Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի փոքրիկ գորգագործների 2023-2024թթ․ խումբն ավարտեց իր դասընթացները, և հուլիսի 13-ին կայացավ երեխաների ստեղծագործ գորգերի ծնունդը։ Հիմնադրամը լիահույս է, որ այս փոքրիկ գորգերը կմնան դասընթացի մասնակիցների համար դեպի ավանդական ժառանգությանը տանող ուղեցույց։ Հիմնադրամում երեխաների համար անցկացվող անվճար գորգագործության դասընթացները շարունակվում են։ Դասընթացները հիմնադրամում գործում են 2014 թվականից և եթե ցանկանում եք աջակցել, կարող եք գնել սաների կողմից հյուսված գորգերը՝ անցնելով հղումով https://folkartshub.com/hy/join-us ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը, որն ամփոփվել է Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում համերգային շրջագայությամբ:
«Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագրի շրջանակում երաժիշտ մասնագետի խորհրդատվությամբ մշակվել են և տեղացի երաժիշտների ու «ԳԱՄՄԱ» բենդի մասնակցությամբ ձայնագրվել են ժողովրդական երգեր՝ հանրայնացնելով տեղական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ժողովրդական երգերը:
Ծրագրի նպատակն էր կենսունակություն հաղորդել Սևանի ավազանի համայնքներում վերջին 3 տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում գրանցված երգերին՝ ապահովելով ոչ միայն տեղական երգային բանահյուսության պահպանությունը, այլև փոխանցումն ու տարածումը։ Ծրագիրն իրականացրել է «Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը:
Համեցեք Ջրվեժ համայնքում իրականացվող ավանդական պարի ամենամսյա բաց դասին։ Այս անգամ միայն պարուսուցում չէ, նաև ավանդական Վարդավառի տոնախմբություն է։ Վարդավառը միայն ջրոցին չէ, այն պարունակում է շատ գեղեցիկ, բայց արդեն մոռացված ծիսակատարություններ։ Պատրաստելու եք տոնի ծիսական տիկնիկ, քայլելով շրջելու եք տնից տուն, Խնդում (ծիսական ծառ) եք պատրաստելու, պարեցնեք և իրար ջրեք` անձրև ու առատություն ստանալու ակնկալիքով ։ Եթե ուզում եք դառնալ ավանդական Վարդավառի մասնակից, վերցրեք ձեր դույլերը և միացեք։ Հանդիպումը կկայանա հուլիսի 5–ին, ժամը 17:00-ին։ Վայրը` Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածք։ Օրվա հյուր` Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ավանդական երգի-պարի համույթ։ Կազմակերպիչներ` Ջրվեժի համայնքապետարան և Անանենց Արվեստանոց։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված «Կրթիր՝ կրթողին» խորագրով ծրագիրն ամփոփվել է «Տերյան մշակութային կենտրոնում» կազմակերպված ցուցադրությամբ: Այն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում արժանացել էր հավանության:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 արցախցիներ մասնակցել են հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներին՝ տիրապետելով թաղիքագործության, ասեղնագործության, կավագործության գիտելիքներին և հմտություններին: Արդյունքում՝ մասնակիցները սովորել են ասեղնագործության տարբեր տեսակներ, թաղիքագործության և կավագործության տեխնիկայի հմտություններ՝ պատրաստելով դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր նմուշներ՝ հագուստի աքսեսուարներ, զարդեր, խեցեղեն իրեր, հուշանվերներ և այլն:
Ծրագրի նպատակն էր նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նոր մասնագիտությունների ձեռքբերմանը, սեփական արտադրանք ունենալու հնարավորության, համագործակցային կապեր հաստատելու հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև ստեղծագործական, կրթական, աշխատանքային պայմանների և եկամուտ ստանալու հնարավորությունների ստեղծմանը: Նրանք էլ իրենց հերթին շարունակական աջակցություն կցուցաբերեն մյուս արցախցիներին:
«Մշակութամետ» նախաձեռնությունը «Վարը Վարենկի» հետ համագործակցությամբ Գեղամասարում նշեցին Համբարձման տոնը։ Համբարձման տոնն ունի շա՜տ հետաքրքիր ավանդույթներ, որոնք պահպանելով էլ անցկացրին օրը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները հասցրին` աղբյուրից ջուր վերցնել, վիճակ հանել, ազգային խաղեր խաղալ, սովորել ազգային երգ ու պար:
Մայիսի 10-ին կայացավ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի` «Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդեսը, որտեղ համաձուլվել էին ավելի քան 10 համայնքներում ստեղծված ձեռագործ աշխատանքներ: Ցուցադրությունը ներկայացնում էր «Տորքի որդեգրում» ծրագրի համայնքների` անցած տարում կատարած աշխատանքները: Մինչ միջոցառման ավարտը ժյուրիի անդամներ ազգագրագետ Կարինե Բազեյանը, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը և թանգարանագետ Լուսինե Թորոյանը, պարգևատրեցին հինգ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքների ստեղծագործությունները: Այս տարի հաղթող ճանաչված հինգ համայնքներն են. «Լավագույն դիզայն»- Բերդի մշակույթի տուն, «Յուրահատուկ Ստեղծագործություն»- Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոն, «Լավագույն աշխատանք»- Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն, «Հատուկ մրցանակ»-Արթիկի գեղարվեստի դպրոց, «Լավագույն համայնք»- Արագածի գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց: Մինչ օրս «Տորքի որդեգրում» ծրագրի շնորհիվ հայկական ավանդական գործվածքի արվեստին են ծանոթացել առավել քան 270 աշակերտներ՝ Հայաստանի 7 մարզերում: Ծրագիրը շարունակվում է ընդլայնվել՝ ներառելով նոր մարզեր ու համայնքներ:
Մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակներում պատրաստված «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Ծրագրի համակարգող Գոհար Մելիքյանը ներկայացրեց աշխատանքի ընթացքը և արդյունքերը՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար աշխատել են Սյունիքի մարզի ութ համայնքում։ Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան նաև ծրագրի ղեկավար, ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ Ժանետ Բլեքը։ Կայքի հղումը ստորև՝ https://www.syunikich.am/
Մայիսի 11-ին՝ ժամը 18:00-ին «Հրանտ Բաղդագյուլյան Արվեստանոց»-ում տեղի կունենա «Գորիսի բարբառը Հնդեվրոպական լեզվաընտանիքի ակունքներում» թեմայով բանախոսությունը: Խոսնակ՝ Մհեր Քումունց: Մուտքն ազատ է
Մայիսի 9-ին Մանկական այգում «Արատտա» կրթամշակութային ազգային ծրագիրը նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Օրակարգ. օրվա խորհրդի ներկայացում Սուրբ Սարգիս եկեղեցում, ծաղկահավաք Հրազդանի կիրճում, քայլերթ դեպի Մանկական այգի, ծաղկեփնջերի պատրաստում Մանկական այգում, Վիճակի ծեսը Մանկական այգում, Համբարձման աստղիկների պատրաստում, համերգային ծրագիր: