vokal

Վոկալ-Նվագարանային

vokal

Դրսևորում է գտել հայ ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ երգարվեստում՝ որպես երգերին երաժշտապես լրացնող շարադրաձև, որն իր կատարման եղանակով նրանց հավելում է զուտ նվագարանային կերտվածքի ելևէջաչափական ուղղորդումներ, ինչն էլ փոխակերպում, հարստացնում է երգերի երաժշտական բովանդակությունը:

Գյուղական և քաղաքային երգեր, որոնք ունեն նվագակցություն:
Գուսանաաշուղական երգային հորինվածքներ, որոնք ունեն նվագակցություն:

 

nvagarvest-cover

Նվագարվեստ

nvagarvest

Իր մեջ ամփոփում է դարերի խորքից եկող հայ ժողովրդի կենցաղում տարածված հայկական ժողովրդական, նաև դասական և այլ նվագարանների վրա կատարվող ամբողջական, ավարտուն հորինվածքներ:
Տրոհվում է երեք բաղադրիչների.

  1. կենցաղային ազդեր
  2. ժողովրդական նվագներ
  3. գուսանաաշուղական նվագարանային երաժշտություն:

Կենցաղային ազդեր: Սրանք ժողովրդի կենցաղում իրերի, մարդու մարմնի մասերի (ձեռքեր, ոտքեր), հարկանային, փողային կամ լարային նվագարանների միջոցով արտաբերվող կոմունիկացիոն-ազդերի, ազդանշանների ելևէջաչափական կառույցներն են, որոնք ընդգրկում են մեկ-երկու հնչյունից մինչև մեկ երաժշտական ֆրազ ծավալ:
Ժողովրդական նվագներ: Սրանք գյուղական և քաղաքային կենցաղին հատուկ երաժշտական ավարտուն միտք արտահայտող նվագարանային դրսևորումներն են: Ընդգրկում է 2 ստորաբաժանում՝ ծիսական և աշխատանքային:


Ծիսական նվագներ.
1. Հարսանեկան 2. Սահարիներ
3. Միսմորթեքի նվագներ
4. Հարսանեկան երթերի
5. Կոխի
6. Հուղարկավորության
Հուղարկավորության երթի`
երբ իջեցնում են գերեզման:
7․ Տոնական կենցաղային 
8․ Լարախաղացների ներկայացումներին ուղղորդող,
9․ Մարզական նաև տղայական խաղերին (լախտի, հավալլա և այլն) ուղղորդող:

Աշխատանքային.
1․ Որսորդական ազդանշանային մեղեդիներ
2․ Ոչխարի կանչեր (անասուններին մեկտեղելու հովվի բլուլի նվագներ):
3․ Գուսանաաշուղական նվագարանային հորինվածքներ: Ընդգրկում է աշուղների (նաև մերօրյա գուսանների) նվագարանային ստեղծագործությունները՝ հետևյալ ենթատեսակներով.
ա) պալատական աշուղների նվագարանային հորինվածքներ,
բ) աշուղական մրցույթների ժամանակ հնչող նվագարանային հորինվածքներ:

surb-sargsi-tony-tangarannerum

Սուրբ Սարգսի տոնը Հայոց ազգագրության թանգարանում

Փետրվարի 12-ին, ժամը 12։00-ին «Սարդարապատի հուշահամալիր․ Հայոց ազգագրության թանգարան»-ում կնշվի Սուրբ Սարգսի տոնը։

Ծրագրում․

  1. Սուրբ Սարգսի տոնի խորհրդի բացատրություն
  2. Աղի բլիթի պատրաստման վարպետաց դաս
  3. Թոնրի գաթայի համտես։

Մասնակցության արժեքը՝ 1500դր․։

Լույս_է_տեսել_«Անկախության_«Սասնա_ծռերը»_էպոսը_հայ_արդի_գրականության

Լույս է տեսել «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս է տեսել Հայկ Համբարձումյանի «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը:

Անկախության շրջանում հայ գրական ու հանրային միտքն ընդգծված հետաքրքրություն է դրսևորում հայ վիպական բանահյուսության, մասնավորապես՝ հին առասպելների ու «Սասնա ծռեր» էպոսի նկատմամբ: Այդ հետաքրքրությունն արտահայտվում է ոչ միայն գեղարվեստական բնագրերում, այլև գրական-հանրային տարբեր քննարկումներում ու հասարակական-քաղաքական կյանքում:

«Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրության մեջ ներկայացվում, քննարկվում և վերլուծվում են էպոսի գրական, մշակութաբանական, փիլիսոփայական ու քաղաքական ընթերցումները: Այս անդրադարձները թեև տարբեր են իրենց բնույթով ու նպատակներով, սակայն ընդհանուր ժամանակի ծնունդ լինելով՝ արտացոլում են անկախության շրջանի հայ իրականության գաղափարական հիմնական միտումները:

bemadrakam

Բեմադրական Պար

Arzah-1

Բեմադրական պար: Այն ձևավորվել է 19-րդ դարի վերջերին քաղաքային միջավայրում, երբ պարը գնալով ձեռք է բերել հիմնականում ցուցադրական նշանակություն: Ժողովրդական պարային քայլերը, պարաձևերը, դիրքերը և նրանց բոլոր բաղադրամասերը անջատվել են իրարից՝ ստեղծելով բանկ, որտեղից կարելի է հանել և գործածել յուրաքնչյուր տարր: Մի կողմ են մղվել ծիսականությունը, տրամաբանական ու կատարողական բոլոր օրենքները: Գրեթե մոռացության են տրվել պարեղանակների գործածությունը, առավել ևս՝ երգվող տեքստերը: Յուրաքանչյուր պարուսույց կամ սիրող անհատ վերցրել է դուր եկած երաժշտական ստեղծագործությունը և դրան հարմարեցրել պարային քայլեր կամ դիրքեր, ձևավորել կիսապրոֆեսիոնալ մակարդակի շարժումների հավաքածու և համապատասխանեցրել բեմին: Այն կատարվել է կիսաժողովրդական, կիսաբալետային՝ ձգված մկանների ոճով՝ ձեռք բերելով երաժշտական նոր ստեղծագործության ուղեկցություն և նոր պարանուն:

Մշակումներ: 19-րդ դարի վերջին, հատկապես քաղաքային միջավայրում հայ ժողովրդական պարերը ենթարկվեցին որոշ մշակումների: Ավանդական պարերը, կտրվելով ծեսերով հագեցված կենցաղից և դառնալով ինքնուրույն ստեղծագործություններ, բավական երկար պահպանեցին իրենց կառուցվածքային առանձնահատկությունները, սակայն, հայտնվելով պետական և ինքնագործ անսամբլների ծրագրերում, որպես ցուցադրական նմուշ՝ ենթարկվեցին տարբեր աստիճանի մշակումների:

Հայ ժողովրդական պարերից բեմ-ցուցադրություն-համերգային նմուշ ստեղծելու նպատակով պարերը հարմարեցվեցին ցուցադրությանը և միայն դիտող հանդիսատեսի ճաշակին: Այսպիսի չափավոր մշակման ենթարկած պարերը հիմնականում մնացին իրենց կառուցվածքի մեջ և բավական երկար պահպանեցին պարաձևը, պարեղանակը, ձևավորման ու տեքստերի տրամաբանական կապը: Կարևորն այն է, որ պահպանեցին ավանդական պարի բնական շարժումների կատարողական ոճը: Այս տեսակն ինչ-որ մեկի թեթև բնութագրմամբ կոչվեց ազգագրական պար: Հետագայում միջամտության այս մեթոդով մի քանի պար իրար միացնելով և բեմին հարմարեցնելով՝ բնութագրեցին որպես ազգագրական պարերի շարան: Այսպիսի միջամտությունը, ըստ էության, հնարավորություն ընձեռեց ավելի հիմնավոր փոփոխությունների, որոնք աստիճանաբար ստեղծեցին պարերի տարրերով բեմադրություններ անելու լայն դաշտ: Այս տեսակը սկզբնական շրջանում համարվեցին ազգագրական պարի մշակումներ:

Ժողովրդական հասարակական պարերի մշակումներն աստիճանաբար վերադարձան ժողովրդին՝ ընդունելով նաև ազգագրական տերմինը՝ ավանդական ժառանգությունը հոգեբանորեն ազգագրականից` մշակվածից տարբերելու համար:
Մենապարերի մշակում: Ժողովրդական ծիսական մենապարերն ունեցան նույն ճակատագիրը: Սկզբում դրանք, բեմ բարձրանալով, պահպանեցին իրենց ամբողջական կառուցվածքը: Ի բնե իրենց ցուցադրական լինելու հատկանիշի պատճառով մենապարերը բեմի վրա ընդունելի էին: Մի փոքր ավելի ուշ, երբ պարզվեց, որ մենապարերն ունեն միայն աջ ու ձախ, օձաձև տարբեր պտույտներով, հորիզոնական հարթության վրա մեծ ու փոքր շրջանների դասավորումներով կառուցվածք, և որ մշակումների հնարավորությունները սահմանափակ են, պարերը բաժանվեցին իրարից անկախ մասերի, ապա մշակում անվան տակ նախկին ծիսական մենապարերի տարրերից հավաքվեցին տարբեր համադրություններ:

xmber

Հայկական Երգի Ու Պարի Խմբերի Ցանկ

xmber-cover
  1. «Ակունք». Մարո Մուրադյանի անվան ազգագրական պետական համույթ, գեղարվեստական ղեկավար` Արթուր Շահնազարյան
  2.  «Նուբար». հայ ավանդական երգի-պարի խումբ, հիմնադիր և ղեկավար` Լուսինե Նազարյան
  3. «Կարին». ավանդական երգի-պարի խումբ, գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան
  4. «Մասունք». Ռուդիկ Հարոյան անվան ազգագրական երգի-պարի համույթ, ղեկավարներ՝ Լուսինե Մկրտչյան, Հայարփի Անանյան
  5. «Վերադարձ». ազգագրական երգի-պարի համույթ, հիմնադիր և ղեկավար` Ալեքսանդր Ավետիսյան
  6. «Տարոնցիներ». ազգագրական երգի-պարի համույթ, ղեկավարներ՝ Կարեն Զադիրյան, Արմինե Մուրադյան
  7. «Վարք հայոց». ավանդական երգի-պարի խումբ, ղեկավար` Սարգիս Փարամազյան
  8. «Վան». Հայրիկ Մուրադյանի անվան ազգագրական համույթ, գեղարվեստական ղեկավար` Հարություն Փանոսյան
  9. «Սասնա ծռեր». ազգագրական երգի-պարի խումբ, հիմնադիր և ղեկավար` Հովհաննես Մկրտչյան
  10. «Մարանաթա». պարային համույթ, գեղարվեստական ղեկավար` Տիգրան Նորատյան, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք
  11. «Հորովել». երգի-պարի անսամբլ ՀՈԱԿ, տնօրեն՝ Արմեն Ներսիսյան, ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր
  12. «Սասուն». ազգագրական երգի-պարի խումբ, գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ Մանուկյան
  13. «Սասունիկ». ազգագրական պարի խումբ, գեղարվեստական ղեկավար՝ Սամվել Միքայելյան, ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնք
  14. «Արագած». պարային համույթ, գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Ջուլհակյան, ՀՀ Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ համայնք
  15. «Տավրոս». ավանդական երգի-պարի համույթ, գեղարվեստական ղեկավար՝ Լյուդվիգ Պողոսյան, ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք
  16. «Ոստան». ավանդական երգի-պարի անսամբլ, հիմնադիր և ղեկավար՝ Գայանե Բադալյան
  17. «Մշո հավքեր». ավանդական երգի-պարի համույթ, հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Խաչիկ Սողոյան, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ձորագյուղ համայնք
  18. «Մենք ենք մեր սարերը». Արցախի ազգագրական երգի-պարի պետական համույթ, գեղարվեստական ղեկավար՝ Գարի Ավանեսյան
  19. «Արեգ». ավանդական երգի-պարի համույթ, հիմնադիր և ղեկավար՝ Արտավազդ Այվազյան
  20. «Գորանի». Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ավանդական երգի-պարի համույթ, գեղարվեստական ղեկավար՝ Զավեն Թագակչյան, պարուսույց Գագիկ Ավետիսյան
  21. «Արդվին». ազգագրական համույթ, հիմնադիր և ղեկավար՝ Մասիս Հարությունյան, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան
  22. «Մարաթուկ». Մգրո Սարգսյանի անվան ազգագրական երգի-պարի համույթ, գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Թորոսյան
  23. «Մարաթուկցիներ». ազգագրական երգի-պարի համույթ, խմբավար՝ Արա Սարգսյան
  24. «Զարթոնք». ազգագրական երգի-պարի համույթ, ղեկավար՝ Գագիկ Սարգսյան
  25. «Տնջրե». ավանդական երգի ու պարի համույթ, հիմնադիր՝ Սարգիս Պարսամյան, սկզբնապես կոչվել է «Արցախ համույթ», 2018 թ. վերանվանվել է՝ Տնջրե։ Գեղարվեստական ղեկավար՝ Մանուկ Հարությունյան, Խմբավար՝ Մարատ Հարությունյան, Երաժշտական մասի ղեկավար՝ Վարազդատ Հովհաննիսյան:
avandakan

Ավանդաբար Ժառանգված Ժողովրդական Պար

avvvvvvv

Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ազգային բնութագիրն արտահայտող պարային մշակույթ, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, ժամանակի ընթացքում ենթարկվել է որոշ փոփոխությունների, սակայն հիմքում սրբազնորեն պահպանել է միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային, երաժշտական և արտահայտչական տեքստերը, որով և տարբերվել է այլ ժողովուրդներից: Հայ ժողովուրդն իր նախնիներից ժառանգություն ստացած պարային մշակույթը պահպանել է մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը: Վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունները ծանր հետևանքներ են թողել նաև այս ասպարեզում: Բացի նրանից, որ հիմնովին կորստի են մատնվել որոշակի գավառներին հատուկ բազմաթիվ պարեր ու պարատեսակներ, պահպանվածներն էլ կրել են մի շարք մասնակի աղավաղումներ ու կորուստներ: Այսօր քիչ թե շատ պահպանված օրացուցային տոներին տարբեր արարողությունների ժամանակ կատարվում են նոր, անհատական մեկնաբանություններ ձեռք բերած պարեր, որոնք ձևավորվել են իրարից անկախ պարաքայլերից ու թռիչքներից, ձեռք բերել մենապարերին հատուկ կատարողական ձևեր: Այդ պարերն, ըստ էության, դարձել են լիցքաթափման և տրամադրությունը փոխելու միջոցներ: Ժողովրդական պարն այսօր որոշ իմաստով պահպանվել է միայն հեռավոր կամ ինքնապարփակ կենցաղով ապրող գեղջկական վայրերում:

Ծիսական պար: Այս տեսակը նախնիներից ժառանգություն ստացած ժողովրդական պարի այն մասն է, որը կատարվել է կենցաղում՝ կապված տարեկան տոների, հարսանիքների, մահ-թաղում-սուգ արարողակարգի, ապա և՝ արտակարգ իրադրություններին առնչվող ծեսերի ու արարողությունների ժամանակ: Ժողովրդի ապրելակերպին համապատասխան՝ այն ունեցել է կենսական նշանակություն: Ծիսական պարերն իրենց կառուցվածքային բոլոր տարրերով համապատասխանել են ծեսին և առավելագույնս ամփոփել ու եզրափակել տվյալ ծեսի ներքին իմաստն ու խորհուրդը:

Տարեկան տոների հետ կապվել են այն ծիսական պարերը, որոնք կատարվել են տարեկան միայն մեկ անգամ՝ տվյալ տոնի ծիսական արարողությունների ընթացքում, որոշակի տեղում, ժամանակ, սեռատարիքային համապատասխան կազմով՝ արտահայտելով ծեսի հիմնական գաղափարը:
Տեառնընդառաջի ծիսական պար. կապվել է տոնի կրակ-արև-վառվող խարույկ հասկացության հետ: Ամուսնացող յուրաքանչյուր զույգի համար կատարվել է պարտադիր: Ծեսից ու պարից ակնկալվել է նախ` բնության, ապա և` տվյալ զույգի պտղաբերության ապահովում:

Գովընդը կատարվել է միայն հասուն տարիքի կանանց կազմով՝ տանտիկնոջ ղեկավարությամբ, հարս ու փեսայի հետ՝ փակ շրջանի դասավորությամբ: Մասնակիցներից յուրաքանչյուրը գործածել է մեկ վառվող մոմ:
Վերվերի՝ բարձր թռիչքներով. երկու գնալ, մեկ դառնալ պարաքայլով տղամարդկանց կազմով առանձին պարաշրջան, որը կանանց գովընդի շրջանն առել է իր մեջ կամ ուղղակի կատարվել կին-տղամարդ խառը դասավորությամբ:
Այլ պարեր. սրանց մեջ մտել են ներկաների տարբեր մենապարեր, հաճախ նաև՝ մի երրորդ շրջանով:
Բարեկենդանի ծիսական պարեր, որոնք հիմնականում կատարվել են երկրորդ շաբաթվա հինգշաբթի և կիրակի (բուն բարեկենդանի) օրերին:

Գովընդապար. երկու գնալ, երկու դառնալ պարաձևով՝ Վարդանանց ցուցքի մասնակից տղամարդկանց կատարմամբ: Պարագլուխը պետք է անպայման լիներ տեղի հոգևոր հայրը:

Զուգապար՝ երիտասարդ տղամարդկանց կատարմամբ. գովընդի փակ պարաշրջանի ներսում մրցույթ-գոտեմարտ՝ գլխատված աքաղաղի ձեռքբերման համար (աքաղաղի զոհաբերություն):

Գովընդապար՝ ծեր կանանց կատարմամբ. միայն աջ գնացող ծանր էպիկական պար, որով եզրափակել են Բարեկենդանի բոլոր արարողությունները:

Բարեկենդանի երկշաբաթյա ժամանակահատվածում կատարվել են ժողովրդական բոլոր պարերը, հատկապես ճանապարհի և ռազմական: Բացառություն է կազմել միայն դժբախտությունների և առանձնահատուկ իրավիճակների հետ կապված ծիսական պարերի կատարումը:

Մեծ պասի առաջին օրվա հետ կապված ծիսական պարեր:

Մախոխապրի պար. միայն ծեր տղամարդկանց կազմով, կլոր, փակ շրջանով, երկու գնալ, երկու դառնալ պարաձևով կատարվող ծիսական պար, որը տեղի է ունեցել Մեծ պասի առաջին օրը՝ առավոտյան, պարերգի ուղեկցությամբ՝ միայն երեք շրջանի պտույտով:

Սոխն ու սխտոր ծեծելու պար. կատարվել է Մեծ պասի առաջին օրը Մախոխապուր գովելու պարից հետո: Պարողները նույն տղամարդիկ են: Պարաձևը երկու գնալ, երկու դառնալ է, ոտքի, բռունցքի, արմունկի, գլխի և մարմնի տարբեր մասերի զարկերով: Խորհրդանշել է ապուրը սոխ ու սխտորով համեմելով ուտելու երևույթը: Կերակուրն ունեցել է գարնանային զարթոնքի ժամանակաշրջանում պաս պահելով մարմինը ճարպերից մաքրելու հատկություն, այսինքն՝ համապատասխանել է տոնի ներքնիմաստ ծիսականորեն (ներքուստ և արտաքուստ) մաքրվելու արարողությանը: Պարը խորհրդանշել է նաև մեռնող և հարություն առնող բնությունը: Պարաքայլը պատկանում է ոտք զարկելով քոչարիների ձևին:

Ծառզարդարի Վերվերի. Ծառզարդարի տոնը մտնում է Մեծ պասի յոթ պասավոր շաբաթների կազմում, որի ընթացքում սուգ համարվելու պատճառով արգելվել է երգելն ու պարելը: Ծառզարդարի կիրակի օրը եկեղեցում նշանված աղջիկների նշանը հարսնացուի տանը պաշտոնականացնելու դեպքում իրավունք է տրվել միայն տղամարդկանց կազմով պարելու:
Վերվերի՝ երկու գնալ, մեկ դառնալ պարաձևով. բարձր թռրչքներով, տղամարդկանց կազմով թռնոցի պար, որը կատարվել է կարճ՝ խորհրդանշական ձևով:

Վարդավառի տոնախմբությունների ընթացքում տեղի են ունեցել հասարակական պարեր, բայց տոնի հիմնական առանցքը համարվել է Խնդումի արարողությունը, որը պարունակել է երկու առանձնահատուկ ծիսական պար՝ Գովընդ և արարողապետ-քուրմ տանտիկնոջ պար:

Խնդումի Գովընդապար. փակ, կլոր պարաշրջանի մասնակիցները եղել են երիտասարդ տղաներն ու աղջիկները: Երկու գնալ, մեկ դառնալ,երկու գնալ, երկու դառնալ կամ միայն աջ գնացող էպիկական պար, որը կատարվել է տանտիկնոջ պարերգի ուղեկցությամբ:

Խնդումի տանտիկնոջ մենապար՝ զամբյուղով ու Կենաց ծառով, բանահյուսական երգվող որոշակի տեքստով, միջին տարիքի կնոջ մենապար, նախօրոք պատրաստած առաջին պտուղ -մրգերով (նուբար) ՝ խնձորով, տանձով, վարունգով զարդարված:
Խաղողօրհնեք.

Աստվածածնա տոն. Մայր աստվածուհուն նվիրված տոն, որը հետագայում վերանվանվեց Աստվածածին Մարիամի անունով:

Աստվածածնա պար. կատարվել է հազվադեպ, ժողովրդի հիշողության մեջ պահպանվել է որպես պտղաբերության աստվածությանը նվիրված ծիսակական պար- արարողություն:

Անդաստան անել. բացօթյա օրհնության արարողության պար, որի պարողները եղել են բացարձակապես հոգևոր դասին պատկանող տղամարդիկ: Պարաձևը պատկանում է էպիկական պարեր, աջ ու ձախ (տեղից գրեթե չշարժվելով) պարատեսակին:

Կատարվել են նաև ուրիշ տոնական պարեր, որոնց ծիսականությունը դեռևս չի բացահայտվել:
Հարսանեկան արարողությունների հետ կապվել են ծիսական պարերի հիմնական մասը՝ բացառությամբ տոները խորհրդանշող, դժբախտությունների, արտակարգ իրադրությունների հետ կապված առանձնահատուկ ծիսական պարերի:
Նշանադրության օրից սկսած՝ տարբեր առիթներով կազմակերպված հանդեսների ժամանակ հարսի ու փեսայի գերդաստանները պարել են: Հարսանեկան շաբաթվա, վերջին` պսակի օրը, ճաշկերույթի տանը զուգահեռ կազմակերպվել է առանձին պարատան հավաքույթ, որտեղ իրավունք են ստացել պարելու բոլոր նրանք, ովքեր ցանկացել են, բացառությամբ այրիների: Կատարվել են բոլոր պարերը ցերեկը և գիշերը ընթացքում՝ կրկնվելով մի քանի անգամ: Որոշակի ժամերին կատարվել են հատուկ ծիսական պարեր, որոնք հետապնդել են հատուկ նպատակներ:

Նախնիների հիշատակության և օրհնության պարերը դանդաղ աջ գնացող էպիկական բովանդակությամբ պարերն են:

Գովընդապարեր. նախնիների բարյացակամությունն ու օգնությունն ակնկալող պարեր, որոնք հիմնականում կատարվել են պարատանը՝ պարերը սկսելուց առաջ՝ որպես մուտք կամ նախաբան: Ունեցել են գերդաստանի նախնիներին հիշատակելու և հարգանք մատուցելու նպատակադրում:

Գերեզմանապար. կատարել է բուն հարսանիքը եզրափակող դեր, հատկապես փեսայի համար: Կատարվել է հազվադեպ, միայն այն դեպքում, երբ փեսայի հայրը չի արժանացել տղայի ամուսնության արարողությանը: Արարողությունը տեղի է ունեցել գերեզմանատանը, հանգուցյալի գերեզմանի շուրջ և վրա: Պարին մասնակցել են միայն տղամարդիկ՝ հոգևոր հոր և նվագածուների մասնակցությամբ: Փեսան պարով հորից ակնկալել է ցանկալի օրհնությունը:

Գերդաստանական կապերի հաստատման ծիսական պարեր.

Խնամու մենապար. կատարվել է ճաշկերույթի տանը՝ կեսգիշերին, հարսի գերդաստանից հիմնականում հոր, հորեղբոր կամ որևէ տարեց տղամարդու կողմից: Ունի մենապարի որոշակի կառուցվածք՝ իր ուրույն պարաքայլով և դասավորությամբ:
Պսակադրությունից հետո հարսին փեսայի գերդաստան ընդունելու պարեր:

Թագվորամե՛ր, դու՛րս արի. Հարսի ու փեսայի ընկեր-ընկերուհիների հրավերով, տանտիկնոջը հարսին ընդունելու հրավերի պար, որի կատարողները երիտասարդներն են: Գովընդաձև պարն ունի էպիկական-պատմողական բովանդակություն:

Տանտիկնոջ մենապար. պսակադրությունից հետո երիտասարդական հրավեր-պարին հաջորդող մենապար՝ հացով, քաղցրավենիքով, շնորհավորանքի և ընդունելության համբույրներով, որն ունի առանձնահատուկ դասավորություն՝ երկրորդ մասում վերածվելով կերպարանափոխությամբ սկեսուր-սկեսրայրի զուգապար- գոտեմարտի:
Նորապսակների պտղաբերությունն ու բարօրությունն ապահովող:

Հարս ու փեսայի մոմերով պար. կատարվել է հարսանեկան բոլոր արարողություններից հետո՝ որպես վերջաբան: Հարսանեկան բոլոր արարողությունների ներքնիմաստն ամփոփող պար-գործողություն է: Մասնակիցները միայն ամուսնացած, բազմազավակ, բախտավոր զույգերն են՝ հարս ու փեսային փակ, կլոր շրջանի դասավորության մեջ ընդգրկելով: Պարը կատարվել է վառած մոմերով: Ունի դանդաղ, խորհրդավոր, միայն աջ գնացող պարաքայլեր և էպիկական բովանդակություն: Պարով հարսն ու փեսան իրավունք են ստացել առագաստ մտնելու: Փեսան համարվել է հասուն տղամարդ, իրավունք է ստացել ցորեն ցանելու, տղամարդկանց հասարակական հավաքներին մասնակցելու:

Մահ-թաղում-սուգ.
Դրանք կիսաքողարկված շարժական տեքստերի անհատական, իմպրովիզացիոն, տեղին ու հանգուցյալի ընտանիքին, ապա և մահվան հանգամանքներին վերաբերող շարժական տեքստերն են, որոնք կատարվել են կանանց ողբերին զուգահեռ (նստմանց պարեր):

Մահվան կսկծի, տրորվելու հետ կապված շարժական կոմպլեքսներ, այսինքն՝ ողբը շարժումներով արտահայտելու գործողություն, որոնցում ակնհայտ են պարային դիրքերն ու նրանց՝ մեկից մյուսին անցնելու ձևերը (նստմանց պարեր):

Թաղման արարողության հետ կապված պարեր, որոնք տեղի են ունեցել տանը, թափորի երթի ճանապարհին և գերեզմանատանը: Թագավորների, սպարապետների, հերոսների կամ գերդաստանի միակ զավակների թաղման արարողություններն ընթացել են որոշակի ներկայացումներով՝ հանգուցյալի կյանքի ու գործերի նկարագրությամբ, որի ընթացքում տեղի են ունեցել նաև պարեր:

Սգահանեքի պարեր: Կատարվել են անդրշիրիմյան աշխարհ գնացած, ընտանիքի անդամի հետ ունեցած կապի պահպանման կամ կապերը կտրելու կապակցությամբ:
Սև հագուստ: Պարն իրավունք է տվել սգավոր ընտանիքի անդամներին կտրել կապը հանդերձյալ աշխարհի հետ, դադարեցնել արգելքները և փոխել սև հագուստները:

Տղամարդկանց մենապարեր, որոնք միջնորդի դեր են կատարել հանգուցյալի և նրա ընտանիքի անդամների միջև համերաշխություն սահմանելու գործում:

Արտակարգ իրադրությունների հետ կապված պարեր, որոնք կատարվել են բնության արհավիրքների, ընտանեկան ու անձնական անհաջողությունների մեջ հավասարակշռություն մտցնելու նպատակով:

Անձրև բերելու պարերը այն պարերն են, որոնք կատարվել են երաշտի ժամանակ՝ Անձրևի հարս՝ Նուրի շրջեցնելիս: Այդ պարերից ակնկալվել են բուսական ու կենդանական աշխարհի պտղաբերությունն ու բերքառատություը:
Անձրևի հարս տիկնիկին պտտեցնելու մանկական վերվերիներ՝ թռիչքներով, որոնք կատարվել են ոչ միայն չորային տարիներին, այլև Վարդավառի տոնակատարության և մանկական տարբեր խաղերի ժամանակ:

Օրհնության արարողություն. հոգևոր դասի կողմից պարով եկեղեցում և բացօթյա իրականացվող արարողություն, որը կատարվել է պատարագից անմիջապես հետո:
Անձրև կտրելու պարերը կատարվել են խոնավության գերազանցումը կամ որևէ վնասակար երևույթ կանխելու, ընդհատելու նպատակով:

Արջի պար: Միայն տղամարդկանց կողմից կատարվող անժամանակ տեղացող անձրևն ընդհատելու ծիսական պար, որը հետագայում, համապատասխան ծիսական պարերի փոխանցման օրենքի, դարձել է տղա երեխաների մանկական խաղ-պար: Այսպես է կոչվում պարի ինքնատիպ բռնելաձևի պատճառով:

Հիվանդություններ բուժելու, չար ուժերից պաշտպանվելու ծիսական պարեր: Ըստ ժողովրդական մտածողության՝ հիվանդությունների հարուցիչները չար ոգիներն են, որոնք, մտնելով մարդու մեջ, չարչարում, տանջում են նրան: Ըստ ժողովրդական բուժման օրենքների՝ պետք է մարմնից հեռացնել չար ուժերին, որպեսզի մարդն առողջանա:

Խղլացավ-պարելու ցավ. հիվանդություն, որն ախտորոշվում է հիվանդի պարասիրությամբ: Իր տեսակով այն հոգեկան խանգարման հետևանք է: Ժողովրդական բուժման միջոցը հիվանդին պարելով չարչարելն է երեքից յոթ օր, մինչև արցունքների ու փսխման օգնությամբ չար ուժերը լքեն նրան:

Թռիչքներով, ծափերով, ոտք զարկելով պարեր: Ժողովրդական մտածողության համաձայն՝ չարքերը վխտում են ամեն տեղ: Պարելու ժամանակ պետք է ոտքերով տրորել, թռիչքներով զարկել, ծափերով ջարդել, ոչնչացնել նրանց, որպեսզի ծիսական տարածքը մաքրվի և դառնա անխոցելի:

Տիեզերաստեղծման պարեր: Այն պարերն են, որոնք կապվում են դիցաբանության հետ: Կան բազմաթիվ առասպելներ, որոնք կապվում են տիեզերքի արարման տարբեր երևույթների հետ: Այդ կարգի արարողությունների համատեքստում ընդգրկված են նաև յուրահատուկ պարեր:

Շինարարական: Եկեղեցիների, վանքերի, կամուրջների կառուցումը մտնում է տիեզերքի արարման առասպելական գործողությունների մեջ: Նրանց կառուցումը պատկանում է աստվածային արարման ասպարեզին, որի իրականացումը պահանջում է շինության ամրությունն ու կայունությունը հաստատող զոհաբերություններ:

Գացեք, տեսեքը ևս տիեզերքի արարման դիցաբանական համատեքստում է, պարային կառուցվածքով պատկանում է աճողական տեսակին: Պարերգերի տեքստերում, պարաձևերի կատարողականության մեջ արտահայտվել են երկնքի ու գետնի, հոգու և մարմնի, ապա և՝ հասարակական կյանքի կարգավորման կարևոր հարցեր: Շինարարական պարերը հիմնականում կատարվել են քոչարու պարաձևի տարբեր պարաքայլերով:

Կենցաղայինը այն պարերն են, որոնք ժամանակի ընթացքում ծեսի աղավաղման, փոփոխության կամ կորստի հետևանքով պահպանվել են կենցաղում և դարձել ժամանցի դրսևորման ձևեր: Այդ պարերը հիմնականում պահպանել են իրենց ամբողջականությունը և կառուցվածքը, պարաքայլը, պարաձևը, պարատեսակն իր շարժական-երաժշտական արտահայտչական տեքստերով, կատարողների ու կատարման նախկին պարտադիր օրենքներով, բայց կատարվել են անկապ ամեն ինչից՝ որպես անկախ ստեղծագործություններ: Այդպիսի պարերը ձեռք են բերել կենցաղային ժամանցի նշանակություն՝ իրենց մեջ ընդունելով միայն ժամանակի հասկացությունների որոշակի դրսևորումներ:
Ժամանցի պարերը կատարվել են հասարակական տոնախմբությունների ժամանակ՝ հիմնականում բացօթյա հրապարակներում անցկացվող բազմամարդ միջոցառումների ընթացքում:

Հասարակական տոնախմբություններ: Նախկին ծիսական պարերը, որոնք վերածվել էին կենցաղայինի՝ ենթարկվելով անհատների մշակման: Սրանք մտել են պարային պետական և ինքնագործ անսամբլների ծրագրերի մեջ, լավագույն դեպքում պահպանելով կամ աննշան փոփոխություն մտցնելով պարաձևի, պարեղանակի, պարանվան, երբեմն նաև՝ կատարողի սեռի ու տարիքի մեջ:

Կլոր, փակ ու բաց շրջանով պարեր: Այդպիսի պարերն ունեն տարբեր դասավորություններ, տարբեր ավանդական պարաքայլեր: Կատարման ժամանակ ենթարկվել են փոփոխությունների և մշակումների:

Մենապարերը ծիսականությունը կորցնելուց հետո դարձել են կատարողի անհատական վերաբերմունքի և ակտիվ միջամտության գործոններ: Այդ պատճառով խախտվել է հորիզոնական հարթության վրա կատարվող պարաքայլերի և դասավորումների հերթականությունը, ծիսական հատկանիշների գործածությունը:

Ընտանեկան խնջույքային պարեր: Սրանք ժամանցի այն պարերն են, որոնք ենթարկվել են անհատների մշակմանը, փոխվել են պարաձևերը՝ ավելացնելով կամ պակասեցնելով որոշ քայլեր, որին համապատասխան՝ փոփոխվել է նաև պարեղանակը, կատարման ռիթմն ու տեմպը: Այդպիսի պարերը կատարվել են ընտանեկան հավաքների ժամանակ: Մենապարերը կատարվել են պարային կամայական շարժումներով ու պարաքայլերով և ունեցել են միայն լիցքաթափման նշանակություն:

Երիտասարդական և ընտանեկան հավաքների, հաճախ էլ հարսանիքների ժամանակ, առանց հաշվի առնելու որևէ հասարակական, ընտանեկան, տարիքային կարգավիճակ, պատահական երաժշտության, ավելի ճիշտ՝ երաժշտության ռիթմի տակ տեղի են ունենում մարմնի բնական շարժումներից կազմված կամայական թռիչքներով անորոշ պարեր:

Աշխատանքային. դրանք ծիսական պարերի այն նմուշներն են, որոնք կորցնելով իրենց ծիսական նպատակադրումը, վերածվել են կոնկրետ աշխատանքային գործառույթ նկարագրող պարերի, ունեն էպիկական պարերի նկարագրական բովանդակությանը համապատասխան կառուցվածք:

Քեչա լմել – տրորել: Այն մի յուրահատուկ պար-գործողություն է, որն իր էությամբ ոչ միայն ծիսական արարման նշանակություն և բովանդակություն է ունեցել, այլև երկար ու համառ աշխատանքի արդյունք է:

Սանդ ծեծելու պարով ցուցադրվել ու նկարագրվել է մի գործողություն, որը հնում ունեցել է ծիսական, իսկ այսօր՝ զուտ կենցաղային նպատակ:

Խմոր հունցել: Հաց ստեղծելու ծիսական արարողություն է, որի համար աշխատանքային օգնության մեծ կարիք է զգացվում, հատկապես տղամարդկային ուժի միջամտության: Պարն ունի այդ ընթացքը նկարագրելու կառուցվածք:

Քրդան կզի պարն իր շարժական տեքստով նկարագրում է կնոջ (քրմուհու) կերպարանափոխությունը, հագնվելը, իրեն ցուցադրելը, գուցե և ՝ նախապատրաստվելը՝ որոշակի ծես կատարելու համար:

Սոխ ու սխտոր ծեծելու պար: Կապվում է Մեծ պասի ծիսական կերակուր մախոխապուր ուտեստը սոխ ու սխտորով համեմելով ուտելու ծիսական գործողության հետ, որն այսօր, ի տարբերություն ծիսական պարի, դարձել է մանկական պար-խաղ: Այն նկարագրում է մարմնի բոլոր մասերով (ձեռքով, ոտքով, արմունկով) սոխ ու սխտոր ծեծելու աշխատանքը:

Շինարարական: Սրանք այն պարերն են, որոնք շարժական և երաժշտա-բանահյուսական տեքստով նկարագրում են տուն, եկեղեցի, վանք, կամուրջ կառուցելու գործողությունը:

Այլ աշխատանքները շարժման միջոցով նկարագրելու պարեր: Օրինակ՝ խնոցի հարել և այլն:

qaxaqayin-par

Քաղաքային Պար

qaxaqayin

Քաղաքային պար (կովկասյան կամ ասիական պար): 19-րդ դարի վերջին ձևավորվել է պարերի մի տեսակ, որի առաջացման վայրերը Անդրկովկասի մեծ քաղաքներն էին: Հատկապես Անդրկովկասի կենտրոն Թբիլիսիում ձևավորվեցին համքարային արհեստավորական բազմամարդ միություններ, որոնց մեջ ընդգրկվեցին Անդրկովկասում ապրող բոլոր ժողովուրդների արհեստավորները: Նրանք, իրենց հետ բերելով ազգային պարի որոշակի տարրեր, իրերի բերումով ստեղծեցին տղամարդկանց մենապարերի մի նոր տեսակ, որին տվեցին կովկասյան կամ ասիական պարանունը: Համքարությունների հիմնական կորիզը կազմում էին հայազգի տղամարդիկ: Այդ էր պատճառը, որ պարերի մեջ գերակշռում էին հայոց պարերի բազմաթիվ տարրեր: Սակայն այս պարերը ստացան նոր սազանդարների կողմից ստեղծված պարեղանակներ և ձևավավորում: Սկզբնական շրջանում նրանք կատարվել են համքարությունների ներսում, հետագայում իրենց շահեկան ու մրցութային բնույթի հետևանքով մտել անդրկովկասյան ժողովուրդների պետական ու ինքնագործ պարային անսամբլների ծրագրերի մեջ: Դրանցից ամենալայն ընդունելություն ստացան Շալախո, Լեզգինկա, Կինտաուրի, Միրզայի, Թարաքյամա և ուրիշ շատ պարեր, որոնք, շատ շուտով փոխանցվելով կանանց, ձեռք բերեցին նաև կանացի զուգապար կոչվելու իրավունք (հնում կանանց իրավունք չի տրվել տղամարդու պար կատարել):

Կովկասյան կամ Ասիական պարերը թեթև մշակումներով տեղափոխվեցին բեմից բեմ, ապա համերգների մրցութային ու վարակիչ կատարողականության հմայքի հետևանքով նորից վերադարձան կենցաղ: Կովկասյան կամ Ասիական պարերի արձագանքը կենցաղում ընդունվեց որպես հայկական ժողովրդական պարի մի նոր տեսակ, չնայած պարունակում էր վրացական և այլ ժողովուրդների պարաքայլեր, որոնք փոխարինվեցին հայկական պարաքայլերով:

hayastany-expo-2020-dubai

Հայաստանը՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» ցուցահանդեսում

«ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում հունվարի 30-ին նշվել է Հայաստանի ազգային օրը:

ՀՀ վարչապետի որոշմամբ կազմվել է պատվիրակություն՝ ցուցադրության շրջանակում Հայաստանի ազգային օրվան նվիրված տոնական հանդիսությանը մասնակցելու նպատակով: Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Վեց ամիս տևողությամբ այս մեծածավալ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։ Սա հիանալի առիթ է Հայաստանը, հայկական մշակույթն ու պատմությունն առավել լայն լսարանի ներկայացնելու ու հասանելի դարձնելու առումով։

Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ, որին հաջորդել է ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների գլխավոր հանձնակատար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։

«Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարևոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,- ընդգծել է նախարարը։

Պաշտոնական բացման արարողությունից հետո՝ ողջ օրվա ընթացքում, կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ։ Մշակութային երեկոն բացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը բազմաթիվ հյուրերի և ցուցահանդեսի՝ տարբեր երկրներից ժամանած այցելուների համար փայլուն ներկայացրել է «Խաչատուրյան ջազ» համերգային ծրագիրը։

«Բարեկամություն» պարի պետական ​​համույթի կատարմամբ կայացել է հայկական էթնիկ պարային համերգը՝ «Հայկական գույներ» պարային ներկայացումը, որից հետո հյուրերն այցելել են հայկական տաղավար՝ ծանոթանալու ներկայացված մշակութային ժառանգությանը, պատմությանը և մեր երկրի մտավոր ներուժին։

Օտարազգի հանդիսականի համար ցուցադրվել է նաև «Օլիմպիկոս» հայկական անիմացիոն մուլտֆիլմը: Մշակութային միջոցառումները եզրափակվել են հայկական էթնիկ ջազ երաժշտության՝ Արտո Թունջբոյաջյանի և Դավիթ Սուքիասյանի կատարումներով։

Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել նաև Հայաստան-ԱՄԷ պատվիրակությունների երկկողմ հանդիպումներ, քննարկումներ:

sasunci-d-par

Էպոսյան Օրեր

sasunci-davit-cover

«Էպոսյան օրեր» փառատոն

Իրականացվում է՝ 2011 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» ՀԿ

Իրականացման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Ուջան համայնք

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Փառատոնի նպատակն է ազգային էպիկական ժառանգության պահպանումը, սերունդներին փոխանցումն ու հանրահռչակումը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են բազմաժանր միջոցառումներ, մրցույթներ, որոնք ընդգրկում են ողջ հանրապետության տարածքը, իսկ ամփոփիչ փառատոն-տոնախմբությունը հիմնականում իրականացվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում:

Ծրագրի կարևոր բաղադրիչներից են Էպոսասացության մրցույթը և էպոսին նվիրված շարադրությունների հանրապետական օլիմպիադան: Հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվում են վիպասանության և շարադրությունների մրցույթներ, ապա մարզային փուլի հաղթողների համար կայանում է վերջնական ընտրական փուլ, իսկ հաղթողները ստանում են էպոսյան թեմատիկ մրցանակներ:

«Սասնա Ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» Հայաստանի Հանրապետության հայտը 2012 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: