Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ազգագրագետ Կարինե Բազեյանը ներկայացրեց դասախոսություն՝ «Ալեքսանդրապոլի բաղնիքի ծեսը» թեմայով։ Հետաքրքիր և բովանդակալից հանդիպման արդյունքում խոսվեց բաղնիք գնալու ավանդույթի մասին, թե ինչպես էին ալեքպոլցիները բաղնիք գնում հատուկ բոխչայով, սպիտակեղենով, գլխակապերով, շապիկներով։ Բաղնիք գնալը եղել է մեծ արարողակարգ: Գնում էին առավոտյան ժամը 10-ին և վերադառնում երեկոյան, իրենց հետ տանելով նաև սնունդ: Հետաքրքիր էր նաև, որ կանայք գնում էին ամբողջությամբ զարդարված, թանկարժեք զարդերով, դրանով ուզում էին ցույց տալ իրենց սոցիալական վիճակը: Դասախոսությունները իրականացվում են ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:
Ապրիլի 29-ին ԵԹԿՊԻ-ի աջակցությամբ և Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում կայացավ «Պարի տոնն ազգային ոգով» խորագրով մշակութային ծրագիրը՝ մայրաքաղաքի և մարզային երաժշտական դպրոցների դհոլահարների, ավանդական համույթների, պետական անսամբլների և այլ պարային խմբերի մասնակցությամբ։
Պարը հայոց աղոթք և ռազմակոչ է միաժամանակ։ Եվ երբ պարը կռվից էլ զորեղ է դառնում, կռիվը պարից էլ ավելի թեթև է ճախրում, պարը հայոց հավաքական ոգու կանչն է․ պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Անգլիական այգում միջոցառում էր նախաձեռնել «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։
Ապրիլի 26-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շրջանակում ստեղծված 6 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի դիտում՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև հանդիպում ստեղծագործական կազմի հետ և շնորհակալագրերի հանձնում ծրագրի իրականացմանը աջակցած անձանց։ Կարճամետրաժ 6 անիմացիոն ֆիլմերը պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը գոյություն ունեցող արհեստների մասին՝ գորգագործություն և կարպետագործություն, խեցեգործություն, դարբնություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, փայտի գեղարվեստական մշակում, թաղիքագործություն։ Սա թանգարանային հավաքածուների հիման վրա ստեղծված եզակի մշակութային նախագիծ է։ Այստեղ մեկտեղված են ժողովրդական ավանդույթները, գիտությունը, տեսողական արվեստն ու երաժշտությունը, ժամանակակից տեխնոլոգիաները և կրթական կարևոր բաղադրիչը։ Ծրագիրն իրականացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ «Invisible Friends» անիմացիոն ստուդիայի հետ համագործակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմաշարը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 6-րդ թողարկումն անդրադարձել է «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրին։ Ծրագրի արդյունքում ստեղծվել են երկլեզու կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը գոյություն ունեցող արհեստների մասին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ։
Ալավերդի քաղաքում գորգագործության և կարպետագործսւթյան դասերի մեկնարկը տրված է: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրամանացվող դասընթացները կազմակերպվում է «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակներում՝ «Արևածին» կրթամշակութային ՀԿ-ի արվեստանոցում: Դասընթացներն ավնճար են: Անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրվում են՝ դասընթացը լիարժեք իրականացնելու համար: Հերթագրվելու և առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 041061012 հեռախոսահամարով:
Ապրիլի 17-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյաննները մի խումբ զբոսաշրջիկների համար անցկացրին ասեղնագործության կրթական ծրագիր։ Թանգարանը շնորհակալություն է հայտնում ”Armenia Holidays” զբոսաշրջային կազմակերպությանը՝ այցի կազմակերպման համար։ Լեռնանիստի Մշակույթի տան հելունագործության խմբակի սաների համար վարպետներն անցկացրին հելունագործության և մաքրամեի կրթական ծրագիր։ Ծրագրի շրջանակում տաղանդաշատ փոքրիկները պատրաստեցին գեղեցիկ թևնոցներ։ Թանգարանի կրթական ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 010569380 հեռախոսահամարով։
Սույն թվականի oգոստոսի 10-ին և 11-ին Երևան քաղաքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում: «ՏԱՐԱԶֆեստ» մշակութային փառատոնին մասնակցելու համար հրավիրվում են ոլորտում ներգրավված արհեստագործ վարպետներ և դիզայներներ Հայաստանից և արտերկրից, ովքեր ցանկանում են ներկայացնել իրենց արտադրանքը, ձեռագործ աշխատանքները և հագուստների հավաքածուները: Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հունիսի 5-ը այս հղումով. https://shorturl.at/jquxV ։ Տեղերը սահմանափակ են։ Մասնակցությունն անվճար է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
«Հայկական գորգի ազգային կենտրոնը» ապրիլի 11-ին ներկայացրեց հնամաշ գորգերից փրկված պատառիկներ՝ գորգի փրկված կտորներ՝ խորհրդանշական ու իրական շրջանակներում: Մաշված գորգերն ամբողջությամբ չկորցնելու համար, դրանք հուշանվերների վերածելով, կարողացել են պահապանել գորգի նախշը, գույնը, շունչը ու պատմությունը: Ապրիլի 11, 12, 13-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բարեգործական ցուցահանդեսը հնարավորություն է այդ պատմության մասը դառնալու ու մի կտոր պատմություն տանելու։ Տեղի ունեցավ նաև զրույց-դասախոսություն Լալա Մնեյանի և Անի Ոսկանյանի մասնակցությամբ:
Աղասի Մելքոնյանի բեմադրությամբ «Բարեկենդանը» տիկնիկային ներկայացման ցուցադրությունները տեղի են ունեցել Հայաստանի բազմաթիվ սահմանամերձ և սահմանապահ գյուղերում։ Ներկայացումը ստեղծվել և ցուցադրվել է «Հազար վահան» բարեգործական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է սահմանամերձ և սահմանապահ գյուղերի երեխաներին հաղորդակից դարձնել հայկական մշակույթին, թատերարվեստին և նպաստել հայրենասիրության գաղափարախոսությանը։ Պիեսի հեղինակ՝ Նունե Ջրբաշյան, նկարիչ՝ Աստղիկ Աբովյան, երաժշտական ձևավորող ՝ Լիանա Նիկողոսյան։ Յունիմա Հայաստան