sevan

Կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Օգոստոսի 3-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում և օգոստոսի 4-ին` Սևան քաղաքի «Գրենոբլի» հրապարակում կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, առաջին օրը ելույթ կունենան ռոք, իսկ երկրորդ օրը ֆոլկ ժանրերում ստեղծագործող խմբեր: Օգոստոսի 3-ին համերգային հատվածը կմեկանարկի ժամը 17:00-ին` փառատոնի բացման արարողությամբ, իսկ օգոստոսի 4-ին` ժամը 16:00-ին: Համերգային հատվածից զատ, փառատոնի ընթացքում օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ից, իսկ օգոստոսի 4-ին` ժամը 14:00-ից կկազմակերպվեն սպորտային, արվեստի, մանկական և ժամանցային միջոցառումներ: Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի նախաձեռնությամբ։

azatanum

Ազգային ժողովրդական երգերի համերգ Ազատանում

«Ծիրանափող» մշակութային, երիտասարդական ՀԿ-ն նախաձեռնել և իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող «Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտական մշակութային ժառանգությունը Շիրակի մարզում» ծրագիրը, որի շրջանակներում սույն թվականի Հուլիսի 22-ին ժամը 14:00-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի կունենա ազգային ժողովրդական երգերի համերգ’ Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և «Շերամ» անսամբլի սաների կատարմամբ, որի ընթացքում կհնչեն բացառապես այն երաժշտական կատարումները, որոնք բացահայտվել են ծրագրի շրջանակներում կատարված հավաքչական աշխատանքների միջոցով։ 

✅Մուտքն անվճար է
✅Բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը,որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 22-ին ժամը 14։00-ին Ազատան համայնքի մշակույթի կենտրոնում։

haybulg-cuc

Բուլղարիայում բացվել է հայ և բուլղարացի նկարիչների համատեղ ցուցահանդես

Սոֆիայի «Գալերիա ՆԴԿ» ցուցասրահում հուլիսի 1-ից անցկացվում է «Հայաստան և Բուլղարիա – գույներ և ձևեր» խորագրով հայ և բուլղարացի գեղանկարիչների գործերի համատեղ ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀԲԸՄ Սոֆիայի և Վառնայի մասնաճյուղերի նախաձեռնությամբ և ԲՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և օժանդակությամբ:

Հայկական արվեստը ներկայացնելու նպատակով Բուլղարիա են ժամանել Հայ կերպարվեստի հիմնադրամի նախագահ Խաչիկ Աբրահամյանը, Հայաստանի նկարիչների միության անդամներ Աղասի Թալալյանը, Արմեն Դերմենջյանը և Արթուր Սմբատյանը: Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին ներկայացված են հայ և բուլղարացի, այդ թվում և բուլղարահայ, 29 հեղինակների մի քանի տասնյակ ստեղծագործություններ:

Բացման արարողությանը մասնակցել են Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, մշակույթի և արվեստի ճանաչված գործիչներ, բուլղարահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ:

Հուլիսի 9-ին ցուցահանդեսը կտեղափոխվի Վառնա, որտեղ ներկայացված կլինի մինչև հուլիսի 17-ը:

tum-mus

Հանրապետության մի քանի թատրոններ և թանգարաններ կվերանորոգվեն

Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 690 մլն 688.3 հազար դրամ:

Գումարը նախատեսվում է ուղղել 6 մշակութային կազմակերպությունների՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի, Հ. Թումանյանի թանգարանի շենքային պայմանների բարելավմանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգմանը և ամրակայմանը, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրմանը

Որոշման նպատակը 6 մշակութային կազմակերպությունների՝ թանգարանների և թատրոնների բնականոն գործունեության ապահովումն է, ինչպես նաև հանրապետության հուշարձանների պահպանման, օգտագործման, հանրահռչակման և զբոսաշրջային գրավչության բարձրացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախալի համարեց որոշման ընդունումը և, միաժամանակ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, որ մշակութային հաստատությունները նույնպես պետք է ակտիվ գործունեություն ծավալեն:

«Մենք հիմա խոսում ենք զբոսաշրջության աճի մասին։ Մենք ծրագրեր ենք իրականացրել, որով ապահովում ենք երեխաների, դպրոցականների այցելությունները թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, և մենք այսպիսի կապիտալ ծախսեր ենք իրականացնում մշակութային օջախներում, թանգարաններում, թատրոններում և այլն: Բայց մենք պետք է նաև այդ մշակութային օջախների առաջ խնդիր դնենք, որ նրանք ապրեն ավելի ակտիվ կյանքով: Պետք է ունենան ծրագիր՝ այցելությունների թիվը, տոմսերի վաճառքների թիվը, սեփական եկամուտներն ավելացնելու: Անցած տարի, երբ ես ուզեցի թանգարանների այցելությունների վիճակագրությունը, տեսա, որ մեր երկրում կան թանգարաններ, ուր, կարելի է ասել, գործնականում մարդ չի այցելում, և այդտեղից հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք մենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար, ուր մարդ չի այցելում: Այսինքն՝ եթե թանգարան է, կանխավարկածն այն է, որ այդտեղ պահվում են ցուցանմուշներ, որոնք կարևոր են և ունեն հետաքրքրություն: Մենք այստեղ պետք է շատ ուշադիր լինենք. թանգարանային ոլորտում, իմ կարծիքով, պետք է շատ լուրջ, շատ խիստ քաղաքականություն վարենք՝ նաև հետագայի առումով, որովհետև իսկապես պետք է այդ օջախները գործեն, ապրեն և գեներացնեն եկամուտներ: Պետք է լինեն կրեատիվ մարդիկ, ովքեր կարողանան թանգարանները և մշակութային օջախներն իսկապես դարձնել մշակութային կյանքի կենտրոններ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց կառավարության ղեկավարը:

Վարչապետը նաև հավելեց՝ պետք է հակառակն էլ արձանագրել, որ Հայաստանում կան մի քանի թանգարաններ, որոնք մարդկանց մշտական հոսքեր են ապահովում, և մարդկանց այցելությունները դեպի այդ թանգարաններ գնալով շատանում են: Պետք է այդ փորձն ուսումնասիրել, ինստիտուցիոնալ դարձնել և տարածել այլ թանգարանների և մշակութային օջախների վրա:

xoceli-xmbi-erexaner

Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցը ներառել է ավելի քան 60 շահառուների:

Հունիսի 3-ին մեկնարկած ծրագիրը երեխաներին հնարավորություն է տվել ամառային արձակուրդը լցնել կրթամշակութային բովանդակությամբ: Հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների, ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաներն անվճար հիմունքներով մասնակցում են ամառային դպրոցի կողմից առաջարկվող նկարչության, խեցեգործության, ուլունքագործության և ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակներին:

Ամռան ավարտին գրադարանում կկազմակերպվի նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես՝ խմբակ հաճախող երեխաների աշխատանքների ցուցադրությամբ: Թեման Թումանյանի գրական ժառանգությունն է: Երեխաները նկարում, կավից պատրաստում են Թումանյանի հեքիաթների հերոսներին, իրենք են հայտվում այդ հեքիաթների կերպարներում՝ թատերական խմբակի շրջանակում մարմնավորելով այս կամ այն հերոսին:

Երեխաները խմբակներ են հաճախում մեծ սիրով ու հետաքրքությամբ: Սա փաստեցին բոլոր 5 խմբակների մանկավարժները: Ուլունքագործության խմբակի մանկավարժ Անուշ Այվազյանը երեխաներին հանձնարարել է հայկական խորհրդանիշների կրծքանշան պատրաստել. «Փորձում ենք կրծքանշան պատրաստել՝ ծիրան, դրոշ, անմոռուկ, նուռ: Երեխաները սիրով են աշխատում, հաճույքով լսում: Սա մանր աշխատանք է, որն ուշադրություն է պահանջում»,-ասաց նա:

8 տարեկան Նարեն ասում է, որ սիրում է ասեղնագործել. «Տանն ասեղնագործում եմ, մայրիկն է սովորեցրել: Ուզում եմ վարդեր ասեղնագործել և նվիրել իմ տատիկին»: 8 տարեկան Գաբրիելան դրոշ է պատրաստում. «Այս խմբակն ինձ տալիս է ճկունություն, արագ աշխատելու ու ձգտելու հմտություն»:

Նկարչության խմբակի ուսուցչուհի Թեհմինե Մայիլյանի խոսքով՝ նկարներից ու երեխաների դեմքից զգում է ուրախությունը: 11-ամյա Հայկը «Շունն ու կատուն» է նկարում: Ասում է՝ այստեղ գույներ ստանալ է սովորել: 14 -ամյա Գուրգենը վիշապ է նկարում: Նա հետաքրքրված է չինական դիցաբանությամբ:

Կավագործության ուսուցչուհի Արևիկ Արևշատյանը երեխաներին բացատրում է ինչպես աշխատել, թրծել կավը: 13-ամյա Մանյան մանկուց երազել է կավով աշխատելու մասին: «Ինձ շատ է հետաքրքրել, թե ինչպես են պատրաստում: Ամռան վերջին ցուցահանդեսն է, երջանկություն է, ես երազել եմ շատ ցուցահանդես լինի, մասնակցեմ»,-ասում է Մանյան:

11-ամյա Արթուրը «Շունն ու կատուն» է պատկերում: Նա կավով աշխատելու փորձ ունի: «Մենք սարի վրա կավ էինք հավաքում: Ընկերներով 5 ժամ սար էինք բարձրանում, կավ գտնում ու փորձում աշխատել նրանով»:

Տիկնիկագործության խմբակում, ըստ մանկավարժ Արմինե Արևշատյանի, 4 կարի տեսակ են սովորում, որպեսզի կարողանան տիկնիկ կարել:

Թատերական խմբակը ղեկավարում է դերասան Ստեփան Շահինյանը: Բեմադրում են Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» և «Սուտասանը» հեքիաթները: Երեխաները նշում են, որ բեմադրությունները շատ հետաքրքիր են անցնում: 8-ամյա Գագիկի մայրն ասում է, որ որդու հաճախելու ցանկությունը շատ մեծ է, նրան բեմը գրավում է: Որդին միջամտում է. «Դերասան եմ ուզում դառնալ»:

Ստեփան Շահինյանի խոսքով՝ անցած մեկուկես ամսում երեխաները շատ են փոխվել. «Նախկինում ավելի կաշկանդված էին, հիմա ավելի «հանդուգն» են: Ցանկացած թատերական խմբակ տարեք երեխայի, ով փակ է, կաշկանդված, որոշ ժամանակ անց դառնում են անկաշկանդ: Կարող է առաջնորդ չդառնան, բայց դառնան մեկը, ում կարծիքը թանկ է կողքինների համար»: Նշենք, որ մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցն անցկացվում է Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

garni-argeloc

«Գառնի» արգելոց-թանգարանում կկայանա երեկո՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկազմակերպվի մեծամասշտաբ երեկո՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող հոբելյանական համերգը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 20:30:

 

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ միջոցառմանը ելույթ կունենան հայաստանյան երեք առաջատար երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):

 

Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը հանդես կգան դիրիժորներ Վահան Մարտիրոսյանի և Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Կմասնակցեն նաև մի շարք մենակատարներ: Միջոցառմանը կհնչեն Կոմիտասի, Վ. Շարաֆյանի, Մ. Մավիսակալյանի ստեղծագործությունները:

hushardzan

Լույս է տեսել «Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները» գիրքը

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լույս է տեսել «Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները» գիրքը (ստեղծման և տպագրության հովանավոր՝ «Վայրի բնության և Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ»)»:

msh-nax-logo

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. 2019 թ. ՀՀ ԿԳՄՍՆ-ը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացումը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացումը, որը միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի գործունեության, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը: ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

 

Մրցույթն անցկացվում է 10 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:

 

◆ Տեսարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ)
◆ Երաժշտարվեստի և պարարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Կինոարվեստի ստեղծագործական միջոցառումներ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի)
◆ Թատերարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Մշակութային կրթության ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ
◆ Թանգարանային և գրադարանային ոլորտների ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Գրական ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (բացառությամբ` հրատարակչական նախագծերի)
◆ Հոբելյանական ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ:

ՀՀ Մշակույթի Նախարարություն

cucahandes

Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI

Հուլիսի 15-ի՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Նռանի Աբգարյանի՝ «Տրամադրության գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Հեղինակը հոսող արվեստի միջոցով նոր մոտեցմամբ է ներկայացնում աբստրակտ նկարչությունը:

Նռանի Աբգարյանն ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը:

Մուտքն ազատ է: Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105 www.naregatsi.org

vimagrutyun

Վիմագրություն

Դասընթացի տևողությունը 2 ամիս է (շաբաթական երկու հանդիպումով), որի ընթացքում նախատեսվում է տեսական ու գործնական գիտելիքների փոխանցում հետևյալ թեմաներով`

 

1. Հայատառ վիմագրությունը և նրա ուսումնասիրության նպատակը:
2. Վիմագրերի գիտական կարևորությունը պատմիչների և ճամփորդ-տեղագիրների աշխատություններում:
3. Հայկական գրի հնագրական առանձնահատկությունները վիմագրերում, վերծանության պայմանական նշանները և արձանագրությունների թվագրման եղանակները. Հայոց Մեծ ու Փրկչական թվականներ:
4. Համառոտագրությունը, փակագրությունը ծածկագրությունը և զարդագրությունը վիմագրերում:
5. Շինարարական արձանագրություններ, նվիրատվական արձանագրություններ և դրանց պատմագիտական արժեքը Հայոց պատմության ուսումնասիրման հարցում:
6. Իրավականոնական վիմագրեր կամ արտոնագրեր, կրոնաբարոյախոսական և խառն բովանդակության արձանագրություններ:
7. Խաչքար. Խաչքարային արձանագրությունները:
8. Տապանաքար. դրանց տեսակներն ու տապանագրերն:
9. Վիմագրերի լեզուն, լեզվաոճական առանձնահատկությունները, հայ վիմագիր բանաստեղծությունը:
10. Երևան քաղաքի վիմագրական ժառանգության ուսումնասիրությունը:
11. Հայ գաղթավայրերի վիմագրական ժառանգությունը:
12. Հայաստանի օտարալեզու՝ հունարեն, արաբերեն, վրացերեն արձանագրությունները:
13. Հնագիտական պեղումներով հայտնաբերված վիմագրերն ու դրանց գիտական, մշակութային նշանակությունը:
14. Եկեղեցական սպասքի, հանդերձանքի, ձեռագրերի կրկնակազմերի մակագրությունները և միջնադարյան գրաֆիտին որպես վիմագրության ենթատեսակներ:
15. Վիմագրագիտության ներկան` նշանակությունը, կարևորությունը:
16. Գործնական. նախատեսվում է այցելություն որևէ պատմամշակութային հուշարձան՝ եկեղեցի, վանական համալիր` տեղում վիմագրերն ընթերցելու նպատակով:

 

Դասընթացավարն է ԳիՀի գիտահետազոտական և թրենինգային կենտրոնի խմբավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարանի) գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Հակոբյանը: 

Դասընթացի արժեքը` յուրաքանչյուր ամիս 35.000 դրամ: 

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում են վկայականներ: 

Լրացուցիչ տեղեկությունների կամ գրանցվելու համար կարող եք մեզ հետ կապվել՝ Հասցե` Իսահակյան 18, 4-րդ հարկ Էլ. փոստ` [email protected] Հեռախոսահամար` 043-65-69-29: