gyuxakan-kyanqi-paraton

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնը

«Կրթության դերը կանաչ տնտեսության, տեխնոլոգիական գյուղատնտեսության մեջ հատկապես կարևոր է երիտասարդների ներգրավվման տեսանկյունից։ Ապրելով սեփական գյուղում և համայնքում՝ կարելի է ունենալ արժանապատիվ կյանք, շենացնել հարազատ երկրի քո անկյունը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ձորաղբյուր համայնքի ուսուցման կենտրոնում «Կանաչ արահետ» ՀԿ-ի՝ այսօր կազմակերպած Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ բացօթյա փառատոնի բացմանը` ողջունելով ներկաներին։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությանը՝ երիտասարդների կարողությունների, կանաչ ագրոարդյունաբերության և տարածքների համաչափ զարգացման գործում երկարատև և հետևողական ջանքերի համար, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը, Ավստրիական զարգացման գործակալությանը և ծրագրի մյուս աջակիցներին։

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ չնայած համավարակի դժվարություններին՝ փառատոնի մասնակիցների թիվը և աշխարհագրությունը բավականին մեծ է։ «Նմանատիպ փառատոնները լավ հնարավորություն են՝ համայնքային ավանդույթների վերակենդանացման առումով և, առհասարակ, ցանկացած փառատոն նպաստում է մեր ազգային մշակութային զարթոնքին»,-եզրափակել է նա։

Նշենք, որ փառատոնի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը։ Փառատոնը եզակի հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, գնորդները, տարբեր կազմակերպություններ և պոտենցիալ դոնորներ հանդիպում են՝ փոխադարձ համագործակցություն և փորձի փոխանակում իրականացնելու նպատակ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

gutan

«Գութան» փառատոնը Տավուշում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 25-26-ը Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում կայացավ Հայաստանի ավանդական երգի-պարի «Գութան» ամենամյա փառատոնը: Փառատոնին այս տարի մասնակցում էր 13 համույթ: «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Արդվին», «Մասունք, «Նուբար», «Վերադարձ», «Գորանի», «Վարք Հայոց», «Սեբաստացիներ», «Մարաթուկ», «Արեգ» և «Մարաթուկցիներ» ազգագրական խմբերը ելույթներ ունեցան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ՝ մեկ համայնք ձևաչափով, այնուհետև, բոլոր խմբերը միասին ելույթ ունեցան Բերդում, որտեղ կայացավ գլխավոր համերգը:

 

«Շուրջ 250 արտիստներ իրենց ավանդական, հայրենասիրական, ոգեկոչող և ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրություն հաղորդեցին մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա հատկապես հուլիսյան իրադարձություններից հետո»,- նշել է Արսեն Գրիգորյանն ու հավելել, որ համավարակի պատճառով արտիստները ստեղծագործական դադար ունեցան և հիմա «Գութանի» շնորհիվ իրենց կուտակած ողջ սերն ու էներգիան փոխանցեցին սահմանապահ տավուշցիներին: Փառատոնի ընթացքում պահպանվել են հակահամաճարակային բոլոր կանոնները:

nam-shushi

Այցելություն ՆԱՄ Շուշի

Սեպտեմբերի 20-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոն էր այցելել Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Նաիրա Մելիքյանը:

Հյուրերը շրջայց կատարեցին մշակութային ջերմ մթնոլորտով հագեցած կենտրոնում ՝ ծանոթանալով ՆԱՄ Շուշիի մասնաճյուղի գործունեության, ինչպես նաև կարպետագործությամբ և կավագործությամբ զբաղվող պատանիների աշխատանքների հետ: …իսկ «Հեքիաթների տանը» նրանք գտան իրենց մանկության հեքիաթը՝ հարազատ տան, տաքացնող փայտի ու երազների բույրով: ՆԱՄ-ի և Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամի համագործակցությամբ հունիսի 1-ից «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում Արցախի 8-12 և 13-18 տարեկան երեխաների և պատանիների համար անվճար հիմունքներով՝ Սերոբ Մամունցի և Սվետա Առստամյանի գլխավորությամբ, իրականացվում են կավագործության և կարպետագործության դասընթացներ:

gyuxamej

«1000 տարվա գյուղամեջ» 2020

«1000 տարվա գյուղամեջ» փառատոնն այս տարի անց է կացվելու 5-րդ անգամ։ Թեև տարին տարօրինակ ստացվեց՝ իր հեղինակային իմպրովիզներով, այնուամենայնիվ մեզ հնարավորություն է տալիս իրականացնել փառատոնի հոբելյանական տոնը, բայց որպես մշակութային ոչ մեծ միջոցառում։ Այս տարի մենք չենք ունենա նախորդների փառահեղ, բազմամարդ իրադարձությունները, կունենանք սեղմ, բայց կոկիկ մի միջավայր, մի քանի հետաքրքիր տաղավար, որոնցում կներկայացվեն ազգային մշակույթի որոշ տարրեր։ 

💠 Հացի ծես
💠 Լավաշի թխում, լավաշի համտես
💠 Գինեգործություն, գինու համտես
💠 Գորգագործություն
💠 Ասեղնագործություն
💠 Տիկնիկագործություն
💠 Խեցեգործություն
💠 Համերգ։

 Այս տարի, ի տարբերություն նախորդների, փառատոնին մասնակցությունը կլինի մուտքավճարով․ 
🔹 Մինչև 12 տարեկան երեխաների մասնակցությունը կարժենա 2500 դրամ,
🔹 12 տարեկանից բարձր բոլոր անձանց մասնակցությունը 3500 դրամ,
🔹 4-ից ավելի մասնակիցների թիմային հայտի դեպքում մեկ անձի մասնակցությունը կարժենա 3000 դրամ։
 

🔷 Վճարի դիմաց Դուք կստանաք հետևյալ ծառայությունները՝ 

🔹 Էքսկուրսիա Օշականի տեսարժան վայրերով
🔹Միջոցառման ընթացքում հյուրասիրությունից անվճար օգտվելու հնարավորություն
🔹 Գինու անվճար համտես
🔹 Մասնակցություն երեկոյան համերգին։

 

🚌 Կազմակերպչական թիմը հոգում է նաև Երևանից Օշական, և հակառակը ուղեփոխադրում, մեկ անձի համար ուղեվարձը 1500 դրամ է։

 

🔶 Միջոցառման ընթացքում կլինեն լրացուցիչ ծառայություններ, որոնց արժեքները ներառված չեն մուտքավճարի մեջ՝

🔸 Գինեխմություն
🔸 Սնունդ պատվիրելու հնարավորություն
🔸 Տիկնիկագործություն
🔸 Լուսանկարչական տաղավար
🔸 Մասնակիցների ձեռագործ աշխատանքների վաճառք։

 

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվելը պարտադիր է, քանի որ մասնակցության տեղերը սահմանափակ են։ Խնդրում ենք՝ լրացնել հետևյալ հայտը։ 🙂 https://forms.gle/8UY5STErPQHTRCb3A

 

Սեպտեմբերի 27-ին քիչ մնաց։ ♥

hazarashen

Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավատարմագրումը

Հազարաշեն | Hazarashen Armenian Center for Ethnological Studies received UNESCO accreditation to provide advisory services to the Committee on Intangible Cultural Heritage.

Հազարաշեն | Hazarashen Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավատարմագրումը և դարձել Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական Կոմիտեի խորհրդատու կազմակերպություն։

Մանրամասներն այստեղ 

patmutyan-tangaran

Հայաստանի պատմության թանգարանը սկսում է նոր նախագիծ՝ «Հայկական տարազ XVIII-XIXդդ․»

Այսօրվանից Հայաստանի պատմության թանգարանը սկսում է նոր նախագիծ՝ «Հայկական տարազ XVIII-XIXդդ․», որի շրջանակներում կհրապարակվեն Հայաստանի պատմության թանգարանում գործող ցուցահանդեսում ներկայացված՝ թանգարանի հավաքածուից ընտրված հայկական տարազի դասական նմուշներ Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից:

Հայկական տարազ

Չնայած հազարամյակներ ի վեր տեղի ունեցած պատերազմներին, արտագաղթերին, օտար տիրապետություններին, հայ ժողովուրդը ավանդական տարազի մեջ կարողացավ պահպանել խոր հնությունից եկող տարազաձևերի, զարդանախշերի և գույների խորհրդանշական պատկերացումներն ու իմաստները։ Այդ են վկայում միջնադարյան պատկերաքանդակների, մանրանկարների, խեցեղեն նմուշների հետ նրանց ունեցած ընդհանրությունները։

Տարազային համալիրների բաղկացուցիչ մաս կազմող գլխի հարդարանքը, կրծքազարդը, ապարանջանը, մատանին, գոտին, գոգնոցը կրում են վաղնջական ժամանակներից նրանց վերագրվող պաշտամունքային, ծիսա-հմայական խորհուրդը։ Իր բոլոր տարբերակներով հանդերձ, հայկական տարազի մեջ, ինչպես միջնադարում, գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ մեծ փիլիսոփա, նկարիչ Գրիգոր Տաթևացու վկայությամբ արտահայտում են «երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը»՝ խորհրդանշելով միաժամանակ բարոյական հատկանիշներ․ ծիրանի-խոհեմություն և ողջախոհություն, կարմիր-արիություն և մարտիրոսություն, կապույտ-երկնավոր արդարություն, սպիտակ-մաքրություն։

Նկարում՝ հայուհի կարինի տարազով, XXդ․ սկիզբ, ՀՊԹ

History Museum of Armenia / Հայաստանի պատմության թանգարան

bilg

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սոֆիայի կենտրոնում անցկացվել է ժառանգության հարցերի վերաբերյալ կլոր սեղան առցանց-քննարկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավ-արևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Սոֆիայի կենտրոնի նախաձեռնությամբ՝ հուլիսի 6-ին տեղի է ունեցել «Կենսունակ ժառանգությունը քաղաքում» խորագրով միջազգային կլոր սեղան առցանց-քննարկում։ Միջոցառման կազմկոմիտեն մասնակցության էր հրավիրել ոլորտի 17 փորձագետների. Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի գիտությունների ակադեմիաների, Բուլղարիայի նոր համալսարանի, Անգլիայի Քովենթրի համալասարանի, Միլանի և Կիպրոսի համալսարանների, Բուլղարիայի Բալկանյան հետազոտությունների ինստիտուտի, Պլովդիվի, Ռուսսեի և Սլիվենի թանգարանների գիտաշխատողների և ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային փորձագետների։ Հայաստանից «Կենսունակ ժառանգությունը Հայաստանի քաղաքային միջավայրերում» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության մասնագետ Նաիրա Կիլիչյանը։ Այս հաղորդման հիմնական թեման Հայաստանի մշակութային քաղաքականության շրջանակում երեք խոշոր քաղաքների՝ Երևանի, Գյումրիի և Գորիսի կենսունակ ժառանգության ներկայացումն էր, որի պահպանությունը տեղի է ունենում ոչ միայն ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության ներքին օրինաչափությունների, այլև պետական քաղաքականությամբ նախանշված ծրագրային առաջարկների իրականացման և միջոցառումների կազմակերպման միջոցով։ Նշենք, որ Սոֆիայի կենտրոնին անդամակցում են 16 երկրներ, այդ թվում՝ Հունաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինիան, Խորվաթիան, Սերբիան, Ալբանիան, Սլովենիան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Մոլդովան։ Հայաստանի Հանրապետությունը Սոֆիայի կենտրոնի հետ համագործակցում է 2013 թ.՝ մասնակցելով կենտրոնի կազմակերպած ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի համաժողովներին, փորձագետների հանդիպումներին, ցուցահանդեսներին և մրցույթներին։

76eb26_02e55291efdf4517912d5d14240789b9_mv2

«Վարդավառ» միջազգային փառատոն

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ ամեն տարի ավանդաբար կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը, որի նպատակը երիտասարդությանն ու հանրության մյուս շերտերին  Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ինքնատիպ ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը:

 

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարա­շեն»:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:

 

Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

janek

Ամփոփվել է «Մոռացված ավանդույթների՝ թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության արհեստագործական հմտությունների և տեսական գիտելիքների ուսուցման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային մրցութային ծրագրերի շրջանակում իրականացված «Մոռացված ավանդույթների՝ թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության արհեստագործական հմտությունների և տեսական գիտելիքների ուսուցում» ծրագրի շրջանակում՝ գործնական դասընթացների և ինտերակտիվ զրույցների միջոցով Արմավիրի մարզի Արաքս, Սարդարապատ, Բամբակաշատ, Մարգարա համայնքներում և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում շուրջ 120 մասնակիցներ ծանոթացել են հայկական հնագույն արհեստագործական հմտություններին, ձեռք են բերել տեխնիկական և ճանաչողական գիտելիքներ: Ծրագրի իրականցման արդյունքում ապահովվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունն ու դրա արդիականացումը, թանգարանային ֆոնդի հանրայնացումը, բնակչության երիտասարդ տարիքային խմբի ներգրավումը մշակութային ժառանգության բնականոն փոխանցման գործում, ինչպես նաև թանգարանային որակյալ ու բազմազան ծառայությունների ստեղծումը: Ծրագրի ձեռքբերումներից են «Թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության մոռացվող ավանդույթների վերածնունդը» խորագրով գրքույկի հրատարակումը և դասընթացների վերաբերյալ երեք կարժամետրաժ տեսանյութերի պատրաստումը, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով. 

Թաղիքագործություն
Ժանեկագործություն
Կարպետագործություն

berdavan

Բերդավան և Թեղենիք համայնքների երեխաները մասնակցեցին հուշարձաններին նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարչական մրցույթին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային մրցութային ծրագրերի շրջանակում իրականացվող «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրի ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և ՀՀ Կոտայքի մարզի Թեղենիք համայնքներում գործող «Նկարչություն» բաժինների 9 սաներ մասնակցեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանները և մշակութային տարածքները պատկերելու մանկական միջազգային մրցույթին։ ճ Առցանց դասընթացների ընթացքում ծրագրի մասնակից սաները ոչ միայն ծանոթացան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի և Ազատ գետի վերին հովիտ, Հաղպատի, Սանահինի, Էջմիածնի վանքերի պատմությանն ու ճարտարապետությանը, այլև պատկերեցին դրանք իրենց 18 նկարչական աշխատանքներում։ Այս կարևոր նախաձեռնության հիմնական նպատակը մշակութային ժառանգության տեղի ու դերի կարևորումն էր, մանուկների շրջանում պատմամշակութային հուշարձանների ճանաչելիության մեծացումն ու դրանց պահպանության արժևորում: