Ամենամսյա «Վարը Վարենկ» նախաձեռնությունն այս անգամ տոնական էր։ «Երկար Հովհաննես» խաղ, տարեհացի «Փափուռի» պար, «Ավետիսների» երգեցողություն․ այս ամենը և ոչ միայն, տեղի ունեցան տարեվերջի «Վարը Վարենկին»՝ Մեղրաձորում։
Տարիների ընթացքում մեր մշակույթը բազում փոփոխությունների է ենթարկվել՝ մեր ազգային ավանդույթները, ծեսերը փոխարինելով օտարներից փոխառված սովորություններով։ «Վարը Վարենկը»՝ «Տոնացույցի» և «Հեքիաթի տան» հետ միասին, նոր անակնկալ էր պատրաստել՝ ազգային Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Դեկտեմբերի 24-ից նրանք մեկնարկեցին Մեծն Պապուկի փառատոնը։ Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ, Ամանոր անուններով: «Կաղանդ» բառը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը։ Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշ էր Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն (Կաղանդի ծառը)։ Փառատոնը ներառում էր Նոր տարվա ավետիսների և ազգային պարերի ուսուցում և կատարում, տարբեր ծիսական խաղերի մասնակցություն, տարեհացի ու ասիլ-վասիլների պատրաստում, ավանդական տոնածառի (Կաղանդի ծառ) պատրաստում և այլ հետաքրքիր բաղադրիչներ։ Միջոցառումները տեղի ունեցան Փամբակում, Մեղրաձորում և Բյուրականում։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ «Հայկական Ամանոր» խորագրով։ Միջոցառման շրջանակում ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը ներկայացրեց հայկական ավանդական Նոր տարվա խորհուրդը, ծեսերն ու ավանդույթները, որոնք փոքր-ինչ փոփոխված հասել են մեր օրեր։ Տոնական երեկոյի ծրագիրը շարունակեց «Ոստան» ավանդական երգի-պարի խումբը՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված կատարումներով։ Իսկ վերջում շատ հետաքրքիր ծեսով միջոցառման մասնակիցները կտրեցին տարեհացը և երգեցին սիրված ավետիսները։ Միջոցառումն իրականացվեց «Կենաց Տուն» մշակութային ՀԿ-ի և «Ոստան» ավանդական երգի-պարի խմբի հետ համատեղ։
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա հերթական ՊԱՐԱՏՈՆ միջոցառումը։ ՊԱՐԱՏՈՆԸ միաժամանակ կանցկացվի հետևյալ համայնքներում. • Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք գյուղի բաց դպրոց, • Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Խաչիկ գյուղի մշակույթի տուն, • Շիրակի մարզ, Գյումրի (Աբովյան 135), • Սյունիքի մարզ, Գորիս (Վերիշենի միջնակարգ դպրոց), • Լոռու մարզ, Վանաձոր (Տիգրան Մեծ, շ․ 2), • Արցախ, Ստեփանակերտ (Վաղարշ Վաղարշյան 7)։ Այս անգամ միջոցառմանը միացել են՝ • «Կայթ» մշակութային հանգույցը, • «Գագարին» նախագիծը («Դար» հիմնադրամ), • Արենիի համայնքապետարանը, • «Մենք» ազգագրական պարի խումբը, • «Արև է ելել» նախագիծը, • «Թագպար» նվագախումբը, • «Վարը վարենկ» կրթամշակութային ՀԿ-ն, • «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը։ Պարերի ամսական միջոցառումների ավանդույթը սկիզբ է դրվել շուրջ 20 տարի առաջ՝ «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի, «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի և «Նարեկացի» արվեստի միության կողմից։ Նախաձեռնությունը տարիներ շարունակ և առ այսօր, ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը մեզ բոլորիս ուս ուսի է շարում Երևանի տարբեր հրապարակներում և սրահներում։ ՊԱՐԱՏՈՆԸ տարիներ շարունակ իրականացվող միջոցառմանը միանալու յուրատեսակ կոչ է Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքներին, որի նպատակն է միանալ ազգային պարերի մշակույթի տարածման արդեն իսկ ձևավորված ավանդույթին՝ դարձնելով այն համահայկական պարատոն։
Երկրորդ ամիսն է «Արև է ելել» ծրագիրն իր բովանդակությամբ ակտիվացրել է Արենի համայնքի Խաչիկ գյուղի մշակութային կյանքը։ Շարունակելով բռնած ճանապարհը՝ դեկտեմբերի 21-ին Խաչիկի Մշակույթի տանը ծրագիրը ներկայացավ ամանորյա համերգով։ Այս անգամ բեմից հնչեց դափի, թառի և երգի «Եռախոսություն»-ը։ Հայկական ժողովրդական՝ աշուղական, գեղջկական, ազգագրական, հոգևոր և այլ ժանրի երգերն ու երաժշտությունները ներկայացվեցին «Եռախոսություն» նախագծի հիմնադիրներ Արամ Մովսիսյանի և Ալեքսանդր Սահակյանի կողմից։ Միջոցառումն ամփոփվեց «Արև է ելել» ծրագրի շրջանակներում Խաչիկ համայնքում ստեղծված արվեստի կենտրոնի սաների կավի և ասեղնագործության արվեստարանների աշխատանքների ցուցադրությամբ և «Թագպար» նվագախմբի նվագակցությամբ՝ ազգային երգ ու պարի տրամադրությամբ, հայկական կենաց ծառի շուրջ տոնախմբությամբ։
Դեկտեմբերի 20-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ թաղիքե հրեշտակների պատրաստման վարպետաց դաս, որն անցկացրեց Բուրաստան Նիկողոսյանը (ԿԵՆԱՑ ՏՈՒՆ մշակութային ՀԿ)։
Դեկտեմբերի 18-ին Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվ․ պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը․ գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Դեկտեմբերի 17-ին Գորիսի Վ․ Վաղարշյանի անվ․ պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը․ գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
«Հեքիաթի տանը» պատրաստվում են Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին. դեկտեմբերի 17-ի միջոցառման մասնակիցները միասին զարդարեցին ավանդական տոնածառը և երգեցին Ավետիսներ, պատրաստեցին ծիսական տիկնիկներ Ակլա Մարեն, Ասիլ Բասիլը, վայելեցին անուշաբույր կաթնահունց, ունկնդրեցին Ստվերների թատրոնի ներկայացում և իհարկե Կաղանդ պապի և Սուրբ Ծննդյան պատումները։
Դեկտեմբերի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Պարենք, երգենք միասին» միջոցառումը։ Ծրագրում՝ հայ ավանդական պարերի ուսուցում «Արեգ» ազգային պարի խմբի մասնակցությամբ (գեղ. ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան) և հայ ժողովրդական երգերի ուսուցում (երգուսույց` Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյան)։