Տեղի կունենա հայկական ազգային երգերի հերթական բաց դասը, այս անգամ՝ Իրական դպրոցի «Ճարտար» արվեստասերների ակումբի հետ միասին։ Վանաձորի Իրական դպրոցի ուսանողները այցելել էին վարպետ Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոց, ձայնագրել ու նոտագրել նրա կողմից հավաքված՝ Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի շրջանների երգերը։ Հենց այս երգերն են նրանք ներկայացնելու միջոցառման ժամանակ։ Երգերը պատկանում են քնարական երգի, կատակերգի, պարերգի, հարսանեկան երգի ժանրերին։ Միջոցառումը վարելու է երաժշտագետ, խմբավար, կոմիտասագետ Տաթևիկ Շախկուլյանը։ Հանդիպումը՝ նոյեմբերի 15-ին, ժամը 19։30-ին, «Բարձունք»-ում (Արմեն Տիգրանյան փող., 23 շենք)։ Մուտքն ազատ է։
ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի հիմնած «Պարիաներ» խմբային ցուցահանդեսը մեկնարկել է նոյեմբերի 12-ին, Չարենցի տուն-թանգարանում, Today Art նախաձեռնության կողմից։ Ոգեշնչող այս ցուցահանդեսը մաս է կազմում «Պարիաներ. Ներկայացնելով Եվրոպայի պատմական հիշողությունը» համագործակցային ծրագրի, որում ընդգրկված են արտիստներ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից և Սլովենիայից, որոնք ներկայացնում են կատարողական արվեստի, տեսողական արվեստի, գրականություն և պարարվեստի ոլորտները։
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-19:00-ին, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառումն ուղղված է երկու երկրների մշակութային համագործակցության խթանմանը՝ հայ և վրացի վարպետների համար մշակութային փորձառությունների փոխանակման նոր հարթակի, ավանդույթների պահպանության և շուկայական նոր հնարավորությունների ստեղծման միջոցով:
Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում ցուցադրվելու են շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանքներ, այդ թվում՝ կարպետագործործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ: Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը կայուն ավանդույթ ունեցող միջոցառում է, որը սկսած 1970-ական թվականներից՝ իրականացվում է Վիեննայի պատմական թաղամասերից մեկում: Նշենք՝ 2023 թ. Հայաստանի առաջին մասնակցությունը Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին հաջողությամբ է ընթացել:
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը և «Այրոգի» ստվերների թատրոնը հոկտեմբերի 19-ին անցկացրին Ստվերախաղքի ազգային չորրորդ փառատոնը: Փառատոնին մասնակցում էին ստվերախաղքով զբաղվող 8 խմբեր Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից: Խմբերը ներկայացրին ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական և անիմացիոն ստվերային ներկայացումներ: Փառատոնին մասնակիցները հանդիսատեսին ներկայացրին 8 նոր ներկայացումներ, որոնցից շատերն առաջին անգամ էին ցուցադրվում: Խմբերից հինգն արժանացան մրցանակների հատուկ անվանակարգերում․ • Լավագույն նկարչական և երաժշտական ձևավորում- «Մրջունիկներ», Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Երևան • Լավագույն սցենար-«Նոյեմբերյանի ստվերախաղքի թատրոն», Տավուշի մարզ • Լավագույն ներկայացում-«Ժպիտ», թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Երևան • Լավագույն տիկնիկ խաղցնող- Գեղամ Գուլիկյան, Երևան • Լավագույն ռեժիսուրա-«Կենաց կորով», գ. Հաղարծին, Տավուշի մարզ։
Երևանի Կենտրոն վարչական շրջանը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու Ղափամայի տոնին: Հոկտեմբերի 25-ին` ժամը 16:00-ին կկազմակերպվի ղափամայի պատրաստման և ազգային սեղանի ձևավորմամբ միջոցառում: Ազգային երգացանկով ելույթ կունենան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի համույթը: Միջոցառումը կուղեկցվի ազգային ուտեստի ցուցադրություն-վաճառքով։ Հրավիրված մի շարք խոհարարական կազմակերպություններ և խոհարարական ուսումնական կենտրոններ կցուցադրեն և կհյուրասիրեն ազգային խոհանոցին բնորոշ ուտեստներ` ղափամա, հալվա, չրեր և այլն: Միջոցառումը տեղի կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Հայկական գորգերի ալբոմի և կայքի ներկայացում, արհեստներին նվիրված անիմացիոն ֆիլմերի դիտում, հայկական լավաշը նորովի ներկայացնող ֆոտոպատում․ այսպես նշվեց Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը՝ Ժողովրդական արվեստների թանգարանում։ «Հայկական գորգեր և կարպետներ․ Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածու» անգլալեզու ալբոմում (հեղինակ՝ Աշխունջ Պողոսյան) ներկայացված է գրեթե 200 նմուշ։ Ի դեպ, Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուի կարպետները, որոնք ներառում են նաև նմուշներ Արցախից, բացառիկ են։ Ալբոմը միտված է նպաստելու միջազգային մակարդակում հայոց գորգարվեստի հանրահռչակման գործին։ Հայկական ժողովրդական արվեստի տեղական և միջազգային հանրահռչակման նպատակով է իրականացվել նաև թանգարանի մյուս կարևոր նախագիծը՝ «Ինչպես են ստեղծվում արհեստները» երկլեզու անիմացիոն ֆիլմաշարը, որը հասցրել է արդեն սիրվել շատերի կողմից։ Թանգարանի այս երկու ծրագրերի իրականացմանն աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Իսկ «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ցուցադրությունը թանգարանում կարող եք դիտել ևս երկու օր։ Թոնրից դուրս եկող յուրաքանչյուր լավաշ իր տեսքն ու դիմագիծն ունի․ տասնամյակների ընթացքում հացթուխները դրանց յուրօրինակ անվանումներ են տվել։ Հայկական լավաշի դիմանկարները ներկայացնող այս յուրօրինակ ֆոտոպատումը նախաձեռնել և իրականացրել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը։ Ի դեպ, հայկական լավաշն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։ Իսկ թե որո՞նք են այդ ցանկում ընդգրկված հայկական մյուս արժեքները` կարող եք տեսնել այստեղ https://int-heritage.am/grancvac-arjeqner/։
«Արցախի օրերի» հերթական միջոցառումը Մասիսի կենտրոնական այգում էր: Ելույթ ունեցավ «Դիզակ ԱՐՏ» ՀԿ երգի-պարի համույթը, տեղի ունեցան արցախյան ավանդական ուտեստների համտես, արցախցիների կողմից ձեռագործ իրերի ցուցադրություն և վաճառք։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մեղրաձորում` Կճուճներ կոչվող տարածքում: Տեղի կունենա «Գուպար» ազգային խաղերի մրցույթը` «Վարք Հայոց» երգ ու պարի խմբի կատարումների ուղեկցությամբ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է:
Այս օրվա ճանաչումը ոչ միայն տոն է, այլև գործելու կոչ: Այն հիշեցնում է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսական կարևորության մասին՝ մեր ինքնության ձևավորման, սոցիալական համախմբվածության խթանման և հասարակության կայուն զարգացման ապահովման գործում: Կենսունակ ավանդույթները՝ լինեն դրանք բանավոր պատմություններ, կատարողական արվեստ, ծեսեր կամ արհեստագործություն, փոխանցվել են սերունդների միջոցով՝ մարմնավորելով մեր նախնիների գիտելիքը, հմտությունները և արժեքները: Դրանք պարզապես անցյալի մասունքներ չեն, այլ դինամիկ արտահայտություններ, որոնք շարունակում են ձևավորվել և զարգանալ մեր համայնքներում:
Պետության առանցքային քաղաքականության մաս են ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գնահատումն ու տարածումը, ըստ պատշաճի հանրահռչակումը, պահպանումն ու փոխանցումը: Այդ արժեքները ոչ միայն կենսունակ են համայնքներում, այլև գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես ազգայինի և համամարդկայինի համադրում: Այս համատեքստում հոկտեմբերի 17-ին ՀՀ մարզերում և թանգարաններում կկազմակերպեն մշակութային միջոցառումներ, տարաբնույթ նախագծեր՝ հանրությանն իրազեկելու և ևս մեկ քայլ մոտեցնելու մեր ոչ նյութական ժառանգությանը։
Այս առիթով շնորհավորում եմ ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի կենսունակությունն ապահովող բոլոր անհատներին՝ արհեստագործ վարպետներին ու արվեստագետներին, ոլորտի մշակութային, կրթական և հասարակական կազմակերպություններին ու համայնքներին:
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը եկեք վերահաստատենք մեր հանձնառությունը՝ պահպանելու մարդկային ստեղծագործության անգնահատելի արտահայտությունները և ապահովելու դրանց փոխանցումը գալիք սերունդներին:
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կնշվի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը: Ծրագրում՝ Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված Հայաստանի Հանրապետության հայտերը, հայկական պարի տեսակները, ժանրերը, հայկական պարերի աշխարհագրական ընդգրկումը, պարի ուսուցում (Ծաղկաձոր, Քոչարի, Փափուռի), փոխինդի հյուրասիրություն: Բանախոսությունը և վարպետաց դասը կվարի պատմական գիտությունների թեկնածու Նարինե Շամամյանը: Մուտքը՝ թանգարանի տոմսերով: