Armenian-Letter-Art-and-Its-Cultural-Expressions

Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները

Հայկական այբուբենի կիրառական նշանակությունները լայն ասպարեզ են բացում ուսումնասիրողների համար, մասնավորապես, նրա դրսևորումներն այլալեզու գրականության համատեքստում: Դեռևս 7-րդ դարից պահպանվել է հնագույն պապիրուսե մի պատառիկ, որն ամբողջությամբ շարադրված է հայատառ հունարենով: Առանձնակի ուշադրություն է դարձվել հատկապես այդ բացառիկ նմուշի հնագրական արժեքին, այսինքն, տառաձևերին, որոնք իրենց ժամանակի համար բավական անսովոր են: Դարերի ընթացքը ցույց է տալիս, որ հայկական այբուբենով տառադարձվել և գրի են առնվել նաև լատիներեն, արաբերեն, լեհերեն, ռուսերեն, թուրքերեն և այլ լեզուներով տեքստեր, որոնք միջմշակութային փոխառնչությունների լավագույն դրսևորումներ են և վկայությունը հայկական այբուբենի ճկունության: Այս հանգամանքով այն բացառիկ տեղ է զբաղեցնում այլ այբուբենների շարքում: Հայկական տառերը ծառայել են նաև հայ ծածկագրության տարբեր համակարգերի ստեղծմանն ու ձեռագիր և վիմագիր աղբյուրներում դրանց կիրառմանը: Հիշատակելի են նաև այբուբենի թվային կիրառությունները, որոնք հատուկ են նաև աշխարհի մի շարք այլ հնագույն այբուբեններին, ինչպիսիք են հունարենն ու լատիներենը: Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայկական այբուբենի գեղագրության և զարդագրության ոլորտները, որոնք գրավում են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ուսումնասիրողների և արվեստասեր հասարակության ուշադրությունը: Հատկանշական է դիտարկել, որ հայ զարդագրությունը, թեև իր բարձրագույն արտահայտությունը գտնում է հայերեն ձեռագրերում, սակայն առանձին վիմագրերում նույնպես կարելի է տեսնել գլուխգործոց զարդագրեր, ինչպիսիք են Նորավանքի հայտնի վիմագրերը: Հայ զարդագրությունը հարուստ է իր տեսակներով ու ենթատեսակներով, որոնք պատկերված են միջնադարյան հայ վարպետների, ծաղկողների ու մանրանկարիչների գործերում: Առավել հաճախադեպ են հանգուցագիրը, թռչնագիրը, կենդանագիրը, ապա` մարդագիրը, առասպելական կամ մտացածին կենդանիներով ձևավորված գրերը, որոնք իրենց դրսևորումն են գտնում ժողովրդական արվեստի տարբեր ոլորտներում՝ քանդակագործություն, գորգագործություն, ասեղնագործություն, գրականություն, մանրանկարչություն և այլն: Հատկանշական է, որ իր գոյության ավելի քան 16 դարերի ընթացքում հայկական այբուբենը դրսևորվել է ոչ միայն իր բուն նշանակությամբ՝ ծառայելով գրավոր ժառանգության ստեղծմանը, այլև ծնունդ տվել արվեստի մի շարք գործերի, որոնք այսօր էլ շարունակում են հիացնել մարդկանց ու նոր գաղափարներ ներշնչել:

Մշակութային տեսանկյունից հայկական տառարվեստի կենսունակությունն ավելի քան հստակ է. դարերի ընթացքում այն մշտապես ճանաչվել է որպես հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգություն և նույնականացվել է այն ստեղծող ժողովրդի հետ: Հայկական տառարվեստի ծնունդ են հայկական գեղագրությունը և, մասնավորապես, մանրանկարչության ճյուղ համարվող զարդագրությունը, որոնք ցայսօր շարունակում են իրենց կիրառական դրսևորումները:

lavash

Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները

Լավաշն ավանդական հացատեսակ է, օվալաձև, 2-3 մմ հաստությամբ, երկարավուն` մոտավորապես մեկ մետր երկարությամբ, կես մետր լայնությամբ, թեթև` շուրջ 200-250 գրամ քաշով է: Այն պատրաստում են ցորենի ալյուրի ու ջրի շաղախման միջոցով ստացված խմորից՝ երբեմն թթխմորի ու աղի կիրառմամբ: Լավաշը թխում են թոնրում: Հայաստանի տարբեր շրջաններում պատրաստված լավաշի տարատեսակներն ունեն որոշակի տարբերություններ` պայմանավորված ցորենի տեսակով, ինչպես նաև թխվող հացի չափսերով: Լավաշը եզակի հացատեսակ է, որը կարելի է մինչև վեց ամիս չոր վիճակում պահպանել: Վառելիք և աշխատուժ խնայելու նպատակով լավաշը շատ ընտանիքներում թխում են միանգամից մեծ քանակությամբ: Երբեմն ձմռան համար անհրաժեշտ պաշարը թխում են աշնան վերջին: Լավաշի պատրաստումը, օգտագործումը ենթադրում են նաև բանավոր ավանդույթների պահպանում և փոխանցում:

Լավաշի կենսունակությունը պայմանավորված է նրա բազմագործառութային լինելով. այն օգտագործում են ամբողջությամբ` ուտելիքի ջերմությունը պահպանելու և այն տեղից տեղ տեղափոխելու համար կամ կտորներով` ուտելիք վերցնելու համար: Չոր լավաշը կարելի է փշրել ջրիկ կերակուրների մեջ: Հայաստանում այսօր էլ ավանդական որոշ ճաշատեսակներ ուտում են` որպես գդալ օգտագործելով լավաշի կտոր: Հայաստանում լավաշի ամենատարածված կիրառման եղանակը տարբեր միջուկներով (հատկապես՝ տեղական պանրով և կանաչիներով, ձվով, եփած կամ խորոված մսով և այլն) բրդուճների պատրաստումն է: Սրանց շնորհիվ լավաշն անփոխարինելի է նաև ոչ ստանդարտ պայմաններում սնվելու դեպքում (զբոսաշրջություն, հանգիստ, գյուղատնտեսական աշխատանքներ և այլն): Լավաշի ծիսական դերը դրսևորվում է հարսանիքի ժամանակ, երբ նորահարսի մուտքն ամուսնու ընտանիք նշվում է նորապսակ զույգի ուսերին՝ տան շեմին լավաշ դնելու արարողությամբ: Լավաշն օգտագործվում է ժողովրդական և ընտանեկան տոների, սգո և ծիսական հացկերույթների ժամանակ: Ժամանակակից շուկայական պահանջների համաձայն լավաշը կիրառվում է ամբողջական, կտրատված, ինչպես նաև չորացված ձևերով:

Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

A-Tradition-of-Making-and-Using-a-Wooden-Charm

Փայտե հմայիլի պատրաստման և կիրառման ավանդույթ

Փայտե հմայիլը պայտաձև փորագրված փայտ է, որի վրա պատկերված են երկրաչափական, բուսական և տիեզերական նախշեր: Ներկայում փայտատեսակի, չափերի հետ կապված որևէ սահմանափակում չկա: Օգտագործվում է տանը՝ անձին, իսկ գյուղական միջավայրում ընտանի կենդանիներին պաշտպանելու համար: Փայտե հմայիլները տեղադրվում են մուտքի դռան վերևում, մուտքի առջևի պատին կամ մոտակա սյան վրա: Կենդանիներին պաշտպանելու համար դրանք կախում են կենդանիների վզին, եղջյուրներին կամ գոմի դռանը, սյանը, առատ կարագ ստանալու համար այն կապում են խնոցու պարանին: Փոքր փայտե հմայիլները կախում են երեխաների օրորոցին կամ կարում մանուկների հագուստի թիկունքին: Դրանք կրում են նաև կանայք` ուլունքների հետ միասին: Փայտե հմայիլների մշակութային առանձնահատկությունն այն է, որ դրանք երկնային լուսատուների, կենդանիների, ջրի, պտղաբերության պաշտամունքների գաղափարներն արտահայտող ազգային ոճի խորհրդանշաններով ձևավորված կիրառական արվեստի նմուշներ են:

Պահպանիչ փայտե հմայիլները մինչև օրս օգտագործվում են և լայն տարածում ունեն հատկապես երիտասարդության շրջանում: Ներկայում դրանց պատրաստման և կիրառման շրջանակները կապվում են փայտագործ վարպետների և ժողովրդական հավատալիքների ավանդույթը կենսունակ պահող ու պահպանող տարբեր սոցիալական խմբերի գործունեության հետ: Դրանց կիրառությունը որոշակի նպատակ ունի` պայմանավորված չար ուժերից պաշտպանելու հավատալիքի և գեղագիտական նշանակության հետ, երբ հմայիլը գործածվում է որպես զարդ կամ բնակարանի ձևավորման պարագա: Ժամանակակից վարպետները մեծ հաջողությամբ կրկնօրինակում են հմայիլների հին, ավանդական ձևերը, ինչպես նաև պատրաստում են նոր ոճավորումներով փայտե հմայիլներ, որոնք լայն կիրառություն ունեն:

tohmatsar

Տոհմածառ

Ազգի պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ է։ Գրավոր տեղեկությունները հանդիպում են 19-րդ դարից։ Ծաղկում է ապրել հատկապես 20-րդ դարում և այսօր էլ շարունակում է զարգանալ: Ամրագրում է ընտանեկան-արյունակից ազգակցական կապերի ուղղահայաց և հորիզոնական շերտերի` տոհմի կամ գերդաստանի մասին իրազեկվածությունը, հիշողությունը, տոհմանունների հարատևությունը: Տոհմածառի նախնական տարբերակներն Ավետարանի կամ Սուրբ գրքի վերջին էջում՝ ընտանիքում ծնված և մահացած անդամների ժամանակագրությունը գրանցող սովորույթ էր, որը հետագայում դարձավ ինքնուրույն միավոր` թղթի վրա գծված կամ որևէ այլ ձևով` կավե, փայտե քանդակների միջոցով գերդաստանի մի քանի սերունդների ճյուղային զարգացումը ներկայացնող պատկերով (այստեղից էլ՝ անունը` «տոհմի ծառ»): Տոհմածառերի տարատեսակները զարգանում են կյանքին համընթաց, և այսօր կիրառվում են նաև ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները:

Կենսունակ է և շարունակում է զարգանալ ձևի և բովանդակության տեսանկյունից: Այսօր տոհմածառեր են կազմվում զանազան գեղարվեստական և գեղագիտական լուծումներով` աշխատելով ներառել տոհմի ազգակցական խմբի առնվազն յոթ սերունդ` ուղղահայաց և հնարավորինս լայն` հորիզոնական ուղղություններով:

krunk

«Կռունկ» երգ

Երաժշտաբանաստեղծական ժանրի՝ պանդխտության թեմայով քնարական երգ է, որը մարմնավորում է երկու կերպար: Կռունկը երգի այլաբանական կերպարն է, իսկ բանաստեղծն ըստ էության գլխավոր կերպարն է, քնարական հերոսը: Այս երկու տարբեր, միանգամայն հակադիր գոյավիճակի տեր քնարական կերպարները միավորվում են, ինչի արդյունքում կռունկն այլևս չի դիտվում որպես այլաբանական կերպար, այլ անձնավորում է տարագիր բանաստեղծին, տարագիր մարդուն:

Երկուսը միասին դառնում են աշխարհասփյուռ հայ ժողովրդի

խորհրդանիշ:

Հորինված լինելով իբրև գրավոր երգ և տարածում գտնելով

հիմնականում գրավոր եղանակով` պահպանել է իր հորինվածքի

առանձնահատկությունները, չափն ու հանգը, նյութն ու բովանդակությունը: Ունի լեզվաոճական ընդգծված արտահայտչականություն, բառային, պատկերային ինքնատիպ համակարգ: Պահպանվել է հասարակության մեջ, փոխանցվում է ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման միջոցով:

hasker

Հասկեր. Մանկական Գրականության և Բանահյուսության Տարեգիրք

Հրատարակվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:

Հրատարակվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ.pdf