«Դրվագներ ինքնության. գորգ» ցուցադրություն

«Դրվագներ ինքնության. գորգ» ցուցադրություն

Նոյեմբերի 23-ից Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է լինելու Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։
Ցուցադրության նպատակն է հանրությանն ի ցույց դնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի և կարպետագործ առարկաների դեռևս չցուցադրված նմուշները, որոնք էապես կնպաստեն գորգագործական ավանդույթի ներկայացման և բացահայտման գործին։

«Արև է ելել» ծրագիր. դասընթացներ Խաչիկ գյուղում

«Արև է ելել» ծրագիր. դասընթացներ Խաչիկ գյուղում

Սիրելի՛ խաչիկցիներ և Արենի համայնքի բնակիչներ, «Արև է ելել» ծրագրի շրջանակներում Խաչիկ գյուղը դարձել է արվեստի կրթության և մշակութային յուրօրինակ կենտրոն, որտեղ կգտնեք դասընթացներ հետևյալ ուղղություններով․
կատարողական արվեստ (երգչախումբ և ազգային պարերի խումբ),
կիրառական արվեստ (կավագործություն և ասեղնագործություն)։
Ինչպես նաև կարող եք մասնակցել
հմտարանի աշխատանոցներին և
կրթամշակութային ժամանցին ուղղված միջոցառումներին (պետական և համայնքին բնորոշ տոներ, համերգներ և ներկայացումներ)։

Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման աշխատանքները կշարունակվեն 2023 թվականին

Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման աշխատանքները կշարունակվեն 2023 թվականին

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները կշարունակվեն նաև 2023 թվականին:
Տարվա սկզբից մեկնարկած նորոգման և ամրակայման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հերթական այցն են իրականացրել թանգարան: Տեղում ուսումնասիրվել են աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները, քննարկվել նախագծի թերություններով պայմանավորված համադրման ենթակա աշխատանքներն ու անհրաժեշտ վերանայումները:
Ընթացիկ տարում նախատեսված էր իրականացնել հողային, հիմքերի ուժեղացման և նոր պատերի կառուցման աշխատանքներ: Առաջացած խնդիրների լուծման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները տեղում արված անհրաժեշտ չափումների և կատարված ուսումնասիրության հիման վրա որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություններին առաջարկել են սեղմ ժամկետում կազմել և նախարարություն ներկայացնել շտկված նախագծային փաստաթղթերի փաթեթը:
2022 թվականին նախատեսված աշխատանքներն արդեն ավարտված են, նորոգումը կշարունակվի 2023-24 թվականներին:

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոն

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոն

Նոյեմբերի 19-20-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում (Մադոյան 9) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը: Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստանի թանգարաններին, հուշանվերային արտադրանքն ընդունել որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց, ինչպես նաև աջակցել ավանդական արհեստների վերականգնման գործընթացին:
Երկօրյա միջոցառմանը ձեզ կսպասեն Հայաստանի 7 մարզերից (Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք), Արցախից ժամանած վարպետներն իրենց ձեռագործ աշխատանքներով, ինչպես նաև երևանաբնակ վարպետները:
Օր 1․ Նոյեմբերի 19, 2022
09:00-19:00 Ցուցադրություն և վաճառք
12.30 Բացման արարողություն:
Օր 2․ Նոյեմբերի 20, 2022
09:00-18:00 Ցուցադրություն և վաճառք:
«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ: Նախորդ 4 տարիներին «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնն իրականացվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ միասին «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագրի կազմը շնորհակալություն է հայտնում «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրին:

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:
Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով: Հիմնական դիտողությունները վերաբերել են համայնքների, պետական և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների առանձնահատկություններին և կենսունակությանը: Ընդգծվել է արժեքի տարածման և կիրառման աշխարհագրությունը և բնութագիրը հստակեցնելու պահանջը:
Խորհուրդը քննարկել է նաև առաջարկների կազմման, լրացման կարգի մասին հասարակության իրազեկման անհրաժեշտությանն ու աջակցությանը վերաբերող հարցեր: Այդ նպատակով առաջարկվել է կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ՝ ներգրավելով նաև մարզերի մշակութային ոլորտի համակարգողներին:
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները քննարկելիս մասնագիտական խորհուրդն ընդգծել է դրանց պահպանությանն ուղղված քաղաքականության մշակման կարևորությունը:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել համայնքներից, խմբերից, անհատներից, ինչպես նաև մշակութային, կրթական և հասարակական կազմակերպություններից նոր առաջարկների ստացման հնարավորությունը:

«Կարնո երաժշտարվեստը․ մեր երգերը Անի Հակոբյանի հետ» միջոցառում

«Կարնո երաժշտարվեստը․ մեր երգերը Անի Հակոբյանի հետ» միջոցառում

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության նոյեմբեր ամսվա հանդիպումը նվիրված է Կարնո աշխարհի երաժշտարվեստին։ Կսովորեք այդ տարածաշրջանից երգեր, կզրուցեք ֆոլկլորից, դրա էությունից, տարբեր տարածաշրջաններին բնորոշ առանձնահատկություններից։
Հյուրն է լինելու երաժշտագետ, ֆոլկլորագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի գիտաշխատող, Կարին ավանդական երգի, պարի խմբի խմբավար Անի Հակոբյանը։
Հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում (Աբովյան 64)։
Մուտքն ազատ է։

khetsegorcutyun1

ՀՀ համայնքներում գործող ժողովրդական ստեղծագործության արհեստանոցների և արվեստանոցների ցանկ

Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն (1)

2025 թվականին գրանցված` գործունեություն ծավալող ժողովրդական վարպետների ցանկ

1. Արմինե Գասպարյան | կարպետագործություն, ք. Երևան
2. Ռիտա Ավանեսյան | գուլպայագործություն, ք. Երևան
3. Ստելլա Պողոսյան | գուլպայագործություն, ք. Երևան
4. Նազիկ Հայրյան | խեցեգործություն, ք. Երևան
5. Էրիկ Ալավերդյան | գեղանկարչություն, ք. Մասիս
6. Նադեժդա Սարգսյան | բատիկա, ք. Երևան
7. Իռա Թամրազյան | գորգագործություն, ք. Երևան
8. Նազիկ Աբաղյան | գորգագործություն, գ. Ոստան
9. Լիլիթ Պողոսյան | ասեղնագործություն, գ. Մուղնի
10. Իննա Հակոբյան | ուլունքագործություն, ք. Երևան
11. Յանինա Միրզոյան | ուլունքագործություն, գ. Մուղնի
12. Ռեգինա Չիթչյան | կարպետագործություն, ք. Էջմիածին
13. Անգելինա Չիթչյան | կարպետագործություն, ք. Էջմիածին
14. Լիլիթ Պողոսյան | ասեղնագործություն, գ. Մուղնի
15. Մանուշ Ներսեսյան | հելունագործություն, ք. Երևան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Թունիսին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Թունիսին

Նոյեմբերի 19-20-ը Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին:
Գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 13-20-ը Ջերբա քաղաքում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:
Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:
Ցուցադրվելու են գորգեր (բուրդ, մետաքս) և ասեղնագործ նմուշներ, անցկացվելու են գորգագործության վարպետության դասեր, լինելու են շրջայցեր VR ակնոցի միջոցով, ինչպես նաև ներկայացվելու է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի կրթական նախագիծը՝ 3D տպիչների միջոցով:
Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանից հանդես կգան «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երաժշտական խումբն ու պատանի քանոնահարները: Պատանի երաժիշտները նախատեսվող համերգին կներկայացնեն դասական և ազգային ստեղծագործությունների կատարումներ:

«Պարենք, երգենք միասին» միջոցառում

«Պարենք, երգենք միասին» միջոցառում

«Պարենք, երգենք միասին» միջոցառում

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Ծրագրում՝
▪ հայ ավանդական պարերի ուսուցում «Արեգ» ազգային
պարի խմբի մասնակցությամբ /գեղ. ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան/
▪ հայ ժողովրդական երգերի ուսուցում /երգուսույց` Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյան/:
Մուտքը՝ 600 դրամ: