gorgagorcakan

Մեկնարկում է «Հայկական հանգույց. Հայոց գորգագործական մշակույթը» հանրապետական 2-րդ գիտաժողովը

Ս. թ. նոյեմբերի 25-ին, ժամը 10:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կմեկնարկի «Հայկական հանգույց. Հայոց գորգագործական մշակույթը» հանրապետական 2-րդ գիտաժողովը:

Գիտաժողովի բացմանն ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Այնուհետև, ելույթ կունենան կենտրոնի տնօրեն Հ. Հովեյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Ա. Աղասյանը:

Գորգի և գորգագործական մշակույթի վերաբերյալ զեկուցումներով հանդես կգան արվեստաբաններ, ոլորտի մասնագետներ:

Կենտրոնական սրահում, որտեղ տեղի կունենա գիտաժողովը` հայկական էթնիկ միջավայր ներկայացնող անկյունում` գորգի դազգահի մոտ կաշխատի ժողովրդական վարպետ, գորգագործ Սյուզան Ավետիսյանը: Գործվող և գրեթե ավարտին հասցված փոքր «Խաչգորգի» վերջին թելերը հյուսվելու են գիտաժողովի մասնակիցների ձեռքով, որից հետո տեղի կունենա գորգի ծիսական կտրում՝ ուղեկցվելով ծիսական գործողություններով և երգերով:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

gorger

Հայկական գորգերի և զարդանախշերի մոտիվներով զգեստների ցուցադրություն՝ Վարշավայի ամրոց-թանգարանում

Հայկական գորգերի և զարդանախշերի մոտիվներով զգեստների ցուցադրություն՝ Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանում․

Ս. թ. սեպտեմբերի 14-ին, Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում տեղի է ունեցել հագուստի մոդելավորող Լիլիթ Մելիքյանի հեղինակած հայկական գորգերի և զարդանախշերի մոտիվներով զգեստների ցուցադրությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին:

Ցուցադրությունը կազմակերպվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության և Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի համատեղ ջանքերով, ինչպես նաև Լյուբլինի սննդի եվրոպական փառատոնի տնօրինության աջակցությամբ: Ցուցադրությանը ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դեսպանների կանանց ասոցիացիայի անդամները, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Հայկական գորգագործության ավանդույթների, զարդանախշերի և գորգերի պատրաստման առանձնահատկությունների մասին դասախոսությամբ հանդես է եկել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը:

Միջոցառումն ուղեկցվել է հայկական ժողովրդական երգ ու պարով։

haci-paraton

«Հացի փառատոն»՝ Գյումրիում

Ս. թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակին հարող Աբովյան փողոցում կանցկացվի հացի փառատոն: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2013 թվականից մեկնարկած փառատոնն այս տարի կշարունակվի ուշագրավ ու ինքնատիպ դրսևորումներով: Կազմակերպիչն է Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ աշխատանքներին համագործակցող կառույցները` ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, ՀՀ Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը և Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնը:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են հացարարման գործընթացի ցուցադրություններ. հանրապետության տարբեր քաղաքների հրուշակարանների և հացի արտադրամասերի վարպետներն առանձին տաղավարներով կներկայացնեն իրենց պատրաստած հացատեսակները: Միջոցառման շրջանակում հանդես կգան նաև թատերական և պարային խմբեր: Այս տարի հացի տոնը կտեղափոխվի փողոց, կներկայացվեն գյումրեցու ավանդական կենցաղը, արհեստներն ու արհեստավորական ավանդույթները, Ալեքսանդրապոլ-Գյումրու՝ հին քաղաքի երևելիների թատերականացված կերպարները (Ձիթողցյաններ, Ծաղիկյաններ, Քյանդարովենք, Խոյեցոնք, Քեշիշյաններ, Դրամփյաններ, Սանոյաններ, Կարայաններ, Սելյանովներ)՝ կենսապատումներով և պատվանուն տոհմածառերով:

Հացի փառատոնը, հատկապես, արժևորվում է նրանով, որ «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» մշակութային տարրը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Փառատոնի նպատակն է նպաստել հացարարման առանձնահատուկ նշանակություն ունեցող ժողովրդական սովորության պահպանմանն ու տարածմանը, տեղեկություններ հաղորդել հացի ստեղծման պատմության, ժողովրդի սովորութամշակութային կենցաղում մշտապես գոյություն ունեցող հացի պաշտամունքի ու հավատալիքների վերաբերյալ:

Միաժամանակ կարևորվում են մարզի մշակութային կյանքի աշխուժացումը, ավանդական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումը:

ван

«Վան» ազգագրական համույթի արցախյան համերգները

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը, «Վան» ազգագրական համույթը համերգային ծրագրով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Համույթը, օգոստոսի 31-ին՝ բացօթյա համերգով հանդես է եկել Ստեփանակերտի հրապարակում, իսկ սեպտեմբերի 2-ին՝ Շուշիում: Ծրագրում ընդգրկված էին Արցախի ու Վասպուրականի աշխատանքային երգեր, Վանա թռնոցիներ, կատակերգեր, հայրենասիրական երգեր և պարեր:

 Հավելենք, որ «Վան» ազգագրական համույթը ստեղծվել է Հայրիկ և Մարո Մուրադյանների նախաձեռնությամբ` 1979 թվականին, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում գործող «Վան» քառաձայն խմբի հիման վրա: Վերջին տարիներին համույթն ակտիվորեն մասնակցում է ՀՀ մարզերում և Արցախում կազմակերպվող տարբեր մշակութային միջոցառումների:
hasmik-poghosyna'

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կայցելի մշակութային կրթական հաստատություններ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կայցելի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ՝ մասնակցելու գիտելիքի օրվա կապակցությամբ իրականացվող միջոցառումներին:

 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում՝ շուրջ մեկամյա հիմնանորոգումից հետո, կրկին դռները կբացի ավելի քան 600 աշակերտի առջև: Դպրոցը հիմնադրվել է 1939 թվականին՝ ստանձնելով հայկական երաժշտարվեստի և երաժշտական կրթության դարբնոցի առաքելությունը:
 

Երևանի պարարվեստի պետական քոլեջը միակ մասնագիտացված մշակութային կրթօջախն է, որի սաները ստանում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն՝ «Դասական պար» և «Ժողովրդական պար» մասնագիտությունների գծով: 2016 թվականի օգոստոսից, պետբյուջեի միջոցներով իրականացվում է քոլեջի հիմնանորոգումը, որն ավարտին կհասցվի տարեվերջին, իսկ քոլեջի պատուհանների փոխարինումն այս ամռան ընթացքում իրականացրել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, որը նախատեսում է մինչև տարեվերջ ավարտել նաև տանիքի ջերմամեկուսացման և մուտքի դռների փոխարինման աշխատանքները:

hovhannes

«Հիշողության ծիսակամուրջ». գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին

«Հիշողության ծիսակամուրջ». գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին

 Ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 13:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, տեղի կունենա «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված ժողովրդական արվեստի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նկարչի՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին:
 

Գիտաժողովին հանդես կգան անվանի գիտնականներ և արվեստագետներ, միաժամանակ տեղի կունենա Հովհաննես. Շարամբեյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որը կուղեկցվի նրան նվիրված կայքի ներկայացմամբ և նրա մասին պատմող ֆիլմի դիտումով:

 Հովհաննես. Շարամբեյանը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ է, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Ծնվել է 1926 թվականին, Երևանում: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Բազմաթիվ կտավների հեղինակ է. «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Գյուղական բակ Լճաշենում», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները» և այլն։ Եղել է «Անուշ» ֆիլմի (1983) գլխավոր նկարիչը։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրա­հում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
 

1947 թ. Դիլիջանում հիմնել է նկարչական ստուդիա: Եղել է Դիլիջանում գտնվող Կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, Դիլիջանի պատմա­մշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու: Ավելի քան 30 տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա:

 1978 թ. հիմնադրել է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը և մինչև 1986 թ. զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 1979 թ. հիմնադրել է Դիլիջանի Ժողովրդական արվեստի թանգարանը: Վերոնշյալ թանգարաններն այժմ գտնվում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կազմում:
engibaryan

Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի և Ծաղկաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ս. թ. օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում, Դիլիջանում և Երևանում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը:

Փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին, ժամը 20:30-ին, Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակի բացօթյա բեմում: Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր՝ Հայաստանից, Սերբիայից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Փառատոնի ընթացքում ներկայացումների և մանրապատումների ցուցադրություններից բացի կանցկացվեն վարպետության դասեր, գիտաժողովներ, տեսացուցադրություններ և քննարկումներ: Այս տարվա փառատոնի ծրագրում ներառված են նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիայի և ԵԹԿՊԻ մնջախաղի կուրսի աշխատանքները:

Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը մեկնարկի կապակցությամբ ողջունել է փառատոնի կազմակերպիչներին և նշել, որ թատերասեր հանրության համար փառատոնը սպասված է, այն տարեցտարի զարգանում է, նոր աջակիցներ ձեռք բերում և ընդլայնում աշխարհագրությունը:

Ս. թ. օգոստոսի 9-ին, «Լոֆթ» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և փառատոնի նախագահ Ժիրայր Դադասյանը, դերասաններ Ջոն Ջեյքոբսը

/Հարավաֆրիկյան Հանրապետություն/ և Վահրամ Զարյանը /Ֆրանսիա/:

sasna-crer-eposi-or

«Էպոսյան օրեր» փառատոնի էպոսասացության մրցույթն անցկացվեց Գավառի երկրագիտական թանգարանում

«Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնի էպոսասացության մրցույթն անցկացվեց Գավառի երկրագիտական թանգարանում։

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը ս. թ. օգոստոսի 5-ին, Գավառի երկրագիտական թանգարանում անցկացրել է «Էպոսյան օրեր» ավանդական փառատոնի էպոասասացության մրցույթը, որին մասնակցել են դպրոցականներ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
 

2011 թվականից անցկացվող փառատոնն առաջին երկու տարիներին իրականացվել է ՀՀ Արագածոտնի մարզում, իսկ 2013 թվականից ձեռք է բերել հանրապետական ձևաչափ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: Այս տարի փառատոնի հանրապետական փուլն անցկացվել է Գեղարքունիքի մարզում՝ նախորդ տարիներին փառատոնին մարզի դպրոցականների ակտիվ մասնակցության շնորհիվ: Մրցույթին մասնակցել են 7-16 տարեկան 25 դպրոցականներ, որոնք տարբեր հատվածներ են ներկայացրել «Սասունցի Դավիթ» էպոսից: Փառատոնին կատարողական ինքնատիպությամբ հատկապես աչքի են ընկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հինգ դպրոցականները, որոնք փառատոնի առաջատար են ճանաչվել և հատուկ մրցանակ ստացել, իսկ անհատական արդյունքներով մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Սիմոնյանը, 2-րդ տեղը` Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էմմա Բադալյանը: 3-րդ մրցանակային տեղը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 1 հիմնական դպրոցի աշակերտ Սամվել Ավետիսյանին և Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Մարդոյանին:

Փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացել են պատվոգրերի և խրախուսական այլ պարգևների:

anipemza

«Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի մեկնարկն ազդարարվեց

«Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի մեկնարկն ազդարարվեց։ Ս. թ. հուլիսի 19-23-ը Հայաստանում են գտնվում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ՝ պաշտոնապես ազդարարելու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող՝ «Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված«Երերույ­ք-­Անի­պեմզա»ծրագրի մեկնարկը: Այդ կապակցությամբ՝ ս. թ. հուլիսի 22-ին, Հա­յաստանի ազգային գրադարանում կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտան­գ­ված» հուշարձաններ ծրագրի հիմնադիր, խորհրդի անդամ Գայ Կլաուսը, գի­տական խորհրդի անդամներ Պաոլո Վիտտին և Վիսնյա Կիսիչը, Եվրոպական ներ­դրման բանկի անդամ Մարիա Բերժան, «Մշակութային ժառանգու­թյան պահ­պանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին:

 Ասուլիսին անմիջապես հաջորդեց «Երերույք և Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի ընթացքում հայտարարված լուսանկարչական մրցույթի, ավելի քան 40 աշխատանք: Մրցույթը բաղկացած էր «Պատմական և շրջակա միջավայրի հուշարձանները», «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգերից: Մրցույթի նպատակն էր ներկայացնել Երերույք հնագիտական վայրը և նրա շրջակայքում ապրող մարդկանց, վեր հանել ու արժևորել Շիրակի մարզի այս հատվածի առավել հետաքրքիր բնապատկերները: Ցուցահանդեսի շրջանակում հայտարարվեց մրցույթի հաղթողների անունները. «Հատուկ մրցանակ»` Արթին Մուրադյան, «Պատմական և շրջակա միջավայրի հուշարձանները» անվանակարգ՝ Արտուշ Ավդալյան, «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգ՝ Լիլիթ Դավթյան: Հաղթողներն արժանացան դրամական պարգևների: Մրցույթին մասնակցած լավագույն լուսանկարները կտեղադրվեն «Երերույ­ք-Անիպեմզա» ծրագրի կայքէջում:
 

Լուսանկարչական ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո հրավիրվեց «Հայաստանի մշակու­թային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոց­ներն ու գաղափարները» խորագրով կլոր սեղանը: Քննարկմանը մասնակցում էին ոլորտի մասնագետներ, շահագրգիռ գերատեսչությունների և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակեր­պու­թյունների ներկայացուցիչներ: Փորձագիտական խումբը կներկայացնի «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի իրականացման վերաբերյալ իր տեսլականը:

 Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը` ս. թ. մարտի 16-ին՝ Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է «Եվրոպա Նոստրայի» անդամ՝ Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը:

 Նշենք նաև, որ «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգ­ված» հուշարձանների ցանկը ձևավորվում է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարած ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա: Առավել վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկում ընդգրկված են նաև եվրոպական 7 երկրից՝ Փաթառեյ ծովային բերդը Տալլինում (Էստոնիա), Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը (Թուրքիա), Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրան (Իսպանիա), Վենետիկյան ծովածոցը (Իտալիա), Կամպուս Հիոսը (Հունաստան), Հելսինկի-Մալմի օդանավակայանը (Ֆինլանդիա) և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում (Ֆրանսիա):
sasna-crer

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնը զորամասում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Սասնա տուն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնի 2016 թ. իրականացվող ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ին մեծ միջոցառում անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում:

Միջոցառմանը ներկա էր տեղամասում գտնվող ողջ սպայական և զինվորական անձնակազմը: Բացման խոսքով հանդես եկավ գնդի հրամանատարի կազմակերպչական հարցերի գծով տեղակալ Ռ. Չիլինգարյանը, այնուհետև զինվորականներին ողջունեց «Սասնա տուն» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Ա. Ավագյանը՝ ներկայացնելով միջոցառման նպատակը և շնորակալություն հայտնելով ՀՀ պաշտպանության նախարարությանը և զորամասի հրամանատարությանը միջոցառման կազմակերպմանը աջակցելու համար:

«Հայոց բանակի զինվորը էպոսի զավակն է» զեկուցմամբ հանդես եկավ էպոսագետ, գրող և հրապարակախոս Անդրանիկ Ավետիսյանը, որին հաջորդեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ելույթը:

Համույթի պարին միացան նաև զինվորները և կրկին հայկական լեռնաշխարհում հնչեց մեր ավանդական ու հաղթական քոչարին:

Օրվա խորհրդին համահունչ, զորամասում թևածում էր «Սասնա ծռերի» հայրենասիրական ու ռազմական ոգին՝ մեծ ոգևորություն հաղորդելով զինվորականներին: