Մուրազատու Սուրբ Սարգիս, Դու հասնիս մըր էրկուսիս: Այս խոսքով են հաճախ սիրահարները հայցել Ս. Սարգսի բարեխոսությունը՝ հավատով, որ սիրո ուժն է անհաղթ։ Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից է, նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայմանը։ Փետրվարի 14-ին Խաչիկում կտոնվեն երկու տոները։ Ծրագրում` տոների խորհուրդների ներկայացում, քահանայի օրհնության կարգ, խարույկահանդես, խաշիլի և փոխինձի հյուրասիրություն, ազգային երգ ու պար։ Միջոցառման մասնակցությունն անվճար է։
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու սումախ տեսակի կարպետագործության դասընթացին: Դասընթացը բաղկացած է 10 պարապմունքից: Յուրաքանչյուրի տևողությունը՝ երկու ժամ։ Դասընթացի ամբողջական արժեքը՝ 28.000 դրամ: Մասնակիցներից յուրաքանչյուրն աշխատելու է առանձին շրջանակով՝ ստեղծելով իր յուրօրինակ կարպետը: Դասերի ավարտին տրամադրվելու են հավաստագրեր, ինչպես նաև ձեր կողմից հյուսված կարպետները: Դասերի ընթացքում կլինեն ակնարկներ հայկական կարպետագործության տեխնիկաների և պատմության մասին: Դասընթացի համար անհրաժեշտ նյութերը, թելերն ու գործիքները տրամադրում է հիմնադրամը: Հանդիպման վայրը՝ Այգեձոր 53/2, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոց: Ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին․ 091265214, 077265214 կամ 010265214:
Շարունակելով ձևավորված ավանդույթը՝ հունվարի 6-ին, ժամը 13:30-ից (ժամը 10:30-ին մեկնարկող Սուրբ Ծննդյան տոնի Պատարագից հետո), Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում իրականացվելու է Սուրբ Ծննդյան մեծ տոնախմբություն: Սպասվում են հայ ավանդական երգեր և պարեր։ Ավանդական երգին և պարին առնչվող այլ միջոցառումներևի մասին կարող եք տեղեկանալ՝ միանալով #ԱրիՊարի տելեգրամյան ալիքին՝ https://t.me/ariparenq
Ամէն տարի հասնենք բարով, աւետի՜ս, Երկար կեանքով, առողջ անձով, աւետի՜ս։ 2025-ի առաջին հանդիպումը կայանալու է «ԱրաՏՏա» ազգային ծրագրի հետ՝ Սուրբ Ծննդյան շնչով, հունվարի 5-ին, ժամը 14:00-ին, Մանկական այգում (Զաքյան 15)։ Ձեզ սպասվում է․ ազգային երգեր ու պարեր, հայկական ավանդական խաղեր մեծերի և փոքրերի համար, տարեհացի համտեսում և տարվա հաջողակի բացահայտում, թեյի հյուրասիրություն։ Մուտքն ազատ է։
Նոյեմբերի 29-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մեր պարերը և մենք» հայկական պարի հերթական բաց դասը՝ շարունակելով «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ավանդույթները:
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում տեղի ունեցավ հերթական բանախոսությունը՝ նվիրված հայոց վիպերգերին։ ՀԱԻ Բանագիտության բաժնի կողմից «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում «Հայոց վիպերգերը՝ եվրոպական բալլադների ուսումնասիրության համատեքստում» թեմայով հանդես եկավ բ․ գ․ թ․ Լուսինե Հայրիյանը։
Ուրախությամբ հայտնում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային նվիրված «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 7-րդ թողարկումն անդրադարձել է «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթացին, որն անցկացվեց սեպտեմբերին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թեհրանի կենտրոնի, Ժողովրդական արվեստների թանգարանի և Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարանի համագործակցությամբ։ Դասընթացը վարեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներ Ժանետ Բլեյքը և Ջոաննա Օրրը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը: Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել է հայ և վրացի արհեստագործ վարպետների արհեստի և ուտեստի 1-օրյա համատեղ ցուցադրություն: Ներկայացվել են խեցեղենի, գործվածքի, ասեղնագործության և ձեռարվեստի այլ ուղղությունների նմուշներ, ինչպես նաև հայկական և վրացական ուտեստներ: Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել վարպետների ձեռագործ աշխատանքներին։ Նա հետաքրքրվել է՝ ինչ ծրագրեր ունեն վարպետները՝ զարգացնելու իրենց ձեռարվեստը, ինչ առանձնահատկություններ ունեն ձեռագործ աշխատանքները, ինչպես է կազմակերպվում դրանց իրացումը, ինչպիսի համագործակցություններ են իրականացվում՝ ցուցադրելու հայկական ձեռագործ արվեստն արտերկրում, ինչպես է արտադրությունը նպաստում մարզային ենթակառուցվածքների զարգացմանը և այլն։ Վարպետները պատմել են իրենց արտադրության մասին, ներկայացրել աշխատանքների ինքնատիպությունը, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու կարևորությունը։ «Այստեղ հավաքված են մարդիկ, որոնց միավորում է նույն էներգիան՝ սերը դեպի արհեստն ու արվեստը։ Ուրախ եմ, որ կայացել է հայ և վրաց ժողովրդի ևս մեկ հաջող համագործակցություն։ Այստեղ ներկայացված յուրաքանչյուր աշխատանք միտք ու տրամադրություն ունի, որը փոխանցվում է նաև մեզ»,-ասել է նախարարը։ Նշենք, որ ծրագրի նպատակն է ապահովել միջմշակութային համագործակցություն, ստեղծել նոր հարթակ՝ փորձառությունների փոխանակման, ավանդույթների պահպանության և շուկայական նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Ցուցահանդեսի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջել են նաև «Մեգերյան կարպետի» թանգարանային հատվածում, ծանոթացել ցուցանմուշներին։
Նոյեմբերի 15-ին «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամն ավարտեց «Տորքի որդեգրում» ծրագրի առաջին փուլը Գավառի գեղարվեստի դպրոցում։ Այստեղ հիմնադրամն անցկացրել էր գորգագործության դասընթացներ 15 մասնակիցների համար: Շուրջ 3 ամիս տևած դասընթացներն ամփոփվեցին գորգերի կտրման ծիսական արարողությամբ: Խմբում ներառված են եղել մասնագետներ 8 արտադպրոցական մշակութային կենտրոններից: «Տորքի որդեգրում» ծրագրի շրջանակներում համայնքի հետ համագործակցությունը շարունակվում է: