Մարտի 4-ին՝ ժամը 19։30-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա «Մեր երգերը և մենք» նախաձեռնության առաջին գարնանային հանդիպումը, որին հյուր է լինելու «Մասունք» ավանդական երգի-պարի խումբը։
Հրավիրում ենք բոլորին՝ փետրվարի 27-ին, ժամը 13:00-ից մասնակիցը դառնալու Բարեկենդանյան տոնական ծիսակատարությանը, որը տեղի կունենա Տավուշի մարզի Այգեձոր և Չինարի գյուղերում։
Ծրագրում ներառված են․
հարսանյաց ծեսի բեմականացում
ազգային երգեր և պարեր,
դիմակներով քայլերթ
Այգեձորից դեպի Չինարի
հին հայկական խաղեր
ավանդական ուտեստների հյուրասիրություն
Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը», «Մի կաթիլ մեղրը» հեքիաթների ներկայացում
այլ անակնկալներ։
Միջոցառման ողջ ընթացքում գլխավոր դերերում կլինեն ՄշակութաMET նախաձեռնության սաներն Այգեձորից, Չինարիից և Արծվաբերդից։
Մուտքը՝ ազատ, դիմակներով և/կամ հագուստի մեջ ներառված այլ ծիսական տարրերով, մասնակցային ակտիվությամբ, երգերի ու պարերի իմացությամբ, և ամենակարևորը՝ բարձր ու տոնական տրամադրությամբ։
Բարեկենդանի տոնին նվիրված փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղի կունենա համերգ-բեմականացում՝ «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ:
Միջոցառմանը ելույթ կունենան հատուկ հրավիրված լարախաղացները:
«Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին՝ ժամը 14։00-ից 18։00-ն, «Ռամադա» հյուրանոցում տեղի կունենա ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք:
Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող արհեստագործ վարպետները կներկայացնեն ձեռագործ աշխատանքներ:
Փետրվարի 18-ին, ժամը 19։00-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ նվիրված անվանի արվեստագետ, ազգագրագետ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Դավթյանի (1893-1978) հիշատակին. բանախոս՝ պատմաբան, Սերիկ Դավթյանի կենսագիր Մերի Քեշիշյան:
Սերիկ Դավթյանն ապրել է դժվար, բայց հետաքրքիր կյանք, որը չգրված վեպի էր նման, անհատնում ժանյակի։ Երախտաշատ գիտնականը, ինքն էլ լինելով ստեղծագործող վարպետ, տարիներ շարունակ մեծ ջանասիրությամբ, մասունք առ մասունք հավաքել ու կորստից փրկել է հայ կիրառական արվեստի նմուշներ (գորգեր, կարպետներ, ասեղնագործություններ, ձեռագործ տարբեր աշխատանքներ):
Մեծ է եղել Սերիկ Դավթյանի անվանի մտերիմների շրջանակը. նրանցից շատերի հետ ամուր բարեկամությունը պահել է ողջ կյանքի ընթացքում: Հետաքրքրական է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և ակադեմիկոս Նորայր Սիսակյանի հետ ունեցած բարեկամությունը, որոնց ճանաչել է պատանեկան տարիքից: Նրանցից յուրաքանչյուրի հետ կապված է նաև մեկ ձեռագործի հետաքրքիր պատմություն, որոնց մասին ևս կխոսվի դասախոսության ընթացքում:
Փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը:
«Գառնի» արգելոց-թանգարանում նախանշված միջոցառումը կմեկնարկի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Մասնակիցները եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ու ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ կշարժվեն արգելոց-թանգարան, որտեղ միջոցառման համար առանձնացված հատուկ վայրում կվառվի Տյառընդառաջի խարույկը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում ևս միջոցառումը կսկսվի ժամը 17։00-ին։ Խարույկը կվառվի արգելոցի տարածքում՝ հատուկ առաձնացված վայրում։
Կատարումներով հանդես կգան ավանդական երգի-պարի ճանաչված համույթները։
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում նախանշված միջոցառման նպատակը՝ ազգային, ավանդական տոները պահպանելով, հուշարձանը ժողովրդին ավելի մոտեցնելն ու մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելն է։
Մուտքը՝ պատմամշակութային արգելոց և արգելոց-թանգարան այցելության համար նախատեսված տոմսերով։