Ամենամսյա «Վարը Վարենկը» այս անգամ տեղի կունենա Արագածավանում, որտեղ «Տնավարի 2» միջոցառման շրջանակներում վարվորները կապահովեն ազգային ոգով լեցուն օր՝ համեմված ազգային երգ ու պարով, խաղերով ու ծեսով։ Իսկ բացի ավանդական թոնրի լավաշից, միջոցառման կազմակերպիչները յուրահատուկ հյուրասիրություն են կազմակերպել՝ տարածաշրջանին բնորոշ պանրխաշ:
Նոյեմբերի 23-ից Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է լինելու Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։ Ցուցադրության նպատակն է հանրությանն ի ցույց դնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի և կարպետագործ առարկաների դեռևս չցուցադրված նմուշները, որոնք էապես կնպաստեն գորգագործական ավանդույթի ներկայացման և բացահայտման գործին։
Սիրելի՛ խաչիկցիներ և Արենի համայնքի բնակիչներ, «Արև է ելել» ծրագրի շրջանակներում Խաչիկ գյուղը դարձել է արվեստի կրթության և մշակութային յուրօրինակ կենտրոն, որտեղ կգտնեք դասընթացներ հետևյալ ուղղություններով․ կատարողական արվեստ (երգչախումբ և ազգային պարերի խումբ), կիրառական արվեստ (կավագործություն և ասեղնագործություն)։ Ինչպես նաև կարող եք մասնակցել հմտարանի աշխատանոցներին և կրթամշակութային ժամանցին ուղղված միջոցառումներին (պետական և համայնքին բնորոշ տոներ, համերգներ և ներկայացումներ)։
Նոյեմբերի 19-20-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում (Մադոյան 9) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը: Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստանի թանգարաններին, հուշանվերային արտադրանքն ընդունել որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց, ինչպես նաև աջակցել ավանդական արհեստների վերականգնման գործընթացին: Երկօրյա միջոցառմանը ձեզ կսպասեն Հայաստանի 7 մարզերից (Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք), Արցախից ժամանած վարպետներն իրենց ձեռագործ աշխատանքներով, ինչպես նաև երևանաբնակ վարպետները: Օր 1․ Նոյեմբերի 19, 2022 09:00-19:00 Ցուցադրություն և վաճառք 12.30 Բացման արարողություն: Օր 2․ Նոյեմբերի 20, 2022 09:00-18:00 Ցուցադրություն և վաճառք: «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ: Նախորդ 4 տարիներին «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնն իրականացվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ միասին «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագրի կազմը շնորհակալություն է հայտնում «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրին:
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության նոյեմբեր ամսվա հանդիպումը նվիրված է Կարնո աշխարհի երաժշտարվեստին։ Կսովորեք այդ տարածաշրջանից երգեր, կզրուցեք ֆոլկլորից, դրա էությունից, տարբեր տարածաշրջաններին բնորոշ առանձնահատկություններից։ Հյուրն է լինելու երաժշտագետ, ֆոլկլորագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի գիտաշխատող, Կարին ավանդական երգի, պարի խմբի խմբավար Անի Հակոբյանը։ Հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում (Աբովյան 64)։ Մուտքն ազատ է։
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ծրագրում՝ ▪ հայ ավանդական պարերի ուսուցում «Արեգ» ազգային պարի խմբի մասնակցությամբ /գեղ. ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան/ ▪ հայ ժողովրդական երգերի ուսուցում /երգուսույց` Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյան/: Մուտքը՝ 600 դրամ:
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին «ՀՕՄ Արվեստ»-ը կմեկնարկի Մարաշի ասեղնագործության դասընթացը: Բոլոր անհրաժեշտ նյութերը տրամադրվում են: Հասցե՝ Չարենցի 20, հեռ.՝ 091567513, 093779375:
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում կանցկացվի հանդիպում-քննարկում «Կայթ» ավանդական երգի և պարի խմբի ղեկավար, «Ինստիգեյթ» ինժեներական ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն Կորյուն Դավթյանի հետ: Քննարկման շրջանակում Կորյուն Դավթյանը կխոսի ժողովրդական արվեստի մոնոտեզիացիայի և զարգացման մասին, կներկայացնի Հայաստանի և հայ ժողովրդի ժողովրդական արվեստների ժառանգության իրացվելիության խնդիրները, կանցկացնի քննարկում ոլորտի պահանջարկի, որակի վերահսկողության և այլ հարցերի շուրջ: Մուտքն ազատ է:
«ԱՐԱՐ» Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի Լոռու մարզի Դսեղ գյուղում գործող «Գորգագործություն և կարպետագործություն» բաժնի ուսուցչուհի Փիրուզ Գևորգյանն ու սաները կարպետագործության վարպետաց դաս կանցկացնեն Wow Glamping-ում: Wow Glamping-ի այցելուները կբացահայտեն կարպետագորության խորհրդավոր աշխարհը՝ հնարավորություն ունենալով տեղում արարել իրենց կարպետահյուս հուշանվերը:
Այս անգամ Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեին լավագույն վարպետների օգնությամբ բացահայտելու եւ տիրապետելու ասեղի ու թելի խորհրդավոր գաղտնիքներին։ Շնորհակալություն Աիդա Սանթուրյանին և Իսկուհի Սարգսյանին՝ դասընթացը վարելու համար: Ծրագիրը շարունակական է. Հովհ. Թումանյանի թանգարանը ԶԱՐԴ մշակութային ՀԿ-ի հետ համատեղ շարունակում է հայկական ասեղնագործության ուսուցման ծրագիրը: ՈՍԿԵՁԵՌԻԿ վարպետների օգնությամբ ուսանողները, աշակերտներն ու տնային տնտեսուհիները, տարբեր մասնագիտությամբ հայուհիներ հնարավորություն ունեն բացահայտելու եւ տիրապետելու ասեղի ու թելի խորհրդավոր գաղտնիքներին։ Դասընթացն անց է կացվում Հովհ. Թումանյանի թանգարանում: Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ /010/560021 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին։