Մայիսի 8-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ Վանաձորի Իրական դպրոցում գործող «Ճարտար» արվեստասերների ակումբի ուսանողների իրականացրած «Լոռու ժողովրդական երգեր․ բանահավաք Բոգդան Հովհաննիսյան» գրքույկի շնորհանդեսը։ Ելույթ ունեցավ Երևանի Իրական դպրոցում գործող «Ճարտար» ակումբի երգչախումբը։ Ծրագում՝ Սբ Ներսես Շնորհալի, Կոմիտաս, Անտոնիո Վիվալդի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Ցեզար Ֆրանկ, Էդգար Հովհաննիսյան, Բենջամին Բրիտտեն և այլն։
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բան. գիտ. թեկնածու Հայկ Համբարձումյանի «Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ» մենագրությունը: Գրքում հայ միջնադարյան գրականության և «Սասնա ծռեր» դյուցազներգության համեմատական քննությամբ ներկայացվում են էպիկական ու գրական հերոսների սննդի հայթայթման ձևերը և հատկապես որսորդությունը, սննդային նախապատվությունները, հիշատակվող կերակրատեսակների օգտագործման կերպն ու ժամանակը։ Անդրադարձ է կատարվում կերակրատեսակների ու սննդային կոդերի կենցաղային, ծիսական ու գեղարվեստական նշանակությանն ու գործառույթներին։ Խմբագիր՝ բան. գիտ. դոկտոր Գոհար Մուրադյան Գիրքը տպագրվել է «Առատաշեն վայների» ընկերության հովանավորությամբ:
Ազգային պարի զարգացման և տարածման նպատակով՝ ամիսը մեկ անգամ Ջրվեժ համայնքում անցկացվում են ազգային պարերի բաց դասեր։ Մեր նախնիների ուխտագնացությունների զարդն են եղել երգն ու պարը։ Միջոցառումը սկսվեց Կաթողիկե եկեղեցու բակում և շարունակվեց Համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքում։ Հյուրեր՝ Մասունք ավանդական երգի-պարի համույթ և Ջրվեժի երաժշտական դպրոց: Նախաձեռնողներ՝ Ջրվեժի Կաթողիկե եկեղեցի, Ջրվեժի համայնքապետարան, Անանենց Արվեստանոց:
«Խարույկ» ՀԿ-ի «Միշտ Դեպի Լույս» նախաձեռնությունը «Բարձունք» կենտրոնում կազմակերպել էր ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի 119-ամյակին նվիրված երեկո։ Երեկոյի ընթացքում խոսվեց նրա ծավալած գործունեության մասին, ցուցադրվեց մեծ հայի մասնակցությամբ «Այբ Բեն Գիմ» ֆիլմը, երեկոն ավարտվեց երգ ու պարով` «Վան» խմբի մասնակցությամբ։ Երեկոյի հատուկ հյուր` Ալեքսան Հարությունյան։
Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ազգագրագետ Կարինե Բազեյանը ներկայացրեց դասախոսություն՝ «Ալեքսանդրապոլի բաղնիքի ծեսը» թեմայով։ Հետաքրքիր և բովանդակալից հանդիպման արդյունքում խոսվեց բաղնիք գնալու ավանդույթի մասին, թե ինչպես էին ալեքպոլցիները բաղնիք գնում հատուկ բոխչայով, սպիտակեղենով, գլխակապերով, շապիկներով։ Բաղնիք գնալը եղել է մեծ արարողակարգ: Գնում էին առավոտյան ժամը 10-ին և վերադառնում երեկոյան, իրենց հետ տանելով նաև սնունդ: Հետաքրքիր էր նաև, որ կանայք գնում էին ամբողջությամբ զարդարված, թանկարժեք զարդերով, դրանով ուզում էին ցույց տալ իրենց սոցիալական վիճակը: Դասախոսությունները իրականացվում են ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:
Ապրիլի 29-ին ԵԹԿՊԻ-ի աջակցությամբ և Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում կայացավ «Պարի տոնն ազգային ոգով» խորագրով մշակութային ծրագիրը՝ մայրաքաղաքի և մարզային երաժշտական դպրոցների դհոլահարների, ավանդական համույթների, պետական անսամբլների և այլ պարային խմբերի մասնակցությամբ։
Պարը հայոց աղոթք և ռազմակոչ է միաժամանակ։ Եվ երբ պարը կռվից էլ զորեղ է դառնում, կռիվը պարից էլ ավելի թեթև է ճախրում, պարը հայոց հավաքական ոգու կանչն է․ պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Անգլիական այգում միջոցառում էր նախաձեռնել «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։
Ապրիլի 26-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շրջանակում ստեղծված 6 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի դիտում՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև հանդիպում ստեղծագործական կազմի հետ և շնորհակալագրերի հանձնում ծրագրի իրականացմանը աջակցած անձանց։ Կարճամետրաժ 6 անիմացիոն ֆիլմերը պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը գոյություն ունեցող արհեստների մասին՝ գորգագործություն և կարպետագործություն, խեցեգործություն, դարբնություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, փայտի գեղարվեստական մշակում, թաղիքագործություն։ Սա թանգարանային հավաքածուների հիման վրա ստեղծված եզակի մշակութային նախագիծ է։ Այստեղ մեկտեղված են ժողովրդական ավանդույթները, գիտությունը, տեսողական արվեստն ու երաժշտությունը, ժամանակակից տեխնոլոգիաները և կրթական կարևոր բաղադրիչը։ Ծրագիրն իրականացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ «Invisible Friends» անիմացիոն ստուդիայի հետ համագործակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմաշարը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 6-րդ թողարկումն անդրադարձել է «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրին։ Ծրագրի արդյունքում ստեղծվել են երկլեզու կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը գոյություն ունեցող արհեստների մասին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ։
Ալավերդի քաղաքում գորգագործության և կարպետագործսւթյան դասերի մեկնարկը տրված է: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրամանացվող դասընթացները կազմակերպվում է «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակներում՝ «Արևածին» կրթամշակութային ՀԿ-ի արվեստանոցում: Դասընթացներն ավնճար են: Անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրվում են՝ դասընթացը լիարժեք իրականացնելու համար: Հերթագրվելու և առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 041061012 հեռախոսահամարով: