«Մեր երգերը և մենք» նախաձեռնության՝ ազգային երգերի հերթական բաց դասը, որը տեղի ունեցավ հունվարի 19-ին «Բարձունք»-ում, նվիրված էր Արցախ աշխարհի երգերին։ Երգեցին Արցախի «Տնջրե» ավանդական երգի-պարի խմբի երգուսույց, երգիչ, մանկավարժ Մարատ Հարությունյանի հետ միասին, ով սովորեցրեց տարածաշրջանի երգերից, պատմեց դրանց պատմությունն ու խորհուրդը։
Վարը Վարենկ նախաձեռնությունը հունվարի 6-ին բոլորին հրավիրել էր Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակ՝ միասին Սուրբ Ծնունդը նշելու՝ ազգային երգ ու պարով, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավետիսներով:
Շարունակելով ձևավորված ավանդույթը, հունվարի 6-ին, ժամը 13:30-ից (ժամը 10:30-ին մեկնարկող Սուրբ Ծննդյան տոնի Պատարագից հետո), Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում իրականացվեց Սուրբ Ծննդյան մեծ տոնախմբություն: Ծրագրում հայ ավանդական երգեր և պարեր էին:
Հնում Քրիստոսի ծննդյան Ճրագալույցի պատարագից հետո, գյուղի երեխաները դդմե նկարազարդ ճրագամաններով ճրագներն առած պտտվում էին թաղերով, հայտնում բարի լուրը, երգում Ծննդյան ավետիսներ ու դրա դիմաց ստանում առատ օրհնանքներ ու տան եղած բերք ու բարիքից։ Վերհիշելով ու պահպանելով նախնյաց մշակույթը՝ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոնը և ՋՈՋ ՏՈՒՆ ՀԿ-ն հունվարի 5-ին հրավիրել էին նշելու ավանդական Ճրագալույցի արարողությունը։ Մեկնարկը Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից էր:
Դեկտեմբերի 29-ին և 30-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն անակնկալ էր պատրաստել իր այցելուների համար՝ ցուցադրելով Ստվերների թատրոնի անվճար ներկայացումներ, որոնք նվիրված էին հայկական ավանդական Ամանորին՝ Կաղանդին։ Ներկայացումներով հանդես եկան «Թաթիկներ» և «Էնկի» թատերախմբերը, որոնք ձևավորվել են թանգարանի «Ինքնության դարբնոց» կրթարանում անցկացված Ստվերների թատրոնի դասընթացների արդյունքում։ Ներկայացումներն ուղեկցվեցին երեխաների համար անցկացվող Ստվերների թատրոնի կրթական ծրագրերով։
Դեկտեմբերի 26-ին «Բարձունք»-ում հյուր էր «Տոնացույց» ավանդական տոների և կենցաղային ծեսերի թանգարանի նախագահ, ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը։ Մասնակիցները երգեցին Ավետիսներ, զրուցեցին ավանդական Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդի, ծեսերի մասին։
Դեկտեմբերի 24-ին «Վարը Վարենկ» նախաձեռնությունը Մեղրաձորում անցկացրեց տարեմուտի միջոցառում, որի ընթացքում մասնակիցները սովորեցին երգել Ավետիսներ, պատրաստել տարեհացի գաթա, ասիլ-վասիլներ, զարդարել ավանդական տոնածառ՝ Կաղանդի ծառ, խաղալ Երկար Հովհաննես, որը իրենից ներկայացնում է հին և նոր տարիների պայքարը, ինչպես նաև պարել ազգային մի շարք պարեր՝ Փափուռի, Էրիշտա, Պոզարե։
Դեկտեմբերի 23-ից կարող եք մասնակիցը դառնալ մի յուրիօրինակ տոնավաճառ-փառատոնի, որի հիմքում ազգային Ամանորի տոնածիսական գաղափարն է։ Միջոցառումը բաղկացած է երեք մասից՝ տոնավաճառ, աշխատարաններ, Ամանորի ազգային միջոցառումների շարք։ Տոնավաճառային մասում ներկայացվելու են արվեստի և ժողովրդական արհեստների տեղացի վարպետների ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող տարբեր աշխատարաններ (վարպետության դասեր)։ Մշակութային մասում ներկայացվելու են ազգային տոնածիսական երգ ու պար, խաղեր, ներկայացումներ, բազմապիսի միջոցառումներ։ Իսկ Ամանորի գիշերը կարող եք նշել տարեմուտի ազգային ծեսերը։ Վայրը՝ Մանկական այգի /Զաքյան փողոցի կողմից, ամֆիթատրոնի տարածքում տեղակայված «Be Happy» վրանի տարածքում/։ Բացումը՝ 23.12.2023 ժամը 12։00, փակումը՝ 13.01.2024 ժամը 21։00։ Տոնավաճառային օրակարգը՝ ամեն օր 12։00-21։00։ Կազմակերպիչներ՝ «Հայը կա», «Կենաց տուն», «Միհր վոյաժ»։
Դեկտեմբերի 21-ին «Seasons Park Station»-ում անցկացվեցին վարպետության դասեր «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» հետ համատեղ․ ասեղնագործություն, կարպետագործություն, խեցեգործություն,ուլունքագործություն, նկարչություն։ Բացի այդ, «Seasons Park Station»-ում այդ օրը ցուցադրված էին կենտրոնի աշակերտների աշխատանքները։
«Today Art Initiative» կազմակերպությունը ս/թ հոկտեմբերին կազմակերպել էր հանդիպում-քննարկում Սիրիայից կամ Լիբանանից հայրենիք վերադարձած հայերի հետ, ում նախնիները սերում են Կիլիկյան Հայաստանից ու ունեն հիշողություններ արտագաղթի տարիների և Կիլիկիայի ասեղնագործության ու ժանեկագործության մոռացվող ձևերի մասին: Մասնակիցները եկել էին Կիլիկիայի տարբեր քաղաքներից (Այնթապ, Մարաշ, Ուրֆա և այլն): Նրանք բերել էին հիշողություններ, հետաքրքիր պատմություններ անցյալից, լուսանկարներ, ձեռագործ աշխատանքների նմուշներ նախնիներից, որոնք անցել էին արտագաղթի դժվարին ու երկար ճանապարհը: Նաև ցուցադրվեցին մասնակիցների աշխատանքները, որոնք կրում էին Կիլիկայի ասեղնագործության ու ժանեկագործության ավանդույթները և առանձնահատկությունները: Նրանք այս տեխնիկաները փոխանցում են նոր սերնդին՝ պահպանելով հայկական մշակույթի կարևորագույն ձևերից մեկը: Հանդիպմանը առցանց տեսակապով միացավ նաև նախագծի միջազգային հետազոտող Էֆֆի Սամարան (Գլասգոյի համալսարան)՝ հիշողությունների բացահայտման իր մեթոդաբանությամբ ու զրուցեց գրեթե բոլոր մասնակիցների հետ` ուսումնասիրելով նաև ներկայացված նյութերը: Համայնքային հանդիպման ավարտին, նախագծի ղեկավար Լիլիթ Ստեփանյանը բոլոր մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր՝ մասնակցության, հայկական մշակույթի պահպանման ու տարածման համար : Քննարկումը տեղի ունեցավ «Պարիաներ. իրագործելով Եվրոպայի պատմական հիշողությունը» նախագծի շրջանակներում՝՝ համաֆինանսավորված Creative Europe ծրագրի կողմից։ Նախաձեռնության աջակիցն է «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն: