի» ուղին ամփոփող ցուցահանդես, թեմատիկ բանախոսություններ, համերգային հատված։ «Մշակութամետ» կրթամշակութային նախաձեռնության շրջանակում արվեստագետ-ուսուցիչները կամավորական հիմունքներով հանգստյան օրերին ուղևորվում են տարբեր սահմանապահ համայնքներ և տեղում կազմակերպում երեխաների մշակութային կրթությունը։ Ծրագիրը ներառում է ոչ միայն երաժշտական գործիքների, դերասանական և արվեստի այլ ճյուղերի ուսուցում, այլև կարևորելով ազգային արժեհամակարգը` կարպետագործության, գորգագործության, ասեղնագործության, ինչպես նաև ազգային երգ ու պարի խմբակներ։ Վերջինս պարտադիր առարկա է՝ անկախ ընտրված այլ խմբակներից։ Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել հետևյալ հղումով․ https://bit.ly/3whjPs2։
Հունվարի 13-ին Ձմեռային այգում տեղի ունեցավ միջոցառում՝ «Հին Նոր տարին միասին» խորագրով, որի շրջանակում «Վարը Վարենկ» նախաձեռնությունը ներկայացրեց ազգային երգ ու պար։
2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից գրահրատարակչության ոլորտում մեկնարկել է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային նոր ծրագիրը: Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել են արտերկրում գործող մոտ 500 գրադարաններ, որոնք համալրվելու են ծրագրի շրջանակում հրատարակված գրականությամբ: Ծրագրի համատեքստում խրախուսվում են հայ մշակույթի վերաբերյալ առավել հանրամատչելի շեշտադրումները՝ զերծ գիտական բառապատկերներից և բառամթերքներից, ինչը հնարավորություն է տալու ընդլայնելու ոչ միայն ոլորտն ուսումնասիրող մասնագետների շրջանակը, այլև ընթերցողական բազմաշերտ լսարանները: Ծրագրի գաղափարն ի հայտ է եկել եվրոպական երկրների մեծ մասի քաղաքային, շրջանային և համալսարանական գրադարանների տվյալների բազան ուսումնասիրելիս. արձանագրվել է այն փաստը, որ ֆոնդերում առկա Հայաստանին ու հայերին առնչվող հայ կամ օտար հեղինակների աշխատանքներ կամ չկան, կամ խիստ սակավ են: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով վերը նշված խնդիրներին, ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը նախևառաջ տեղեկատվական քաղաքականություն է, և միայն տիրապետելով ու կառավարելով տեղեկատվական հոսքերը՝ հնարավոր է բարձրացնել, ամրապնդել ճանաչելիության մակարդակն այդ դաշտում: «Ուսումնասիրելով դաշտում առկա խնդիրները՝ 2022 թվականին ներմուծել ենք «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային նոր անվանակարգը, ինչպես նաև դրամաշնորհային այլ ծրագրերով ևս հրատարակել ենք շուրջ 10 անուն գիրք: Հրատարակվել է կարևոր մի սկզբունքով. դա պետք է լինի հանրամատչելի: Լուրջ ուշադրություն ենք դարձրել ձևավորմանը և ոճին: Այժմ քննարկում ենք ինչպես տպագիր գրքի տարածման, այնպես էլ այդ տեղեկատվությունը թվային տիրույթում դիրքավորելու ուղղությամբ»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ հրատարակվել է մեծ անհրաժեշտություն ներկայացնող գրականություն, այդ թվում՝ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որն օտարազգի ընթերցողին, մասնագետին երբևէ հասանելի չի եղել և գալիս է լրացնելու հսկայական մի բաց՝ մեծանուն արվեստագետի կյանքին և գործունեությանը վերաբերող: Արա Խզմալյանը մատնանշել է նաև հայկական հնագիտական արժեքները, որոնք նույնպես օտարալեզու հանրությանը ներկայացված չի եղել, և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակել է բարձր չափանիշներով ներկայանալի հրատարակություն: Հրատարակվել է նաև Ալ. Սպենդիարյանի կյանքին և գործունեությանը նվիրված օտարալեզու պատկերագիրք՝ հարուստ արխիվային նյութերով: Որպես նախընտրելի թեմաներ՝ նախանշվել են հետևյալ ուղղությունները. Արցախի պատմամշակութային ժառանգություն (ներառյալ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների ժառանգությունը), hայկական գորգարվեստ (նաև ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսևորումներ), hնագիտական ժառանգություն, ուրարտագիտություն, հայկական ճարտարապետական ժառանգություն, դասական արժեքների միջազգայնացում: Նշենք, որ 2022 թվականին «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի շրջանակում հրատարակվել է արդեն 5 անուն գիրք. «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրք- ուսումնասիրություն (ֆրանսերեն), «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» (անգլերեն), «Արցախի վտանգված քրիստոնյա-հայկական ժառանգությունը» (անգլերեն), «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» (ռուսերեն, անգլերեն), «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (պարսկերեն): «Այս հրատարակությունները կարևորվում են նաև նրանով, որ տվյալ երկրների քաղաքացիները իմանան, թե հայկական մշակութային ժառանգության ինչ հավաքածուներ են առկա իրենց մշակութային օջախներում, իսկ հարգանքը ցանկացած ժողովրդի և նրա մշակույթի հանդեպ սկիզբ է առնում ճանաչողությունից: Այսինքն՝ բարձրացնելով իրազեկվածության մակարդակը Հայաստանի և Հայաստանից դուրս թանգարանային, գրադարանային ֆոնդերում պահվող և տարբեր հարթակներում ներկայացված արժեքների մասին՝ հաստատում են հնչեցրածս այն միտքը, որ մշակութային քաղաքականությունը տեղեկատվական քաղաքականություն է»,- շեշտել է նախարարի տեղակալը և տեղեկացրել, որ Հայաստանի մասին տեղեկատվության հասանելիությունը շարունակաբար ապահովելու համար այս ծրագիրն իրականացվելու է նաև 2023 թվականին և լինելու է շարունակական:
«Հայ ժողովրդական մանկական երգերի այս ընտրանին, որ ներկայացնում եմ ձեզ, ՀԱՅՈՑ ՄԵԾ ՏԱՆ սրբազան ՀԱՑԸ նըշխարքի պես բաժանելու խորհուրդն ունի․․․»․ Հասմիկ Հարությունյան Հունվարի 8-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ, «Շողակն» ֆոլկ-անսամբլի հիմնադիր Հասմիկ Հարությունյանի «Արև, արև, եկ, եկ» հայ ժողովրդական մանկական երգերի ժողովածուի և ձայներիզի շնորհանդեսը։
Տարեվերջին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը տարեվերջին հրավիրել էր «Այրոգի» ստվերների թատրոնի ամանորյա ներկայացմանը: Ստվերախաղքը ներկայացման ինքնատիպ ձև է և մեզ է հասել հնագույն ժամանակներից: Այն իր բնույթով ունի ծիսական սկիզբ և կապված է հոգու պաշտամունքի հետ: Ներկայացման գլխավոր կերպարը Ղարագյոզն է, որի շուրջ էլ ծավալվում են իրադարձությունները: Ներկայացվեցին Ղարագյոզի մասին ավանդական փոքրիկ մանրապատումներ՝ նաև հայկական հեքիաթների մոտիվներով:
Ամենամսյա «Վարը Վարենկ» նախաձեռնությունն այս անգամ տոնական էր։ «Երկար Հովհաննես» խաղ, տարեհացի «Փափուռի» պար, «Ավետիսների» երգեցողություն․ այս ամենը և ոչ միայն, տեղի ունեցան տարեվերջի «Վարը Վարենկին»՝ Մեղրաձորում։
Տարիների ընթացքում մեր մշակույթը բազում փոփոխությունների է ենթարկվել՝ մեր ազգային ավանդույթները, ծեսերը փոխարինելով օտարներից փոխառված սովորություններով։ «Վարը Վարենկը»՝ «Տոնացույցի» և «Հեքիաթի տան» հետ միասին, նոր անակնկալ էր պատրաստել՝ ազգային Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Դեկտեմբերի 24-ից նրանք մեկնարկեցին Մեծն Պապուկի փառատոնը։ Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ, Ամանոր անուններով: «Կաղանդ» բառը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը։ Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշ էր Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն (Կաղանդի ծառը)։ Փառատոնը ներառում էր Նոր տարվա ավետիսների և ազգային պարերի ուսուցում և կատարում, տարբեր ծիսական խաղերի մասնակցություն, տարեհացի ու ասիլ-վասիլների պատրաստում, ավանդական տոնածառի (Կաղանդի ծառ) պատրաստում և այլ հետաքրքիր բաղադրիչներ։ Միջոցառումները տեղի ունեցան Փամբակում, Մեղրաձորում և Բյուրականում։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ «Հայկական Ամանոր» խորագրով։ Միջոցառման շրջանակում ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը ներկայացրեց հայկական ավանդական Նոր տարվա խորհուրդը, ծեսերն ու ավանդույթները, որոնք փոքր-ինչ փոփոխված հասել են մեր օրեր։ Տոնական երեկոյի ծրագիրը շարունակեց «Ոստան» ավանդական երգի-պարի խումբը՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված կատարումներով։ Իսկ վերջում շատ հետաքրքիր ծեսով միջոցառման մասնակիցները կտրեցին տարեհացը և երգեցին սիրված ավետիսները։ Միջոցառումն իրականացվեց «Կենաց Տուն» մշակութային ՀԿ-ի և «Ոստան» ավանդական երգի-պարի խմբի հետ համատեղ։