Արհեստների 2-րդ միջազգային փառատոն

Արհեստների 2-րդ միջազգային փառատոն

Արհեստների 2-րդ միջազգային փառատոն

Ժողովրդական արվեստների թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու «Արհեստների 2-րդ միջազգային փառատոնին», որը մեկնարկել է 2022 թ. վարպետաց քաղաք Գյումրիում, իսկ այս տարի կշարունակվի արհեստների քաղաք Դիլիջանում։
Երկու օր շարունակ Դիլիջանը կդառնա այն յուրահատուկ միջավայրը, ուր կներկայացվեն արհեստների և արվեստների տարբեր ուղղություններ, կմասնակցեն շուրջ 40 վարպետներ Հայաստանից և արտերկրից՝ ցուցադրելով իրենց ձեռագործ աշխատանքները։
Դիլիջանի քաղաքային այգում կազմակերպված միջոցառումներին զուգահեռ փառատոնին կմիանան տեղի մշակութային և արհեստագործական մի շարք կազմակերպություններ ու անհատներ՝ ամենուրեք տարածելով դիլիջանյան արհեստների շունչը։
Արհեստների միջազգային փառատոնը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ։ Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։
Այս փառատոնը Հայաստանի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանը ուղղված կարևոր նախաձեռնություն է, որը նպաստելու է համայնքային կյանքի աշխուժացմանը, հասարակության մասնակցայնությանը, արհեստագործության և արվեստների տեղի ու դերի արժևորմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության խթանմանը։
Ե՞րբ՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 12:00-20:00
Որտեղ՝ Դիլիջանի քաղաքային այգում
Ի՞նչ ակնկալել՝ երկօրյա մշակութային գունեղ միջոցառումներ, տարբեր արհեստների ու արվեստի գործերի ցուցադրություններ,
գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության վարպետաց դասեր, լարախաղացների և երաժշտական խմբերի ելույթներ,
ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես,
հատուկ ծրագիր մանուկների համար։
Ծրագրի մանրամասների, Դիլիջանում կեցության և տրանսպորտի վերաբերյալ կտեղեկացվի շուտով։

ժողովրդական վարպետ Շահե Տեր Հարությունյանի անհատական ցուցահանդեսը

Ժողովրդական վարպետ Շահե Տեր Հարությունյանի անհատական ցուցահանդեսը

ժողովրդական վարպետ Շահե Տեր Հարությունյանի անհատական ցուցահանդեսը

Օգոստոսի 3-ին Ժողովրդական արվեստների թանգարանում բացվեց գեղանկարիչ, խեցեգործ, ժողովրդական վարպետ Շահե Տեր Հարությունյանի անհատական ցուցահանդեսը։
Շնորհավորանքի և գնահատանքի խոսքերով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍՆ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը, թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը, արվեստագետի գործընկերները։
Սա վարպետի առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում։
Ներկայացված են կավից գեղանկարներ, ինչպես նաև խեցեգործական աշխատանքներ, որոնք իրենց ծավալային ձևերով հայկական զարդարվեստը ներկայացնող յուրօրինակ նմուշներ են։
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 9-ը։

The Birth of Crafts

Ինչպես են ստեղծվում արհեստները

The Birth of Crafts

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հայ ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Թանգարանի հավաքածուն (շուրջ 12.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, գորգագործության և կարպետագործության, ասեղնագործության և ժանեկագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ:
Թանգարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին նվիրված, հանդես է գալիս «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրով։ Ծրագրի շրջանակում ստեղծվում է 6 կարճամետրաժ (1-2 րոպե տևողությամբ) անիմացիոն ֆիլմ՝ stop-motion և անիմացիայի այլ տեխնիկաներով։ Ֆիլմերը ներկայացնելու են հայաստանյան ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող ժողովրդական արհեստները և դրանց հետ կապված հմտությունները․ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, թաղիքագործություն, փայտարվեստ, դարբնություն, խեցեգործություն։
Անիմացիոն տեխնիկաները թույլ կտան կենդանացնել ժողովրդական արվեստի նմուշները, և արդյունքում դիտողի համար առավել գրավիչ դարձնել դրանք։ Անիմացիոն ֆիլմերում կներկայացվեն հայկական ժողովրդական արհեստագործության նմուշների ստեղծման փուլային ընթացքը, հիմնական զարդանախշերը, ինչպես նաև հակիրճ պատմական ակնարկ։ Հսկայական աշխատանք է տարվում՝ անիմացիայի մի քանի վայրկյանում մեծ պատմություն ունեցող հայ ժողովրդական արվեստի հնարավոր կարևորագույն կետերը ցուցադրելու և դիտողի սրտին փոխանցելու համար։
Զարդանախշերը, կրելով որոշակի բովանդակային տարրեր, հաճախ են կրկնվում հայկական ժողովրդական արվեստի տարբեր նմուշների վրա՝ լինի դա փայտ, կավ, մետաղ, թե տեքստիլ, և այս կարճամետրաժ ֆիլմերի համադրումը թույլ կտա տեսնել այդ ընդհանրությունները՝ ընկալելով հայկական մշակույթն իբրև մեկ ամբողջական համակարգ։

Անիմացիոն ֆիլմերն արտադրական գործընթացի ավարտից հետո կարող են տարածվել տեղի և արտերկրի հասարակության լայն շրջաններում, դուրս գալ Ժողովրդական արվեստների թանգարանի սահմաններից՝ որպես կրթական ցուցադրանյութ ծառայելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության տարբեր հաստատություններում, հանդես գալ որպես Հայաստանի զբոսաշրջային գրավչության մշակութային կողմը ցույց տվող նյութ, ցուցադրվել հեռուստատեսությամբ, տարբեր միջազգային էքսպոներն ու այլ միջոցառումներն ուղեկցող էկրաններին՝ կարճ, մատչելի և գրավիչ ներկայացնելով ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր։
Ձայնային և տեսողական գրավիչ նյութը, և հատկապես անշունչ առարկաներին նոր կյանք տվող անիմացիան գրավիչ են ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար։
Այս մեթոդի կիրառմամբ հնարավոր կլինի մեծ թվով մարդկանց գրավիչ կերպով «պատմել» հայկական հարուստ մշակույթի, մասնավորապես ժողովրդական արհեստագործության մասին։
Հայկական ժողովրդական արվեստի մեկ նմուշը՝ օրինակ գորգը, կարող է պատմել մի ամբողջ պատմություն, որն էլ փոխանցվում է սերնդեսերունդ և կազմում հայ ինքնության անձնագրերից մեկը։

«Տարիքը խոչընդոտ չէ». մեծահասակների մշակութային կրթությանն ուղղված ծրագիրն ամփոփվել է ցուցահանդեսով

«Տարիքը խոչընդոտ չէ». մեծահասակների մշակութային կրթությանն ուղղված ծրագիրն ամփոփվել է ցուցահանդեսով

«Տարիքը խոչընդոտ չէ». մեծահասակների մշակութային կրթությանն ուղղված ծրագիրն ամփոփվել է ցուցահանդեսով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տարիքը խոչընդոտ չէ» ծրագիրն ամփոփվել է մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսով:
Ծրագիրը տարեցների շարունակական կրթության մշակութային նորարարական առաջարկ է, որն ուղղված է թոշակառու մեծահասակների հմտությունների և կարողությունների զարգացմանը, ֆիզիկական և մտավոր առողջության խթանմանը՝ մշակութային ժառանգության պահպանության միջոցով։ Ծրագրին մասնակցել են 63+ տարիքի 35 մեծահասակներ՝ սովորելով կարպետագործություն, ասեղնագործություն և թաղիքագործություն:
Ծրագրի արդյունքում դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ստացած գիտելիքներն ու ունակություններն ուղղել սեփական ֆինանսական աղբյուրների գեներացմանը, բարեկեցիկ ապրելակերպին՝ շարունակելով իրենց ընտանիքի համար մնալ որպես ռեսուրս։ Այդ ամենը կնպաստի կայուն և բարեկեցիկ հասարակության ձևավորմանը:
Տարեցները հասարակության կապիտալն են և կարող են իրենց փորձով ու գիտելիքներով շարունակել որպես ռեսուրս ծառայել և ներդրում ունենալ հասարակական-տնտեսական կյանքում, եթե նրանց համար հատուկ պայմաններ ապահովվեն՝ պահպանելու առողջությունը ու զարգացնելու հմտությունները։

Վարդավառը «Բարձունք»-ի հետ

Վարդավառ

Վարդավառը «Բարձունք»-ի հետ

Հայոց մեջ Վարդավառը հնագույն արմատներ ունեցող տոներից է: Նրա մեջ հասցրել են արտացոլվել հայոց պատմության և ամառային տոնակատարությունների բոլոր դրվագներից՝ Նոյի պատմությունը, Հայկ ու Բելի ավանդազրույցը, Անահիտ-Աստղիկ դիցուհիների կերպարները, հնագույն նավասարդյան տոնակատարությունները, քրիստոնեական մեկնաբանությունները, բուն ժողովրդական պատկերացումները: Ավանդազրույցը պատմում է, թե երբ Նոյը ջրհեղեղից փրկվելով հասնում է Մասիսի գագաթը և այնտեղից իջնում Նախիջևան՝ այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ կոչվող ամիսը: Եվ որպեսզի ջրհեղեղի հիշատակն անմոռաց մնա մարդկանց մեջ, Նոյը պատվիրում է իր որդիներին իրար վրա ջուր լցնել:
Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկի հավաքի հետ: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի՝ խնդրելով, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան:
Տավուշում տոնի նախորդ օրն աղջիկներն ամբողջ ցերեկը շրջում էին դաշտերում, բազմագույն և հատկապես «վրթիվերի» կոչվող դեղնագույն ծաղիկը հավաքում, խաչաձև փնջեր անում և գիշերը գաղտնի նետում իրենց հարազատների բակը:
Իսկ «խաչբուռերը» ցորենի հասկից հատուկ վարպետությամբ հյուսված փնջեր էին, որոնք, ընդհանուր առմամբ, հիշեցնում էին կնոջ արտաքինը: Այդ խաչբուռերը սովորաբար պատրաստում էին հնձվորները՝ արտերում հունձը սկսելուց առաջ կամ վերջացնելուց հետո, նվիրում էին արտատիրոջը: Որոշ հետազոտողներ խաչբուռի մեջ տեսնում են բերքի հովանավոր Անահիտ աստվածության ծպտված կերպարի և նրա պաշտամունքի թաքնված պահպանվածությունը հայերի կենցաղում: Գյուղերում լավ խաչբուռ գործող մարդկանց անունները բոլորը գիտեին:
Մինչև Վարդավառ խնձոր չուտելու սովորույթ կար, այսպես կոչված «խնձորի պաս» էր․ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը՝ Խաղողօրհնեքի տոնին: Սարերում Վարդավառի ուրախ հանդեսներին հավաքվում էին լարախաղացներ, կազմակերպվում էին տոնավաճառներ և զբոսախնջույքներ:
Բացօթյա զվարճավայրերը միաժամանակ վերածվում էին «աղջիկտեսի»:
Վարդավառի հատկանշական ծեսերից էր աղավնի թռցնելը։
Ագուլիսում մինչև Վարդավառ նշանված աղջիկներն ամանի մեջ ցորեն կամ գարի էին կանաչեցնում: Տոնի օրը 1 մետրանոց խաչաձև փայտ էին տնկում այդ կանաչի մեջ ու զարդարում մանր վարունգներով, խնձորներով ու վարդերով: Զարդարված խաչաձև փայտը կանաչի հետ միասին «խնդում» էր կոչվում, իսկ ողջ ծեսը՝ «խնդում տօք» (ժողովրդական ստուգաբանությամբ՝ «ուրախություն տալ»):

Աղբյուրը՝ Հ․ Խառատյան, «Հայ ժողովրդական տոները»

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոն

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոն

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոն

Օգոստոսի 12-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 5-րդ փառատոնը:
Այն զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոն է, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում:
Միջոցառման առաջին հատվածում տեղի կունենա ցուցահանդես-տոնավաճառ՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղից կարելի է գնել սնունդ, ըմպելիք, մասնակցել տարբեր վարպետության դասերի:
Փառատոնի երկրորդ մասում կանցկացվի ազգային հագուստի ցուցադրություն:
Ծրագիր՝
11.00-22.00 | Ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, երգի-պարի համույթի ելույթներ
19.00 – 21.00 | Ազգային հագուստի ցուցադրություն։
Թանգարանի մուտքը վճարովի է:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ:
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:

«Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը»

«Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը»

«Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը:
Քարոզարշավի շրջանակում Կոնվենցիայի համակարգողների եվրոպական ցանցի կողմից հայտարարվել է լուսանկարչական մրցույթ` «Պաշտպանելով կենսունակ ժառանգությունը» խորագրով:
Օգոստոսի 1-ից ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ, «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ համատեղ Հայաստանը մրցույթ-նախագծով կմիանա միջազգային այս նախաձեռնությանը։
Նախագիծը կունենա երկու բաժին՝ լուսանկարչական և խմբագրական։
Նախագծի խմբագրական մրցույթի նպատակը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Վիքիպեդիայում նյութերի ավելացումը, տեղեկության տարածումն ու հանրայնացումն է։
Լուսանկարչական մրցույթը կավարտվի սեպտեմբերի 15-ին։
Ընտրված լավագույն 5 լուսանկարը կուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի համակարգողների խմբին։
Արդյունքների մասին տեղեկությունը կհրապարակվի մինչև հոկտեմբերի 17-ը։
Նախագծի մանրամասները՝ Վիքիպեդիայի էջում՝ https://tinyurl.com/yr9mrdps ։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՝ գրելով [email protected] էլ. հասցեին կամ թանգարանի Ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/cpc.arm ։

«Ջանգյուլում 2023» վարդավառյան փառատոն

«Ջանգյուլում 2023» վարդավառյան փառատոն

«Ջանգյուլում 2023» վարդավառյան փառատոն

Հուլիսի 29-ին և 30-ին Նոյեմբերյանի սարերում՝ Շահրի գոլ տեղանքում կնշվի տարվա ամենասիրելի ու սպասված տոնը՝ տավուշյան Վարդավառը․ ուրախ երգ ու պար, ազգային խաղեր, բնություն, ակտիվ հանգիստ և փառատոնի գլխավոր առիթը՝ Ջանգյուլում խաղը։
«Բերդավան» հիմնադրամն արդեն 3-րդ տարին է իրականացնում է «Ջանգյուլում» փառատոնը, որի նպատակն է՝
• վերականգնել ու պահպանել մեր ավանդույթները,
• Նոյեմբերյան աշխարհին հետ բերել միշտ սպասված ու սիրված տոնակատարությունը՝ իր ողջ մանրամասնությամբ, հմայքով ու մշակութային արժեքով,
• նպաստել ներքին տուրիզմի զարգացմանն ու տարածաշրջանի հասարակական կյանքի ակտիվացմանը։
Փառատոնի մասնակցության հանգանակություններից ստացված ողջ հասույթը ուղղվելու է բարեգործության։

«Պարատոն»

«Պարատոն»

«Պարատոն»

Պարերի ամսական միջոցառումների գեղեցիկ ավանդույթը սկիզբ է դրվել շուրջ 20 տարի առաջ «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի, «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի և «Նարեկացի» արվեստի միության կողմից: Նախաձեռնությունը տարիներ շարունակ և առ այսօր, ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը բոլորին ուս ուսի է շարում արդեն Հայաստանի տարբեր հրապարակներում և սրահներում:
ՊԱՐԱՏՈՆԸ նպատակ ունի միանալու ազգային պարերի մշակույթի տարածման արդեն իսկ ձևավորված ավանդույթին՝ դարձնելով այն համահայկական պարատոն:
Այսպիսով ՊԱՐԱՏՈՆԸ տարիներ շարունակ իրականացվող միջոցառմանը միանալու յուրատեսակ կոչ է Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքներին։
Հուլիսի 28-ին, ժամը 18:00-ին ՊԱՐԱՏՈՆ կանցկացվի միաժամանակ հետևյալ վայրերում.
• Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Խաչիկ գյուղ, (Մշակույթի տան բակ)
• Շիրակի մարզ, Գյումրի (Աբովյան 135)
• Սյունիքի մարզ, Գորիս (Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ)
• Լոռու մարզ, Վանաձոր (Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի տան բակ)։