airyan

Արմեն Ամիրյանը Բրյուսելում կստորագրի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը

Մարտի 20-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բրյուսելում կստորագրի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվող այս փաստաթուղթը Եվրամիության կողմից կստորագրի Կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրակսիկսը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակային նախագիծը մեկնարկել է 2014 թվականին. բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» բաղադրիչներից և նախատեսված է իրականացնելու 2014-2020 թթ. ընթացքում:

ՀՀ մշակույթի նախարարությունը միանում է ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին: Նախագիծը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է այս պահին:

«Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային նախագծի «Մշակույթ» բաղադրիչին միանալը Հայաստանի մշակութային ոլորտի կազմակերպություններին հնարավորություն կտա ակտիվորեն ներգրավվելու եվրաինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության և կերպարվեստի ոլորտներում:

Բրյուսելում նախարար Ամիրյանը կհանդիպի նաև ԵՀ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի գլխավոր տնօրենության ղեկավար Թեմիս Քրիստոֆիդուին:

marti-8

«Միայն տղամարդիկ՝ միայն կանանց համար» խորագրով համերգ` նվիրված Կանանց միջազգային օրվան

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 8-ին, ժամը 19:00-ին, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը կներկայացնի «Միայն տղամարդիկ՝ միայն կանանց համար» խորագիրը կրող տոնական համերգը:

 

Համերգային ծրագրին իրենց մասնակցությունը կբերեն հանրապետության ճանաչված երգիչներ` Արսեն Սաֆարյանը, Ֆորշը, Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը /Ասո/, Արսեն Գրիգորյանը /Մրրո/ և այլք, ինչպես նաև երգի-պարի ճանաչված խմբեր՝ «Վերադարձ», «Մասունք», «Սասնա Ծռեր», «Սարդարապատ», «Բարեկամություն» և այլ խմբեր: Համերգի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից կանանց և աղջիկներին /հանդիսատես, անցորդ/ կնվիրվեն ծաղիկներ:

ginegorcutyun

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվեց նոր տարրերով

Ս. թ. փետրվարի 15-ին ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Վերոնշյալ որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի համալրումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության հայտերը ներկայացնելու հանգամանքով:

Որոշման նախագծով` Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 24 տարրերից, համալրվում է ևս 8-ով: Դրանք են՝ «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները», «Մրգից օղիների պատրաստում», «Մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը», «Ավանդական գորգագործություն», «Թամզարա», «Թառը և թառագործությունը», «Գինեգործություն», «Սահարի» արժեքները:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելության աստիճանը բարձրացնելու գործընթացին:

unesco

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի փոխնախագահ

Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ, դարձավ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։ Բյուրոյի անդամների առաջադրումը կայացել էր Կորեայի Հանրապետությունում 2017 թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունեցած կոմիտեի 12-րդ նստաշրջանի ընթացքում քննարկումների ժամանակ, իսկ վերջնական հաստատումն իրականացվել է ս․ թ․ փետրվարին կայացած էլեկտրոնային խորհրդակցութ­յունների ընթացքում։ Հայաստանը կոմիտեի անդամ է հանդիսանում 2016-2020 թթ. ժամանակահատվածի համար: Տեղեկանք. Միջկառավարական կոմիտեն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիայի գլխավոր մարմիններից է և բաղկացած է տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամ երկրներից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

contemporary-art

Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2018 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանում առաջին անգամ կկայանա «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով. նախատեսվում է 150 արվեստագետի մասնակցություն Հայաստանից և արտերկրից:

 

Ծրագիրը  բաղկացած է հետևյալ բաժիններից. նկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն: Այն կընդգրկի նաև զուգահեռ միջոցառումներ՝ ինստալյացիաների և «պերֆորմանսների» տեսքով:

 

Ցուցահանդեսն ընդգրկուն է. այն ներառում է Երևանի մի շարք մշակութային հաստատություններ և թատրոններ, մասնավորապես՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Առնո Բաբաջանյան համերգասրահը, Հայաստանի նկարիչների միությունը, ինչպես նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

 

Նախատեսվում է նաև հեղինակավոր մի շարք պատկերասրահների տնօրենների մասնակցություն նշյալ ցուցահանդեսին:

 

Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն վարպետության դասեր, արվեստի շուրջ զրույցներ, հանդիպումներ՝ հայ և օտարերկրացի արվեստագետների հետ:

 

Ծրագիրը կիրականացվի «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ համատեղ, որը գործում է Հայաստանում և հանդիսանում է խորհրդատվական, մենեջմենթ ընկերություն. հիմնական գործունեությունն է ներկայացնել իտալական ընկերությունները Հայաստանում՝ խթանելով օտարերկրյա ներդրումները, մշակութային և տնտեսական փոխանակումները Եվրոպայի և Հայաստանի միջև: «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի գրասենյակը /ցուցահանդեսի պատասխանատու/ կգործի «Էլիտ Պլազա» բիզնես համալիրի 4-րդ հարկում:

 

Ցուցահանդեսի իտալացի համադրողն է Ջորջիո Գրասոն, իսկ հայկական կողմի համադրողը՝ Մարինա Հակոբյանը: Ծրագրի շրջանակում կգործի նաև գեղարվեստական խորհուրդ, որը բաղկացած կլինի տեղական և միջազգային փորձագետներից:

japonia-hayastan-hamadzaynagir

Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Էյջի Թագուչին Ճապոնիայի դեսպանությունում այսօր ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը։

 

Նախարար Արմեն Ամիրյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կատսուտոշի Ֆուշիմին ապա ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և JICA-ի միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհի համաձայնագիրը:

 

69 700 000 (վաթսուն ինը միլիոն յոթ հարյուր հազար) ճապոնական յենի դրամաշնորհով (համարժեք է մոտ 315 միլիոն դրամին և մոտ 654 հազար ամերիկյան դոլարին) կլուծվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պեղումների արդյունքում կուտակված հսկայական հնագիտական արժեքների, ճարտարապետական կոթողների՝ լավագույն մեթոդներով վերականգնման խնդիրները, Կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիայի համար ձեռք կբերվեն նորագույն սարքավորումներ:

 

Նախարար Ամիրյանը նշեց, որ նախկինում էլ տարիներ շարունակ Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանին տրամադրած մշակութային դրամաշնորհներով լուծվել են հայկական մշակութային կազմակերպությունների տեխնիկական զինման շատ խնդիրներ, հայ մասնագետները հնարավորություն են ունեցել մասնակցելու Ճապոնիայում կազմակերպվող մշակութային բազմապիսի դասընթացների, որոնք իրապես օգնել են զարգացնել մասնագիտական հմտությունները և ստացած գիտելիքներն օգտագործել Հայաստանում:

 

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանաբու Հորին և դեսպան Էյջի Տագուչին նույնպես երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման ճանապարհին կարևոր քայլ համարեցին համաձայնագրերի ստորագրումը։ Կողմերն այդ առիթով հատկապես կարևորեցին նաև փետրվարի 14-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև ստորագրված՝ Ներդրումների ազատականացման և խրախուսման համաձայնագիրը։

amiryannnn

ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին

Ս. թ. փետրվարի 5-ին ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:

 Հանդիպման սկզբում նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ հայ-լիբանանյան համատեղ պատմական անցյալը երկու երկրների մշակութային հարաբերությունների խորացման կարևոր հիմք է: Այս համատեքստում, նախարարը ներկայացրել է առաջարկություններ՝ կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, պարարվեստի և այլ ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Լիբանանի դեսպան Մայա Դաղերը ոգևորությամբ է ընդունել երկկողմ համագործակցության շրջանակում՝ մշակութային ծրագրերի իրականացման առաջարկությունները: Իր խոսքում նա ընդգծել է. «Շատ հետաքրքիր ու գործնական առաջարկություններ են, առավել ևս, որ դրանց իրականացման համար կան կայուն հիմքեր: Մեր պատմական լավ հարաբերությունները, պետք է փորձենք ակտիվացնել նաև մշակույթի ոլորտում»:
 

Մայա Դաղերի հետ հանդիպմանը մշակույթի նախարարը կարևորել է, մասնավորապես՝ Բեյրութում հայ-լիբանանյան բարեկամության համատեղ թանգարանի ստեղծումը: «Այդ թանգարանը նաև յուրատեսակ շնորհակալություն կլինի հայ ժողովրդի կողմից՝ իրեն գրկաբաց ընդունելու և մինչ օրս իր գրկում պահած լիբանանցի ժողովրդին»,- ասել է Արմեն Ամիրյանը:

ashnan-arev

«Աշնան արևը»՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում

Ս. թ. փետրվարի 9-ին, ժամը 16:00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» երկմասանոց դրաման: Բեմականացումը և նկարչական ձևավորումը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի: Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Վահե Շահվերդյան և Հակոբ Ազիզյանի: Երաժշտական ձևավորումը՝ Սեդրակ Զարգարյանի:

 Աղունի դերում հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, Արուսի դերում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը, Սիմոնի դերում՝ Շահեն Հարությունյանը, երիտասարդ Աղունի դերում՝ Ալլա Դարբինյանը, երիտասարդ Սիմոնի դերում՝ Սարգիս Ավետիսյանը:
 

Դերերում՝ Վասիլ Նազլուխանյան, Գագիկ Դուրմիշյան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան, Արմինե Վերմիշյան, Շամիրամ Տերտերյան, Հերիքնազ Բաղդասարյան, Արթուր Պապիկյան, Համլետ Գյուլզադյան, Գայանե Մեսրոպյան, Արման Սաքանյան, Վարդիթեր Ներսեսյան, Վահրամ Խառատյան, Արփինե Հակոբյան, Արաքսյա Քոչարյան, Հովհաննես Ներսիսյան: Ներկայացմանը մասնակցում են նաև ԵԹԿՊԻ–ի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները:

saryan

«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդես և ցուցադրություն

Ս. թ. փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի «Մարտիրոս Սարյան» ֆիլմում ստեղծված «Ծաղիկներ» եզակի աշխատանքը՝ պատկերված ապակու վրա: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հուշերից և ֆիլմի մասին արձագանքներից կազմված՝ «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսը: Կցուցադրվեն նաև ֆիլմի ստեղծման ընթացքում արված լուսանկարները և Մ. Սարյանի աշխատանքները:

«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմը ստեղծվել է 1965 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան:

Մուտքը՝ տոմսով:

suren-qocharyan

Կկայանա «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» գրքի շնորհանդեսը

Ս. թ. փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Հենրիկ Հովհաննիսյանի «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» գրքի շնորհանդեսը:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի մենագրությունը նվիրված է բեմական խոսքի մեծ վարպետ Սուրեն Քոչարյանի կյանքին և ստեղծագործությանը: 20-րդ դարի ասմունքի ժանրի մեծագույն վարպետը ներկայացված է հայալեզու և ռուսալեզու իր կատարումներով, կենսագրության հիշարժան փաստերով: