aveluk

«Ավելուկի փառատոնը» Վարդենիկում

Հունիսի 29-ին ժամը 12:00-ին սպասում ենք Ձեզ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ «Ավելուկի Փառատոնին»: Միջոցառումը նախաձեռնվել է «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության և «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության կողմից՝ Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում ագրո, գյուղական, իրադարձային, և մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկությունները և իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով: 

«Ավելուկի փառատոնը» հիանալի առիթ է՝ 

✅ Մասնակցելու ավելուկի ամենաերկար հյուսքը գործելու ընթացքին՝ սեփական ձեռքերով գործելով այն, որը կգրանցվի Հայաստանի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում։
✅ Վայելելու ուրախ և պարային երաժշտական համարներ Ներսիկ Իսպիրյանի և «Գաթա» Բենդի հետ
✅ Համտեսելու Գեղարքունիքի ավանդական համեղագույն ուտեստները․ Գավառի ավանդական փախլավա, Վարդենիկի կանեփով քյուֆտա, մեծ կաթսայի մեջ պատրաստվող ավելուկի թարմ ապուր, սարերի տապակած ուտելի բույսեր
✅ Ծանոթանալու Գեղարքունիքի և ՀՀ այլ բնակավայրերի սոցիալական ձեռնարկատերերին, գյուղական հյուրատնային ծառայություններին, օրգանիկ արտադրությամբ զբաղվող անհատների արտադրանքին ու նրանց գործունեությանը
✅ Անցկացնելու անմոռանալի օր քաղաքի տապից հեռու՝ զովաշունչ և հյուրընկալ Վարդենիկում

 

Պատվավոր Հյուրեր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի

 

Ցանկության դեպքում կազմակերպությունը կապահովի երկկողմանի փոխադրումը(ընդհանուր արժեքը՝ 3000 դրամ)

Մեկնումը՝ ժամը 09:00 Հանրապետության հրապարակից Վերադարձը՝ ժամը՝ 20:00

 

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:

Մանրամասների համար՝ +374 93 49 38 42, 98 78 78 30

sasna-crer-eposi-or

«Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնի հանդիսավոր փակումը` Ներքին Բազմաբերդում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակության զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2011 թվականից իրականացնում է «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը: 2013 թվականից այն անցկացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: 

Ս. թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում տեղի կունենա «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնի հանդիսավոր փակումը: Միջոցառմանը կպարգևատրվեն շարադրությունների մրցույթի հաղթողները, կատարումներով հանդես կգան էպոսասացության մրցույթի հաղթողները և լավագույն ասացողները, ելույթ կունենան ազգագրական երգ ու պարի խմբեր, անհատ կատարողներ: 

Նշենք, որ փառատոնի շրջանակում, ՀՀ մարզերում տեղի են ունեցել էպոսասացության մրցույթներ, իսկ Գավառի երկրագիտական թանգարանում` մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են դպրոցականներ ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Իսկ «Ես և էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում: Ծրագրի մաս են կազմել նաև «Հայոց բանակի զինվորը էպոսի զավակն է» թեմայով դասախոսությունը և «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ելույթը, որն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ զորամասում:

 «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնը կարևորվում է էպոսի հանրահռչակման, մանուկների ու պատանիների ազգային, հայրենասիրական դաստիարակության առումով, ինչպես նաև այն հանգամանքով, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

andammm

Հայտարարություն. ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը սկսել է 2018 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: Այդ կապակցությամբ հիմնադրամն ընդունում է հայտեր: Հաջորդ ֆինանսական տարվա միջոցառումների ծրագրում ընդգրկված են` հումանիտար, մշակութային, գիտակրթական, երիտասարդական, գրահրատարակչության և զանգվածային տեղեկատվության, սպորտի, զբոսաշրջության ոլորտների, ինչպես նաև  ԱՊՀ անդամ երկրներում մշակութային տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ: Նախապատվությունը տրվում է այն հայտերին, որոնք ներառում են ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կաջակցվեն ԱՊՀ անդամ այն երկրների կառավարությունների կողմից, որոնց տարածքում իրականացվում է միջոցառումը:

Հայտաձևը բեռնելու և դրա լրացման ուղեցույցին, մասնակցության պահանջներին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել http://www.mfgs-sng.org/activity/2164.html հասցեով: 

Սահմանված ձևով լրացված հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2017 թվականի հունվարի 16-ը` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Արտաքին կապերի վարչություն (հասցե` Հայաս­տանի Հանրապետություն, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 6-րդ հարկ, հեռախոս` 011- 52-12-76):

tangaran-komitasi

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կհնչեն շարականներ և տաղեր

Ս. թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն Աստվածածնա շարականներ և տաղեր: Մասնակցում են` Մանուշ Հարությունյանը /մեցցո-սոպրանո/ և Գոհար Մաթևոսյանը /դաշնամուր/: Ծրագրում` Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Յակոբ Կլայեցի:

Մուտքն ազատ է:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

rostomyan

Պարգևատրվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վատակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր-նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պարգևը Ստեփան Ռոստոմյանին հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը`  ս. թ. դեկտեմբերի 6-ին, կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ:

unesco-adis-abeba

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանը` Ադիս Աբեբայում

Ս. թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի 11-րդ նստաշրջանը: Մասնակցում էին աշխարհի 121 երկրների` 712 ներկայացուցիչներ, այդ թվում, կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ: 

Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հիմնադրամի վերաբերյալ արտաքին աուդիտորների հաշվետվությունը, որին հաջորդեց անվանակարգերի, առաջարկների և աջակցության խնդրանքների գրանցման, ընտրության կամ հաստատման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի պարզաբանումը: Քննարկվեցին Կոնվենցիայի կիրարկման մասին 12 զեկույց, որից 6 պարբերական և 6 անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված տարրերի կարգավիճակի վերաբերյալ: Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից էր առաջադրված նոր հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 7 հայտ` Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու, 37 հայտ` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկելու, 7 հայտ` Ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու նպատակով: 

Գրանցման ներկայացված հայտերի շարքում էր հինգ երկրների (Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա) պատրաստած «Տափակ հաց պատրաստելու և հյուրասիրելու մշակույթ. լավաշ, կաթրմա, ժուպկա, յուֆկա» անվանմամբ համատեղ հայտը, որի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակության դիտարկումների հիման վրա միջկառավարական Կոմիտեի կողմից 2014 թվականին Կոմիտեի 9-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտի վերաբերյալ համապատասխան հղում (որոշում 9.COM 10.3) արվեց վերոնշյալ հայտի որոշման նախագծում: Այսպիսով, հաստատվեց, որ «տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրներում ապրող համայնքները կիրառում են հայտում ներկայացված «տափակ հացի» տեսակները»: Կոմիտեն իր որոշմամբ փաստում է, որ համատեղ հայտում նշվող տարրի գրանցումը չի ենթադրում, որ այն բացառիկ է, այլ կիրառվում է նաև «տարածաշրջանում և դրանից դուրս», իսկ «տափակ հացի» տեսակներից մեկը` լավաշը, դեռևս 2014 թ. ընդգրկվել է Ներկայացուցչական ցանկում, որպես Հայաստանում կիրառվող տարր: Նստաշրջանի արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական, անհապաղ պաշտպանության և լավ փորձի պահպանման ցանկերում գրանցվեցին 43 հայտ: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. ոչ նյութական մշակութային ժառանգության Կոնվենցիայի միջկառավարական Կոմիտեն կազմված է Կոմիտեի անդամ 24 երկրներից և Հայաստանն այդ Կոմիտեի անդամ է ընտրվել 2016 թ. հունիսին` 4 տարի ժամկետով:

 Հայաստանը «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է հետևյալ տարրերը. «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործու­թյունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.): 

Ս. թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի` Ադիս Աբեբայում կայացած 11-րդ նիստի արդունքներն ամփոփող մամուլի ասուլիս: Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ  արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը (Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար), ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակությային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:

0x0_80_0_0_53ba1a53405d064fb46e292851698cab.jpg

Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Հայկական քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին հայտնում է կազմակերպությունը Twitter-ի իր էջում: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հանդիպում է ամեն տարի՝ գնահատելու համար առաջարկվող թեկնածությունները և ցանկում դրանք ներառելու մասին որոշում կայացնելու համար: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը, որի ընթացքում նախատեսված է 34 նոր հայտի դիտարկումը: Ներկայացված հայտերի թվում է եղել Հայաստանից քոչարի պարը, Ադրբեջանից՝ տոլմայի պատրաստման բաղադրատոմսը:

Աղբյուր՝ Tert.am

vormnankar

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիս` Գյումրիում

Ս. թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Հակոբ Հակոբյանի «Սարերում», արդեն վերականգնված որմնանկարին: Մամուլի ասուլիսին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը կխոսեն «Սարերում» որմնանկարի տեղափոխման, վերականգնման և ամրակայման աշխատանքների մասին, որն իրականացրել է ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմ­նա­դրամը: Որմնանկարը վերականգնել է «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամը՝ իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ: Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը ներառված է ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

kitar

Կիթառի երաժշտության երեկո` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Ս. թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կիթառի երաժշտության երեկո»՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանի մասնակցությամբ:

Համերգային ծրագրում՝ Ի. Ալբենիա, Է. Սայնս Դե Լա Մասա, Ռ. Սայնս Դե Լա Մասա, Է. Պուխոլ, Խ. Մալատա:

Մուտքն ազատ է
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

varpetneri-girn-u-gicy

Կրթական ծրագիր. «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը»

Ս. թ. նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» խորագրով կրթական ծրագիրը, որի թիրախային խումբը 8-12 տարեկան երեխաներն են: Վերջիններս կբացահայտեն Կուտինայի հախճապակու արվեստի պարզ ոճը, կախարդական գույներն ու կերպարները, խաղի միջոցով կծանոթանան դարավոր այս արվեստի նմուշներին, ապա ստեղծագործելով կհայտնվեն վարպետների զարդանախշերի ու արձանագրու­թյունների աշխարհում: 

Դարերի ընթացքում հայ վարպետները գունագեղ նախշերով և կերպարներով զարդարել են զանազան իրեր, այդ թվում` սափորներ, բաժակներ, ափսեներ, սրվակներ, սալիկներ, կախազարդեր և այլն: 

Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում է ուսուցողական ծրագրեր դպրոցականների և այլ տարիքային ու սոցիալական խմբերի համար։ Յուրաքանչյուր կրթական ծրագիր ստեղծում է յուրօրինակ հանդիպում Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերի, նրա ժամանակի, միջավայրի և գործունեությանն առնչվող այլ ոլորտների հետ: Կրթական ծրագրերի նպատակն է՝ լսարանին ծանոթացնել Կոմիտասի կյանքին և գործունեությանը, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության տարբեր դրսևորումներին, ազգային ծեսերին և ավանդույթներին, ինչպես նաև նպաստել ունկնդրելու, հետազոտելու և ստեղծագործելու ունակությունների զարգացմանը: 

Մուտքն ազատ է: 

Ազդագիրը ներբեռնել այստեղ: