Դեկտեմբերի 20-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ թաղիքե հրեշտակների պատրաստման վարպետաց դաս, որն անցկացրեց Բուրաստան Նիկողոսյանը (ԿԵՆԱՑ ՏՈՒՆ մշակութային ՀԿ)։
Դեկտեմբերի 18-ին Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվ․ պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը․ գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Դեկտեմբերի 17-ին Գորիսի Վ․ Վաղարշյանի անվ․ պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը․ գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
«Հեքիաթի տանը» պատրաստվում են Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին. դեկտեմբերի 17-ի միջոցառման մասնակիցները միասին զարդարեցին ավանդական տոնածառը և երգեցին Ավետիսներ, պատրաստեցին ծիսական տիկնիկներ Ակլա Մարեն, Ասիլ Բասիլը, վայելեցին անուշաբույր կաթնահունց, ունկնդրեցին Ստվերների թատրոնի ներկայացում և իհարկե Կաղանդ պապի և Սուրբ Ծննդյան պատումները։
Դեկտեմբերի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Պարենք, երգենք միասին» միջոցառումը։ Ծրագրում՝ հայ ավանդական պարերի ուսուցում «Արեգ» ազգային պարի խմբի մասնակցությամբ (գեղ. ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան) և հայ ժողովրդական երգերի ուսուցում (երգուսույց` Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյան)։
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության հերթական՝ դեկտեմբերի 16-ի հանդիպումը հեքիաթով ու հրաշքով լի էր։ Միջոցառումը տեղի ունեցավ Ժողովրդական արվեստների թանգարանում։ Մասնակիցները երգեցին ավետիսներ, զրուցեցին ավանդական Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդի, ծեսերի մասին։ Միջոցառման հյուրն էր «Տոնացույց» ավանդական տոների և կենցաղային ծեսերի թանգարանի նախագահ, ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը։
Հայաստանի պատմության թանգարանը «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցադրության շրջանակում մեկնարկում է նոր կրթական ծրագիր։ Այն նախատեսված է միջին և ավագ դպրոցական տարիքի երեխաների համար։ Ծրագրի առաջին հատվածում երեխաները կունենան շրջայց համապատասխան ցուցասրահներում, որի ընթացքում մասնագետը կպատմի գորգագործության զարգացման ընթացքը, տեսակները, սիմվոլները: Այնուհետև մասնակիցները կբաժանվեն 2 խմբի: Նրանց կտրվի հայկական գորգի սիմվոլներով ծածկագիր, որի միջոցով մասնակիցները կբացահայտեն հաղորդագրությունը:
2023 թ․ օգոստոսի 23-28-ը Հունաստանի Հանրապետության Ագրինիոյի քաղաքապետարանը կազմակերպում է Ագրինիոյի ազգագրական պարերի միջազգային 5-րդ փառատոնը։ Նշենք, որ փառատոնի կազմակերպիչները հոգում են մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը հոգում են մասնակիցները։ Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ [email protected] Կից՝ փառատոնի մասնակցության պայմանները և հայտաձևը։
Դեկտեմբերի 13-ին ԿԵՆԱՑ ՏՈՒՆ ՀԿ-ն կազմակերպել էր տոնածառի թաղիքե (քեչա) յուրօրինակ խաղալիքների պատրաստման դասընթաց։ Խաղալիքները պատրաստելով՝ մասնակիցները ծանոթացան բրդից թաղիք ստանալու երկու եղանակներին` թաց և չոր, սովորեցին տեղական ոչխարի բրդից թաց եղանակով պատրաստել գնդիկներ, որոնք հատուկ թաղկեցնող ասեղի օգնությամբ զարդարեցին հայկական զարդանախշերով։
Ինչպիսի՞ն է եղել հայկական ավանդական Ամանորը, ի՞նչ ծեսերով է այն տոնվել. այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ, «Արև է ելել» ծրագրի Հմտարանի շրջանակներում Խաչիկի Մշակույթի տանը կայացավ Հայաստանի ժողովրդական վարպետ, թաղիքագործ, ազգագրագետ Լալա Մնեյանի հետ հանդիպումը։ Հայկական տոնածառի՝ Կենաց ծառի, ամանորյա ավանդույթների մասին բանախոսությունից հետո տիկին Մնեյանի հետ մասնակիցները ստեղծեցին ծառի իրենց տարբերակները, ինչպես նաև սովորեցին ընկույզներով խաղալիքներ պատրաստել, որոնցով կզարդարեն իրենց գալիք ամանորյա միջոցառումը։ ԱրևՆեթ համայնքի անդամ Լալա Մնեյանի հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ արդեն հայկական այլ տոների շուրջ։